Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Թոթովենց

Ամերիկա գացող հարսնացուն

Ա

Մենք հաճախ կերթայինք Սահակ աղայի նպարավաճառանոցը, որովհետև պարապ էինք, օդը տաք էր և, ամենեն ավելի, կրնայինք ձրի պտուղ ուտել։ Սահակ աղան Հայաստանեն գաղթած էր անժամանակ թվականե մը ի վեր, դեպի Ամերիկա և զանազան արկածներե հետո՝ հաստատված էր Շիկակոյի մեջ։ Առաջները քիչով սկսած , հետո, կամաց֊կամաց, մեծցուցած էր իր պտղեղենի խանութը։

Գործի մեծությունը, ի հարկե, համեմատական էր իր խելքին. Սահակ աղայի նման «հարուստներ» լեցուն են Ամերիկայի փողոցներուն մեջ առհասարակ, բայց իր կարողության մասին խոսած ատեն՝ կ՚ըսեր։

Իմ վարեաթս, յավրում, այսպես ես ձեռք բերի, և բոլոր ուսանող ընկերներուս և ինծի կը խրատեր հետևիլ իր շավղին և «մարդ ըլլալ»։

Իր շավիղն էր զզվելի խնայողությունը, խանութին ետևը գիշերելը, միթինկներու չերթալը, ոչ մեկ բանի չմասնակցիլը, հոգեկան և նյութական զրկանքով ապրիլը։

Երեսուն տարի է ես թատրոնի երես տեսած չեմ, կ՚ավելցներ մեր Սահակ աղան, ի՜նչ է եղեր ինծի, չո՞ռս է տիրեր։

Սահակ աղայի մոտ մեր խոսակցության գլխավոր նյութն էր մարդոց տարիքը։

Այս Զատիկին 17-ը կը լրանամ, կ՚ըսեր Լևոնը։

Ես տահա 16, մեջ կիյնար Վահրամը։

Ուրեմն ես երկուքիդ ճիշտ մեջտեղը, կավելցնեի ես։

Սահակ աղան ալ կը կաթեր մեր խոսակցության մեջ։

Ես ալ, հա՛, հա՛, կը հասնիմ 35֊ի կամ 36-ի։

Ի՜նչ կը խոսիս, Սահակ աղա, վրա կուգայի ես զարմացած, այդքան չիկաս, ու ձեռքս կերկարեի 100 տրեմնոց տանձին և կը մատուցանեի իմ ծարավի բերանիս։ Սահակ աղան չէր տեսնար, եթե տեսնար ալ, աչք կը գոցեր, որովհետև ավելի լավ էր ամբողջ խանութը վրա տար, քան իր տարիքը 35֊ի կամ 36֊ի մոտերեն հեռացվեր կես դարու մոտերը։

Վահրամ և Լևոն չէին հասկնար այդ հոգեբանութենեն և կսկսեին վիճաբանությունը։

Հիսունեն մեկ փարա մը պակաս չես, կը պնդեր Վահրամը։

Լևոնն ալ կը ձայնակցեր Վահրամին, վիճաբանությունը կը տաքնար, ես տանձեն կանցնեի ծիրանին և ուսանողներու համար ուրիշ անմատչելի պտուղներու։

Պաշտամունք էր ինձ համար։

Վերջը֊վերջը Սահակ աղան դուրս կը վռնտեր Վահրամն ու Լեոնը, իմ գրպանը շոքոլա կը դներ, և ես կշարունակեի իր երիտասարդության վրա հիանալ։

Ամբողջ երեք տարի ես թույլ չտվի, որ Սահակ աղան 35֊ը անցներ։

Բայց Սահակ աղային մազերը բոլորովին ճերմկցեր էին, աչքերուն չորս բոլորտիքը առուներ կը վազեին, մորթը արդեն աշնան տերևի նման դեղներ էր։

Սահակ աղան անպայման 55֊ը անց էր։

Շուտ ծերացա, Վահանիկս, շատ շուտ ծերացա, կը հառաչեր երբեմն, երբ օտար մարդիկ չի կային, երբ ես ու ինք մինակ էինք մեր անկեղծության հետ։

Առավոտ ժամը 7֊ին խանութը կը բանար, ծառա չուներ, և կը կենար խանութ մինչև գիշերվան ժամը 2։ Այդ ժամեն հետո ալ ուղիղ կը բարձրանար վերի հարկը իր փոքրիկ սենյակը և կը քներ։

Ես չեմ հիշեր, որ Սահակ աղան օր մը օրանց հուզվեր, տխրեր կամ ուրախանար ոևէ հասարակական լուրե մը։ Քաշված ինքն իր մեջ, պտուղները, գրամները, վարձքը, տարվույն եղանակները, տուրքերը, ամսական առնելիքներն ու վճարելիքները, հինգ տարին մըն ալ իրեն հագուստ, ահա իր անպետք և անգույն կյանքը։

Սահակ աղա, հանկարծ կը բացականչեր ուսանող ընկերներես մեկը, դուն ժաժի տարին քանի՞ տարեկան էիր։

Ժաժի տարին ես քյոռփե չոճուխ էի, կը պատասխաներ Սահակ աղան։

Ժաժը 47 տարի առաջ էր, կը պոռար ընկերս։

Սահակ աղա բռնված մուկի մը նման կապշեր և տեղեն շարժելով՝ կը մոտենար ընկերոջս քով և կ՚ըսեր.

Հա՛, յավրում, հա՜, իթցուն տարեկան եմ, քու ցավդ ի՞նչ է, և կամաց մը, քաղաքավարի կերպով կը հաներ խանութեն դուրս։

Սահակ աղան ատելով կատեր, երբ իր տարիքին մասին խոսք կը բանային, մանավանդ երբ կը հարվածեին, այսպես թե այնպես, իր «երիտասարդությանը»։

Բ

Կիրակի օր մը Սահակ աղայի փորը սարսափելի խոստուկ ինկավ և ստիպվեցավ մեկ երկու բաժակ հուսկի (վիսկի) քաշել և վեր բարձրանալ երկարելու իր անկողնին վրա։

Ուզածիդ պես ծախե, փոխե, հետո խանութը լավ մը գոցե և բանալին վեր բեր, ըսավ և գնաց պառկելու։

Ժամը 12 էր, երբ ես խանութը գոցեցի և բանալին տարի Սահակ աղային, փորին ցավը անցած էր, անկողնին մեջ նստած՝ կը ծխեր։

Ինչպե՞ս ես։

Աղեկ եմ։

Աչքս դպավ հանկարծ իր սեղանի անշքությունը արեգնող երիտասարդ աղջիկի մը լուսանկարին։

Ո՞վ է այդ աղջիկը, հարցուցի մեծ հետաքրքրությամբ և տեսակ մը զարմանքով, որ այսպիսի լուսանկար մը կարող էր Սահակ աղա ունենալ։

Հորքուրիս աղջիկն է, պատասխանեց Սահակ աղան, բայց նշմարելի և տարօրինակ ուրախությամբ, նոր եմ ստացեր տակավին, երեկ ստացա։

Սուտ է, մտածեցի, անիկա սիրելիներ չուներ, արենակիցներով չէր հետաքրքրվեր։

Շիտակն ըսե, ո՞վ է այս աղջիկը, ստիպեցի ես։

Կ՚ըսեմ, վաղը կ՚ըսեմ։ Դուն կը հավատաս, որ ես երիտասարդ եմ, այդ բավական է, վաղը կ՚ըսեմ։

Ես ավելի չծանրացա. մի գուցե ետ առներ խոսքը և ես այդ գաղտնիքին չթափանցելու դժբախտությունն ունենայի։

Գ

Համալսարանի ամառնային դասընթացքը վերջացավ, և ես ասդին֊անդին ինկա՝ գործ մը գտնելու և ամառը անցնելու։

Օր մը Սահակ աղայի խանութին մեջ նստած՝ գործի մասին կը մտածեի և կը խոսեի։

Ես գործ մը ունիմ, բայց տասնևհինգ օր կը տևե, լավ ալ կը վճարեմ, գիտեմ դուն լավ ալ կրնաս ընեի, երկչոտությամբ խոսք նետեց Սահակ աղան։

Երկու օրվան գործ ալ ըլլա՝ կընեմ, հարեցի ես։

Սահակ աղա մոտեցավ քովս և սկսավ շատ ցած ձայնով, թեև խանութին մեջ ոչ ոք չիկար։

Ես կարևոր գործով Նյու֊Յորք պիտի երթամ, հետս կուգա՞ս, հարցուց ինձ։ Ես տակավին չէի պատասխաներ, երբ ավելցուց, կրկին շաբաթական կուտամ, բոլոր ծախսերդ ալ իմ վրա։

Պատրաստ եմ, պատասխանեցի, հապա խանո՞ւթդ ինչ պիտի ընես։

Պիտի գոցեմ, ըսավ և ուրախութենեն նետեց ձեռքը շոքոլայի տուփերուն և մեկ քանի հատ դրավ գրպանս։

Բայց ի՞նչ գործի համար, ես ի՞նչ պիտի ընեմ, հարցուցի։

Ես քեզի կ՚ըսեմ, անհամբեր մի՛ ըլլար, կ՚ըսեմ, կ՛ըսեմ։

Հանեց՝ ինձ հարյուր տոլար տվավ, որպեսզի նոր զգեստ առնեմ, սենյակիս մեկ ամսվան վարձքը կանխիկ տամ, կոշիկներս և գուլպաներս, գլխարկս և ամեն ինչ վերեն վար փոխեմ։ Ամբողջ ամառվան մեջ հարյուր տոլաբ ես հազիվ կակնկալեի։

Վախնալով որ իմ շաբաթականիս կը հաշվե՝ փոքրիկ հարց մը բարձրացուցի.

Բայց ես այդքան դրամ չեմ կրնար վատնել իմ վրա֊գլխուս համար, Սահակ աղա։

Քեզի ի՛նչ, իմ հաշվիս չէ՞, խարճե՛, այդ գումարը քեզի բացեն։

Երկրորդ օրը մենք ճամբա ելանք դեպի Նյու֊Յորք, բայց ես տակավին անտեղյակ էի մեր առաքելության նպատակին։

Դ

Ճանապարհին գնացքին մեջ ես տեղեկացա Սահակ աղայի վերջին սարսուռներուն։

Երբ ան La Salle կայարանը հասավ, ուր մենք պիտի հանդիպեինք իրարու, շատ տարօրինակորեն փոխված թվեցավ ինձ։

Շատ ուշադրությամբ դիտեցի, բաչց չկրցի հասկնալ։ Զգեստները փոխած չէր, գլխարկը միևնույնն էր։ Իմ աչքիս ի՞նչն էր տարօրինակը։ Գնացքի մեջ ես նշմարեցի, որ Սահակ աղան իր մազերը սեփ֊սև ներկեր էր։

Միայն անկեղծությունը այլևս զինք կրնար փրկել, և բացատրեց ինձ մեր Նյու֊Յորք երթալու նպատակը. Պոլսեն կը հասներ աղջիկ մը, Սահակ աղայի հարսնացուն, մենք պիտի երթայինք դիմավորելու և բերելու Շիկակո։ Զիս իր հետ կը տաներ, որովհետև՝ հակառակ երեսուն տարի Ամերիկա ապրած ըլլալուն՝ անգլիերենի մեջ կը կաղար և մեկը պետք էր, որ գործերը տեսներ, ապա խոսեր այն խնդիրներու վերաբերմամբ, որոնց մասին Սահակ աղայի կողմե խոսիլը անպատշաճ էր։

Բոլորը հասկնալե հետո՝ ես անցա գործնական քայլի։

Անկեղծորեն որոշեցի օգնել իմ բարեկամիս։

Դուն աղջիկը տեսա՞ծ ես, հարցուցի ես։

Ո՛չ, չեմ տեսած, պատասխանեց Սահակ աղան։

Ապա ի՞նչպես պիտի ճանչնաք զիրար, շարունակեցի ես։

Պատասխանի փոխարեն՝ գրպանեն նամակ մը հանեց և երկարելով ինձ՝ ըսավ.

Կարդա՛, ամեն բան կը հասկնաս։

Կը գրեր հարսնցուի մայրը, որ իր աղջիկը կանաչ թաշկինակ կունենա իր ձեռքին Նյու֊Յորք նավահանգիստը, Մարսեյլեն ինչ նավով որ ճամբորդեն, անկեց հեռագիր կուտան։

Աղջիկս մինակ չմնալու համար հարազատ եղբայրն ալ հետը ղրկեցի, կավելցներ մայրը, ի հարկե անոր ճամբու ծախսերու իճապին կը նայիս։

Այսպես զիրար կը գտնենք, եզրակացուցի ես։

Մտիկ ըրե, քեզ մեկ քանի խրատներ տամ, տահա դուն չոճուխ ես, լրջորեն սկսավ Սահակ աղան, որուն ես սկսա պարոն Սահակ կանչել այլևս, նայե, որ ինձ քիչ մը մեծ մարդ ցույց տաս, հարուստ, առաքինի և երիտասարդ, հետո նայե, որ ծախսերը տեղը առնեն, հարգ և պատիվը պակաս չըլլա, մինչև գործը գլուխ բերենք, մեյ մըն ալ նայե, որ ուրիշ հայու չծանոթացնենք, ո՛վ գիտե, ինչ կըլլա ինչ չըլլար, շուն մարդը շատ է, վերջացուց անիկա։

Ես շատ քիչ բան հասկցա այդ խրատներեն, բայց «շատ լավ, պ. Սահակ», ըսի պատրաստակամությամբ։

Պ. Սահակը դրամը ինձ մոտ թողուցած էր, և ես ուզածիս պես պիտի վատնեի, թեև խիստ քոնթրոլ կ՚ըներ վրաս՝ անոնց գալեն առաջ ոչինչ չծախսել։

Տե՛ս, ես լավ էլպիսես չի հագա, անոնք թող գան՝ հետո։

Նյու֊Յորք հասնելնուս մենք իջանք 3d Avenue-ի վրա վարնոց օթել մը։

Անոնք որ գան կը փոխադրվինք լավ տեղ մը, փսփսաց ինձ պ. Սահակ։

Հինգշաբթի օրը կը հասներ այն նավը, որան վրա պիտի ըլլար պ. Սահակի օր. Մաքրուհին։

Հինգշաբթի առավոո մենք փոխադրվեցանք Prince George օթելը, վարձեցինք երկու սենյակ, մեկը մեզ համար, իսկ երկրորդը՝ օր. Մաքրուհիի և իր եղբոր։

Ե

Առաջին անգամ պ. Սահակ ինձ առաջ քշեց դիմավորելու համար։

Գնա՛, առաջ դուն տեսնվիր և հետո բեր, ծանոթացուր ինծի։

Ես մտա նավ և կը փնտրեի կանաչ թաշկինակը, երբ լսեցի հայերեն խոսքեր, ետիս դարձա՝ կանաչ թաշկինակն ալ տեսա և՝

Բարև ձեզ, ըսի հանկարծ։

Բարև ձեզ, պատասխանեց երիտասարդ պարոնը և ծանոթացուց ինձ իր քույրը՝ իբրև իմ հարսնացուն։

Պ. Քեշիշյանը ես չեմ, վրա բերի աճապարանքով, քիչ հետո ես ձեզ կը ծանոթացնեմ ձեր փեսացուին հետ. հրաշալի մարդ է, առաքինի, հարուստ և երիտասարդ, ավելցուցի դասս լավ սովորողի մը պես։ Այն ատեն հասկցան որ Սահակի սեղանի վրայի պատկերը այս հարսնացուն էր։

Ես առաջնորդեցի զանոնք դեպի Սահակ աղան։

Ահա ձեր փեսացուն, օրիո՛րդ, ըսի, ցուցնելով իմ բարեկամը։

Օր. Մաքրուհին հազիվ ձեռք տվավ։ Եղբայրը նույնպես դժկամակելով բարևեց։

Սահակ աղան ուրախ էր։

Հարսնացուն եկած էր իր համար և իրենն էր. ահա անոր եզրակացությունը։

Մինչև կեսօր հազիվ մենք վերջացուցինք ամերիկյան գաղթականական օրենքի տրամադրությունները և դուրս ելանք դեպի Prince George պանդոկը։

Prince George-ը Նյու֊Յորքի ամենեն շքեղ պանդոկներեն մեկը կարելի է հաշվել։ Սահակ կյանքին մեջ այդ տեսակ վայր ոտք կոխած չէր և բացեն «խամլամիշ» կ՚ըլլար։

Զգուշացուցի իրեն, որ քիչ մը համարձակ շարժի և չի ցուցնե իր չտեսությունը։

Սահակ աղան ինձ հանձնած էր խոսիլ հարսանիքի, տեղի, կերպի և ժամանակի բոլոր խնդիրներու վերաբերմամբ։

Իրիկունը մենք նստանք օրիորդին սենյակը և խոսեցանք հասարակ հարցերու շուրջը, ճամբու տպավորոլթյուններու, Պոլսո, Ամերիկայի վրայոք, քիչ մը օդեն խոսեցանք, քիչ մը ճաշակի և քիչ մըն ալ ամուսնության խնդիրներու մասին։

Սահակ աղա միշտ լուռ էր, մերթ ընդ մերթ, երբ խոսքը անխուսափելի կերպով կը պատկաներ իրեն, կը պատասխաներ շատ կարճ և անսխալ։

Ճիշտ եք, օրիո՛րդ, ես այդպես կը մտածեմ։

Ճիշտ եք, պարո՛ն, իմ կարծիքս ալ ճիշտ այդպես է։

Բայց ես նեղը չէի ձգեր, խոսքի կը խառնվեի միշտ և կը գոցեի Սահակ աղայի բացերը։

Սահակ աղա հայտարարեց, որ հարսանիքի մասին կարող էին ինձ հետ խոսիլ և վերջացնել։

Արդեն ուշ էր, ես դարձա Սահակ աղային.

Պրն. Սահակ, երթանք մեր սենյակը, ճամբե եկած են, հոգնած են մեր հյուրերը։

Երթա՛նք, պատասխանեց Սահակ աղան, անուշ քուն կը մաղթեմ ձեզ, ավելցուց ապա։

Շնորհակալ ենք, պատասխանեցին քույր և եղբայր։

Ներողություն, պարոն Վահան, դարձավ ինձ օրիորդ Մաքրուհին, դուք մեկ քանի վայրկյան կը զոհե՞ք մեզ, ձեզի հետ խոսք ունինք քիչ մը։

Իհարկե, օրիորդ, պատասխանեցի պատրաստակամ և աչքով նշան ըրի Սահակին՝ հեռանալ։ Սահակ աղան հեռացավ, մենք մնացինք մինակ։

Անհրաժեշտ է այստեղ երկու խոսք ըսեմ իմ բնավորությանս վրա, որպեսզի իմ պատմությունը շինծու չի թվի։

Ես ունիմ այնպիսի բնավորություն, որ մեկ քանի վայրկյանեն կրնամ մտերմանալ ամենեն հեռուն օտարի մը հետ, այնպես որ՝ մինչև այդ ատեն, կարծես, ես և նորեկները տասը տարվան ծանոթներ էինք։

Օրդ. Մաքրուհին սենյակին դուռը գոցեց ետևեն և մոտենալով ինձ ձեռքերը դրավ ուսերուս վրա և սկսավ.

Պրն. Վահան, ես քեզ եղբորմես չեմ կրնար բաժնել, ատոր համար կը խնդրեմ քեզմե օգնել մեզ, ես այդ մարդը չեմ առներ, հայտարարեց մեկեն ի մեկ։

Չես առներ՝ մի՛ առներ, ինչո՞ւ կը նեղվիս ատոր համար, պատասխանեցի անմիջապես։

Աղեկ կ՚ըսես, բայց մենք մարդ չունինք այստեղ, այս մարդը կրնա շատ մը գեշություններ ընել։

Ես մարդ չե՞մ, օրիո՛րդ։

Ա՛խ, դուն ի՜նչ լավ տղա ես։ Ես քեզի բաց խոսիմ. Գեղամը իմ հարազատ եղբայրս չէ, մեր տունը որդեգիր եկած է, բայց մեր տան զավկին նման մեծցուցեր է մայրս, մենք զիրար կը սիրենք, մենք կուզենք իրարու հետ ամուսնանալ։

Ավելի լավ, բայց այդ պարագային ինչո՞ւ եկաք Ամերիկա։

Ա՛խ, պ. Վահան, այնտեղ չէր ըլլար, մենք ալ հաշիվ ըրինք, որ ավելի լավ է այստեղ գանք և հոս վերջացնենք խնդիրը։

Այս խոսակցության ընթացքին Գեղամ գլուխը ծռած և ամչցած վար կը նայեր։

Ես բավական ատեն շփոթված վիճակի մեջ էի։ Ինչ ընելս չէի գիտեր։

Մեզ օգնե, պ. Վահան, մեզ օգնե, կաղաչեր օրիորդը։

Երկար մտածելե հետո՝ ես մտքիս մեջ կազմեցի իմ ծրագիրս և ըսի.

Օրիո՛րդ, վաղը իրիկուն ձեզ երկուքդ ճամբա կը դնեմ դեպի Պոսթսն, իմ քրոջ տունը և այնտեղ ինքզինքնիդ կը զգաք ազատ։

Բայց այդ մարդը չպիտի՞ գիտնա։

Չի գիտնար, ուրկի՞ց պիտի գիտնա։ Առավոտուն մենք անոր ներկայության կը խոսինք հարսանիքի մասին և կորոշենք ընել առաջիկա կիրակի, իսկ իրիկունը իմ ընկերս կուգա, ձեզ կը տանի կայարան և դուք կը մեկնիք ապահով, քրոջս հեռագիր կուտամ, որ ձեզ դիմավորե։

Ինձ հանձնեցին իրենց հետ բերած կարգ մը սնտուկներու ստացագիրները, ես խոստացա զանոնք հանել մաքսատունեն և ուղղակի ղրկել Պոսթոն։

Բարի գիշեր։

Բարի գիշեր, և ես դուրս ելա ու գացի Սահակ աղային քով։

Սահակ աղան տակավին չէր քնացած։

Ի՞նչ կըսե սիրուն օրիորդս, հարցուց Սահակ աղան։

Հարսանիքի մասին խոսեցանք, հետո ինձ հանձնեցին իրենց սնտուկներուն թուղթերը, ուղիղ Շիկակո քշենք՝ որ երթա, չէ՞։

Այդ մասին երկու կարծիք չըլլար, իրենց ճամբու ծախսը դուրս կուգա այդ սնտուկներեն, եզրակացուց բարեկամս։

Եթե նա ներկա ալ ըլլար սնտուկները ուղարկելու գործին՝ չէր կրնար հասկնալ, թե սնտուկները Շիկակո՞ կերթային, թե՞ Պոսթոն։

Զ Առավոտ նախաճաշին՝ խոսեցանք հարսանիքի մասին, որոշեցինք կիրակի օրը և շատ շքեղ, նույնիսկ հեռագիր տվինք Պոսթոն Սարաճյան Եպիսկոպոսին՝ գալ և պսակել։

Ոչինչ մի խնայեր, Վահանիկս, կըսեր ինձ Սահակը գաղտնի՝ ձեռքերը իրարու շփելով։

Անհավատալի բան էր, որ Սահակի նման կծծի անասուն մը կարենար այդքան ծախսի դիմանալ։ Բայց անիկա մեծ հույս ուներ սնտուկներու վրա, ապա աղջկան մատանինե՜րը։

Առաջարկեցի օթոմոպիլով պտույտի երթալ Հըտսըն գետի ափին։

Ինչպես կուզեք, ըսավ Սահակ աղան։

Եվ գացինք, պտտեցանք ամբողջ երեք ժամ, և հետո վերադարձանք պանդոկ։

Ես արդեն ցորեկին թելեֆոնով խոսած էի Նյու-Յորքի իմ մեկ ծանոթիս հետ՝ գալ իրիկունը ժամը 8-ին՝ և տանիլ իմ բարեկամները կայարան, դեպի Պոսթոն ուղևորվելու համար։

Իրիկունը ես առաջարկեցի Սահակ աղային դուրս երթալ և սրահի համար կարգադրություններ ընել։

Հյուրերն ալ կը հանգստանան, ավելցուցի։

Մենք գացինք դուրս, բոլոր կարգադրությունները ըրինք կիրակի օրվան համար։

Դժվար էր վերադարձը։ Ես գիտեի, որ անոնք այնտեղ չպիտի ըլլային։

Ժամը տասն էր, երբ մենք վերադարձանք։

Պ. Սահակ, սկսա ես սանդուխեն վեր բարձրացած ատեննիս, եթե հյուրերը քնացած չեն, կը մտնենք և քիչ մը կը խոսինք։

Հե՛լպեթ, հե՛լպեթ, պատասխանեց Սահակը։

Մենք դուռը բախեցինք՝ ո՛չ մեկ պատասխան։

Սրահեն խափշիկը եկավ և հայտնեց, որ անոնք մեկնեցան կայարան։

Ես ապշեցա, Սահակ աղային գույնը նետեց։

Ո՞ւր գացին, ո՞ւր գացին, հարցուց Սահակ աղա կոտրած անգլերենով մը։

To station, sir, պատասխանեց խափշիկը։

Սահակ աղան քիչ մնաց գետին իյնար. ես բռնեցի։

Հարցուր թե ո՞վ տարավ, կերևա քի մեզ խաբեցին, որ ոչ ոք չենք ճանչնար։

Խափշիկը պատասխանեց, որ երկար հասակով երիտասարդ ճենթըլմեն մը եկած և տարած էր։

Է Հաջորդ առավոտը ես կանուխ դուրս ելա՝ սնտուկներու կարգադրության համար։

Ուղիղ Շիկակո, պոռաց ետևես։

Այո՛, այո՛, ուղիղ Շիկակո, պատասխանեցի։

Ես ուղարկել տվի սնտուկները այն տեղ, ուր խոստացած էի օրիորդին և իր եղբոր։

Սահակ աղա կեսօրին որոշեց անմիջապես մեկնիլ Շիկակո։

Անասունի նման կուլար և կըսեր.

Այդքան ծախս, այդքան ժամանակ, աղջիկը փախցուցինք, վա՛յ, վա՛յ, էշ եմ, է՜շ, կը պոռար և բռունցքով կը զարներ գլխուն։

Մեկնելե առաջ ինձ վճարեց տասնևհինգ օրվան խոստացած շաբաթականները, ծախսերս և շնորհակալություն հայտնելով մեկնեցավ Շիկակո։

Միասին չգնացինք, որովհետև ես ըսի, որ թերևս Նյու-Յորքի մեջ կարենամ հարմար գործ մը ճարել։

Սնտուկները Շիկակո չհասան։ Իմ ետ վերադարձիս Սահակ աղա դատարանի դիմեց՝ կարծելով, թե սնտուկները ես կերա։

Միայն դատարանին մեջ էր, որ ես ստիպված եղա պատմել եղելությունը և ցուցնել սնտուկներու ստացագիրները, որոնք ապահով հասած էին Պոսթոն։

Դատարանեն հետո ես ալ չպատահեցա Սահակ աղային դեմ դիմաց, միայն օր մը հանրակառքով անցած ատենս՝ պատուհանեն տեսա իմ «երիտասարդ» բարեկամս, որ ավելի ծերացել էր, կքեր և դեղներ էր։

***

Հինգ տարի հետո ես գացի Պոսթոն Գեղամի և Մաքրուհիի տունը և տեսա այն սիրուն մանուկը, որ բուսած էր Սահակ աղան խաբելեն հետո։

1920