Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Թոթովենց

Ազգին բարերարի գերեզմանը

Ա

Երկու եղբայրներ էին անոնք՝ Փորսուխենց Մարսուպ և Խաչեր աղաները, որոնք կըլլային մոտավորապես 40 50 տարեկան, մեծ ընտանիքով։

Արվեստով ոսկերիչ, հին վարպետներ։

Փորսուխենց տան փառասիրական ավանդությունն էր այն, որ քաղաքի մայր եկեղեցիի կալվածը մեկ մասն էր Մարսուպի և Խաչերի մեծ, ընդարձակ պարտեզին՝ ատենին նվիրված ազգին իրենց պապի կողմեն, որուն իբրև հոգեկան վարձատրություն, պապի գերեզմանը կը հանգչեր եկեղեցիի պատին քովիկը, փոքրիկ գերեզմանոցի մը մեջ, տեսակ մը պանթեոն, որ ամեն գավառական եկեղեցի կունենար։

Մեծ օր էր Փորսուխենց տան համար, երբ, տարին անգամ մը, հոգեհանգստի ժամանակ, ավագ քահանան պիտի հիշեր այդ նվիրատվությունը։ Այդ օրը Փորսուխենց տան բոլոր մարդկային տարրը կը հավաքվեր լսելու համար այդ հիշատակությունը։

Մարսուպ աղան, երեցը, լուռ մարդ էր, խոժոռ, կախ ինկած ականջներով, կարճահասակ, կլոր, թրքական ոճով մորուքին մեջ արդեն ճերմակը ալիք կուտար։ Այնքան լուռ ու խոժոռ էր Մարսուպ աղան, որ շատերուն սկսած էր ապուշության կասկածներ ներշնչել։

Իսկ, ընդհակառակը, Խաչեր աղան սարսափելի շատախոս, կռվարար, ուրիշներու գործին խառնվող, եկեղեցի և ազգ իր սեփականությունը համարող, անոնց գործերու վատ ընթացումը իր դատապարտելի անտարբերության վերագրող մարդ էր։ Ֆիզիկականով նման իր եղբոր մազերու ավելի քիչ ճերմակով և գլուխը ճաղատ։

Երկու եղբայրներն ալ իրարու քիթե են ինկեր, կըսեին բոլոր ճանաչողները։

Կասկած չիկար, որ Մարսուպ աղան ավելի իմաստուն մարդ կը կարծվեր, քան Խաչեր, որուն ակռան ամենուն մսին և ոսկորին դպած էր։

Խաչե՛ր, կըսեր Մարսուպը իր եղբոր, տարին մեկ անգամ, էդ գործերուն մեջեն պոչդ դուրս քաշե։

Չէ՛, դուն տեղդ ձանտր նստե, ես բոլորին կը սովրեցնեմ, կը գոռար Խաչերը։

Մարսուպը կը լռեր, կը խոժոռեր, քիթը կը կախեր և կնիկը առած կը հեռանար իր սենյակը, հազալով և գլուխը շարժելով դժկամության արտահայտությամբ։

Ապա Խաչերը կը դառնար իր կնոջը.

Իմ պապս որ չըլլեր, էն եկեղեցին հիմա չիկար, բոլորըս պետք էր տաճիկ դառնայինք, իմ խոսքս պիտի ընեմ, ի՛մ խոսքս, վերջացա՛վ։

Մարդոց աննամուսը շատ է, դուն գլոխ չես կրնար ելլալ, Աղան շիտակ է, կըսեր կինը։

Կնիկ ես, խելքիդ բան չի պառկիր, կը կշտամբեր Խաչերը։

Այսպես ամեն օր կռիվ մը ուներ ազգին հետ։

Ովքե՞ր էին իր թշնամիները, ինքն ալ չէր գիտեր, միայն սիրտը կռիվ կուզեր, խոսք կուզեր, աղմուկ կուզեր։

Եկեղեցին ներս մտած ատենը անպայման նկատողություն մը կունենար ժամկոչին ընելու.

Կը թողուս, որ ագռավները նստեն զանգակատան վրա և ծրտեն ու աղտոտեն, ամենապարզը իր նկատողություններեն։

Բ

Վերջին տարիները Մարսուպ աղայի հոգեկան վիճակը սկսավ լրջորեն մտահոգիչ դառնալ, նախ՝ տնեցիներուն և ապա՝ դուրսի մարդոց։

Իր լռակյաց բնավորության հաջորդեց համրություն, և օր մըն ալ երկու ձեռքերը դրավ երկու գրպանները և ա՛լ դուրս չհանեց մինչև իր մահը։

Աչքերը կը դարձներ չորս կողմը և ապուշի նման կը նայեր։ Անվնաս, անաղմուկ, անհասկանալի հիմարություն մը սև ամպի նման իջավ վրան և մնաց։

Հայվանի պես է, կըսեին զինք տեսնող մոտավորները։

Խաչերը կը մոտենար Մարսուպին.

Մարսո՛ւպ, ղուրպա՛ն, բառ մը ըսե՛, խոսե՛։

Կը լսեր Մարսուպը, բայց չէր պատասխաներ։ Եվ զարմանալին և ամենեն մտահոգիչը այն էր, բոլորը կը համաձայնեին, որ Մարսուպը եթե ուզեր խոսիլ՝ կրնար, իր արտահայտությունը այնպես կը ցուցներ, բայց չէր ուզեր խոսիլ։

Օր մը մեկ քանի հոգի հավաքվեցան և բռնի ուժով ձեռքերը գրպաններեն հանեցին, որովհետև կինը և բոլոր տնեցիները ձանձրացած էին մանուկի նման կերցնելե։ Շատ դժվարությամբ ձեռքերը գրպաններեն հանեցին, որու ատեն Մարսուպ աղան կովի նման բառաչեց և մեկ քանի ծանր հայհոյանքներ շպրտեց։ Զեռքերու ափերը փորփսոտեր էին, շորս կողմը բամպակ կապեր էր, ճերմկեր, նիհարեր, փափկացեր էին։ Աղաչեցին, լացին, որ դուրս պահե ձեռքերը, բայց օգուտ չըրավ, երբ ձգեցին ձեռքերը՝ ամենայն արագությամբ տարավ գրպանները և սկսավ հիվանդագին ծիծաղիր։ Խաչերը աչքերը թրջեց, հազիվ ինքզինքը զսպեց, դուրս ելավ սենյակեն և գալով իր սենյակը՝ բարձր ձայնով սկսավ լալ և աղաղակել.

Վա՛յ Մարսուպ, վա՜յ, հավին քշա չէիր ըսեր, քեզ ո՞վ անիծեց։

Մարսուպի սերսեմությունները այնքան ալ անակնկալ չէին, շատերը Մարսուպին շոշորթ կըսեին, այնքան քիչ կը խոսեր։

Մարսուպ աղան դուրս չէր ելլեր տունեն, բայց տանը մեջ կը պտտեր։ Առաջները տնեցիք սարսափի մեջ էին, որովհետև Մարսուպը կարող էր հայտնվիլ բոլորովին անսպասելի տեղեր և անտեղի ժամանակ, բայց կամաց֊կամաց վարժվեցան։ Մարսուպի ապուշությունը դարձավ հասարակ, այնպես որ Խաչերը, երբ խանութեն գար և երբ Մարսուպը չտեսներ շուրջը, կը հարցներ.

Խենթը ո՞ւր է։

Պառկեր է, կամ՝ ո՜վ գիտե ո՛ւր է, կը պատասխանեին։

էսօր կերցուցե՞ր եք, կը շարունակեր հարցուփորձել Խաչերը։

Ի՞նչ ուտել, ի՞նչ բան, կը պատասխաներ տկն. Խաչեր, արդեն զզված և անտանելի տոնով, բոլորը թափեց, վրան գլոխը աղտոտեց։

Օր մըն ալ Մարսուպը ա՛լ անկողնեն վեր չկեցավ, կերպով մը ամիս մը քաշեց և մեռավ։

Այս մահը մեծ տրտմություն չպատճառեց տնեցիներուն, որովհետև Մարսուպի ողջությունը արդեն մահ էր և ավելի վատը։

Գ

Կիրակի օրը թաղումը տեղի պիտի ունենար։ Բազմությունը մեծ էր եկեղեցին։ Պատարագի կիսուն Խաչեր աղան դուրս ելավ եկեղեցիեն և ժամկոչը կանչելով քովը, բարձր և հրամայական տոնով պատվիրեց.

Գնա՛, մեկ քանի աղքատ մշակներ բեր և այնտեղ, պապուս քով, Մարսուպիս համար գերեզման փորել տուր, և գրպանեն հանելով մեկ արծաթ մեճիտ՝ գլորեց ժամկոչի բուռը։

Ժամկոչը խոնարհեցավ և անմիջապես մեկնեցավ գործի անցնելու։

Մեկ քանի թաղականներ, որ այդտեղ կանգնած կը ծխեին և օրվան քաղաքականության վրա կարծիքներ կը հայտնեին, իրարու երես նայեցան։

Խաչերը եկեղեցի մտավ և գնաց կանգնեցավ դագաղի գլխուն վրա։

Խաչերը որո՞ւ է հարցուցեր, որ այդպես ինքնագլուխ կարգադրություններ կընե, հարցուց թաղականներեն մեկը։

Այդ մասին ես բան մը չեմ գիտեր, պատասխանեց երկրորդ թաղականը։

Ի՞նչ, իր չոր գլոխով կը կարծե որ խենթը այստե՞ղ պիտի թաղե, եազմա, մրմռաց երրորդը։

Թաղականները ժամկոչի տղան կանչեցին և պատվիրեցին, որ մտնա եկեղեցի և կամաց մը Գիրգոր աղային, Պետրոս էֆենտիին և մի քանի ուրիշներու ականջներուն փսփսա, որ էֆենտիները զիրենք դուրսը կը կանչեն կարևոր գործով։ Մեկ քանի րոպե հետո բոլորը, քաղաքի հայ հեղինակությունները,
հավաքվեցան և մտան քովի դպրոցի մեկ սենյակը՝ խորհրդակցության։

Ամբողջ կես ժամ պոռացին, ճվացին և որոշեցին ժամկոչին արգիլել գերեզման վարելը։

Ժամկոչը դադրեցուց։

Պատարագը վերջացավ, դագաղը բերվեցավ դուրս և Խաչերը տեղեկացավ ահավոր եղելության։

Ժամկո՛չ, քեզի ի՞նչ ըսի ես։

Չեն թողուր, աղա՛, չե՜ն թողուր. ես ազգին ծառան եմ, անոնք ալ ազգին մեծն են, պատասխանեց ժամկոչը շրթունքները դողալով։

Անոնք ազգին մեծն են, ես մեծը չե՞մ, գոռաց Խաչերը։ Ժամկոչը գլուխը կախեց։ Խաչերը փորձեց հարձակվիլ ժամկոչի վրա, բայց թաղականները մեջ ինկան։ Եկեղեցիի բակին մեջ գտնված հասարակությունը բաժնվեցավ երկու մասի, սկիզբը թաղականները խոսեցան հանգիստ և խաղաղասիրական տոնով, բայց հետո չդիմանալով Խաչերի գոռումներուն և հայհոյություններուն, անոնք ալ ձայները բարձրացուցին։ Երկու կողմերուն տիրեց գռեհիկ անկեղծություն։ Աղմուկ, իրարանցում։ Դագաղը մոռացան, կիները սկսան լալ և աղաղակել, իսկ ասդին սկսան գլուխ ջարդել։

Այսպես է գավառներու մեջ, ազգային վիճաբանություններուն ամեն մարդ կը խառնվի, կը բռնե մեկ կամ մյուս կողմը, գրեթե առանց տրամաբանության, շատ անգամ նայած պայքարը սկսող անհատներու իրենց հետ ունեցած հարաբերության։

Այստե՛ղ պիտի թաղվի, իմ պապուս տվածն է այս հողը, ազգին աչքը քոռնա, կը մռնչեր Խաչերը։

Չպիտի՛ թաղվի, շուն պապդ թաղվեցավ, հերիք է,― կը պատասխաներ ամբոխը։

Կազմվեցան կռվողներու զանազան խումբեր, իրար հրեցին, քշեցին, բերին ձգեցին դաղաղին վրա, որու ատեն մեռելի տեր կիներու կոծը բռնեց ողջ երկինքն ու գետինը։

Պիտի թաղեմ, հո՛ս պիտի թաղեմ, կը գոռար Խաչերը շան նման փրփրած։

Անիկա ինքզինք զսպեց և ոչ ոքի վրա ձեռք չբարձրացուց, եթե ոչ՝ ամբոխը գլուխը իրանեն կը բաժներ։

Կռիվն այնպես սաստկացավ, որ թուրք ոստիկաններ մտան Հայկական մայր եկեղեցիի բակը և դադրեցուցին։

Խաչերը ընկճված և գլխիկոր՝ պատվիրեց հուղարկավոր թափորը առաջնորդել իրենց պարտեզը։

Մեր պաղչան շա՜տ տեղ կա, իմ եղբայրս հասարակաց գերեզմաննոցը չեմ նետեր, հայտարարեց Խաչերը ներկա եղող հասարակության։

Փորսուխենց տան մոտիկները Խաչերի թևերեն բռնեցին, մխիթարեցին։ Խաչերը այլևս չէր լար, բարկութենեն արցունքները ցամքեր էին։

Երկու րոպե հետո արդեն դագաղը պարտեզն էր։ Եկեղեցին և Փորսուխենց պարտեզը բաժնող ճիշտ պատին տակը գերեզման փորել տվավ Խաչերը Մարսուպի համար և այնտեղ թաղել տվավ։

Դագաղը գոցել տալե առաջ Խաչերը ինկավ Մարսուպի վրա և ֆեսը վար առած՝ ըսավ.

Մարսո՛ւպ, աղայի պես մարդ էիր, մարդուն ալ թեքքեն էիր, շուները վրադ հաչեցին, քու հոգուդ… ալ չկրցավ շարունակել, արցունքները նորեն սկսան հոսիլ։ Թևերեն բռնեցին և վեր առին։

Վա՛յ, վո՜ւյ, վա՛յ, վո՜ւյ,– կողբերգեր Խաչեր, մինչ հողը կիջնար ծանրորեն Մարսուպի քիթին ու բերնին վրա։

Դ

Քառսունքր լրանալե առաջն Խաչերը կանչեց դպրոցի տիրացուն և պատվիրեց, որ ծաղկագրով գրե հետևյալ տապանագիրը.

Աստ հանգչի Ազգիս Բարերար
Մարսուպ աղա Փորսուխեան
Ծնյալ յամի Տեառն… մեռած…
Քառսունքի օրը գերեզմանաքարը պատրաստ էր արդեն այդ տապանագիրով։ Խաչերր շաբաթ իրիկվնե առաջ կանչեց եկեղեցիի ավագ քահանան, դրամ տվավ և ըսավ.

Տերտեր պապա, վաղը Մարսուպ աղայի քառսունքն է, անոր հոգիին համար սուրբ պատարագ կը բռնես և կը հայտարարես սուրբ պատարագի մեջ, որ Փորսուխենց աղան իր եղբոր Մարսուպ աղայի քառսունքի առթիվ «իբրև հավերժ» կը նվիրե իր պաղչային տասնևհինգ արշըն գետին և իր ծախքովը պատ կը քաշե և կը միացնե եկեղեցիի գերեզմանոցին։

Մարսուպիս գերեզմանն ալ հետը կը նվիրեմ սուրբ եկեղեցիին, ավելցուց անիկա։

Ավագ քահանան լսեց, շնորհակալություն հայտնեց ազգին կողմե, «Հայր մեր» մըն ալ փնթփնթաց և պիտի մեկներ ուղիղ մյուս քահանաներուն մոտ տեղեկացնելու, երբ Խաչերը ուզեց իր վերջին բաղձանքը հայտնել.

Տե՛ր պապա, պատարագը դո՛ւն կընես։

Շատ աղեկ, Խաչեր աղա, շատ աղեկ, բայց հերթը Տեր Գրիգորինն է, պատասխանեց ավագ քահանան։

Հերթ֊մերթ չեմ գիտեր, իմ փափագս է, որ սուրբ պատարագը դուն ընես վաղը։

Ավագ քահանան գլուխը շարժելով դուրս գնաց։

* * *

Երկրորդ օրը հանդիսավոր պատարագ էր։ Ավագ քահանան հայտարարեց նոր նվիրատվությունը, հիշատակեց նաև պապի նվիրատվությունը։

Վերջը վերջը խենթին գերեզմանը բակը ձգեց, քթերնուն տակ լուռ մռնչացին եկեղեցիեն դուրս ելլողները, և բոլորովին դժգոհ։

1921 թ.