Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Շիրվանզադե

Ժողովացավ

Սրտի ցավով հաղորդում եմ «Տարազի» գավառական ընթերցողներին, որ գարունը սկսելուն պես Թիֆլիսում երևացել է մի նոր էպիդեմիա։ Ախտը սոսկալի է և օրից-օր ավելի ու ավելի է տարածվում։ Մինչև այժմ դեռ նրա սկզբնական պատճառները քննված չեն, բայց ցավը սկսվում է այսպես։ Դիցուք Գալավինսկի պրոսպեկտի վրա պատահում են երկու ծանոթներ մեկը վարակված, մյուսը առողջ։ Առաջինը արտասանում է «ժողով», երկրորդը իսկույն կրկնում է «ժողով»։ Մեկ էլ տեսար երկուսի էլ աչքերը կարմրեցին, գլուխները պտտեցին, բերանները փրփրեցին։ Երկուսը միասին սկսումեն վազվզել դեսուդեն, կրկնելով «ժողով, ժողով» և կես ժամվա մեջ վարակում են մի խումբ մարդկանց։ Ախտը ավելի հեշտությամբ կպչում Է անգործներին։

Գլուխս կորցրել եմ, չգիտեմ ի՞նչ անեմ։ Անցյալ օրը մի հատ պուլվերիզատոր գնեցի, որ ամեն առավոտ քնից զարթնելիս սենյակս դեզինֆեկցիա անեմ այդ «ժողով» ասած ախտի բացիլներից ազատվելու համար։ Բայց չեղավ։ Երեկ երեկոյան ինձ մոտ եկավ բարեկամներիցս մեկը, որը մի խմբագիր աշխատակից է։ Նա հագած էր Մոլիերի Պանկրատ փիլիսոփայի պես, մի լայն, երեք հարկանի վերակու։ Նայեցի բարեկամիս և տեսա, որ նրա բանը բուրդ է։ Սկզբում կարծեցի, որ փորացավ ունի։ Բայց երբ հարցրի առողջության մասին, նա, տրագիկ-դերասանի դիրք ընդունելով, աղաղակեց. «Ժոդով»։

Փահ, խեղճ ողորմելի, դո՞ւ էլ վարակվեցիր, գոչեց պուլվերիզատորը նրա ճակատին ուղղելով, դո՛ւրս, դո՛ւրս։

Եվ հայտնվեց, որ բարեկամս վարակվել է իր խմբագրից, իսկ այդ խմբագիրն էլ վարակվել է մի ուրիշ խմբագրից։ Այժմ մամուլի բոլոր ներկայացուցիչները վարակված են «ժողովով»։ Գլխավոր բացիլ տարածողներն են «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը և «Нов Обоз.» լրագրի աշխատակից Նիկոլայ Նիկոլաձեն, որոնք անցյալ տարի եռանդով կռվում էին խոլերայի դեմ։

Կատակը մի կողմ, ամբողջ Թիֆլիսը այսօր «ժողովներ», «մասնաժողովներ» և «հանձնաժողովներ» կազմելու փորացավ է ընկել։ Ամենքը խելագարվում են ժողովելու համար կամ ժողովվում են խելագարվելու համար։ Չգիտեմ այս բոլորի վերջն ինչ կլինի։