Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Գրիգոր Զոհրապ

Փոքեր

Կիները ամենեն շատ սիրեցին այս խաղը, նենգությամբ, անակնկալով, սիրտհատնումով լեցուն, որ ամեն կողմ կը ճարակի հիմա, Փերա, Փրինքիփո, Պյոյուք Տերե, Քատըքյոյ։

Պռիճը՝ հաշիվ ու նրբություն կը պահանջեր միայն. մտքի ջանադիր աշխատությունն էր որ հոն կը գործեր, հաջող թուղթեն մեծագույն օգուտը քաղելով եւ ձախորդեն՝ նվազագույն վնասը քաշելու համար ոգորելով, տաժանելով խելքի խուլ պայքարի մը մեջ։

Փոքերը ոչինչ կուզե ասոնցմե. խաբեության ու կեղծիքի իսկատիպ աղն է, ուր ուժդ ու տկարությունդ հավասարապես պարտավոր ես ծածկել դիմացինեդ, երբեմն համեստությամբ, շփոթված, վարանքով, ամենափոքրիկ գրավ մը բռնելու համար, իբրեւ թե չվստահեիր թուղթիդ զորությանը, ու երբեմն խոյանալով հակառակորդիդ ամբողջ դրամին վրա, պլըֆի մը հանդգնության մեջ պարտկելով իրական տկարությունդ ու հակառակորդդ վախեն փախցնելով։

* * *

Ըսի ու կը հավտամ որ կիները ամենեն ճարտարներն ըլլան այս խաղին մեջ, իրենց բուն մթնոլորտին մեջ ըլլալուն համար անշուշտ։

Ուժն ալ սուտ, անուժությունն ալ սուտ, խոյանալն ալ սուտ, վարանիլն ալ սուտ, ընդունիլն ալ, մերժելն ալ, ամենքն ալ սուտ. ամբողջ կնոջական աշխարհ մը։

Հոս պչրանքը, ժպիտը, խոժոռումը, անուշ խոսքը, ամեն շարժումները եւ ամեն ակնարկները պետք է դիտել, վերլուծել, կանգ առնել, չխաբվելու համար, եւ, ավելի գեշ, ծիծաղելի չըլլալու համար երբոր վարդագույն շուրթեր պոռան երեսդ ի վեր.

― Քառե կամ ֆլո՜շ․․․

Ու ափ ի բերան թողլով զքեզ հափշտակեն տանին ունեցածդ չունեցածդ, խնդալով քթիդ, ուրիշ անգամվան համար թուղթ խաղալու եղանակիդ վրա մտերմական խրատներ տալով քեզի, ուսդ ծեծելով մեղմիվ։

― Բարե՛կամս, թուղթ չուզողին ռըլանսը չեն բռներ։

Եվ կամ թե՝

― Պլըֆը հայտնի էր. պետք էր տեսնել։

Իրա՞վ։

* * *

Կը մտածեմ որ Փոքեր մըն է կյանքը զոր ամբողջ աշխարհ կը խաղա արդեն։ Պլըֆյոռներ մեկ կողմեն, չունեցածը ունեցած ձեւացնողներ ու հաջողողներ, անթիվ անհամար. պայքար մը մահացու, ոխերիմ, որուն ամբողջ կյանքդ կը դնես, շարունակ ըսելով Մոն թո՛ւ։

Եվ դեմդ մեկը կելլե, անծանոթ մը, չար ոգի մը, Դիպվածը թերեւս զոր չես ճանչնար, եւ որ գրավդ կը բռնե ու կը կործանե զքեզ չորս թուղթ նետելով առջիդ։ Կամ թե մարդիկ կը տեսնես մեծ ուժի ու դրամի տեր, ամեն օր ամեն վայրկյան ձեռվընին Ֆուլ ալևաս ունեցող մարդիկ, որոնք կանցնին Փասսոյի անընդհատ մրմունջի մը մեջեն, անկարող օգուտ քաղելու բախտեն՝ որուն երես առած, շփացած զավակներն են. մինչդեռ անդին ուրիշ մարդիկ, ձեռներեց, ճարպիկ ու հանդուգն, որ աշխարհներ կրնային վաստկիլ, տարիներով զույգ մը չունին ուվերթյուռ մը ընելու համար։

1892