Գրողի քաղաքացիությունը
Գրականության պատմության մեջ կան այնպիսի անուններ, ովքեր ուրիշների պեղած արծաթից իրենց պատկերով դրամ են կտրում և գրական շուկայում այդպիսով, ինչպես մեր սփյուռքահայերն են ասում, շահաբեր գործ տեսնում: Երբեմն նույնիսկ վերաձուլման հարկ չի լինում՝ ուրիշի պատկերով դրամը շրջանառություն է անում մեր նորօրյա հեղինակի համար: Սա՝ եղած արժեքների այս վերարծարծումը, խոցելի չէ, բայց ահա ցանկալի դժվարագույնն այն է, երբ դու ինքդ ես քո արծաթի և՛ պեղողը, և՛ դրվագողը, այլ խոսքով՝ շատ ավելի պատվաբեր է կենդանի, պղտոր, հակասական, դժվար կյանքը գեղարվեստ դարձնելը:
Գրական իր երկար ճանապարհին Անահիտ Սահինյանն անընդհատ ինքն է եղել իր հանքավայրը փնտրողը, հանույթը պեղողը, մետաղը կռանողը՝ նույնիսկ այն դժվար դեպքերում, երբ գործի պատմականության հանգամանքը նրան կանգնեցրել է կերպարաիրավիճակային հար և նման պայմանների առաջ և նախորդներին երկրորդելը թվացել է անխուսափելի:
Երկրորդելը թվացել է անխուսափելի, այնինչ Սահինյանի վեպերը մեկ և նույն խնդրի շուրջ սանձակոծված գրական հեղեղի մեջ սկզբնաղբյուրի տպավորություն են թողնում, նրա գործը՝ վավերագրություն, նրա էջերը իրենց տեղամասից ու ժամանակից արված թանկ հաղորդումներ են թվում, և հաջորդներիս համար այլևս դժվար է այդ դեպքերին ու ժամանակին դառնալ Սահինյանին շրջանցելով:
Սա հեշտ բացատրվող ու դժվար դավանվող սկզբունք է. կյանքը նրան թույլ չի տվել գրքային լինել: Սա, վերջին հաշվով, այն է, ինչը կոչում ենք գրողի քաղաքացիություն: Սահինյանի համար, ո՛չ, գրականությունը խաղ չէ, գրողների կառուցմանը տրամադրված կյանքի որոշակի մարզ է, որ պահանջում է նույնքան արյուն ու քրտինք, ազնվություն ու պատասխանատվություն, ինչքան շինարարի ու գյուղացու աշխատանքը:
Գրական գործի նրա քաղաքացիական այս ըմբռնումով միայն կարելի է բացատրել նրա վեպերի անսպասելի դիմացկունությունը: Անսպասելի՝ քանի որ չեչաքարի պես անհարթ նրա գիրը, թվում է, չի ենթարկվել հեղինակի ձեռքին, ոչ այնքան բարեկազմ նրա կառույցները առաջին պահ անկայուն են թվում: Բայց նույնքան անհարթ, նույնքան իրասածի նրա կերպարների համար դա ճշգրիտ գիր է, և այդ անբարեկազմությունը կյանքի հորձանքի առաջ նախնական հղացումների նահանջի փաստ է. հղացման թվում է պինդ, թվում է տրամաբանված եզրագծերը ելևէջում, ճկվում, բեկվում, իրենց հիմքերից ելնում են՝ կառույցի մեջ առնելու կյանքի նաև ա՛յս բեկորը, ա՛յս անսպասելիությունը, ա՛յս դրսևորումը: Նրա գործերն, այո՛, հավաքված են ոչ թե կյանքի հեռավոր, արձագանքային, զտված, թույլ ձայներից ու վերացարկված, խորհրդանիշի միտող կյանքանման աղոտ պատկերներից, այլ աղմկոտ ու ծանր բուն կյանքն են, և այդուհանդերձ այդ պղտոր հեղեղի վրա թրթռում է ազնվական մի այնպիսի թախիծ, որ միայն պոեզիային է հատուկ: Մյուս կողմից՝ լեզվակառուցվածքային այս «անխնամությունը» բաց կռիվ է պարապ հարթագրության ու կոկված սնամեջության դեմ:
Անահիտ Սահինյանը հավատում է գրականությանը: Գրականության մեջ կենդանի կյանքին այդ երկրպագության հասնող վստահությունը, գրական մյուս հարցերը կենդանի կյանքին ստորադրելու այդ ինքնամոռաց համոզվածությունը ամենից առաջ գրականության նկատմամբ հավատի արդյունք է. Սահինյանը հավատում է կյանքի վրա գրականության ազդեցությանը: Սահինյանն իր գրականությունն օժտում է այնպիսի լիցքով, որի առկայությամբ գրական գործն իսկապես ձեռք է բերում ստեղծիչ դեր: Այդ հավատը մեզ այսօր ավելի քան հարկավոր է: