Աշնան առավոտի երգը
Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել, 
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս. 
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում, 
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

