Անդարձություն
Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս   երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես   ժպիտով անուշ  
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված, 
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,  պատկերըդ հեռու…

