Աշնան գիշեր
Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։
Անհույս է այդ երգը, որպես մութ
Գիշերըս, գիշերըս աշունքվա.
Կարծես՝ սուգ են անում և անգութ
Եվ դառը լալիս են իմ վրա...
Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում,
Հեկեկում այդ երգը այնտեղից.,.
Եվ ձուլված է արդեն իմ հոգուն,
Իմ բոլոր օրերին է ձուլված.
Տրտմություն է իմ շուրջն ու բեկում,
Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց...
Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ,
Ամե՜ն տեղ է փռված տրտմություն.
Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց
Սպասեմ ավետիք ու խնդում...