Yervand Nazaretyan
Ձմռան գիշերն է՝ իմ պատուհանից
Ձմռան գիշերն է՝ իմ պատուհանից,
Եվ մի ներդաշնակ խոսուն երեկո,
Բնության շուքը պարուրել է ինձ
Իր սքանչելի պատկերի ներքո։
Դիմացի շենքի լույսերն են հանգում,
Հերթով մարմրում ճերմակ քողի մեջ,
Կարծես աղմուկից աշխարհն է քնում,
Եվ արթնանում են տեսիլներն անշեջ։
Ձյան փաթիլները պարում են քնքուշ՝
Լապտերների վառ փռված լույսի տակ,
Հեքիաթ են հյուսում մեղմիկ ու անուշ՝
Ճերմակափայլով վեհ ու բովանդակ։
Հեռվում անտառն է ճերմակը հագին,
Նազում է, իբրև չքնաղ նորահարս,
Ու անձեռակերտ շղարշով անգին
Ձյան հետ ձուլվելով վրձնում է երազ։
Իսկ այս ծառերի անհատակ խորքից
Հին եկեղեցու գմբեթն է փայլում,
Երկինքը ճեղքում Խաչի Սուրբ լույսից՝
Ես այս հոգեթով պահն եմ վայելում։
Ձմռան գիշերն է՝ իմ պատուհանից,
Եվ մի մոսկովյան խոսուն երեկո,
Բնության շուքը պարուրել է ինձ։
Աստված իմ, Մեծ ես, Մեծ է Փառքը Քո...
Ghazaros Saryan
Symphonic Panel "Armenia"
