Yeghishe Charents

Վարսավիրի հմայքներ

Վարսավիրի մոտ հիմա նա լուռ նստել է էլի.
Դեմը փայլում է հսկա արծաթափայլ հայելին:
Դեմը նստել է մի կին ու աչքերով մեռելի
Նայում է պաղ աչքերին` անվերջ, էլի ու էլի:
Թափել է վար, ճակատին դեղին մազերը հիմա,
Ու ակնարկում է մթին տագնապներով ակամա:
Այնպես օտա՛ր է, այնպես անսիրելի ու հեռու.
Ի՞նչ են գտել նրա մեջ գուրգուրելու, սիրելու:
Տխո՛ւր, տխո՛ւր, որպես մահ, ակնարկում է հայելին.
Սանրվում է սակայն նա, դեմքը ժպտում է էլի:
Ու կանգնել է իրեն մոտ մոտի՛կ, մոտի՛կ, որպես սեր
Մի բարեկամ անծանոթ, հրաշագործ մի ընկեր:
Դեմքին տաղտուկ մի ժպիտ, ձեռքին սրվակ ու փոշի`
Թափում է նո՛ւրբ հմայքներ, ծախվող բույրեր ուրիշի:
Հարազատ է այնքան այդ զրնգունը մկրատի.
Ի՞նչ է ուզում սակայն ծեր, չար ժամացույցը պատի:
Նա ինչո՞ւ է աղմկում, որպես տաղտուկ թշնամի
Սուր զարկերով իր բեկուն` հարվածների պես գամի:
...Մոգ-վարսավիրը սակայն թափում է նուրբ հմայքներ
Ու էլ դեմքով դյութական` ահա ելնում է նա վեր:
Ո՞ւմ ինչ, որ նա էլ հիմա ինքն իրեն չի ճանաչի
Ու ժպիտով ակամա պիտի գերի ու խաչի:
Ես պոետ եմ ու գիտեմ, որ աշխարհում այս նսեմ,
Ճշմարիտ է միայն այդ ամոքող սուտը լուսե:
Սուրբ է կյանքում միայն դա՜ ամոքող փայլը ստի.
Օ, պչրուհի՜, հավատա՜ երազներին պոետի...

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

The Return of Queen Zabel
The Return of Queen Zabel
Play Online