Yeghishe Charents

Հետերա-երազ

(էպիլոգ)

1


Երբ վեր սլացան հրոտ, հրակամ
Հրթիռները հուր, հրավարս ու հիր
Աստղային ծիրից նորից վայր ընկան
Ու դղյակը հին դարձրին մոխիր:

2


Ու ընկած էր նա մոխիրի վրա:
Ընկած էր մենակ: Ու լուռ էր չորս դին:
Մոխիրի վրա սպասում էր նա`
Աչքերը հառած կույր, անդեմ մութին:
Եվ մեկը կարծես մոտեցավ նրան,
Մոտեցավ, խնդաց ու կանչեց միգում:
Հիշեց, որ կային չքացան-կորան
Աստղերը` հոգու երկնքում. հոգում:
Ու ժպտաց, ժպտաց ասպետը հանկարծ:
Ձեռքերը պարզեց այնքան մո՛տ է նա:
Գուցե բռնկվեն աստղերը հանգած
Ու նորից վառվեն մոխիրի վրա...
Ձեռքերը պարզեց ու լռեց միայն:
Ու խնդաց նորից սիրտը մշուշում:
Ու չկար ոչ-ոք: Թվում էր նրան
Աշխարհն էլ, ինքն էլ մի մութ վերհիշում:

3


Ու խո՛ր հեծկլտաց ասպետը, ընկած
Ճերմակ դղյակի մոխիրի վրա:
Ու հիշեց բոլոր աստղերը հանգած,
Ու հիշեց հրոտ հմայքը նրա:
Եկավ ու չկա: Բայց չէ՞ որ, երբ դեռ
Հրդեհն էր լափում դղյակը իր հին`
Բոցերի ծովում մի ոսկի թիթեռ
Զնգում էր, շաչում հրավարս մի կին:
Օ, թող գա՛, թող գա՛: Լինի արյունոտ:
Մեխվի իր սրտում, որպես քաղցր սուր:
Թող նորի՛ց վառվի համբույրը հրոտ
Ու հմայքը հուր...
Եվ թո՜ղ չլինի երազն աստղային
Ճերմակ դղյակի անմարմին ուրուն...
Եվ չէ՞ որ ոսկի կրակներ կային
Մեռնելուց առաջ նրա աչքերում...

4


Դու ինձ մոտ էիր: Ժպտացիր ու հուր
Համբույրի ժամին հոգիս` գոհ, դժգոհ՝
Ընկավ գիշերի խոռոչի մեջ խոր
Բայց օրհնում էի հրդեհները քո:
Ես օրհնում էի: Ժպտում էիր դու:
Ու հրդեհեցի իմ դղյակը հին,
Որ ի՜մը լինես, չդառնաս ուրու,
Որ ինձ մոտ մնաս՝ պարզ ու երկրային...
Բայց ո՞ւր գնացիր, ինչո՞ւ հեռացար:
Թ՞ե այստեղ ես դու, բայց մենակ եմ ես,
Ինչո՞ւ հեռացար ու ցնորք դարձար`
Հեռավո՛ր ուրու անմարմին, անտես:
* * * * * * * * * * * *
* * * * * * * * * * * *
Ճերմակ դղյակի մոխիրի վրա,
Հիշելով ոսկի հրթիռը մարած
Անզոր շշնջում ու կանչում էր նա.
Հետե՛րա-ցնորք, հետե՛րա-երազ...

1916

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Date Palm. Egypt
Date Palm. Egypt
Play Online