Yeghishe Charents

Ամենապոեմ

Ես Հայաստանցի պոետ
Երկիր, ուր մշուշ է ու մահ
Բոլորի՛, բոլորի՛ համար
Երգում եմ
Նորից
Հիմա։
Բայց ինչո՞ւ միայն ես երգեմ,
Միայն ես, և ո՛չ թե նրանք,
Որ օրերը այս հողմածեծ
Գրոհել են անցյալի վրա։

Նրանք, որ փոշոտ, արևոտ,
Օրերի խոնավ մշուշում
Աշխատում են, եռում, պայքարում
Այս աշխարհի փոշում։

Որ հոսում են քրտինքի նման
Աշխարհի երեսն ի վայր
Ու սրբում է, տանում է քամին
Ու խառնում է նրանց իրար։

Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ ամեն մի անհայտ բանվոր,
Որ ձեռքով իր երկաթ է կռում
Հազա՜ր պոեմներ ունի
Իր հուժկու, երկաթ թոքերում։

Չգիտե՞ք...
Իմացե՛ք հիմա։
Ականջներդ լայն բացե՛ք.
Ուրիշ հանճարներ չկան
Աշխարհում նրանցից բացի՛։

Եվ գիտե՞ք, թե ինչե՞ր են երգել,
Ինչե՜ր են ստեղծել նրանք
Ինչպիսի՜ պողպատե երգեր,
Ինչպիսի՜ եռանդ ու կրակ...

Երգել են
Եվ երգը նրանց,
Դարերի սարսափից անահ
Կանգնել է՝ վիթխարի, հաստատ,
Նրանց երգը
Աշխարհը
ահա՜։
Աշխարհը
Քաղաքները բոլոր,
Ճամփաները, փոշոտ խճուղին,
Վերջին արտաքնոցը քարե
Ու բոլո՛ր բերքերը հողի։

Ինչպիսի՜ բազմալար երգեր
Ու հրաշք,
Հեքիաթ,
Հիացմունք։
Ողջո՜ւյն, բյուրհանճար ընկե՛ր,
Հանքագո՜րծ,
Հանքափո՜ր,
Հացթո՛ւխ...

Այո՛։
Ինչո՞ւ միայն ես։
Թող բոլո՛րը նրանք երգեն։
Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն
Երգեն։
Եվ ինչո՞ւ միայն նա՛ երգի
Միայն նա նաիրցի մի Պողոս.
Իսկ Իվա՞նը, Յուսո՞ւֆը, Չունկ-Ֆո՞ւն,
Որ իրար ճանաչում են վաղուց,
Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ կարող է այսօր Տիբեթից
Մի Խուն-Յուն ինքնիրեն թռչել
Ռաշտ, Պետրոգրադ, Թիֆլիս։
Կամ աշնան տերևի նման
Կարող է թռչել Կարոն
Կուզեք, թող լինի Հագո
Թիֆլիսից՝ Մարսել, Երևան,
Պեկին, Գահիրե, Չիկագո՛։

Օ, աշխարհը վաղո՜ւց է դարձել
Մի փոքրի՜կ, փոքրի՜կ փողոց...
Վաղո՜ւց դեղնավուն Պեկինից
Մինչև Նորք իր ձեռքը պարզած՝
Մի Չունկ-Ֆու կարող է ասել.
Բարի լո՜ւյս, բանվո՛ր Պողո՛ս…

Էլ ինչո՞ւ միայն նա երգե
Թող երգեն, ինչքան մարդ որ կա.
Թող աշխարհը ամբողջ երգե,
Զրնգա՛,
Զնգա՛,
Զնգա՛...

ԳԼ. Ա

1914 թ. հուլիս, Երևան
Երևան։
Աստաֆյան փողոց։
Փողոցի մեջտեղով ահա,
Մտքերի տակ ծանր կքած՝
Անցնում է մի բանվոր
Պողոս։

Այրում է արևը եփող,
Խանձում է ջղերն հոգնած։
Գնում է դեպի դեպո
Նա։

Տոթ է։
Ամառվա կեսօր։
Արևը կարմիր շաֆրան։
Արևը դրել է հինա։

Շտապում է նա դեպո՛։
Մտքերը հրում են՝ գնա՛։

Ամեն ինչ գո՜րշ, առօրյա։
Ինչպես միշտ գորշ, փոշոտ փողոց։
Սառը ջուր։
Խաղող։
Գինի՛։

Մարդիկ։ Կառքեր։ Մարդիկ։
Եվ ոչ ոք չգիտեր, որ հիմա
Աստաֆյան փողոցի վրա
Հրաշք պիտի լինի...

Եվ հրաշքն... այնպես պա՜րզ եղավ...
Հանկարծ բանվորի ճակատից
(Տոթ էր, շոգն ասում էր՝ գնա՛)
Մի կաթիլ քրտինք ընկավ
Փողոցի փոշու վրա։

Ընկավ ու մնաց մի պահ
Ու ցոլաց նրա մեջ հանկարծ
Երկնքի անսահման հեռուն
Ու արևը հեռու մի առկայծ...

Ու հանկարծ այնտեղից, փոշուց,
Ուր քրտինքը մնաց մի պահ
Բյուրավոր բանակներ ելան՝
Վիթխարի, համարձակ, անահ...

Ելան բյուրավոր մարտիկներ,
Զինվորներ երկաթե, բրոնզե,
Նրանք, որ իր պես, իր նման
Աշխատում էին դեռ անզեն։

Ելան, հառնեցին հանկարծ
Փողոցի ամառվա փոշում
Բյուրավոր բանակներ անահ,
Զրահապատ բանակներ ուժի։

Շողացին սվիններ, սրեր,
Երգեցին կրծքեր հզոր,
Դրոշներ ծփացին արնավառ
Դրոշներ կարմի՜ր, բոսո՜ր...

Եվ նրանց բոլորի առաջից
Մի դրոշ առնական ուսին՝
Արշավում էր Պողոսը հաստատ
Ելնում էր փողոցի փոշին։
Ելնում էր փողոցի փոշին,
Ծփծփում էր բանակը հոծ.
Անցնո՜ւմ էր դարերի միջից
Մի հսկա, բյուրանուն Պողոս...

Գնում էր Աստաֆյան փողոցով,
Աչքերը հառել էր հեռուն։
Վառվում էր արև մի բոսոր
Պողոսի խոնավ աչքերում...

Ոչ ո՛ք, ոչ ո՛ք չտեսավ։
Միայն մի վայրկյան էր վառ։
Հետո անիվներ անցան։
Գորշ, փոշոտ փողոցի ճանապարհ։


(Իսկ որպեսզի հասկանաք այս հրաշքը
Բավական է, որ իմանաք,
Որ մի հին ընկերոջ մոտից էր
Վերադառնում նա։

Այդ ընկերը նրան ասել էր,
Որ գալու են դեպքեր վիթխարի,
Որ արդեն, արդեն հասել է,
Սրընթաց արդեն արշավում է
Ժամանակը մե՜ծ պայքարի...)։


. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Երևան։
Աստաֆյան փողոց։
Քնթաթախ։
Աչքերին փոշի։
Խաղաղ խաղաղ քաղաք։
Ու զռռոցը «Ա՜-ի՜, ա՜–ի՜, ա՜-ի՜»
Իշու,
Էշան,
Էշի...

Ծույլ,
Դանդաղ։
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման
Տոթ,
Արև,
Ամառվա փոշի
Երևա՜ն,
Երևա՜ն,
Երևան...


Իսկ իրա խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Գանգատվում էր. Ինչո՞ւ չկա
Մի անուշ, գարնան քամի...

Թվում էր նրան, Համոյրն,
Աշխարհը փոշոտ մի փողոց
Ու ապրում են ողջ աշխարհում
Համոն,
Մի Կարո,
Մի Պողոս։

Երազ էր թվում Համոյին
Փողոցի արևոտ հեռուն.
Թվում էր՝ արևի վրա
Նստել է ինքը Համոն։
Ոտքերը կախել է վար
Ու մռռում է դանդաղ մի երգ...
Հաշվվում է տոթ ուղեղում...
Տասնըմեկ... տասերկու,.. Տասերեք...

Հոսում է արևի գինին...
Իսկ էսօր առևտուր չկա...
Շուտով իրիկուն կլինի
Կգնա
Նորից կգա...

Կելնե արևը նորից,
Կվառվի՝ հիմար ու շոգ
Էդ շոգին ո՞վ կլինի
Գինի կամ կոնյակ ուզող...

Երազում էր Համոն կիսաքուն,
Օրորվում էր մեղկ հոգում
Աշխարհը շոգ մի անկյուն՝
Առավոտ,
Կեսօր,
Իրիկուն...

Էլ ո՞նց հրաշքներ տեսներ
Խանութպան Համոյի հոգին,
Էլ ինչո՞ւ շարժըվեր տեղից...
Երբ եկան ասին «Պատերազմ»
Չդողաց անգամ ծայրը... բեղի։

Չլսեց։ Չզգաց։ Չիմացավ։
Թվաց թե հարսանիք է մի։
Ու պիտի հորդե այնտեղ
Անհաշիվ... կարմիր... գինի...

Եվ երբ իրիկուն եղավ
Եվ ելավ, որ գնա վռազ
Մինչև տուն լսեց բոլորից.
Պատերազմ։ Պատերազմ։
Պա տե րազմ։

ԳԼ. Բ

Լսեցի՞ք–
Ելան
Բանակներ հսկա, երկաթազրահ։
Լսեցի՞ք–
Ելան
Աշխարհի բոլո՛ր դաշտերի վրա։

Ելան,
Գնացին
Ուրալից՝ դեպի Կարպատները լուրթ,
Ու Կարպատներից մինչև Էրզրում,
Ու Էրզրումրց Տրիպոլի՛, Հռո՛մ։

Բոլո՛ր կողմերից հավաքված ելան.–
Թուրք,
Իտալացի,
Հնդիկ,
Վրացի,
Ռուս,
Շոտլանդացի
Հայ,
Խունխուզ,
Թաթար,
Կիրգիզ,
Չինացի
Նյու Յորքից եկան,
Տայիտի կղզուց,
Հեռու Բաղդադից,
Եկան
Ո՞ւր եկան
Բոլո՛րը բանվոր,
Մուշա,
Գյուղացի։

Եկան
Ո՞ւր եկան.
Լոնդոնից Պեկին,
Ղարս,
Սարիղամիշ.
Փոշի բարձրացավ,
Արճիճե քամի...

Ու ոռնում էին–
«Վո՛–վո՛–վո՛» «վո՛-վո՛»
Թնդանոթների կոկորդները չոր
«Վո՛»
«Վո՛-վո՛»
«Վո՛-վո՛»
Գիշեր,
Ցերեկ,
Կեսօր։

Ու ոռնում էին
Դաշտերի, ցանքսերի,
Արտերի վրա.
Ճճի՛-ճճի՛, ճճի՛
Ռումբ
Բում-բո՛ւմ-բո՛ւմ
Էլ ոչինչ կարմիր արճիճից բացի։

Ու ոռնում էին.
Ռո՛ւմբն էր հողմավար, վարար անձրևում,
Քաղաքներ քանդում, դաշտերը ձևում։
Ու լուսարձակներ հազարաչքանի
Լույս էին սփռում դաշտերի միգում,
Որ արճիճն իր գործն անվրե՛պ անի։

Իսկ քաղաքներում
Բեռլինում, Փարիզում,
Նյու Յորքում հեռու
Արնաքամ տենդով, ահով վարակված՝
Աշխատում էին գործարաններում։

Գործարաններում վիթխարահսկա,
Որոնց երկաթե շչակները բյուր
Անասունների նման խելագար
Իրենց երկաթե խո՛րխն էին փնչում
Հորիզոնն ի վեր
Գործարաններում աշխատում էին
Պրոլետարների բյուրավոր խմբեր։
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր,
Թեկուզ գիտեին՝ ո՞ւր պիտի ճամփեն.
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր,
Որ միլիոն, միլիոն թնդանոթների
Անկուշտ, անհագուրդ ծարավը ջամբեն։

Եվ ովքե՞ր էին նրանք. կիսաքաղց՝
Ռուս,
Հնդիկ,
Թաթար,
Գալլ,
Իռլանդացի.
Բոլորը բանվոր,
Մուշա,
Գյուղացի՛։

Իսկ իրենց ոսկի կաբինետներում
Նստած՝ գիտուններ, խելքեր վիթխարի

Կովի՛ պես դանդաղ որոճում էին
Երազներ մահի, արյունի, հրի։
Նրանք, ոսկեպատ կաբինետներում,
Հանճարում էին հեղձուցիչ գազեր,
Որպեսզի Մահի ոտքերի առաջ
Մի ակնթարթում կանգնել կարենան
Դիակի բերդեր ու բուրգեր մսե։

Եվ այսպես եկան, ելան դեմ-դեմի
Բանակներ բազում ու բազմամիլիոն…
Եկան
Բաղդադից Բեռլին,
Պերեմիշլ,
Բեռլինից Կալե,
Դուվր,
Վերդեն,
Լիոն...

Աշխարհից-աշխարհ,
Ծովից ծո՛վ ելան.
Նյու Յորքից Պեկին,
Ուրալից Միլան...

ԳԼ. Գ

Այսպե՛ս էր։
Խառնըվեց իրար
Աշխարհը եզերքից եզերք։
Եվ բոլո՛ր դաշտերի վրա
Կանգնեցին քաղաքներ մսե։
Հնամյա արևին մոտիկ,
Արևի հարազատը միակ
Քայքայվում էր կարծես տոթից
Աշխարհը նեխած մի դիակ։

Ու խելառ, սարսափից երեր,
Հավերժի մուժում անուղի
Տանում էր ժամանակը ծեր
Դիակը իր նեխած տղի...
Տանում էր նեխած մի դիակ,
Փախցնում էր ամո՛թը իրա
Ու հոսում էր արյունը տաք
Հավերժի ճամփեքի վրա։

Հեռու Սատուրնի վրայից
Կարելի էր տեսնել՝ զազիր՝
Արնահոս վերքերի նման
Լույսերը Բեռլինի, Փարիզի։
Դեղին, ամպերի նման,
Աշխարհի նեխած երեսին
Կուտակվել էին արնահամ
Ամպերը հեղձուցիչ գազի։


Այսպես էր։
Եվ դուք չիմացա՞ք,
Չտեսա՞ք ձեր մութ հոգում,
Թե ո՞նց բանակնե՛ր մեռան՝
Հազա՛րը մի սև իրիկուն։
Որ նորի՛ց, խաչվելու համար,
Ինչպես նա, որ գնաց Հռոմ
Միլիոննե՛րը անխոս գնացին
Վերդեն,
Պերեմիշլ,
Էրզրում...


Երևան։
Աստաֆյան փողոց։
Նստած է խանութպան Համոն։
Աշուն է։
Անձրև։
Մշուշ։
Թաց, խոնավ անձրևոտ իրիկուն։

Փողոցը լիքն է հիմա,
Դարձել է լեփ-լեցուն մի բերան։
Թափվել են մարդիկ խմբերով
Անձրևոտ մայթերի վրա։

Հորանջում է փողոցը թաց,
Որոճում է թեն, անատամ.
Ծամվում են մշուշում ընկած
Հազա՜ր ու հազա՜ր գաղթական։

Նայում է ժամերից աստված,
Ուրախ է. քիչ մնա... երգի.
Հոսում է թուքը նրա
Ճերմակ, փառավոր միրքին։
Շաքարե աչքերի առաջ
Ծնվում են հիսուսները հոծ.
Գիտե որ՝ Նյու Յորքից կգան
Կբանան հազա՜ր որբանոց։
Հորդում է ժպիտը լուսե.
Ամոթխած պառավի նման
Ուզում է, բայց... քաշվում է ասել.
Իմ որդին անկողին չուներ,
Բայց նրանք գիտե՞ք կունենա՜ն.


Այսպես էր։
Խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Մտածում էր՝ ինչո՞ւ չկա
Մի փոքրիկ... գարնան... քամի։
Մտածում էր՝ «Բաղդադ են հասել
Զորքերը անսահման Ռուսի
էլ
Սրանք
Ինչո՞ւ են փախել
Բիթլիսից, Բաղդադից, Մուշից։

Ինչո՞ւ են մնացել թափված.
Թող գնան Բիթլիս, Բասեն
Էլ
Ինչո՞ւ
Էրզրումն առավ
Անհաղթ Անդրանիկ փաշեն...»։

Եվ էս մեծ մտքերից հոգնած՝
Գնաց տուն, որ փաստոն խաղա։
Իսկ նրա խանութի առաջ
Մեռնում էր մի որբ երեխա։

Այսպես էր։
Խանութպան Համոն
Հավատո՞ւմ եք՝ ա՛յն էլ չտեսավ,
Որ Պողոսը դարձավ զինվոր
Ու մինչև Պերեմիշլ հասավ...

Բայց երբ առևտուր չկար,
Որպեսզի ձանձրույթից չըքնի
Համոն երկա՜ր-երկա՜ր
Երգում էր՝
«Մեր
Հայրենիք...»։

ԳԼ. Դ

Երևան։
Այսինքն– Նաիրի։

Այսինքն՝ այստեղից սկսած
Գնում էր դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու։
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին
Կանգնել է դարերի ուրու
Հնամյա երկիրը՝ Նաիրին։

Որպես արյունոտ հարցանիշ՝
Դարերի մեջ մեխված վաղուց՝
Կանգնել է երազի նման
Եվ չկա՜ Նաիրի ուրիշ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Աշխարհի այն ահեղ օրերին,
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր եղել էր հին Նաիրին
Կանգնել էր խանութպան Համոն:

Կանգնել էր խանութի առաջ.
Նաիրի պես «հզոր», «անսասան»
Գնացել էր արյունոտ ռազմադաշտ
Համազասպը՝ «քաջ ջանբեզար»։

Իսկ նրանց երկուսի մեջտեղում,
Ակնոցը նաիրյան քթին՝
Կանգնել էր վարժապետ Սողոն՝
Նաիրի հարազատ որդին։

Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վեց վիլայեթ...»։

Ո՞նց իմանար Սողոն,
Կամ «ղարիբ», «գաղթական» մշեցին՝
Թե ինչո՞ւ Կարպատներն առան
Ու Ռեյմսի տաճարն այրեցին։

Է՛ն էլ նա հազիվ հասկացավ,
Որ երբ ռուսը քաշվեց Վանա
Ուզեց, որ երկրի երեսին
«Խայու անուն չմնա...»։

Ողբալով Նաիրին հարազատ,
Աշխարհի ճամփեքի միջում
Վարժապետ Սողոն հուսահատ
Հարցնում էր՝ «Ինչո՞ւ, ինչո՞ւ...»։

Եվ միայն Պողոսն էր, որ արդեն
Դեպոյից ընկած Պերեմիշլ՝
Ամրանում էր ոգով ու սրտով
Ու մտքեր ընդունում ուրիշ։

Ձուլվում էր բանակին էն մեծ,
Որ հուզվում էր արդեն, խլրտում,
Որ պիտի աշխարհը ցնցեր,
Երբ դառնար կրկին մի օր տուն։
Բայց նրանք դեմ-դեմի կեցած
Այն ահեղ, ահավոր կռվում
Արնաքամ դեռ կռվում էին
Հայրենի դաշտերից հեռու։

Իվանը, Հանսը, Ժանեն
Մոսկովցի, փարիզցի, բեռլինցի
Բոլո՛րը մի հսկա, բյուրանուն
Բանվոր,
Մուշա,
Գյուղացի։

Եվ նրանց դիերի վրայով,
Լոնդոնից մինչև Կապուտան
Անցնում էր երկաթե քայլով
Մի հրեշ՝ անունը Կապիտալ։

Գալիս էր Բեռլինից, Փարիզից,
Գալիս էր հյուսիսից դեղին,
Անցնում էր Նաիրի վրայից,
Բռնել էր Բաղդադի ուղին։

Գլխի տեղ հսկա մի բերան,
Գլխի տակ անսահման մի փոր,
Կանգնում էր դիերի վրա,
Խմում էր արյունը բոսոր։

Հագել էր պուրպո՛ւր, ոսկի՜,
Շողում էր արևի ներքո,
Ժպիտը ճարպոտ երեսին՝
Արշավում էր հաղթական երգով։

Եվ նրա երգին գերի,
Բաղդադից մինչև Լիոն,
Արնաքամ զարնվում էին
Զորքերը՝ միլիոն-միլիոն...


Արնաքամ կռիվն այս ահեղ
Վերջ պիտի չունենար գուցե,
Թե բանակը մեր ետ չնայեր,
Չկանչեր՝ կանգնեցե՜ք, կանգնեցե՛ք...

Բանակը։
Բանակում մարդիկ,
Որ ուրի՛շ պայքարի սովոր՝
Կանչեցին ուրի՜շ մի մարտի
Բանակները այն ահավոր։

Կանչեցին ու դարձան իրանց
Ստեպները անծայր ու լեն,
Վառեցին դաշտերի վրա
Մրրիկներ ահեղ, հրեղեն։

Պարզեցին դրոշներ կարմիր,
Կանչեցին աշխուժով հրձիգ.
Բանվորներ համա՛յն երկրի,
Միացե՜ք, միացե՜ք, միացե՜ք...

Վառեց նրանց կանչն ամբողջ
Աշխարհը, որպես հրդեհ,
Ծփացին բանակները հոծ
Ու ծփանքը, ահեղ, հորդեց։

Մոկսովը ծփաց փողփողուն,
Ինչպես մի բոսոր դրոշակ
Պարզե՛ց արնավառ աշխարհին
Մի կարմիր խնդության նշան։

Ու ելած հողմերից այդ վառ,
Որպեսզի խորտակե այդ հինը՝
Լեռնացավ, որպես ղեկավար,
Ու կանգնեց Լենինը։

Ու ելած իրենց տեղից,
Հրահրած արնավառ ոսկով
Նորի՛ց բանակները դեղին
Շարժվեցին դեպի Մոսկով...

Եվ, որպես դաժան մի երազ,
Կարմիր զորքերի հանդեպ՝
Փարիզի մշուշից ելած
Կանգնեց գնդապետ Գալիֆեն։

Երկաթե քայլերով նորից
Արշավեց, որպես չար բազե,
Որ Կարմիր Մոսկովում փորի
Մի հսկա, նոր Պեր Լաշեզ...

ԳԼ. Ե

Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին
Ուր եղել է հին Նաիրին
Կանգնել էր վարժապետ Սողոն։

Մի հսկա հորձանքով ահեղ
Զորքերը անսահման ռուսի
Վարարած ջրերի նման
Քաշվեցին Բասենից, Մուշից։

Նորից խուժեց թշնամին,
Եկավ մինչև Կարս հասավ...
Նորի՜ց դարձավ Նաիրին
Բարբարոս սրերի հեսան։

Նորի՜ց քաղաքներն հնամյա
Դարձրին հողին հավասար

Դաշտերում անթաղ մնաց
Ժողովուրդը՝ հազար-հազար։

Նորից անվրդով նստած,
Որպեսզի ձանձրույթից չքնի
Համոն երկա՜ր-երկա՜ր
Երգում էր «Մեր հայրենիք...»։

Չէ՞ որ Երևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ,
Մասիսի պես հզոր, կանգուն
Ելել էր «նաիրյան ոգին»։

Ելել էր «հզոր», «անհաղթ»,
Պարզել էր երեքգույն դրոշ,
Հառնում էր «անկաշկանդ», «ազատ»
Ու չկա՜ր Նաիրի ուրիշ...

Աչքերը դարերի հեռուն,
Ակնոցը նաիրյան քթին՝
Կանգնել է վարժապետ Սողոն՝
Նաիրի հնամյա որդին։

Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վեց վիլայեթ...»։

Իսկ այնտեղ Կարմիր Մոսկովից
Դեպի աշխարհները բոլոր
Անթել հեռագիրը նորից
Կանչում էր ձայնով ահավոր։

Կանչում էր երկրից երկիր,
Ձայնում էր խանդով բոցավառ.
Ելի՛ր, սովալլուկ մարդկության
Անեծքով գերված աշխարհ...

Հյուսիսից մինչև արևելք,
Մինչև Հինդ, Հաբաշ, Հնդուչին
Կանչում էր՝ «Եղբայրնե՛ր, ելե՛ք
Սա՛ է մեր կռիվը վերջի՛ն»։

Եվ ահա այդ ահեղ կանչին
Շիրակի դաշտերից հանկարծ
Զրահապատը խանդով առաջին
Նաիրի դաշտերում զնգաց։

Զրահապատը զնգաց զնգուն,
Շիրակի դաշտերից կանչեց
Նաիրի հնամյա երկրում
Կարմրավառ, ահեղ հնչեց...

Ու կարմիր, հրդեհի նման
Մրրիկներ անցան սրընթաց
Եվ, ելած քնից հնամյա՝
Արևելքը, կարմիր, խնդաց։

Դու հիմա, երկի՛ր Նաիրի,
Աշխարհի ճամփեքի միջում
Կանգնել ես՝ խնդավա՛ռ էլի,
Հառնել ես՝ երկաթե թռչուն։

Աշխարհի ճամփեքի միջում
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին
Դու հառնել ես նորի՛ց, բոցավառ,
Վառվել ես՝ կրկի՜ն, կրկի՜ն...
Պարզել ես ճամփեքի միջում
Արնավառ, կարմիր մի դրոշ,
Ու նորի՛ց քո խոսքը հնչուն
Զրնգում է խնդությամբ որոշ։

Եվ ո՛չ թե վարժապետ Սողոն,
Այլ Պողոսն է հիմա քո որդին,
Որ դեմքը քրտինքով ողող՝
Լծվել է գալիքիդ երթին։

Լծվել է օրերիդ երթին
Եվ սրտում խնդություն ու կամք՝
Բյուրերի հետ մեկտեղ, միասին
Այս երկրագունդը հին
Քաշում է դեպի Ապագան...

ՎԵՐՋԱԲԱՆ

Հիմա
Ամեն տեղ
Լսո՞ւմ եք
Զնգոց...
Երկաթի գրգիռ։
Օրերը հրետանի։
Ու կյանքը, հին կյանքը հիմա
Հիշո՞ւմ եք
«Տիտանիկ...»։

Հիշում եք.
Եղավ տո՜ն.
Լույսի ու երկաթի մեծափառ հանդես...
Օրեր...
Շփոթում...
Մարսելյեզ...
...Անտես։
Ու ճչաց
Սո՜ւր ճչաց
Կանչեց հոգևար
Ռադիոն...
Կանչեց։
Դեպի քաղաքները բոլոր,
Դեպի կայարանները բոլոր,
Ճչաց,
Սո՜ւր ճչաց
Կանչեց...

Ու մեռան։
Գնացին։
Ո՞ւր...

Օրերը թռչում են, թռչում են արագ։
Օրերը կրակ,
Պուրպուր...

Ուզո՞ւմ ես՝ բռնեմ հոգիդ այսօրվա
Ու ծանր,
Երկաթե մի դիսկի նման
Նետե՜մ
Ո՞ւր նետեմ
Ո՞ւր...
Դեպի կյանքը գալիք,
Պուրպուր...


Շինվում է աշխարհը հիմա,
Շինում են
Փողոց առ փողոց
Մոսկովցի,
Բանվոր մի Իվան,
Մի Չինկ-Ֆու,
Մի Հ.անս,
Մի Պողոս։
Ես ասում եմ՝ աշխարհը կդառնա
Մի հանո՜ւր խնդության փողոց,
Ու Չինկ-Ֆուն Պեկինում կխմե
Քո կենա՛ցը, Բարթո՛ւղ, Պողո՛ս...

Իսկ եթե հույսերից իմ այս վառ
Իմ սրտում պիտի մնան վերքեր
Ես էլի՛ քո փառքը կերգեմ,
Իմ հզո՜ր, երկաթե՛ եղբայր։

Կերգեմ քո կռիվը մեծ,
Աշխատանքդ հզո՜ր, անծի՜ր,
Այս պոեմս քո կա՛մքը երգեց,
Այս պոեմս դո՛ւ երգեցիր։

Թե խաբեն օրերն այս հրկեզ՝
Սրտո՛վ միշտ քեզ պե՛ս ու քեզ հետ
Ես էլի՛ քո փառքը կերգեմ
Ես չնչին,
Վերջին
Պոե՛տ...

1920-1921

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

August, dated 1963
August, dated 1963
Play Online