William Saroyan

Հանճարը

Մի անգամ երեկոյան, Իզզիի գարեջրատանը ինձ մոտեցավ վելվետե շալվարով մի երիտասարդ հանճար ու ասաց․

― Լսեցի, որ դուք գրող եք։ Ես մի պատմություն գիտեմ, որով կարելի է հոյակապ ֆիլմ ստեղծել, միայն թե ինձ փորձառու մարդ է պետք, որ գրի այն իմ փոխարեն։ Ես ինքս կգրեի, բայց աշխատում եմ, իսկ աշխատանքից հետո արդեն շատ հոգնած եմ լինում ու չեմ կարողանում գրել։

Գլուխս մի քիչ տաք էր, բայց ես երբեք այնքան հարբած չեմ լինում և ոչ էլ այնքան զբաղված, որ չկարողանամ լսել իմ գրչակցին և ասացի․

― Դե, սկսեք ուրեմն, լսում եմ ձեզ։ Եթե ձեր պատմությունը լավը լինի, ես սցենար կգրեմ և մենք միասին կհասնենք այն բանին, որ «Մետրո֊Գոլդեն֊Մեյեր» կինոստուդիան ֆիլմ ստեղծի դրանով։ Դե, սկսեք, տեսնենք։

Եթե ձեզ երբևէ հաջողվել է տպագրել ձեր պատմվածքը ամերիկյան մի հանրահայտ ամսագրում և գիտեք կյանքը հինգ մատի պես, ուրեմն նաև հանդիպել եք բազում մարդկանց, որոնց պատմություններով կարելի է հոյակապ ֆիլմեր ստեղծել։ Աշխարհը լի է այդպիսի մարդկանցով, իսկ նրանց պատմությունները միայն իրենք գիտեն, և թվում է, թե այն մարդիկ, ովքեր ֆիլմեր են ստեղծում, երբեք չեն հանդիպում նրանց, իսկ եթե անգամ հանդիպում են, երբեք հնարավորություն չեն տալիս նրանց պատմելու իրենց պատմությունները։ Այդ պատճառով էլ մեր ֆիլմերն ընդհանրապես նողկալի են, նողկալի են անգամ գունավոր ֆիլմերը, անգամ այն ֆիլմերը, որտեղ խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կլարկ Գեյբլը, Ջոն Բարիմորը, Նորմա Շիրերը կամ էլ մեկ ուրիշը։ Պարզապես այն մարդիկ, ովքեր ֆիլմեր են ստեղծում, ուղղակի չեն ջանում լավ ֆիլմեր ստեղծել։ Մի երեկոյի ընթացքում Իզզիի գարեջրատանը կարելի է լսել ութսունյոթ, եթե ոչ ավելի հոյակապ պատմություններ, բայց դրանցով երբեք ֆիլմեր չեն ստեղծվում։

Ես խնդրեցի նրան, որ սկսի իր պատմությունը։

― Սկսեմ հենց սկզբի՞ց, ― հարցրեց նա։

― Պարտադիր չէ, ― ասացի ես։ ― Սկսեք՝ որտեղից որ կցանկանաք։ Սկսեք վերջից և պատմեք՝ գալով դեպի սկիզբը։ Դուք նույնիսկ կարող եք նստել, եթե կցանկանաք։

― Շնորհակալություն, ― ասաց նա, ― կանգնած ավելի լավ է։

― Պատմեք առանց շտապելու։ Ժամանակն անվերջ է։

― Պատմելու շատ բան էլ չկա, ― ասաց նա։ ― Միտքը սա է։ Ասում է․ «Ես պետք է ինչ֊որ բան անեմ։ Չպետք է ամբողջ կյանքում գրասենյակում աշխատեմ»։ Շոգենավ է նստում և ուղևորվում դեպի Շանհայ։

― Ո՞վ, ― հարցրի ես։

― Այն երիտասարդը, ― ասաց նա, ― Կլարկ Գեյբլը։

― Ախ, Կլարկ Գե՜յբլը։ Ասում է, որ պետք է ինչ֊որ բան անի։ Բայց ի՞նչ։

― Բարձրանալով տախտակամած նա հանդիպում է այն աղջկան։

― Այն աղջկա՞ն։

― Այո, Ջոան Քրոֆորդին։

― Ախ, Ջոանի՜ն, ― ասացի ես։ ― Իսկ ի՞նչ է լինում հետո։

― Նրանք սիրահարվում են։

― Եվ տղան ինչ֊որ բա՞ն է անում։

― Ոչ այդ ժամանակ։ Դա վերջում։

― Հասկանալի է, ― ասացի ես։ ― Հուսով եմ, որ դեռ մի ինքնատիպ բան կա։

― Այո, նրանք ամուսնանում են։

― Իսկ ինչպե՞ս է փողի հարցը։ Նրանցից ո՞վ փող ունի, ― հարցրեցի ես։

― Աղջիկը։ Եվ ահա այստեղ է հասունանում կոնֆլիկտը։

― Օհ, ― ասացի ես, ― արդեն կոնֆլի՞կտ։

― Հապա ինչպե՞ս, տղան հո խրտվիլա՞կ չի․ նա չի ամուսնանա, եթե իմանա, որ աղջիկը հարուստ է։

― Ինչո՞ւ, ― հարցրի ես։

― Նա կարծում է, որ չի կարող ամուսնանալ հարուստ աղջկա հետ, եթե անգամ սիրում է նրան։ Եվ այդպես, նրանք վիճում են։

― Պարզապես կատակով, իհարկե, ― ասացի ես։ ― Ոչ մի լուրջ բան չկա։

― Դե ո՜չ։ Ամեն ինչ շատ լո՜ւրջ է։ Աղջկան հարկավոր է մինչև մինչև Շանհայ հասնելը ամուսնանալ մեկի հետ, այլապես նա չի ստանա իր ժառանգությունը՝ 18 միլիոն դոլարը։

― Քանի՞․․․ քանի միլիո՞ն։

― Տասնութ։

― Ձեր կարծիքով դա բավակա՞ն է, ― ասացի ես։ ― Բավակա՞ն է դա ամբողջ կյանքի համար։

― Պատկառելի գումար է։

― Դատա՜րկ բան, ― ասացի ես։ ― Իսկ հետո ի՞նչ է լինում։

― Դե, այն մարդը, որ նշանված է աղջկա հետ, միջահասակ մի բանկիր է։ Նա այնքան էլ գեղեցկադեմ չէ։ Աղջիկը չի ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Այստեղ Ջոան Քրոֆորդը հնարավորություն կունենա հոյակապ խաղ ցույց տալու։

― Այն էլ ինչպիսի՜, ― ասացի ես։

― Տղան ու աղջիկը դադարեցնում են վեճը։ Աղջիկն ասում է, որ պատրաստվում է ամուսնանալ բանկիրի հետ։ Դա պարզապես խանդ առաջացնելու համար։

― Այստեղ էլ կարելի է հոյակապ խաղ ցույց տալ, ― ասացի ես։

― Այո՛, իհա՜րկե։ Կապիտանն էլ արդեն նավի վրա պատրաստություններ է տեսնում հարսանիքի համար։ Եվ այստեղ, արագորեն, մեկը մյուսի ետևից, շատ հուզումնալից իրադարձություններ են տեղի ունենում։ Չինացի ծովահենները գրավում են նավը, և նրանցից մեկն էլ որոշում է, որ ինքն ամուսնանա աղջկա հետ, առանց պաշտոնական գրանցման, իհարկե։ Բանկիրը չի միջամտում, որովհետև վախենում է, իսկ տղան տանել չի կարողանում չինացուն։ Վերջինս մի կրթված երիտասարդ է և նավի վրա բոլորից լավ նա է անգլերեն խոսում։

― Հապա մի տես, է՜։

― Չինացին ներխուժում է աղջկա սենյակը և փորձում բռնել նրան։

― Թյո՜ւ, ինչ վատ է վարվում։

― Չինացին դեռ վազում է աղջկա ետևից, երբ Կլարկը կոտրում է դուռը։ Նրանք երկուսով կռվում են։ Չինացին տղային գցում է գետնին, հանում է դաշյունը և հենց այն է, ուզում է խրել Կլարկի մարմնի մեջ։

― Ո՞ր մասում, ― հարցրեցի ես։

― Ուղիղ սրտի մեջ։ Բայց այդ պահին աղջիկն աթոռով խփում է չինացու գլխին։

― Այ թե ինչե՜ր է անում սերը։

― Այդ ժամանակ կապիտանը հեռագիր է ստանում, որտեղ ասվում է, որ նա պետք է բանտարկի բանկիրին մեծ կողոպուտի և երկկնության համար։

― Բանտարկել պարզապես երկու զանցանքի համա՞ր, ― հարցրեցի ես։

― Հնարավոր է, որ սպանություն էլ է կատարել։ Ֆիլմը վերջանում է նրանով, որ տղան համբուրում է աղջկան։

― Աստվա՜ծ իմ, հրաշալի՜ է վերջանում, ― ասացի ես։

― Շատ հուզիչ է, չէ՞։

― Մարդու շունչ է կտրվում։ Հատկապես այն մասում, երբ չինացին հետապնդում է աղջկան։

― Այդպես էլ գիտեի, որ դուր կգա ձեզ, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով ավելի լավ է սկզբում գիրք գրեք, իսկ այնուհետև, արդեն, վաճառեք կինոստուդիային։

― Աստված վկա, ես կանեի այդ չնչին բանը ձեզ համար, միայն թե երկու օր առաջ եմ թողել գրելը։

― Ինչո՞ւ, ― հարցրեց նա։

― Այնպես ձանձրացել էի, ― ասացի ես։ ― Միևնույն ծեծված թեման անընդհատ ու անդադար։

― Բայց սա ձեր ասած ծեծվածը չէ․ սա այլ է, ― ասաց նա։ ― Հապա հիշեք չինացուն․ Արևելքը՝ Արևմուտքի դեմ։

― Թերևս և այդպես, ― ասացի ես։ ― Միայն թե երկու օր առաջ թողել եմ գրելը։ Դուք գրեք։

― Իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով կտպե՞ն, ― հարցրեց նա։

― Հիմարներ են ուրեմն, եթե չտպեսն։ ― ասացի ես։

― Ինչպիսի՞ ոճ օգտագործեմ։

― Դե թող այդ հարցը չանհանգստացնի ձեզ։ Աշխատանքից հետո նստեք, մի թուղթ վերցրեք ու գրեք հենց այնպես, ինչպես կանցնի ձեր գլխով և ինքներդ էլ կտեսնեք, որ դրանից ավելի լավ ոճ չէիք կարող օգտագործել։ Կարծում եմ բավականին նյութ կմնա դեռ երկու ֆիլմ էլ ստեղծելու համար։

― Քերականությունից էլ մի քիչ կաղում եմ։

― Ես էլ մի բան չեմ։ Բայց դրա համար էլ մի անհանգստացեք։ Կարիք չկա։ Դա կլինի ձեր ինքնատիպ գրելաոճի մի մասը։ Եվ այնպես, ներքուստ համոզված եմ, որ դուք հանճար եք։

― Դե ի՞նչ եք ասում, ես պարզապես գրեքերի ու ֆիլմերի համար շատ պատմություններ գիտեմ։ Դեռ շատերն էլ մոռացել եմ, այլապես կարելի էր տասնյակ գրքեր գրել ու տասնյակ ֆիլմեր ստեղծել։

― Իսկ դուք գրեք անմիջապես, որպեսզի չմոռանաք, ― ասացի ես։ ― Ձեր ամեն մի րոպեն մի դոլար արժի։

― Մատիտ ունե՞ք, ― հարցրեց նա։

― Ցավոք սրտի ոչ, ― ասացի։ ― Երկու օր առաջ ես թողել եմ գրելը։

― Գրողը տանի, ինչո՞ւ։

― Ֆիլմերի համար իմ պատմությունները հարմար չեն, ― ասացի ես։ ― Ժամանակ առ ժամանակ պատմվածքներ եմ վաճառում՝ հատը երեսուն֊քառասուն դոլար։ Իսկ ֆիլմերի համար հարմար ոչինչ չունեմ։ Կարծում էի, թե ինչ֊որ ժամանակ մի բան կհորինեմ, բայց ոչինչ էլ չստացվեց ու այդպես էլ թողեցի գրելը։

― Այո, վատ են ձեր գործերը, ― ասաց նա։ ― Այդպիսի պատմություններն ինձ համար խաղ ու պար են։

― Ես դա տեսնում եմ, ― ասացի ես։ ― Քո գործը այժմ դրանք միայն թղթին հանձնելն է։ Գիտեմ, դուք շատ շուտով համբավ կունենաք ու շատ փող։

― Հիմա մի ուրիշ պատմություն էլ կպատմեմ։ Հոյակապ ֆիլմ կարելի է ստեղծել դրանով, ― ասաց նա։

― Ջո՜, ― ասացի ես, ― ահա քեզ տասը ցենտ։ Մի մատիտ ճարիր։

Ջոն վազեց դեպի Իզզին։ Իզզին այս ու այն կողմ նայեց և մի փոքր ու բարակ մատիտ գտավ։ Ջոն վազեվազ մատինտն ինձ բերեց։ Ես այն մեկնեցի երիտասարդին։

― Լսիր, բարեկամ, ― ասացի ես, ― դու չպետք է ժամանակ կորցնես։ Ահա քեզ մատիտ, ծայրը՝ սրված, ամեն ինչ՝ տեղը տեղին։ Վերցրու, տուն գնա ու պատմություններդ հանձնիր թղթին։ Հին, նոր, դա կարևոր չէ, թուղթը՝ թուղթ է։ Լինքոլնը իր հանրահայտ ճառը գրել է ծրարի ետևի կողմում։

Նա վերցրեց մատիտը, բայց տեղից չշարժվեց։

― Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր մի լավ հանգստանամ ու վաղվանից սկսեմ գրել, ― հարցրեց նա։

― Ոչ, ― ասացի ես, ― այդպես չի կարելի։ Հենց հիմա ուղիղ տուն գնացեք ու գրեք, քանի դեռ թարմ են ձեր մտքերը։

― Դե լավ, ― ասաց նա։

Մատիտը դրեց բաճկոնի ներսի գրպանում, կեպին իջեցրեց աչքերի վրա ու ցած իջավ աստիճաններով։

― Ջո, ― ասացի ես, ― երեք գավաթ գարեջուր։

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Fresno Friday, November 10, 1972 #9
Fresno Friday, November 10, 1972 #9
Play Online