Vrtanes Papazyan

Զգայնաչափ

Փոխադրություն

Մի ծեր բրահմին մի երեկո տուն էր վերադառնում։ Վերջալույսի ժամանակ էր, երբ նա մոտեցավ քաղաքին։

Հանկարծ նկատեց երկու մանուկների, որոնք կուչ էին եկել մի վրանաձև շորի տակ։ Մոտ գնաց ու առանց տեսնելու, աշխատեց լսել նրանց խոսակցությունը։

Մանուկներից մեկը՝ մի փոքրիկ աղջիկ, լաց էր լինում ու հաց ուզում. քաղցած էր։ Մյուսը՝ մի տղա, որ քիչ ավելի հասակավոր էր քրոջից, մխիթարում էր աղջկան, առարկելով, որ մայրիկը շուտով կգար ու հաց կբերեր։

Եվ իսկապես, քիչ հետո մայրիկը եկավ հոգնած ու դժգույն։ Գալուն պես հանեց զամբյուղից մի հաց ու դրեց մանուկների առջև։

Աղջիկը իսկույն հացի վրա ընկավ ագահությամբ, իսկ տղան իր հացը երկու կտոր արեց, մի կտորը ծածկաբար թաքցրեց մի անկյունում, իսկ մյուս կտորը ուզում էր բաժանել իր մոր հետ, և որովհետև մայրը մերժեց ուտել, այն ժամանակ ինքը կերավ ամբողջը։

Տղայի այդ վարմունքը հետաքրքրեց բրահմինին, և նա վճռեց մյուս օրը գալ և տեսնել, թե տղան արդյոք պակա՞ս քաղցած էր աղջկանից։

Մյուս օրը կեսօրից հետո նա քաղաքից դուրս եկավ և գնաց դեպի վրանը։ Առանց աղմուկ հանելու մոտեցավ։ Միևնույն բանը տեսավ. փոքրիկ աղջիկը լաց էր լինում ու հաց ուզում, իսկ տղան աշխատում էր նրան մխիթարել։ Վերջապես, երբ տղան տեսավ, որ աղջիկը ձայնը չի կտրում, հանեց երեկվա պահած հացը ու տվավ քրոջ։ Քույրն առավ, ուզեց բերանը տանել, բայց իսկույն էլի գետին ձգեց ու ասաց.

Բայց չէ՞ որ քո հացն է։

Ես քաղցած չեմ, ի՞նչ եմ անելու։

Ես էլ չեմ ուզում։

Ինձ էլ պետք չէ։

Եվ հացը մնաց գետնի վրա։ Մանուկներից ոչ մեկը չէր ուզում դիպչել հացին։

Այդ լավ է, մտածեց Բրահմինը, հացի այդ կտորի շնորհիվ աղջիկն այլևս մինչև երեկո հանդարտ կմնա և չի լալ։

Ու երբ Բրահմինը տուն էր վերադառնում, մտածեց առաքինության մասին։ Մտածեց ու գտավ, որ առաքինությունը ծնվում է զգացմունքներից։

Հետո էլ մտածեց, թե արդյոք չէ՞ր կարելի կշռել մարդկային զգացմունքների աստիճանը մի գործիքով, ինչպես որ չափվում է տաքության աստիճանը։

Եվ որոշեց շինել մի զգայնաչափ։

Վերցրեց որբի արտասուքից մի քանի կաթիլ, լցրեց մի ապակյա բարակ խողովակի մեջ ու գնաց դեպի վրանը։ Այնտեղ նա խողովակը դրեց տղայի սրտի վրա և երբ արտասուքը սկսեց եռ գալ, նա նշանակեց խողովակի վերա եռման կետը 100 թվով։ Հետո նա գտավ մի խորթ մայր և նրա՝ դեպի իր խորթ որդին ունեցած զգացմունքը չափելով նշանակեց 0։

Եվ այդպես դեպի վեր ու վար բաժանումներ անելով, զգայնաչափը պատրաստ էր։

Բայց պետք էր գտնել արտասուքի սառելու կետը որպես ջերմաչափի մեջ սնդիկի՝ իրեն սառեցման կետը կա։

Դրա համար էլ Բրահմինը ամբողջ քաղաքում, հետո էլ ամբողջ աշխարհում սկսեց ման գալ իր գործիքով և փնտրեց ամենախիստ չարագործներ։ Ոչ մի դեպքում արտասուքը չէր սառում։

Բրահմինը դրանից հետո եզրակացրեց, որ բնության մեջ, արտասուքի սառեցման աստիճանը երևի չէր գտնվում։

Ու դադարեցրեց իր հետախուզությունը։

Հանճարեղ գյուտի հռչակը տարածվում էր ամեն կողմ։ Հարուստ և աղքատ, խելոք կամ հիմար գալիս էին Բրահմինի մոտ։ Ամեն ոք կամենում էր իմանալ իր զգացմունքների աստիճանը։ Մի հարց, որ առանք գործիքի դժվար է լուծվում։

Վերջապես եկավ և մի կին։

Այդ կինը իր ամբողջ կյանքը անց էր կացրել եկեղեցուն ծառայելով։ Հայտնի էր որպես մի խիստ ջերմեռանդ անձ և ոչ ոք չէր կասկածում նրա առաքինության վերա։

Եկավ նա, թեև գիտեր, որ իր կյանքովը, որը նա աստծուն էր նվիրել, իր զգացմունքները այնքան վսեմացրել էր, որ բոլորի սխալներն արհամարհելով, ինքը միայն արժանի էր մենմենակ տիրապետելու երկնային բոլոր վարձատրություններին։

Այդպիսի բացարձակ բարոյականի տեր անձը ուրեմն և պետք չէր ունենալ իր զգացմունքների քանակությունը գիտենալու։

Բայց նրա ուզածն այն էր, որ մի անգամ ևս կարողանար ակներև կերպով փայլեցնել իր բարձր առաքինությունը ամբոխի առջև։

Եվ նա հպարտությամբ մոտեցավ գործիքին... արտասուքը վայրկենապես ցած իջավ և... սառեց։

Բրահմինը հիացած, ուրախ, վեր թռավ ու օրհնում էր կնոջը։ Նա իսկույն նշանակեց սառեցման կետը և նրա կողքին էլ արձանագրեց սույն խոսքերը.

«Առաքինությունը՝ վատթարության աստիճանի»։

Կինը կատաղեց։ Տաճարի շեմքի վերա բարձրացավ ու այնտեղից մեծ ձայնով գրգռեց ամբոխին սատանայական գյուտերի դեմ և խորհուրդ տվավ, հանուն ամենամեծ փառացն աստուծո, ոչնչացնել զգայնաչափը։

Բարեպաշտները գրգռվեցին, «սուրբ» կրակով վառված հարձակում գործեցին Բրահմինի տան վրա և փշրեցին գործիքը։

Զգայնաչափը այլևս չկար։

Եվ հենց այդ օրվանից է, որ այլևս չկա մի կշիռ մարդկային առաքինությունների և զգացմունքների համար...

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody