Vrtanes Papazyan
Զարթնել է առյուծը
Վանդակի մեջ կաշկանդած առյուծը զարթնել էր։ Զարթնել ու կատաղել:
Ազատության տենչից, կապանքներից, երկարատև տանջանքներից ու անվերջ ճնշումներից՝ մռնչում էր զայրալից, ամեն ինչ փշրել սպառնում, վանդակ ու շղթա, պատնեշ, գազանապահ՝ խորտակել պատրաստվում։
Գազանապահներն իրար էին անցել: Ո՛չ զայրացկոտ նրանց աղաղակները ընդունակ եղան առյուծի մռնչյունից բարձր հնչել, ո՛չ սպառնական շարժումները, ո՛չ էլ գլխավոր գազանապահի շիկացած, կայծեր արձակող ձողը։
Կատաղել էր առյուծը, արյունն աչքը կոխել. վանդակը ցնցում էր թաթերով, պահապաններին զարհուրեցնում որոտման աղաղակներով…
Մրկո՛ւմ էին, այրում վանդակի մի ձողը խորտակել ճգնող նրա թաթերը՝ ոստնում էր դեպի ուրիշ ձող. այրում էին նրա մարմինը շիկացրած երկաթով՝ մռնչում էր ավելի բարձր, ակռաներով փշրելու հարձակվում ամեն զենք, գազանապահների մոտ բերած ամեն զսպող միջոց…
Եվ պահապանները շվարած, գունատ ու այլայլված՝ չգիտեին ինչ անել այլևս, ինչպես զսպել զարթնած հս՛կային։
Բերեք շատ ձողեր, շիկացրե՛ք, մարմինն այրեցեք, նուրբ մասերը մրկեցեք, զսպեք վայրենուն… – աղաղակում էր գլխավոր գազանապահը, մի՛ խնայեք ոչինչ, միայն լռեցրեք…
Շիկացրած երկաթով կուրացնենք աչքերը, առաջարկեց մի լավ պահապան, ապա թե ոչ՝ նա դուրս կնետվի, մեզնից ոչ ոք այլևս նրա ճանկերիցը չի ազատվի…
Բայց այնքան էլ դյուրին չէ կուրացնել առյուծին, զարթնած առյուծին։
Քանի շիկացրած ձողը մոտենում էր, այնքան առյուծը մեծ ոստումներ էր գործում, պատերը ցնցում, վանդակն ամբողջ կործանել սպառնում։
Քանի գոռում էին նրա վրա, ներս պարզված գավազաններով ծեծում, ջարդոտում՝ այնքան հսկան ավելի էր զայրանում, կծկվում էր մի վայրկյան, ուժերը կուտակում, ապա այնպիսի թռիչք գործում, որ պահապան ու գազանապահ՝ լեղապատառ փախչում էին, ծակուծուկ թաքնվում…
Պետք է վերջապես մի ճար մտածել, ասաց գլխավոր գազանապահը։
Փորձենք քաղցրությունով… խոսեց օգնականը, համոզենք, խրատենք…
Պահապաններից մեկը լուռ՝ ծիծաղեց այդ լսելիս. բայց ոչ ոք նրան չտեսավ։
Եվ գազանապահները միահամուռ՝ եկան վանդակի առաջ, սկսեցին քաղցր խոսքեր, համոզողական, խրատական ձևեր…
Լա՛վ, քնքո՜ւշ, խելոք առյուծս, – սկսեց մի պահապան, – ի՞նչ է եղել քեզ, վանդակդ՝ բավական լայն, կերակուրդ՝ իր ժամանակին. եթե հլու մնաս՝ պետք չունես պատժի… Հանդարտիր, սիրուն գազանս. չէ՞ որ խելոք էիր դու, հնազանդ, հլու…և երախտագետ ու շնորհակալ…
Լսիր դու, առյո՛ւծ, առաջ եկավ գազանապահը, այս վարմունքդ վշտացնում է ինձ՝ քո խնամակալին, քեզ պահպանողին… Ամո՛թ է, ամոթ… ի՞նչն է պակաս քեզ. կերակուրդ՝ արյունոտ լավ միս, ջուրդ՝ թեև քիչ լեղի, բայց խո չէ՞իր հրամայի, որ մեր խմած ջրից քեզ բաժին հասներ… ո՛չ, լավ մտածիր, քաղցր ջուրը անասունների համար չէ… Եվ, վերջապես պիտի խելքի գաս, այսպես չի՛ կարելի, քնել չես թողնում մեզ, ո՛չ էլ՝ անվրդով…
Է՛յ, աղմկող անասուն, կանչեց իր կողմից գլխավոր գազանապահը ու մի քայլ մոտ գնաց, պիտի ձայնդ կտրե՞ս թե ոչ. հանդարտի՛ր, թե չէ, աստված էլ գիտե, վանդակդ սեղմել կտամ, շղթաներով ոտներդ կապել… Ապա՞, քիչ լռիր տեսնե՞նք… Ւ՞նչ է ուզածդ։ Չլինի՞ մեզ նման ազատ ապրել ցանկացար հանկարծ… Ւնչպե՜ս չէ… անասուն ես և անասուն էլ պիտի մնաս՝ պահապանը գլխիդ, ձողը միշտ կողքիդ… Ա՜, դու ինձ չե՞ս լսում. այս խոսքերը, որով պատվեցի քեզ, դեռ չհամոզեցի՞ն, որ անիրավ ես դու… Շղթանե՞ր ես ուզում, ձո՞ղ, գավազաննե՞ր…
Առյուծը, սակայն, ո՛չ միայն չէր համոզվում, հանդարտվում, ո՛չ միայն չէր լսում, այլ շրջապատող ճառախոս բռնավորների շարժումները նրան ավելի կատաղեցնում էին, ու նա ցնցում էր, ցնցում, վանդակի ձողերը ծռմռում, տեղահան անելու շատ քիչ էր մնում…
Ու գազանապետները գունատ, վախով ետ փախան, իրենց խոր մառանն իջան և խորհրդի, մտածելու նստան։
Ի՞նչ անել: Առյուծը հանդարտելու ո՛չ մի միտք չուներ, ո՛չ խրատն էր ազդում, ո՛չ սպառնալիք։ Վայրկյան առ վայրկյան կարող էր ձողերը փշրել, կատաղի՝ դուրս նետվել ու նրանց մի առ մի հոշոտել, ջարդել։
Կյանքի և մահվան խնդիր էր գոյացել։ Սպանել գազանին՝ նշանակում էր զրկվել ռոճիկներից, զրկվել եկամուտից, վայելքից, ընդմիշտ կորցնել հարստություն, անաշխատ կյանք, գազանապահական, տիրելու հաճույք, իշխելու իրավունք։
Պետք է ուզածները տալ, միջոցը դա է, ասաց գազանապահի խելոք օգնականը, տալ եթե ոչ բոլորը, գոնե մի քանիսը. վանդակն օրինակ՝ լայնացնել, կերակուրը շատացնել, ձողը թաքցնել, շղթաները հեռացնել… Այո՛, միմիայն լայնացնել, թաքցնել, հեռացնել… Ո՛չ ավելի և ո՛չ էլ պակաս։ Հարկավոր է այդ ամենը իսկույն կատարել առայժմ։ Առայժմ՝ այդ է իմ խորհուրդը…
Գլխավոր գազանապահը մտածեց, երկար մտածեց, սակայն պահապանները լեղապատառ ներս ընկան, ձողերից մեկի փշրվելը ազդարարեցին, և նա ստիպվեց հրամայել, որ առյուծի ուզածները տան՝ վանդակը լայնացնեն, կերակուրը շատացնեն, ձողերը թաքցնեն, շղթաները մառան իջեցնեն…
Եվ ահա այդպես էր, որ պահապանները զիջան ու ահեղ գազանի ուզածները արին։
Տվին ուզածները։
Վանդակը բաց արին, առյուծին բակը հանեցին, շղթաները դղրդյունով տարան՝ մառանն ածեցին, վերացրին ծեծը, թաքցրին պատժող ձողը, առատ միս առաջը նետեցին, այլև հայտարարեցին, որ նա կարող էր այնուհետև գոռալ ու երգել ինչքան կամենար։
Դա արդեն «շնորհների» մեծագույնն էր։ Ճշմարիտ է, վանդակից հետո քարե պարսպով լայն բակը կար դեռ, փշրելու անհնար վանդակ, սակայն առյուծն առայժմ գոհ էր. կարող էր վազել, ոստնել, մռնչալ, երգել…
Որքա՜ն ուրախությամբ էր, որ նա դուրս նետվեց, թավալեց գետին, ուրախ կանչեր արձակեց, ախորժակով կերավ կերակուրը, խմեց առվակի ջուրը, երկնքին ժպտաց, արևին ողջունեց և խրոխտ ձայնով ամբողջ օրը երգեց…
Գազանապահներն ու պահապանները, նախ հեռու բռնեցին իրենց, հետո զգուշաբար, վախախառն ժպիտներով փորձեցին դուրս ելնել, առյուծին երևալ, նրան պահպանելու հոգսը իրենց վրա առնել։
Առյուծը մի կողմ կծկված՝ նայեց նրանց խիստ կասկածվոր, հարձակման դիրք ընդունեց… Բայց երբ տեսավ, որ իրեն չեն դիպչում, արգելք չեն լինում ուզածն անելու՝ միամտվեց ու թողեց, որ իրենց պարտքը կատարեն. սրբեն բակը, մաքրեն առվակը, թփերը զննեն, բակի տերը դառնան այնպես, որպես առաջ էր։
Գազանապահ-պահապան, ամենքը այլևս այն չէին, ինչ որ առաջ էր. խրոխտ չէր հնչում նրանց ձայնն այլևս, ոչ էլ զայրալից, հրամայողական: Ժպտում էին շողոմաբար, ներողամտական դիրք ընդունում… Մի խոսքով, մեղրի նման քաղցր էին դարձել, սպասավորների դերի մեջ մտել։
Այդպես էր ահա, որ առյուծը սեղմ վանդակից պարսպապատ բակը ելավ, ուտելու ազատություն ստացավ, կանչելու և մռնչալու իրավունք:
Այդպես էր ահա, որ խարանող ձողն այլևս չերևաց, գավազանները թաքնվելու գնացին, շղթաները մառանն իջան։
Մյուս օրն արդեն գազանապահ ու պահապան ավելի վստահություն առած՝ մի քանի քայլ մոտ եկան առյուծին, ու նրանցից յուրաքանչյուրը պարտք համարեց մի ճառ խոսել հսկային։
Ահա վերջապես, առյուծ, ուզածդ ունեցար։ Վանդակդ՝ լայնածավալ, բաց երկինքը՝ վրադ, հողն ու բույսը, թուփն ու ծառը, քաղցր ջուրն էլ կողքիդ, շղթաներդ՝ մառանում, շիկացող ձողը, գավազանները՝ հեռացրած… Հույս ունենք, որ այսուհետև կհանգստանաս, խելոք կմնաս և քեզ պահպանողներին չես վշտացնի… Գլխավոր գազանապահն այնուամենայնիվ, պաշտոնի բերմամբ, անհրաժեշտ համարեց քիչ ավելի ներշնչող դարձնել քարոզը. քարոզ խառն հանդիմանություններով, զգուշության հրավերով։
Լսի՛ր, գազա՛ն դու, ասաց նա խրոխտ, տվի՝ ինչ ուզում էիր: Մենք գտանք, որ քո բարելավության համար՝ տալն անհրաժեշտ էր… Գիշեր և ցերեկ քո երջանկության համար հոգս անելով, խորհեցինք, թե հարկավոր էր քեզ առատ կերակուր և վանդակի լայնություն… Ջանա ուրեմն այդ շնորհներին արժանի լինել և մեր հայրական սիրտը չվշտացնել… Ջանա, որ պետք չունենաս այլևս վանդակ ու ձողի, շղթա–գավազանի… աշխատիր արդարացնել քեզ վրա դրած հույսերս…
Առյուծը լսում էր։ Լսում ու խորհում։ Կծկված պատի տակ, լուռ, զգուշավոր… Եվ երբ գլխավոր գազանապահն ու իր քարոզները հեռացան՝ ժպտաց, բաշը թափ տվեց ու ասաց.
Այդ պարոնը երևի չգիտե դեռ, որ առյուծի ճանկն ընկածն այլևս ետ խլել չի կարելի…
Միամիտ են լինում առյուծները, ինչպես ամեն զորեղ արարած։ Ո՛չ խորամանկության մասին գաղափար ունեն, ո՛չ ճարպիկության, ո՛չ էլ թակարդների։
Եվ դա է պատճառը, որ առյուծին շատ ավելի հեշտ է թակարդ ձգելը, քան աղվեսների։
Սակայն հսկան, տարիներով չունեցածը ձեռք բերելուց արբշիռ՝ թոթվեց իրեն, վազվզեց, մռնչաց, երգեց…
Անցան շատ օրեր։ Գազանապահ ու պահապան՝ բակի մեջ եղած ազատ առյուծից այլևս չէին վախենում։ Մտածում էին. «Բարկացել էր՝ անցավ»…
Ու մոտենում էին։ Մինչև իսկ մի օր էլ պահապաններից մեկը մոտ եկավ գավազանը ձեռքին, որպես թե հենց այնպես, հենվելու, ձեռքում խաղացնելու էր վերցրել։
Առյուծը ցնցվեց, տեսնելով փայտը, նայեց պահապանին, սակայն սա ժպտում էր սիրալիր և սկի էլ զենքը գործածելու մտադրություն չէր ցույց տալիս։
Մի ուրիշ օր էլ, առյուծը, երբ քնից զարթնած՝ հորանջում էր, լուսածագը ողջունում զվարթագին՝ աչքն ընկավ բակի մի կողմում փայլող սոսկալի առարկային… և կարկամեց։
Ի՞նչ էր այն, ձողը չէ՞ր… Այո՛, ձողն էր. փայլուն երկաթը, որ կարմրած՝ հազարավոր վերքեր էր թողել իր առյուծային մարմնի վրա՝ մռութն էր այրել, թաթերը հոշոտել…
Ձողն էր։ Պատին կռթնեցրած, փայլուն, սպառնագին… Գազանապահը մաքրում էր նրան… Այդպես, գործածելու կերպարանք չուներ, կրակ էլ չկար, կարմիր չէր երկաթը, կայծեր չէր արձակում։
Զգույշ՝ ելավ առյուծը թփերի միջից, մի քանի քայլ առաջ գնաց, կանգնեց, նայել սկսեց։
Ձողի ներկայությունը, թեկուզ ոչ շիկացրած՝ նրան անհանգստացնում էր։ Չէ՞ որ թաքցրած էր, ընդմիշտ հեռացրած:
Գազանապահներն իսկույն նկատեցին, որ առյուծը կես սպառնագին, շատ զգուշավոր՝ զննում էր ձողը:
Ու սիրալիր ժպիտ դեմքերին՝ գլխավորը խոսեց.
Ձո՞ղն է քեզ անհանգստացնում… Ւնչո՞ւ սակայն. եթե չարություն չանես՝ նա քեզ վնաս չի տա… Հանգի՛ստ եղիր դու…
Առյուծն ըստ երևույթին՝ քիչ միամտվեց ու գնաց ճաշելու։
Այստեղ մի երկրորդ փոփոխություն նրան խոր ազդեց։
Կերավ, ճշմարիտ է, դուրս բերած միսը… սակայն ինչ-որ հոտ էր բուրում, խիստ գարշելի հոտ. եղածն էլ՝ շատ քիչ:
Մռնչաց, թաթերով նետեց այս-այն կողմ… սակայն գազանապահ ու պահապան, ձողը բակի մեջ թողած՝ շտապել էին հեռանալ, այլևս չերևալ։
Առյուծը զայրացավ, դես ու դեն վազեց, կանչեց, բողոքեց… բայց մնաց անոթի։ Գնաց ջրի կողմը՝ գտավ առվակը պղտորած, ցեխախառն, աղտոտ… և լեղի։
Ու խորապես հուզված՝ մտածել սկսեց։
Այդպես, մի առ մի, անզգալի դարձնելու հոգատարությամբ՝ խլում էին նրանից այն բոլորը, ինչ որ զիջել էին՝ հսկայի կատաղությունից սարսափած։
Նախ՝ գավազաններն երևան եկան. հետո՝ ձողը, ապա՝ կերակուրը նախկինը դարձավ, հոտած արյունոտ… ջուրն էլ մի՛ կողմից. լեղի էր կտրել, հին խմած ջրից, ցեխոտ ու աղտոտ…
Եվ ի լրումն ամենայնի, մի օր էլ հանկարծ զարթնելով, տեսավ, որ բակից հեռացրած վանդակը իր տեղն էր եկել դարձյալ։
Սարսափահար մոտ գնաց, զննեց զգուշավոր, տեսավ, որ ձողերը փոխել էին, հաստակուռ դարձրել, վանդակն էլ հաստատուն՝ քարե հիմքի վրա դրել: Այդ նույն օրը նա ախորժակ չունեցավ ուտելու, զվարճանալու և կամ երգելու։
Կծկված մի անկյուն՝ խորհում էր եղածների վրա, նալում վանդակին, պատին կռթնեցրած ձողին, նայում անցուդարձ անող գավազանակիր պահապաններին…
Ամենքը կարծես նրան էին նայում մի տեսակ հեգնող ժպիտով, չարագուշակ, լիրբ արտահայտությունով։
Կարծես ամենքն ուզում էին ասել.
Սպասի՜ր մեկ… քեզ ցո՛ւյց կտանք, թե ո՞րն է ազատությունը:
Խորհում էր առյուծը դառնությամբ, կծկված հեռավոր իր խուլ անկյանում։ Սիրտը ճնշվում էր։
Տխուր, գրեթե լաց լինելու չափ կոկորդը դառնացած՝ մնաց նա մինչև երեկո անշարժ, թաց աչքերը երկնքին ու արևին, ներքին դողով բռնված, զվարթությամբ մռնչալու սիրտ և ուտելու ախորժակը կորցրած։
Մի ագամ միայն փորձեց ջուր խմել: Պապակում էր։ Թեև առվակը պղտոր էր, լեղի, սակայն նա խմեց երկար և գնաց կծկվելու իր թփերի մեջ։
Գիշերը քնել չկարողացավ, Վատ երազներ ու մղձավանջը տանջեցին նրան։ Քանի՜ անգամ վեր թռավ՝ կարծելով, թե ճնշում են կուրծքը, ոտքերը շղթայում, շիկացած երկաթը աչքերի մեջ կոխում…
Ու երբ արևի առաջին ճառագայթներն երևացին՝ զարթնեց, վեր թռավ, այսպես մտածեց.
Ո՜ւհ, որքա՜ն վախկոտն եմ. կարծես առյուծ չլինեմ…
Եվ դեմքը կնճռած՝ ողջունեց բացվող արշալույսին, մինչ միտքը գործում էր հետզհետե արագ, տագնապալից վճռականությամբ…
Չկերավ միսը։ Բարկությամբ նետեց դեպի գազանապահի տունը, մոտ եկող պահապաններին սպառնագին մռմռոցներով դիմավորեց և ստիպեց նրանց ետ քաշվելու։ Գլխավոր գազանապահին էլ այնպես կատաղի ակնարկ նետեց, որ սա շտապեց թաքնվել…
Հետո, հետզհետե վճռական, կարծես իր որոշումն արած, թեև քիչ վարանոտ, քիչ էլ դողդոջուն՝ մոտ գնաց վանդակին, պտտեց շուրջը արհամարհաբար՝ պոչով ծեծեց նրա պատերը և երբ շիկացնելու սահմանված ձողի մոտով անցավ՝ թաթով խփեց նրան ու դղրդյունով գետին տապալեց…
Գազանապահներն ու պահապանները հեռվից, գաղտագողի դիտում էին այդ ամենը, գունատվում, վախենում։
Առյուծը հասկացել էր նրանց չար միտքը:
Չէ՛, ասաց գազանապահի օգնականը, – հարկավոր է կտրուկ և անմիջական, զսպոց միջոցներ, այս գիշեր իսկ, առանց հետաձգելու… Առյուծը զարթնել է…
Եվ նույն գիշեր գործը սկսեցին։
Բոլոր գազանապահները զինված գավազաններով, պահապանները՝ ծանր, անքակտելի շղթաներով, գլխավոր գազանապահը՝ շիկացրած ձողով, խիստ զգուշությամբ՝ քնած առյուծին մոտ գնացին:
Հարկավոր էր անշուշտ առյուծին նորից իր վանդակի մեջ սեղմել և այս անգամ շղթաներով ընդմիշտ կապոտել։
Առյուծը քնել էր։ Այլևս չէր վախենում, որովհետև վճռել էր անելիքը:
Քնել էր հանգիստ, որովհետև իմացել էր, թե ինչ էին պատրաստում իր համար։ Ազատությունների տրված օրից իսկ նա միշտ կասկածել էր և այժմ պարզ տեսնում էր, թե ինչպես մի առ մի ետ էին խլում վարպետորեն, գծուծ ձևերով…
Գազանապահների համար գոյության հարց էր առյուծի՝ վանդակի մեջ լինելը։ Առյուծը ազատ վանդակից՝ պիտի ձգտեր ազատվել նաև շրջափակից։ Իսկ դա՝ նշանակում էր ոչնչացումն ամեն պահապանի:
Ու քնել էր՝ վստահ իր ուժի, վստահ՝ ձգտումների արդարության, բնական լինելու վրա…
Ահա, մոտ են գնում գազանապահներն ու պահապանները քայլ առ քայլ, զգույշ, սողալով… Շղթան նրանց հետ շարժվում էր առաջ, շիկացած ձողը փայլում էր կայծարձակ ու սպառնագին։
Բայց կա մի խոշոր սխալ, որից զուրկ չէ ոչ մի գազանապահ և կամ առյուծի պահապան։
Առյուծը քնում է, իրավ է, սակայն քնում է այնքա՜ն հսկող քնով ու այնքա՜ն թեթև, ինչպես այն ամեն առյուծ, որի ազատությանը սպառնալ կարող են յուրաքանչյուր րոպե…
Թեթև շշուկ, նույնիսկ իրեն ամեն կողմից շրջապատող սև ոգիների մղած օդը՝ զարթնեցրեց նրան։
Չշարժվեց. աչքը կիսովին բաց արավ, նայեց շուրջը, տեսավ բռնավորներին…
Ու ոստնեց…
Դղրդաց գետինը, ցնցվեց ամեն ինչ ու տապալվեց, մռնչյունով օդը լցվեց, ճիչ ու աղմուկ, հաղթվողի ողբը հաղթականի աղաղակների հետ իր կծվությամբ օդը քեղրտեց… ապա լսվեց դռների փշրտվելն, ու մի հսկա բան դուրս թռավ շրջափակից և մռնչյուն սփռելով ամեն կողմ սլացավ դեպի արձակ տարածությունը…
Շրջափակի մեջ ո՛չ մի գազանապահ, ո՛չ մի պահապան ողջ չէր մնացել, գլխավոր գազանապահի սիրտը հոշոտած, օգնականի գլուխը՝ ջախջախած… արյուն ու դիակ…
Եվ այնտեղ, արձակ տարածության մեջ սլացող առյուծի դիմաց, անամպ երկնքի վրա լուսածագն էր ելնում կարմրորակ, շքեղ…
Կանգ առավ հսկան մի ժայռի գլխին, բաշերը հովին, ազատության վսեմ մաղթանքն ուղղած բացվող արշալույսին։
Ու նրա խրոխտ ձայնը թնդացնում էր լեռ ու դաշտ, ավետելով ջնջումն շրջափակների, անկումն գազանապահների, ձող, շղթաների…
1905