Vrtanes Papazyan
Պայտարի հոգին
Հիսուսն էշի վրա նստած Երուսաղեմ էր իջնում:
Հանդեսը փառավոր էր, բայց էշը կաղում էր: Պատճառն այն էր, որ խեղճ անասունը քարոտ տեղերից անցնելու ժամանակ` մի պայտը կորցրել էր:
Եվ ժողովուրդը պատմում է, թե Հիսուսը բավական շփոթված էր, տեսնելով, որ գրաստը գայթելով ու կաղալով էր գնում, տեղ-տեղ էլ սպառնում էր նրան ցած նետելու:
Բայց հանկարծ, որտեղից որ էր, ժողովրդի միջից դուրս թռավ մի պայտար, կանգնեցրեց Հիսուսին, կռացավ արագությամբ, բարձրացրեց գրաստի ոտը և մի քանի րոպեի մեջ այնպե՛ս լավ պայտեց նրան, որ Քրիստոսը ժպտաց գոհունակությամբ ու ասաց պայտարին.
Ապա՛, պայտար, խնդրիր ինչ կամենաս, և ցանկությունդ կկատարվի:
Ասում են, որ Հիսուսին աներևութապես ընկերակցող հրեշտակներից մեկը կռացավ պայտարի ականջին և փսփսաց, որ նա երկնային արքայությունը խնդրեր: Սակայն մարդը շատ էլ իդեալիստ չէր. բացասական կերպով գլուխը շարժեց և ասաց Քրիստոսին.
Տեր, ես մի խեղճ պայտար եմ. մի տոպրակ, մի աթոռ ունիմ և տանս կողքին էլ՝ մի ընկուզենի: Ցանկանում եմ, որ աթոռիս վրա նստողը՝ տոպրակիս մեջ մտնողը և ընկուզենու վրա ելնողը՝ չկարողանան պոկ գալ, դուրս գալ և իջնել, մինչև որ անունովդ չհրամայեմ ես նրանց:
Հիսուսը ժպտաց, օրհնեց նրան և ասաց.
Թող կատարվի քո ցանկությունը:
Եվ անցավ գնաց։
Ապրեց պայտարն երկար տարիներ իր խրճիթի մեջ, ընկուզենու ստվերի տակ, հանգիստ ու առատ: Մենակ էր թեև, ունեցածն էր մի աթոռ, մի խղճուկ տոպրակ և գործիքներ, բայց եկամուտը լավ էր, և նա շատ էր սիրում կյանքը:
Հենց այդ էր պատճառը, որ մի օր խրճիթի դռանը նստած, երեկոյան հովը վայելելիս, երբ տեսավ հեռվից դեպի իրեն եկող հոգեառ հրեշտակին. սիրտը թունդ ելավ, սկսեց դողալ և մտածում էր, թե ինչպե՞ս ազատվի այդ անկոչ հյուրից:
Բայց հրեշտակը մոտ եկավ, ողջունեց, ժպտաց ու ասաց.
Դե՜հ, պայտա՛ր, բավական ապրեցիր. այժմ ելիր, վերջին աղոթքդ կատարիր, որովհետև հոգիդ տանելու եմ: -շ
Օ՛հ, իմ հրեշտա՜կ, հառաչեց պայտարը, մի՞թե այդպես շուտով հարկ է կյանքը թողնել, ես դեռ ապրել եմ ուզում, նայիր մե՛կ, ինչպես լավ է այս բոլորը բնությունն ու հովը, լեռներն ու դաշտերը...
Այո՛, խոսք չունիմ, լավ է. բայց ի՞նչ արած, պայտար, ճակատագիրդ այդ է, հարկ է հոգիդ տալ:
Չէ՛, տեսավ պայտարը, որ ո՛չ խնդիրքը և ո՛չ էլ բանաստեղծությունը օգնեց իրեն: Պահ մի տխուր մտածեց, հետո մեկե՛ն, մտքի ծայրահեղ լարումի շնորհիվ, մտաբերեց օգտվել Հիսուսի տված շնորհներից:
Լավ ուրեմն, հրեշտա՜կ, ասաց նա քաղաքավարությամբ,– հրամմե՛, նստիր քիչ այս աթոռի վրա, մինչև ես աղոթքս կատարեմ:
Եվ չոքեց աղոթելու: Հրեշտակը հոգնած էր, նստավ աթոռի վրա:
Նստավ-չնստավ, զգաց, որ բռնվել էր: Ճիգ գործեց ելնելու, թևերը թափահարեց, բայց զարմացած տեսավ, որ ջանքերն իզուր էին, և որ նա լավ բռնված էր:
Այս ի՞նչ է, պայտար, ի սեր աստծո, գոչեց նա սարսափած, ես մեխված եմ կարծես, ազատի՛ր ինձ...
Էհե՛, պարո՛ն հրեշտակ, ազատե՞մ քեզ, ծիծաղեց պայտարը, ի՞նչ արած, որ այդպես եղավ, ճակատագիրդ այդ էր...
Հրեշտակն աղաչեց, խնդրեց, պաղատեց և վերջ ի վերջո հոգին պայտարին թողնելու գնով ազատվեց ու սոսկումով շտապեց երկինք:
Պայտարն ազատված էր այս առաջին անգամը: Ազատ շունչ առավ և օրհնեց այն րոպեն, երբ մտածել էր Հիսուսի էշին պայտել:
Մինչև այդ, հոգեառ հրեշտակը ճանապարհին գունավորվելով, սոսկման թելադրության տակ խնդիրը մեծացնելով, պատմեց ամենքին պայտարի արածը, և երկինք հասած, գունաթափ՝ կանգնեց աստծո առաջ:
Աստված ծիծաղեց, խիստ զվարճացավ, ասում է ժողովուրդը, բայց իրավունք չտվավ ուժ գործադրելու:
Եթե կարող եք, ասաց նա, խորամանկությամբ հոգին առեք, գործ դրեք հնարքներ, բայց երբե՜ք ուժ:
Եվ այն ժամանակ դժոխքի չար ոգիների մի խումբ, մի խորամանկ խումբ, հրաման խնդրեց պայտարին գնալ և նրա հոգին առնել, պայմանով միայն, որ այդ հոգին դժոխքը տարվեր:
Շատ լավ, հրամայեց աստված, եթե կարողանաք՝ առանց ուժի նրա հոգին հանել, թող ձե՛ր բաժինը լինի:
Եվ ահա տեսավ պայտարը, որ մի խումբ սև, այլանդակ ոգիներ, միմյանց գլխի վրայից ոստնելով, միմյանց առաջը կտրելով՝ գալիս էին դեպի իր կողմը:
Հո՛, հո՛... մտածեց նա, այժմ դևերն են գալիս: Հիսուսի պայտարը չլինեմ ես, եթե հրեշտակին խաբելուց հետո սրանց գլխին էլ մի խաղ չխաղամ:
Ու կեղծավոր, խոնարհ, աղերսալից կերպարանք ստանալով՝ շտապեց դիմավորել սև ոգիներին:
Ա՛յ դու անամոթ, աներե՛ս պայտար, ձայնեց հեռվից խմբապետը,– ինչպե՞ս ես համարձակվում հոգիդ ամուր բռնել և հոգևոր հրեշտակին խաբել... Դեհ, այժմ հրաման է աստծուց, որ այդ խորամանկ հոգիդ մեր ձեռքը հանձնես... Տղերք, դարձավ նա իր հետևորդներին, հեռու կացեք այդ աթոռից և տեսնենք ինչպե՜ս սա իր հոգին չի տալ:
Այդ ճառից հետո սև ոգիները խրճիթ լցվեցին, պայտարին շրջապատեցին, ճիչ ու աղմուկով ականջ խլացրին և հոգին պահանջեցին:
Պայտարը թեև սկզբում շատ վախեցավ, բայց երբ դևերի ճիչն երկար տևեց, սրտապինդ դարձավ և գոչեց.
Փոքր-ինչ ցա՛ծ խոսեցեք, պարո՛ն դևեր, ականջս խլացավ... ի՞նչ է ձեր ասածը, հոգի՞ս եք ուզում: Շատ լավ, խոսք չունիմ. սակայն դուք ինչո՞վ կարող եք հաստատել, որ աստծուց եք ուղարկված և ոչ թե ինքնագլուխ եկողներ եք:
Սրա՛ն նայեցեք, աղաղակեց մեկը, համարձակվում է կասկածել. ուզում է մե՛զ էլ խաբած լինել:
Բոլորովին ոչ, ասաց պայտարը, եթե դուք հաստատեք, որ աստված է ձեզ ուղարկել, համեցեք, հոգիս ձեզ տամ:
Ինչպե՞ս հաստատենք, անմի՛տ, հարցրեց խմբապետը, գնանք վկայակա՞ն բերենք քեզ:
Բայց ո՛չ, շատ հեշտությամբ կարող եք հաստատել: Ես մի տոպրակ ունիմ, ահա, տեսե՛ք. եթե բոլորդ կարողացաք այնքան փոքրանալ, որ առանց ձեռք, ոտք կամ գլուխ դուրս թողնելու տեղավորվեք նրա մեջ, դա ինձ համար ապացույց կլինի, որ աստված է ձեզ ուղարկել, ապա թե ոչ` կորեք գնացեք և աստծու անունը թող ոչնչացնե ձեզ...
Ասաց, ձեռքերը մեջքին դրավ և հպարտ սպասեց:
Տղե՛րք, սա տխմար է, ճչաց խմբապետը, ինչ կա դյուրին մեզ համար, քան փոքրանալը: Մենք չե՞նք միթե, որ տասնյակներով տեղավորվում ենք մարդկանց սրտերի մեջ և ապրում այնտեղ... Դե՛հ, եկեք այս տխմարին ցույց տանք մեր ուժը...
Ու մտավ տոպրակը: Մյուսներն էլ` ետևից: Այլևս ո՛չ մի ձեռք, ոտք կամ գյուխ դուրս չմնաց:
Հը, տեսա՞ր, ձայնեց ներսից խմբապետը:
Տեսա, քրքջաց պայտարը: Հետո մեծ մուրճն առավ և փառավոր կերպով սկսեց ջարդել նրանց կողերը:
Դևերը ճչացին, ճիգ գործեցին դուրս թռնելու տոպրակից, բայց իզո՛ւր. բռնված էին և լա՛վ բռնված:
Աղաչեցին, լացին, հառաչեցին և խնդրեցին, բայց պայտարը այնքա՛ն ծեծեց նրանց, մինչև որ թևեըր թուլացան.
Թո՛ղ մեզ, գոչում էին դևերը, թո՛ղ գնանք, հոգիդ քեզ մնա, չե՛նք ուզում այդ անիծած հոգիդ. տանենք, որ դժոխքը տակնուվրա՞ անի...
Այն ժամանակ պայտարը հանուն Հիսուսի` արձակեց նրանց, և դևերը լեղապատառ, ճիչ ու աղմուկով, այնպե՛ս շուտով կծիկը դրին, որ պայտարի քրքի՛ջն անգամ չլսեցին:
Պայտարն ազատված էր այս երկրորդ անգամն էլ: Ազատ շունչ առավ և նորից օրհնեց ա՛յն րոպեն, երբ մտածել էր Հիսուսի էշը պայտել:
Եվ երկար ժամանակ ո՛չ երկնքի և ո՛չ էլ դժոխքի պատգամավորներից մեկը սիրտ արավ մի երրորդ փորձ անել և պայտարի հոգին տանելու գալ:
Ժողովուրդը պատմում է սակայն, որ բավական ժամանակ անցած, դժոխքի մի ամենախորամանկ զավակ, լավ խորհելուց հետո, հրաման խնդրեց աստծուց մի փորձ ևս անել և պայտարի հոգին առնելու գնալ:
Հրամանը ստացավ: Կեղծության դիմեց, հրեշտակի կերպարանք առավ և իջավ պայտարի մոտ:
Պայտարը հասկացավ, որ այս անգամ մի շատ խորամանկ և հանդուգն ոգու հետ գործ ունի, որովհետև եկվորը ո՛չ աթոռին էր մոտ գնում, ո՛չ տոպրակին և ո՛չ էլ խրճիթն էր ուզում մտնել:
Հոգիդ տուր, կրկնում էր նա և համառությամբ մնացել էր դրսումը կանգնած:
Հրավիրեց նրան պայտարը նստելու, խրճիթ մտնելու, բայց ոգին ժպտալով գլուխը թոթվեց:
Ո՛չ, ասաց նա, ինձ խաբել չես կարող, հոգիդ տուր և վերջակետ դնենք բոլոր խորամանկություններիդ:
Պայտարը խորհեց քիչ, հետո ցույց տալով, որ այլևս ճար չունի, ջլատվածի և հուսաբեկի նման ասաց.
Էլ ի՛նչ արած, պարո՛ն հրեշտակ, քեզ խաբել չի լինում, հոգիս առ տար: Բայց թո՛ւյլ տուր ինձ մի վերջին անգամ աղոթել: Հետո, գիտե՞ս, ես շատ վախկոտ եմ. թո՛ւլյլ տուր ինձ չոքել այս ընկուզենու տակ և երբ ես վերջին խոսքն էլ ասեմ, ելիր ծառի վրա և այնտեղից հոգիս առ ու տար:
Ու սկսեց այնպես լալ և հեկեկալ, որ խորամանկ ոգին ուրախացավ, թե հաղթել էր: Ելավ ընկուզենու վրա, նստեց ու սպասեց:
Բայց հազիվ թե նստել էր, զգաց, որ խաբվել էր: Քիչ մնաց ուշքից գնար: Որքան աշխատեց պոկ գալ, անհնար եղավ:
Չաղաչեց այլևս: Կռացավ դեպի պայտարը և ասաց.
Խաբեցիր ինձ ևս, պայտար, հոգիդ քեզ մնա թող. միևնույնն է, դու ինձ ընդմիշտ ոչնչացրիր, որովհետև կյանքումս ես չէի խաբվել այդպես, թող տուր ինձ գնալ...
Ահա այդպե՛ս... հպարտացավ պայտարը, հանուն Հիսուսի գնա և պատմիր ընկերներիդ, որ հեշտ բան չէ Քրիստոսի պայտարի հոգին հանելը...
Եվ ելավ ոգին ու հուսահատ, կաղնիկաղ հեռացավ: Իսկ պայտարը հպարտ, ապահով այլևս, սկսեց կյանք վարել և բոլոր հոգեառների վրա ծիծաղել...
Այստեղ կանգ է առնում ժողովրդի զրույցը և այստեղ էլ սկսում է գրողի հանդգնությունը: Նրան թվում է, թե զրույցը լրացած չէ, քանի որ պայտարը վերջ ի վերջո անշուշտ հոգին տվավ, մեռավ:
Բայց ինչպե՞ս, ո՞վ էր ուրեմն հոգեառը, ո՞ր հանդուգնը և ո՞ր խորամանկը, որ արավ այն, ինչ չէին արել երկնքի և դժոխքի ոգիները:
Ահա թե բանն ինչումն էր:
Մի օր պայտարը մտածեց այլևս մենակ չմնալ, տուն ու տեղ լինել և կին ունենալ:
Ու գտավ այդ կինը: Գեղեցիկ, գրավիչ, կոկիկ մի կին էր, որ խրճիթ մտնելուն պես, ըստ կանացի սովորության, սկսեց ամեն ինչ տակնուվրա անել: Նախ հնացած աթոռը փշրեց ու վառեց, հետո տոպրակից թոնիրի սրբիչ կտրտեց շինեց, իսկ ընկուզենուն, գտնելով շատ հնացած ու տգեղ, կտրտեց-ձգեց...
Խեղճ պայտարը առյուծի լեղի՞ էր կերել, որ կարողանար դիմադրել կնոջ:
Եվ կինն այնպիսի՛ դրության մեջ դրեց այնուհետև թշվառ պայտարին, որ սա սրտնեղած, տանջված, դառնությունով լցված` ինքը խնդրեց աստծուն՝ իր հոգին առնել...
Եվ աստված նրա հոգին առավ: Իսկական հոգեառը, այսպիսով, միայն կինը եղավ...