Vrtanes Papazyan

Մեծ փականք

Դիլիջանից մինչև Ալեքսանդրապոլ տրոյկայով գնացի. ընկեր վերցրի Պարսկաստանից եկող մի պարսիկ, և որովհետև լավ էի վարվում հետը և քաղաքավարությամբ, նա իրան երախտապարտ էր զգում, իր հովանոցով ինձ արևից պաշտպանում կամ իր խոսակցություններով ինձ զբաղեցնում։ Ւնչպես երևում է, պատմիչ էր. լիքը բերնով էր արտասանում նախադասություններ կամ բառեր և պատմածի մտքի համեմատ էլ շեշտված միմիկաներ ուներ։

Չգիտեմ ինչպես եղավ, որ նա ինձ պատմեց այդ զրույցը. կարծեմ այդ այն ժամանակն էր, երբ ես ցանկություն հայտնեցի իջնել, ճանապարհից դուրս գտնվող մի հանքային ջրի մոտ գնալ, և երբ գնացինք, գտա, որ իզուր ժամանակ էինք կորցրել, որովհետև ջուրը ոչինչ բան էր։

Այդ բանից հետո մենք կառք նստեցինք, և պարսիկը, մորուքը շփելուց հետո, վարդապետական ձայնով ու շեշտելով արտասանեց.

«Ցանկալի առարկան նման է շիրմի բաց՝ բայց դռան վրա մեծ փականք…»։

Հետո քիչ լռեց և ավելացրեց երազողի պես.

Ով Մանի, քո մտքերդ էլ քո քսան կանգունաչափ ձեռքովդ գծած գծերի պես ուղիղ են…

Ու լռեց։ Ես, իհարկե, ոչինչ չհասկացա։ Մանի առասպելական նկարչի մասին գիտեի. գիտեի նաև, որ նա կարողանում էր ձեռքով քսան կանգուն երկարության և մի թափով գիծ քաշել այնքան ուղիղ, որքան կլինի քանոնով գծվածը։

Բայց աֆորի՞զմը։

Խնդրեցի բացատրել։ Ամենայն սիրով ընդունեց խնդիրս պարսիկը, և պատմեց ինձ սույն զրույցը։

* * *

Նկարիչ Մանին, պատմեց նա, մեռնելուց առաջ մտքումը դրեց մի լավ բան նկարել և հետո մեռնել։

Այդ մտքով էլ նա սկսեց ման գալ և նկարի նյութ որոնել։ Ուզածն էր մի նոր, ցանկալի, տարօրինակ նյութ։

Մտավ խոր ձորեր, պրպտեց յուրաքանչյուր խուլ անկյուն, մագլցեց լեռներն ի վեր, աչքի տակ տվավ շատ տեսարաններ։ Բայց որովհետև շատ տեսել էր, շատ էլ զննել և ոչինչ չէր խուսափել նրա աչքերից, ուստի և չէր կարողանում գտնել մի առարկա, որ լիներ նոր օրինակ և որ գրգռեր նրա ցանկությունը։

Եվ նա տխրում էր։ Անտառի ոգին, լեռների հյուրիներն ու ծովի ձուկ–կանայք, նույնիսկ անկարող եղան նկարչին մի նյութ տալ, մի նյութ թելադրել։ Իզուր նա ոտքի տակ էր տալիս ամբողջ աշխարհը. ոչինչ նոր բան, ոչինչ ցանկալի, ոչինչ հմայող։

Եվ նա տխրում էր ու հուսահատվում։

* * *

Այդպես սրտաբեկ թափառում էր նա Շիրազի դաշտերի ու լեռների մեջ, երբ հասավ մի գերեզմանատան, մտավ այնտեղ, մի շիրիմ նկատեց և կանգ առավ։

Մեծ շենք էր այն՝ բարձր պատերով։ Բայց ինչ–որ զարմացրեց նկարչին, դա այն ահագին խոշորությամբ կողպեքն էր, որ դրված կար շիրմի փակված դռան վրա։

Դռան ճակատին էլ արաբական տառերով գրված էր՝ «Մտիր այստեղ, և կգտնես՝ ինչ որ փնտրում ես»։

Մեծ նկարիչը զայրացած բացականչեց.

Ո՞ր տխմարն է արդյոք գրել այս տողերը. մի՞թե գերեզմանի մեջն է միայն, որ մարդ կարող է գտնել իր որոնածը։

Հետո ծիծաղեց ե ավելացրեց.

Դա անշուշտ մի մեռնողի խոսք է. չկարողանալով ապրել, կամեցել է մահը ցանկալի դարձնել։

Ասաց ու մեջքը դարձրեց հեռանալու։ Բայց ակամայից միտքը միշտ այն տողերին էր, այն վերտառությանը։

Մի քանի րոպե մտածելուց հետո մի քանի քայլ մոտեցավ դեպի մեծ կողպեքը, նայեց նրան ու ասաց.

Զարմանալի է. ինչո՞ւ են փակել շիրմի դուռը, և հետո ի՞նչ մտքով են դրել դռան վրա այնպիսի մեծ կողպեք, որ միայն դնում էն բանտերի կամ գանձարանների վրա։

Եվ նա նորից վեր նայեց ու կարդաց.

«Մտիր այստեղ և կգտնես ինչ որ ուզում ես»։

Մտնենք, մտածեց նա, գուցե, իրավի, մի նոր բան կա թաքնված այդ մեծ կողպեքի ետևում. թշվառություն կամ գերությո՞ւն արդյոք, թե՞ գանձ կամ իշխանություն…

Շարժեց կողպեքը, շատ ծանր էր, վերցրեց մի մեծ քար է նրանով սկսեց ծեծել փականքը։

Հետաքրքրությունը հետզհետե համակում էր նկարչին, նա ցանկությունից դողում էր։

Երկար չարչարվեց և երեկոյան դեմ վերջապես շարժվեց փականքը, հանկարծ փշրվեց մեծ կողպեքն ու շիրմի դուռը կրնգան վրա դառնալով՝ լայնությամբ բացվեց։

* * *

Ցած ձգեց քարը, մի քայլ արավ. ներս մտավ նկարիչը և զարմանքի մի մեծ աղաղակ արձակեց։

Դեմուդեմի պատը բաց էր լիովին, և այդ բացվածքիցը երևում էին Շիրազի տներն ու այգիները։

Շիրիմը միայն երեք պատ ուներ. ետևի պատը չէր իսկ շինված։ Իսկ շիրմի ներքին տեսքը ապացուցանում էր, որ այդտեղ առաջին ոտ կոխողը նկարիչը չէր։

Ինչպե՞ս… ինչո՞ւ այդ այլանդակ գործողությունը։

Շինել մի շենք միայն երեք պատով, ետևի պատի տեղը բաց թողնել և ապա դռան վրա էլ մի մեծ փականք դնել. ինչո՞ւ։

Լավ ծաղրվեցի, ճակատը կնճռեց արտիստը, և սակայն դռան ճակատին գրվածքը չկատարվեց, որովհետև փնտրածս ահա չեմ գտնում։

Հազիվ թե ասել էր այդ, երբ աչքն ընկավ պատի վրա քանդակված սույն երեք տողերին, և նա կարդաց.

«Ամեն ինչ նոր է աշխարհիս վրա, սակայն ոչինչ նոր չէ։

Ձեռք բերելու դժվարությունը առարկան ցանկալի է դարձնում։

Մի անգամ ձեռք բերված՝ նա դառնում է սովորական»։

Մանին ընկղմվեց մտածության մեջ. այդ տողերը խիստ ազդեցին նրա վրա։

Գտել էր փնտրածը, բայց և չէր գտել, որովհետև, եթե գտներ, փնտրածն այդ չէր լինիլ։ Ուրեմն փնտրում էր մի այնպիսի բան, որ չպիտի գտնվեր։

Հասկանում էր այժմ։

Դուրս եկավ շիրմից, գնաց տուն, ձեռքն առավ վրձինը և նստավ կտավի առաջ։

Նկարեց շիրիմը երեք պատով, ետևի բացվածքովը, նկարեց դուռը և դրեց նրա վրա խոշոր երկաթյա փականքը։

Հետո փոխանակ գրելու շիրմի վրայի խոսքերը, գրեց սույն տողերը.

«Ցանկալի առարկան նմանում է այս շիրմին. բաց, սակայն դռան վրա մեծ փականք»։

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online