Vano Siradeghyan

Տիգրան Հայրապետյանին հիշելով

Գարնանային սենտիմենտալ նամակ Շողեր Մաթեւոսյանին, Լիզա Ճաղարյանին, Նաիրա Զոհրաբյանին

Այդպես ասպարեզում մնացել եք, փաստորեն, մենակ: Հայ գովական ազգի մեջ փոքր-մոքր մարմնով մի հատիկ տղամարդ-խմբագիր եք գտել, երեք-չորս աղջիկներով հավաքվել եք շուրջը եւ խելացի-լաչառ-կատաղի կռիվ եք տալիս գետնի տակն անցած, ջրի տակ սուզված, օդի մեջ ցնդած հայ տղամարդկանց փոխարեն:

Դեռ երեկ ոնց որ թե կային: Կարծես թե, նույնիսկ, կնամեծար էին: Թվում էր, տեղը գա՝ տեր կկանգնեն իրենց օջախին: Բայց հանկարծ անհետացան: Դադարեցին լինել իրենց կանանց ու երեխաների համար: Նույնիսկ լքեցին սիրուհիներին: Շուրջը ինչ-որ տեղ հածում են, տղամարդու փողկապ են կապում եւ կամուֆլյաժ հագնում, հայհոյում են նույնիսկ տղամարդավարի, խմած ժամանակ խոսում են հայրենիքից ու թասիբից, բայց անցած տեղերին տղամարդու հոտ չի կպչում, եւ մանկամարդ, օրիորդները նրանց կողքին մեծանում են տարակուսած: Տարակուսած ու կասկածը սրտներում, որովհետեւ չի զգացվում, որ նրանք կարիք ունեն կնոջ հիացմունքի: Գոյություն ունեն այդպես ինքնաբավ: Յոլա են գնում կարծես իրարով: Հերթով մորթվում են խոնարհ գառի նման, եւ առանց կորստի զգացման՝ հոտը գնում է առաջ: Մի´ զարմացեք, երեւի այդպես էր նաեւ 15 թվականին: Երբ թուրքը ամայացնում էր երկիրը, հայ տղամարդիկ էլի չկային: Կա´մ խոպան էին, կա´մ բանակում, կա´մ թուրքական պառլամենտում քծնում էին էֆենդիներին: Ճիշտ այսօրվա նման: Իսկ դուք, միամիտ գրչակից քույրեր, այս ժողովրդին վախեցնում եք 37 թվի հեռանկարով: Դուք գերագնահատում եք ժողովրդիս ազատ ապրելու կամքը: Այդ թվականները բացառիկ բարենպաստ տարիներ են եղել սեփական մտածող զավակներից ձերբազատված, առանց գլխացավանքի ապրելու համար:

Դուք թերագնահատում եք բոլշեւիկների 70 տարիների սելեկցիոն գործունեությունը: Նրանք այնպես են քաշել մի քանի սերնդի ողնաշարի հյութը՝ կենսունակ թողնելով միայն բատրակի գենը, որ տասնյակ տարիներ էլ հարկավոր կլինեն, որ սերնդի քիմքին սովոր լինի ազատության համը: Դուք կպել եք Սիլվային եւ անհասկանալի ծագումով Բալայանին: Բայց ո՞ւր է անկախության ձեր սերնդի մտավորականը՝ Տիգրան Հայրապետյանից եւ Աշոտ Բլեյանից բացի: Դուք կշտամբում եք «Իրավունքի» Հովիկին: Բայց ո՞ւր է ձեր Ռուբիկ Հախվերդյանը, որը իրեն ամեն իշխանության ընդդիմադիր պոետ էր անվանում: Ինչո՞վ է նա լավը Գալաջյանից կամ հեղուկ գազի գործը ղարաբաղցիներից ոչ մի գնով ետ ստանալ չկարողացող Վահան Հարությունյանից: 1998-ից ի վեր նույն մատնագիրն են մոգոնում ձեր սիրելի Վանոյի դեմ-ի՞նչ տարբերություն: Առաջինների «ցուցմունքը» այն տեսակից է (ձեր հոլոված 37 թվի), որը անհամեմատ ստոր է, որովհետեւ զնդաններում «ցուցմունք» տվողները, գիտես, դրանով գոնե փրկվում են խոշտանգումից եւ սրոկ են կարճում: Վատ արդարացում է, բայց ի՞նչ համեմատություն մի հատիկ վիզայի, Լոսի կուսակցական դուքաններում մի ամիս երգելու դիմաց գործ տալու հետ: Իհարկե, կասեք ձեր Ռուբոն է, երգեր է գրել: Սիլվան էլ է գրել: Սիլվան գոնե գնացող է, դուք ո՞նց եք ապրելու այդպես մեր ու ձեր անելով: Գործ տվողի մերն ու ձերը ո՞րն է, սիրելիներս: Ճիշտն ասած, ոչ Սիլվային եմ ուզում պաշտպանել, ոչ էլ ձեզ կշտամբել: Ոչ էլ ուզում եմ կոտրել ձեր եռանդը-այդ մի քանիսդ եք մնացել: Ոչ էլ կարող եմ կոտրել: Առավելագույնը, որ կարող եմ անել, փչացնելն է ձեր տրամադրությունը երկու օրով:

Ուրիշ էլ ինչի՞ են ընդունակ հայ տղամարդիկ:

Բայց վախը կանցնի:

Սերունդը փոխվի՝ կանցնի:

Իսկ ում մեկ անգամ բռնել է վախը, վստահ եմ՝ այդ տեսակների հոտը դեռ հեռվից կառնեն գոնե ձեր դուստրերը: Նրանք ավելի լավ բախտի են արժանի թեկուզեւ այն պատճառով, որ նրանց մայրերը մինչեւ վերջին կաթիլը խմել են դառնության այն բաժակը, որը բաժինն է անխելք ու անարժանապատիվ տղամարդկանց հայրենիքում ապրող տարաբախտ կանանց:

.

27.03.2001

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Autumn landscape
Autumn landscape
Play Online