Vano Siradeghyan

Նաև հայրենիքի պատմականը

Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես և վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ-ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։

Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։ Ընդդիմադրի՝ փսլնքոտը։ Սոցիալիստի՝ Աշոտը։ Կոմունիստի՝ պահանջատերը։ Խմբագրի՝ քյարթուն։ Պուտանկի՝ մատղաշը։ Խաշի՝ թափանցիկը։ Իկեբանայի՝ ժինգալով հացը։ Վարկի՝ կորածը։ Ազգին չկպչենք։ Որովհետև ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի-ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, և հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած-չթաղած։ Եվ այլն:

Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաև՝ ծովերից ծով: Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլև դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաև (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգևո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում։ Եվ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր տափա՜կ, կանաչ հարթավայրերում և դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով:

Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի Հայրենիք։ Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ։ Բայց որովհետև բոլոր ժողովուրդներն են ուզում (բնականաբար, մեկը մյուսի հաշվին) և բոլորն են ուզում, ամենքը ստիպված յոլա է գնում եղածով, կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ նաղդով։

Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային-համազգային-մղձավանջային։ Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը։ Համենայնդեպս, ուստեն ի նշան բողոքի ընդդեմ պատմական, մարդակազմական անարդարության, պատին զարկելով չի ջարդում իր չաքուջը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է։

Ի դեպ, եթե բանը անարդարության հասավ, կարելի է նեղանալ սեփական հորից վերջին հաշվով։ Բայց չէ։ Խռովելը խռովել է, պետք է խռովել մասշտաբայնորեն։ Աշխարհացունց ընդվզումով։ Մինչև ինքնամզում։ Մինչև ինքնամսխում։ Մինչև քոքը։ Մահ կամ ազատություն։ Հառա՜ջ ի մահ։ Ով հետ՝ քամակը փետ։ Եվ այլն:

Լոռեցիք անհիմն շատն ու մեծը ուզողի, ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն, թե՝ շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ էշի։ Հասկացանք։ Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն դա մե՞ծ է, թե՞ փոքր։ Հա՞ստ է, թե՞ բարակ։ Պատմակա՞ն է, թե՞ ներկա։ Փոսո՞ւմ է, թե՞… Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու։ Մի տեղ ապրում ես, մյուս տեղը գողանում ես, երրորդ տեղը թռցրածը թաքցնում ես, չորրորդ տեղը շնանում ես… Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին։

Բայց պարզվում է, որ մենք՝ Հայաստանի պարզամիտ, անաղուհաց ժողովուրդս, հանդես ենք բերում պատմական կուրություն։ Չենք հասկանում, որ նրանք այդ մեզ համար են անում։ Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան։ Իրենց հազար տարի պետք չի՛։ Այդ՝ մեզ ու ազգի համար են իրենց ճղում։ Իրենց ո՛չ նախնիներն են ապրել այս հողում, ո՛չ իրենք են ապրում, ո՛չ էլ իրենց սերունդներն են ապրելու։

Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար։ Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք. «Չէ՜, մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»:

Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամենայն կով, փորի թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական-անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխով պայթած (դաս չհանդիսացած) կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «հրե՛ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։ Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու։

Be the first who will comment on this
Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

Ararat, 1986
Ararat, 1986
Play Online