Vano Siradeghyan

ՀԺԿ-ն՝ երկրապահի թղթե կամուֆլյաժով

Իշխանությունները կվառվեն վերջում՝

եւ բոլորովին այլ առիթով

.

Իշխանությունները այս դատավարությունն էլ ավարտին կհասցնեն: Եւ ավարտի վրա էլ կվառվեն: Բայց ոչ «27-ի» պատճառով, այլ որ՝ դատավարության ավարտը կհամընկնի Ղարաբաղը դե ֆակտո հանձնելու սկզբնական փուլին:

Առհասարակ, պառլամենտի՝ նման արյունահեղություն ոչ մի իշխանություն չի կարող մարսել, վերջին հաշվով: Այսքան ժամանակ դիմանալու համար Քոչարյանը պարտական է ոչ այնքան ինտրիգանի իր կարողությանը, ոչ այնքան Ղարաբաղի հարցը վախճանին հասցնելու՝ շահագրգիռ երկրների պաշտպանությանը, որքան զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սկզբում դրությունը փրկեց պաշտպանության նախարարը՝ տանկերը մոտեցնելով Երեւանին: Հունից ելած երկրապահը կարծում էր դա իր զորքն է, եւ Քոչարյանը ուր որ է հրաժարական կտա: Բայց դա երկրապահի դեմ էր առաջին հերթին, իսկ գլխավոր հրամանատարը ձեւ էր անում, իբր, պաշտպանության նախարարը ինքնագլուխ է զորքերը զորանոցից հանել: Վաղինակն էլ ձեւ էր անում, թե ինքն էլ տուժող կողմ է: Համենայն դեպս, Մոսկվայից հատուկ վաշտ էին իջեցրել Զվարթնոց՝ երկրապահին զգաստացնելու համար: Հետո, երբ Շիրխանյանը երկրապահի համագումարին առաջարկեց Քոչարյանի հրաժարականը (որպեսզի դա համագումարի որոշման մեջ չմտնի), երկրապահը թունդ ոգեւորվեց, որ այդքան խելոք ղեկավարներ ունեն ու այդքան օրենքի շրջանակներում հրաժարականի հարցը լուծող տղերք են: Հետո Արամ Սարգսյանը վարչապետ դարձավ եւ կարծեց ժողովուրդը իրենից տնտեսական մեծագործություններ է սպասում, ոչ թե հանցագործության բացահայտում:

Իրականացավ Աշոտ Մանուչարյանի մանկության երազանքը: Ձեռքը մանկահասակ վարչապետ էր ընկել, սկսեցին հայ ժողովրդին միավորելու գործը (մի բան, որ չէր ստացվել Տիգրան Մեծից հետո, նույնիսկ 88 թվականին) «կոալիցիոն» կառավարության շուրջը: Հետեւանքը այն եղավ, որ Արամը իր ձեռքով քայքայեց պառլամենտական մեծամասնությունը եւ իրականացրեց եղբորը սպանողների երազանքը՝ 1999թ. մայիսին իշխանությունը վերադարձրեց Քոչարյանին: Եւ 27-ի ձախողված հեղաշրջումը ապշեցուցիչ կուլբիտով իրականություն դարձավ: Եւ իզուր են այդ հրաշքը Քոչարյանին վերագրում, մարդկային ուղեղը ընդունակ չէ նման բանի: Մտածելով՝ նման բան չի լինում: Սոսկ չմտածելն էլ չի օգնի: Այդպիսի արդյունքի կարելի է հասնել մոլեգնորեն չմտածելով: Նախաքննությունը, բնականաբար, պիտի տեւեր այնքան, որ հանգուցյալների տարին անցներ: Ոչ միայն տարին: Եթե հնարավոր լիներ ձգել եւս մեկ տարի, Քոչարյանը կձգեր, բայց Ղարաբաղի հետ կապված գլխացավանքի ժամկետը մոտենում է՝ անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար, «27»-ի գործից պետք է մաքրվել: Դատավարությունը սկսելու բարդություններ կան, բայց մանեւրելու հնարավորություն էլ կա՝ հասունացրած գործեր կան, որոնցով կարելի է դատարանի դահլիճը ժամանակ առ ժամանակ զբաղեցնել՝ կրքերը հանդարտեցնելու համար: Բայց հիմնական հույսը էլի հանգուցյալների հարազատներն են: Այս անգամ Արամին կփոխարինի Ստեփան Դեմիրճյանը:

Դեմիրճյանի ընտրողները անհամբեր սպասում են իրենց ներկայությամբ դատարանին զգաստ պահելու ժամին, բայց դրանից հազիվ թե բան դուրս գա, որովհետեւ Ստեփանն ու մյուս ղեկավարները որոշել են, որ ժողովուրդը պիտի կառավարելի լինի: Այսպես մի քանի շաբաթ հարազատները «կկառավարեն» ժողովրդին, դատավարությունը կդառնա առօրյա, ժողովուրդը կամաց կցրվի: Իսկ կրքերը կառավարողների կարգախոսը այս անգամ կլինի. «Հունանյանի գլխից մազ չպակասի, մինչեւ կազմակերպիչները չբացահայտվեն»: Իսկ կազմակերպիչներին ու Հունանյանին հենց այդ էլ պետք է: Նա արդեն իր ասելիքը 300 էջով քսիֆի տեսքով ուղարկել է նախագահի շենք, ճիշտ է, Հայրիկյանի հասցեով: Բայց քսիֆը հենց այդպես էլ ուղարկում են: Դատավորները շունչ կառնեն, եւ Հունանյանը ազատ կլինի ամեն ինչ խճճելու: Կերգի հին երգը այն մասին, թե Վազգենն էր պատվիրել խփել Դեմիրճյանին (կավելացնի՝ նաեւ Քոչարյանին), բայց ինքը արդար զայրույթով սպանեց նաեւ Վազգենին, իսկ Քոչարյանին չխփեց, քանի որ իր ոտքով էր եկել, համ էլ երկիրը անտեր կմնա... Եւ որ, ընդհանրապես, պատվերից հրաժարվել չէր կարող, որովհետեւ իրեն կխփեին: Եւ այլ զառանցանքներ: Կամ՝ կպնդի ուղիղ հակառակը: Կամ՝ բոլորովին ֆանտաստիկ մի բան: Ուրիշ ի՞նչ է մնում անել, եթե ոչ ձգել, ձգձգել մինչեւ... Գուցե դաշնակցականները զավթեն իշխանությունը ամբողջությամբ եւ պատահածը համարեն հեղափոխական անհրաժեշտություն: Կամ՝ այնքան ժամանակ, մինչեւ հոսանքի մի լար էլ նրան կխփի էներգետիկ ճգնաժամի Հայաստանում:

Իսկ ի՞նչ անելիք ունի Ստեփան Դեմիրճյանը, որ չի անում: ՀԺԿ-ն առաջացել է իշխանության քաղաքական մանյովրները սպասարկելու անհրաժեշտությունից եւ այդպիսին էլ մնալու է, մանավանդ՝ լիդերին եւ պաշտպանին կորցնելուց հետո: Եթե Դեմիրճյանի կենդանության օրոք գրեթե բանի տեղ չէին դնում «Միասնության» այդ մասին, հիմա ինչո՞ւ պիտի դնեն: Իսկ Դեմիրճյանի ժամանակին ստացած ձայների վրա հույս դնել չարժե: Եթե նույնիսկ անձամբ Դեմիրճյանից խլեցին ժողովրդի ձայները, մյուս անգամ նրա ձայների հաշվին պառլամենտը վերցրին, ինչո՞ւ պիտի հաշվի նստեն հանգուցյալի անունով մանդատներ ստացած անանուն մարդկանց հետ: Վերջին հաշվով, բոլորը (Քոչարյանից սկսած) մանդատներ են ստացել մի մարդու շնորհիվ եւ նույն լեգիտիմության տերն են, հետո ինչ, որ մեկը ՀԺԿ է կոչվում, մնացածները՝ այլ բան: Այն էլ կա, որ այդ ձայները այլեւս չեն լինելու: Եւ որպեսզի ՀԺԿ-ն պատրանքներ չունենա, հրեն, Հմայակը գործադիրի հրահրմամբ պատրաստ է ՀԺԿ անունով մի հատ էլ կուսակցություն գրանցելու, որպեսզի նոր ընտրության դեպքում ընտրացուցակում մեկի փոխարեն 2 ՀԺԿ լինի, եւ Դեմիրճյանից հետո մնացած ձայները կիսվեն: Իսկ ինչո՞ւ պիտի չանի: Հապա ի՞նչ էիք մտածում, երբ նախկին դաշնակցականին եւ ավելի նախկին «թաղային միլիցիայի պատանի բարեկամների ակումբի» ժիր անդամին դարձնում էիք քարտուղար...

ՀԺԿ-ն, այսպիսով, մնալու է նախագահին կից: Եւ, որ ամենատխուրն է, առաջիկա դատավարությանը՝ նրան զորակից: Ինչ վերաբերվում է Ստեփան Դեմիրճյանին, նա քայլ ունի անելու, որը թե´ մարդկային, թե´ քաղաքական առումով միակն է: Այդ քայլը հոր հիշատակի հանդեպ պարտավորությունն է. ա´յս պահին հրաժարվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, որպեսզի իր կուսակցության պաշտպանությունը վայելող կառավարության դատական ֆարսին մասնակից չլինի:

Բայց այդ դեպքում էլ գործարանը ձեռից կառնեն:

Այսինքն, էլի´ կառնեն:

Նաեւ՝ Արամի ձեռից:

Բայց՝ ավելի ուշ:

Կարող է եւ չառնեն:

Եւ առհասարակ, գնացողն է գնում:

.

16.02.2001

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Vicinity of the Village
Vicinity of the Village
Play Online