Vahan Totovents

Մի կարճ և պարզ պատմություն

Նվեր ամերիկահայ բանվորներին

Երբ գարեջրի սառը բաժակները դատարկեցինք, իմ բարեկամը երկար մի շունչ քաշեց, հոգնության մի երկար շունչ, որ կարծես ծնունդ է առնում ճարճատող ոսկորների խորքից։

Երևի ճանապարհորդությունը քեզ շատ է հոգնեցրել,Պիտր, ասացի, մի՞՛թե երրորդ կարգով եկար։

Ո՛չ, պատասխանեց Պիտրը, Նյու-Յորքից մինչև Պոլիս և Պոլսից մինչև Նյու-Յորք ճանապարհորդել եմ առաջին կարգով, հանգիստ, ուրախ և առողջ։

Բայց քո հոգոցը լայն հոգնություն է արտահայտում,– հարցրի։

Այո՛, հոգնած եմ, ասաց Պիտրը, հոգով հոգնած եմ, կարծես դատարկված եմ, անսահման պարապություն եմ զգում։

Թուխ գարեջրի երկրորդ բաժակը դատարկեց Պիտրը և աչքերը հառեց հեռուն, կարծես մի պանորամա էր դիտում։

Ի՞նչ ես դիտում, հարցրի։

Անցյալս եմ դիտում, պատասխանեց Պիտրը։

Ես լռեցի։ Պիտրը շարունակեց․ 90 թվականներին ես փախա Թուրքիայից և երկար թափառելուց հետո հասա Եգիպտոս։ 17 տարեկան էի այն ժամանակ, թռվռուն և ուրախ, ինչպես մի քուռակ։ Երկրում նոր էի հնչակյան գրվել, պատրաստ էի ամբողջ կյանքս զոհել այս կուսակցության նպատակների համար Թուրքիայում։ Երբ այդ կուսակցության առաջնորդներից մեկնումեկի անունն էին տալիս սիրտս տրոփում էր, տրոփում էր հարգանքից, սիրուց և մի տեսակ բարոյական երկյուղից։ Եգիպտոսում իմ ցանկությունն եղավ նրանցից մեկնումեկին անպայման տեսնել և հետո Ամերիկա գնալ։ Ուզում էի կենտրոնի գլխավորին տեսնել Լոնդոնում։ Այս ցանկությունը այրում էր ինձ, այրում էր ինձ իբրև անզիջելի մի հրդեհ։ Գտա նրանցից մեկի հասցեն։ Այս հասցեն ինձ տվողը սրբազան մի մասունք մատուցելու արարողություն կատարեց։ Նախ առանձնացանք. հեղափոխության ճառ ասաց, երդում անել տվեց, անվերջ խրատներ կարդաց և ամենավերջը՝ համբուրեց հասցեն և ինձ հանձնեց։ Ինքնաբերաբար ես էլ համբուրեցի և դրի ծոցս։ Դրանից հետո ես ավելի աշխուժացա և կարծես ավելի հզորացա։ Նետվեցի աոաջին շոգենավը և՝ դեպի Լոնդոն։ Վիթխարի Լոնդոնում ես տեսնում էի միայն առաջնորդի կերպարանքը, որ տիրում էր ամբողջ Լոնդոնին․ ինձ թվում էր, որ նրա երկար մազերը ջրվեժի նման թափվում են մռայլ Լոնդոնի վրա․ ինձ թվում էր, որ Լոնդոնի փողոցներում միայն նա պիտի քայլի և Լոնդոնի ամբողջ աղմուկը ինձ թվում էր իբրև նրա քայլափոխերի աղմուկը։ Աոաջին ժամին իսկ վազեցի նրա մոտ։ Լոնդոնի ետ ընկած փողոցներից մեկումն էր բնակվում այդ մ՛եծ մարդը։ Այս հանգամանքը ավելի ահեղ դարձրեց իմ աչքին նրան․ նրա համեստությունը ինձ պարզապես երկյուղ ազդեց։ Սրտի տրոփյունով զանգը տվի։ Մի պառավ կին բաց արեց դուռը։ Միսիոնարների մոտ սովորած անգլերենով հարցրի.

- Մեր առաջնորդը տա՞նն է։

Պառավը առանց պատասխանելու գնաց ներս և դուրս գալով՝ ասաց.

Վա՛ղը եկեք, զբաղված է։

Մյուս օրը նորից գնացի։ Էլի՝ «վաղր եկեք» ասաց։ Գնալով մեր առաջնորդը մեծանում էր իմ աչքին․ մինչև անգամ ես մի պահ որոշեցի այլևս չգնալ, չտեսնել նրան, ինձ նման մի խլեզ արժանի էլ չէր նրան տեսնելու։ Բայց տեսնելու ցանկությունը կարող էր ինձ այրել և մոխիր դարձնել։ Երրորդ օրը էլի գնացի։ Այս անգամ պառավն ինձ աոաջնորդեց նրա սենյակը։ Երբ սենյակ մտա, նա գլուխը կախ էր արել սեղանի վրա և գրում էր։

Նրա մազերը թափվել էին երեսի վրա, ոչինչ չէր երևում, բացի անտառատեսիլ մազերից։

«Այդ մազերի տակը անպայման հրդեհ կա», մտածեցի։

Գլուխը վեր չբարձրացրեց։ Ուրախ էի, անսահման ուրախ էի, որ գլուխը չէր բարձրացնում, որովհետև չխոսած՝ զգում էի, որ լեզուս կապ է ընկել։ Երկար սպասելուց հետո նա գլուխը վեր առավ, դանդաղ, ինձ նայեց բոցավառ աչքերով և բացականչեց․

–Օ՜, օ՜, օ՜․․․

Բարև՜, ընկեր։

– Բարև՜, որտեղի՞ց բուսար։

– Թուրքիայից,– պատասխանեցի։

– Ի՞նչ ես ուզում,–հարցրեց։

– Ուզում եմ ձեզ տեսնեմ և հարցնեմ, թե ի՞նչ եք անում։

Նա ծիծաղեց և պատասխանեց.

Վերջերս մի մեծ ֆաբրիկա ենք բաց արել՝ հրացանների, թնդանոթների և պայթուցիկ նյութերի մի ֆաբրիկա, որպեսզի փոխադրենք Թուրքիա և ազատենք Հայաստանը։

Ես ապուշ կտրած՝ ոչինչ չկարողացա պատասխանել։

Վաղը արի ինձ մոտ, տանեմ, ցույց տամ քեզ այդ ֆաբրիկան։

Թուրքական բարև տվի և հեռացա։ Երկրորդ օրը նա ինձ տարավ և ցույց տվեց ինչ–որ մի հսկա շենք, որտեղ պատրաստում էին ամեն տեսակի զենքեր։

- Ահա մենք այս գործով ենք զբաղված։ Ամերիկա գնալիս՝ ասա բոլորին, որ օգնեն մեզ, Հայաստանը առանց օգնության չի կարոդ ազատվել. պետք է օգնեն։

Այս վերջին խոսքը մեխվեց իմ հոգում՝ «պետք է օգնեն»։

Ամերիկա եկա և 15 տարի աշխատեցի օգնել, որպեսզի Հայաստանը ազատվի։ Դու ինքդ գիտես իմ քաշած նեղությունները․ մարդ հարստությունից հոգնում է, ուր մնաց աղքատությունից։ Հոգնեցի աղքատությունից։ Այս անգամ Պոլսից վերադառնալիս՝ անցա Լոնդոնից և հանկարծ հիշեցի առաջնորդին և «հնչակյան զինական ֆաբրիկան»։ Ցանկացա գնալ և տեսնել այդ ֆաբրիկան։ Այդ վիթխարի և հոյակապ շենքը գետնի տակ անցած չէր չինի։ Հիշում էի տեղը և փողոցը։ Երբ շենքի առաջ կանգնեցի՝ անսահման զայրույթով լցվեցի ինքս ինձ դեմ. չէի կարող ներել ինձ այդքա՜ն հիմարություն, այդքա՜ն ապուշություն։ Ցույց արված շենքը անգլիական Ջոնսոն գործարանն էր պարզապես, որ «առաջնորդը» կլլեցրել էր ինձ իբրև հնչակյան զինական ֆաբրիկա։ Եվ հիմա հոգնած եմ զգում ինձ։ Հոգնություն եմ զգում մինչև անգամ հոգու խորքում։ Դիտում եմ իմ անցյալս և տեսնում եմ չորացած ծառեր, ապառաժ քարեր, համառ և դեղնավուն փոքրիկ թուփեր լայն դաշտերում։

Պիտրը թուխ գարեջրի երկրորդ բաժակը պարպեց՝ ոգելից ըմպելիքի կարոտագին սարսուռով։

Անցել են տարիներ պատերազմի, արհավիրքի, հեղափոխության և քաղաքացիական կռիվների ահավոր տարիներ։ Երկրագնդի քարտեզը փոխել է իր դեմքը։ Մեռել են միլիոնավոր աշխատավորներ, զոհ են գնացել համաշխարհային իմպերիալիզմին։ Ես մոռացել էի Պիտրին։ Չէի կարծում մինչև անգամ, որ նա ողջ է։

Վեց ամիս առաջ ես Պիտրից ստացա մի նամակ։

Ահա այդ նամակի մի կտորը․

Բոստոն, 20 սեպտ. 1927

Իմ հին բարեկա՜մ,

... Վերջապես չերկարեմ, հիմա բոլորովին տարբեր մարդ եմ․ նորեն մտել եմ հասարակական գործի մեջ այն եռանդով, ինչ եռանդով որ առաջին անգամ Լոնդոնից Ամերիկա եկա և փող էի հավաքում հնչակյան զինական ֆաբրիկայի համար։ ՀՕԿ-ի Բոստոնի մասնաճյուղի անդամ եմ, այժմ գիտեմ, թե հավաքած վազերս ուր են գնում և ի՞նչ նպատակի համար են գործածվում։ Խորհրդային Հայաստանից շարունակ ոգեվորիչ լուրեր եմ առնում։ Այնտեղ տարվող աշխատանքները ինձ նոր կենդանություն են բերում։ Կրկին երիտասարդ եմ զգում ինձ։ Հիմա մենք «Զոնսոնի» վրա հիմնված չենք, այլ Հայաստանի աշխատավորական Խորհրդային Հանրապետության վրա։ Հիմա եմ զգում, թե ի՞նչ է նշանակում եռանդի և քրտինքի արդյունքի իսկական գործածումը։ Համբուրում եմ քեզ։ Ուրախ եղիր, որ ապրում ես տզրուկներից, խարդախներից և գողերից մաքրված երկրում։

Հույս ունեմ՝ շուտով կհանդիպենք այդտեղ իրարու։

ՊԻՏԸՐ
Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Noah's descent from Mount Ararat
Noah's descent from Mount Ararat
Play Online