Vahan Totovents
Գարունին հետ
Քո՛ւյր, փոխե շորերս և անկողնիս ճերմակները…
Մաքրե՛ տունը և միջանցքին մեջ ծաղիկներ ցանե՛…
Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։
Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։
Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։
Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․
Իրիկուն է։
Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող.
Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և երիտասարդ թարմությամբ։
Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակները փոխած։
Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ…
Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛
Կյանքի և Արևի մասին։
1917 թ.
Ես սիրեցի այս կյանքին բոլոր բաները, ատեցի, երգեցի և հարբեցա։
Ուրախացա մութին մեջ, ըմբոշխնեցի տրտմությունն անգամ։
Պատահեցա ամեն կարգի մարդոց, ընկերացա բոլորին հետ և մտա անոնց հոգիներուն մեջ։
Ես ծունկի եկա քարերու վրա, աղոթեցի Աստուծո ու հայհոյեցի անոր։
Ես լսեցի աշխարհին խոսքը և տեսա գործը։
Հիմա պատրաստ եմ ես մահվան։
Ես պատրաստ եմ սկսելու ուրիշ կյանք մը, դարձյալ այնքան ամբողջությամբ ապրելու, որքան այս կյանքը ապրեցա։
Ո՛չ ծաղիկներ կըտանիմ հետս և ո՛չ ալ խորհուրդ մը այս արևներեն։Ես ապրեցա միայն այս աշխարհին համար։
Կը թողում ամեն ինչ ա՛յստեղ։