Teresa Amryan

Երբ

Երբ կիթառ ունեցող հարևանիդ տնից այլևս էն մեղեդիները չեն լսվում,

Հարևանդ ձենը գլուխը չի գցում, բոլորի գլուխը չի տանում,

Երբ մտերիմ ընկերուհիդ չի նկատում, որ իր եղունգների լաքը գունաթափվել է,

Երբ այլևս ոչ ոք դրսից չի գալիս, քո տան հեքիաթները չի կարդում, չի ուսումնասիրում,

Երբ էն աղջիկը աշնան ցրտին կարմիր շարֆը վզին չի փաթաթում,

Երբ օրհնողները վախենում են օրհնել, անիծողների լեզուն էլ ասես կապվել է,

Երբ հեքիաթներ գրողներն ու հեքիաթ կարդացողները արդեն մսագործ են դարձել,

Երբ սիրելի գործընկերուհուդ գանգուրներն անգամ կորցրել են իրենց բոլոր փայլերը,

Երբ տատիկիդ սև շորերի վրայից հավաքում ես նրա թափվող ճերմակ մազերը,

Երբ աշունը խլել է բոլոր գարնանային եռատոները․․․

Երբ բաց ես թողել աշնան բոլոր գույները, չես նկատել աշնան համերը,

Երբ էն փնթփնթան բիձեն էլ չի նեղսրտում, հարևանների տղաները մինչև կեսգիշեր բակում չեն խոսում, չեն հռհռում․․․

Երբ սպիտակաձեռնոց միսիոներներն այլևս չեն բախում դռները, նրանց ձեռնոցները արդեն կարմրել են,

Երբ ծննդյանդ տարեդարձին աղջիկները չկան, նրանց բոլոր տղաներն անհետ կորել են,

Երբ ծաղրածուն ու բռնակալն իրենց տեղերը, իրենց դերերը շփոթել են,

Երբ միայն կռնատ փեսաներն են պարում իրենց հարսանիքների ժամանակ էս ձմռան կեսին,

Երբ արդեն գարուն է, բայց անցյալ տարվա աշունը ոտքը կախ է գցել,

Երբ պատից կախած էն հին ռադիոյից ձայնի փոխարեն աղի գետեր են հոսում,

Երբ այլաշխարհիկ հետազոտողներն էլ հարցեր չեն տալիս, արդեն իրենց գործն արել են,

Երբ իմաստակին կողոպտել են, և բռնակալը ծաղրածու է դարձել,

Երբ հիշում ես «նորեկողների» փողոցում ապրող Արաքսի տատիկի խոսքերը «Մանչս, թափվող սպիտակ մազը, զավակի կարոտի նշան է»,

Երբ գարնանային ծառերը վախենում են բողբոջել, իսկ դու դեռ փնտրում ես երեկվա էն կանաչ, դեղին, կարմիր տերևները,

Երբ երազում ես, որ հարևանիդ տնից էն երգերը լսվեն,

Երբ աղի գետերի մեջ ամեն մի ձուկ իր կորած շերեփուկին է որոնում,

Երբ հարսնացուները սպասելով են մնում, փեսացուները դաշտի ծաղիկներ են դառնում,

Երբ ուզում ես, որ գլուխդ էդ անտաղանդ երգերից ցավի, բայց կիթառ նվագողի մատներն այլևս չկան,

Երբ բոլորս քարափի եզրին կանգնած մոլորյալներ ենք․․․

Երբ պատերազմ է

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

The Conversation, 1969
The Conversation, 1969
Play Online