Stepan Zoryan

Մայթերի վրա

Իմ սենյակի լուսամուտը բացվում է մի փողոցի վրա, ուր քաղաքապահ ոստիկան չի կանգնում։ Ինչ ասել կուզի, որ այս հանգամանքը հաճելի է ինձ. բայց այստեղ իմ նպատակը չէ պատմել այդ ոստիկանի մասին։ Աստված նրա հետ։ Ես ուզում եմ ասել՝ քանի որ իմ փողոցի վրա ոստիկան չկա, այդ պատճառով այնտեղ, առավոտից մինչև երեկո, ազատ ողորմություն են հավաքում երկու մուրացկան։ Մեկը մի զառամ ծերուկ է Դարվինի նման՝ մեծ գլխով ու սպիտակ խռիվ մորուքով, աջ ոտքը փայտից է, այնպես հաստ ու կոպիտ, որ հիշեցնում է սապոգի ճտքի կաղապար՝ անթարթ ու անկրունկ և որովհետև թրխկում է անախորժ, այդ պատճառով ման է գալիս հենակով, ու միշտ ինչ-որ քրթմնջում է քթի տակ, որ դժվար է իմանալ օրհնո՞ւմ է, թե անիծում... Մյուսը՝ մի ջահել կին է առողջ, արևառ դեմքով ու բազեի աչքերով։ Ման է գալիս արձակ-համարձակ և կուրծքը միշտ դուրս գցած։ Չգիտեմ ինչու, նրա տեսքն ինձ միշտ հիշեցնում է լեռնային գյուղ, բարձր սարեր, նեղ արահետներ, որ ձգվում են անտառի միջով, վիթխարի ժայռեր, որոնց տակ փրփրած աղմկում է սարից իջնող վտակը։ Եվ, դարձյալ չգիտեմ ինչո՛ւ, իմ երևակայությունը սիրում է պատկերացնել նրան այս վայրի բնության մեջ։ Դա նրանից է երևի, որ նրա աչքերն այնպես նման են բազեի աչքերի, իսկ լանջը հպարտ է, ինչպես լեռան աղջկա կուրծք։ Կի՞ն է, թե աղջիկ՝ չգիտեմ, բայց զարմանալի շարժուն է, ինչպես սնդիկ, և կայտառ, ինչպես սարյակ։ Ձմեռ թե ամառ նա անդադար երթևեկում է բոբիկ ոտներով և ինչ-որ ճռվողում անցորդներին՝ թևերը շարունակ շարժելով։

Փողոցը, որի վրա բացվում է իմ լուսամուտը, բավական բանուկ փողոց է։ Մի քաղաքամասից մյուսն անցնելու համար դա ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է. ուստի և այնտեղից անցնում են ամեն տեսակ մարդիկ, և շատ հարուստներ։ Իմ փողոցի վրա փայտե ոտով ծերունին բռնում է հարավային մայթը, իսկ ջահել կինը՝ հյուսիսային։ Յուրաքանչյուրն իր մայթին նայում է իբրև սեփականության վոա, ուր անցորդները շահատու կամ անշահ հաճախորդներ են։ Ծերունին մուրում է շատ ժամանակ նստած, իսկ ջահել կինն անընդհատ երթևեկում է իր մայթի երկարությամբ և հաճախ օրհնանքի ու խնդրանքի խոսքերով, ձեռն անցորդներին պարզած, հետևում է նրանց մինչև փողոցի անկյունը։ Եվ, որքան նկատել եմ, ամեն անգամ բան չի ստանում։ Այդպես չէ, սակայն, ծերուկը։ Նա կանգնած ժամանակ անգամ տեղից չի շարժվում, սպասում է խեղճ՝ մինչև որ անցորդը մոտենա։ Եվ երբ մոտենում է մեկը նրա ցամաք շուրթերը քրթմնջում են ինչ-որ... Ու ինձ թվում է նա տեղից չի շարժվում նրա համար, որովհետև մտածում է (երևի երկար տարիների փորձ է), որ եթե մեկը ողորմություն տալու լինի կտա՛ առանց այլևայլի, իսկ եթե ո՛չ որքա՛ն կուզես ետևից վազիր... Երևի այսպես է մտածում նա... Բայց թվում է, որ ծերուկը տեղից չի շարժվում ավելի շուտ իր փայտե ոտքի պատճառով։ Չէ՞ որ այնպես դժվար է փայտե ոտքով ու հենակով քայլել նեղ մայթի վրա։ Բացի դրանից, նրան հավանորեն ախորժելի չէ իր փայտե ոտքի թխկոցը՝ թը՜խկ-դրը՜խկ, թը՜խկ-դրը՜խկ... Այսպես է թվում ինձ։ Եթե նրա ոտքն առողջ լիներ, գուցե ջահել կնոջ նման նա էլ հետևեր անցորդներին։ Բայց քանի որ այդ չի կարող, դրանից է երևի, որ միշտ նախանձով ու ատելությամբ է նայում երիտասարդ կնոջ կողմը, իսկ կինն, իր հերթին՝ բազեական աչքերից շարունակ զզվանք ու արհամարհանք է թափում նրա գլխին։

Ես այս շատ լավ եմ նկատում, որովհետև շատ ժամանակ նրանք կանգնում են իմ լուսամատի մոտերքը։ Որքան էլ կարճատես, նկատում եմ, այնուամենայնիվ, թե ինչպես ոտաբոբիկ կինը քիթ է վեր քաշում ծերուկի վրա, և ես նրանց նայվածքներից հասկանում եմ, թե ի՛նչ են ուզում ասել իրարու։ Ծերունու նայվածքն ասում է.

Աներես, անզգամ, չես էլ կորչում այստեղից։

Կնոջ նայվածքը պատասխանում է.

Ի՜, հողեմ պառավ գլուխդ, չես էլ սատկում։

Բանը, սակայն, միայն նայվածքներով չի վերջանում։ Ջահել կինն իր վարմունքներով երբեմն սաստիկ վրդովում է ծերունուն, որովհետև օրը մի կամ երկու անգամ իր մայթից անցնում է ծերունու մայթը։ Նա այդ անում է այն ժամանակ, երբ նկատում է, որ նրա մայթով գալիս է հարուստ մի անցորդ։ Տեսնելով կինն անցավ իր մայթը և պատրաստվում է արդեն ձեռ մեկնել եկողին, ծերուկն անմիջապես վեր է թռչում տեղից, հենակը դնում կռան տակ և ոտքը թրխկացնելով շտապում դեպի կինը։ Հասնելով՝ զայրագնած հրում է նրան մայթից և քրթմնջում ինչ-որ։ Նա, հավանորեն, հայհոյում է հակառակորդին, որովհետև այդպիսի դեպքերում կինը գազազած ետ է դառնում և բռունցք թափ տալիս։ Այդ ժամանակ ծերանին ատամները սեղմած՝ գլուխը շարժում է սպառնալից կամ հենակը թևատակից հանելով՝ սպառնում նրանով հակառակորդին։ Եվ ջահել կինը չանչելով ու փնթփնթոցով հեռանում է նրանից։ Բայց պատահում է երբեմն, որ նրանք հեշտությամբ չեն հեռանում իրարուց։ Կինը զայրացած՝ բռունցքը մոտեցնում է ծերունու դեմքին, իսկ ծերուկը, հենակը պատրաստ, աշխատում է խփել նրան։ Ու սկսվում է կռիվը։ Կինը ճարպկորեն բռնում Է ծերունու սպիտակ, խճճված միրուքը, ծերուկը, բերանը լայն բացած, ջանում է կծել հանդուգն կնոջ ձեռքերը, ուսերը և անգամ դեմքը։ Քաշքշոցը շարունակվում է այնքան, մինչև որ երևում է մի նոր անցորդ... Այս բանը կրկնվում է գրեթե ամեն օր, ու ամեն անգամ իրարից բաժանվում են զայրացած մռմռոցով ու փնթփնթոցով։ Կինն ասում է չանչելով, այսինքն՝ ինձ թվում է, որ նա ասում է.

Հողեմ գլուխդ, չե՛ս էլ սատկում...

Իսկ ծերուկի դեմքն արտահայտում է.

Լի՜րբ, անզգամ, ի՞նչ գործ ունես իմ մայթի վրա։ Կանգնիր քու կողմը...

Այսպիսի խոսքեր ես լսում եմ երբեմն, որովհետև նրանց կռիվը երբեմն էլ կատարվում է իմ լուսամուտի առջև։

Երկու օր առաջ նրանք դարձյալ կռվեցին։ Եվ այդ կռիվը ես լավ տեսա, որովհետև այդ ժամանակ լուսամուտին հակած նայում էի փողոցին, ուր ձյունն իջնում էր սղոցի թեփի նման կարծր հատիկներով։ Օդը ցուրտ էր, մարդիկ ման էին գալիս կրկնակոշիկներով ու օձիքները բարձրացրած։ Ծերանին, հենափայտը պատին հենած, նստել էր մայթին իջնող ձյան տակ և մեկ-մեկ մաքրում էր միրուքին թափվող ձյունահատիկները, իսկ ջահել կինը, ձեռները տրորելով, բոբիկ գնում–գալիս էր շարունակ, որ չմրսի։ Հանկարծ ծերունու մայթին երևաց փարթամ հագնված մի պարոն՝ օրիորդի հետ թևանցուկ։ Նրանք ծիծաղում էին ամբողջ երեսով, ևնրանց ուրախ տրամադրությունից երևում էր, որ առատաձեռն պիտի լինեն։ Երևի այդպես էլ ենթադրեցին մուրացկանները, որ իրենց ակնկալող նայվածքներն ուղղեցին նրանց։ Զույգին տեսնելուն պես ծերուկն շտապեց ելնել տեղից, հավանորեն առաջ գնալու գոնե մի երկու քայլ։ Բայց մինչ կբարձրանար տեղից, ջահել կինն արագ՝ այծյամի նման անցավ նրա մայթը և ձեռ մեկնեց եկողներին։ Ենթադրությունը սխալ չէր, ուրախ պարոնն իրոք առատաձեռն եղավ, նա կանգ առավ, հանեց նախ սպիտակ ձեոնոցը, ապա դրամաքսակը գրպանից ու արծաթե մի դրամ մեկնեց ջահել կնոջ։ Իսկ ծերունու մոտով անցավ առանց նրան նայելու... Այս բանը սաստիկ վրդովեց ծերունուն։ Հազիվ երկու քայլ էր արել նա, երբ այս բոլորը կատարվեց. բայց և այնպես նա կես ճանապարհին կանգ չառավ, հենակը սեղմեց թևի տակ և թը՜րխկ-թը՜րխկ անսպասելի արագությամբ սլացավ դեպի հակառակորդը։

Լի՜րբ, գոռաց նա ատամները սեղմած, Տո՛ւր էդ, թե չէ...

Կինն արհամարհանքով ծիծաղեց.

Հա՜-հա՜-հա՜...

Տուր, ասում եմ, գոռաց նորից կաղլիկը, ավելի մոտենալով։ Տո՛ւր...

Նրա աչքերը ցայտում էին ատելություն ու զզվանք։ Բարկությունից բեղերի ու հոնքերի մազերը ցցվել էին փշերի պես։ Բայց ջահել կինն, ըստ երևույթին, չէր վախենում նրանից և, կուրծքն էլ ավելի դուրս գցած, նայում էր նրան սովորական արհամարհանքով։

Տո՛ւր, ասում եմ, պահանջում էր ծերուկը, քայլ առ քայլ սպառնալից դեպի կինը գնալով։ Տո՛ւր... Նրա պահանջն այնքան հրամայական էր ու համառ, որ կինն էլի ծիծաղեց նրա ավելորդ եռանդի վրա։ Ծիծաղելով՝ նա արհամարհանքով նայում էր ծերուկին ոտից-գլուխ, հեգնելով կարծես նրա անզորությունը, փայտե ոտքը, մաշված հենակը, որ դողդողում էր նրա թևի տակ։ Այդ նայվածքն ու ծիծաղն այնքան վիրավորական ու ոչնչացնող էին, որ ծերուկն այլևս չհամբերեց։

Լի՛րբ, գոռաց դարձյալ, հենակը բարձրացնելով։ Քեզ ասում եմ՝ տո՛ւր, անզգամ... Ու փորձեց խփել նրան, բայց կինն արագ բռնեց նրա հենափայտը և սկսեց քաշել դեպի իրեն։ Ու երկար քաշքշուկից հետո՝ հանկարծ հենակը խլեց ծերուկից։ Բայց կաղլիկն անմիջապես թափով բռնեց նրա թևը և, երևի, սաստիկ սեղմեց, որ ջահել կինն իսկույն ձեռը գցեց նրա միրուքը... Ու մի քանի րոպե նրանք կռվում էին այսպես, կինը ձգում էր ծերունու միրուքը, իսկ ծերուկը, հազիվ կանգնելով փայտե ոտքի վրա, բերանը լայն բացած, աշխատում էր կծոտել կնոջ ձեռները, ուսերը, անգամ դեմքը։

Կռիվը, գուցե, երկար տևեր, եթե չպատահեր այն, ինչից այնպես դողում էր ծերուկը։ Հենակից զրկված նա հանկարծ ծանր կոճղի պես, ահագին աղմուկով ընկավ աջ կողքին, այսինքն փայտե ոտքի վրա, ու գլորվեց մայթն ի վայր։ Այդ տեսնելով՝ կինը ձեռի հենակն անմիջապես գցեց գետին ու անցավ իր մայթը՝ նույն հաղթական քայլերով, կուրծքն էլի դուրս գցած։

Ծերուկը, հավանորեն, սաստիկ ցավ զգաց. նա մի քանի րոպե չշարժվեց տեղից, իսկ երբ ուղղվեց-նստեց՝ սարսափելի գունատություն կար դեմքին։ Չնայած դրան, նա, այնուամենայնիվ, նստած տեղից սկսեց մեկը մյուսի ետևից քարեր նետել դեպի հակառակորդը... Բայց կինն այլևս չէր նայում նրան, որովհետև մի նոր զույգ էր գալիս իր մայթից։

Հետևյալ օրը ծերուկը չեկավ փողոց։

Նա չեկավ և մյուս օրը։

Եվ մի ամբողջ շաբաթ չերևաց։

Ո՞րտեղ է արդյոք, հարցնում եմ ինքս ինձ ամեն անգամ, երբ լուսամուտից նայում եմ փողոց։ Ու որոշում եմ իմանալ ծերունու ո՛ւր լինելը։ Սակայն անցնում են օրեր, շաբաթներ ծերուկը չկա, և ես չեմ կարողանում իմանալ նրա ո՛ւր լինելը։ Եվ մի օր ահա, վերջապես, մոտենում եմ ոտաբոբիկ ջահել կնոջն ու ասում՝ «ո՞ւր է այն ծերունին»։ Նա իմ հարցից ոչինչ չի հասկանում։

Ես բացատրում եմ.

Այն ծերունին, որ փայտե ոտք ուներ և քեզ հետ ողորմություն էր հավաքում այստեղ։

Ա՜, բացականչում է անտարբեր ջահել կինը։ Նա մեռել ա վաղուց...

Ու, խոսքը չավարտած, շտապում է մայթն ի վեր, ուսկից գալիս է մի նոր անցորդ։

Հիմա ջահել կինը մենակ է. նա տիրում է երկու մայթին էլ, այժմ մեկից մյուսին անցնելիս՝ նա իրեն ավելի ուրախ, կայտառ ու հաղթական է զգում, քան առաջ։

1914

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online