Sipil

Մենաստանին կույսը

Կեսգիշեր է․ սենյակիս մեջ միայնակ՝
Կանթեղ չունիմ, ոչ ալ երկինքն ունի շող․
Իր լույսն հետին մարեց դարպասն ու տընակ․
Եվ մնացի իմ խոհերուս հետ մաշող։
Կթափառին շուրջս ըստվերներ թանձրահոծ,
Մերձենալով, հեռանալով համրաբար,
Եվ կլսեմ իրենց վայունն ողբակոծ,
Երբ կանգ կառնել կուգան հոգնած ու մոլար։
Տըխուր մըտքիս ուրվականներն են համակ,
Ցընորք հոգվույս հազիվ հասած արբունքի,
Եվ մինչ կանցնին օրերըս ցուրտ ու ցամաք՝
Անոնք կուտան ինձ ըսփոփանք արցունքի։
Զի մինակ եմ հոս դեմքերու հետ տըրտում,
Կույսերու հետ, որոնք չունին իղձ ու խանդ,
Որոնց ձայնին վանկերն՝ աղոթք անպատում,
Կխորտակեն երազս ու հույսս մանավանդ։
Ապրիլ կուզեմ․ անոնք երկինք ցույց կուտան։
Սիրել կըղձամ․ կգոչեն․ «Սեր է Աստված»։
Եվ կպատմեն Դավիթը, Հոբն ու Հուդան․
Կըսեն․ «Միայն մահվան համար ենք հաստատված»։
Զո՜ւր կվառե երկինք արևն ու լուսին,
Ձոնելով կյանք ծաղկին, դաշտին ու մարդուն,
Ես կդառնամ նորեն համեստ այն լույսին,
Որուն ներքև լուռ կհըսկե աչք մ'արթուն։
Բոցեղ շունչ մը կխընդրեմ ես, սիրտ մը տաք,
Որ խառնըվի տենդոտ հոգվույս հորձանքին,
Եվ Սաղմոս մը կդընեն, ա՛հ, բարձիս տակ,
Խաչ մ'ալ փայտե ընդդեմ սըրտիս փորձանքին։
Այդ փորձանքներն ես կերազեմ անդադար,
Կյանքի բոլոր մեծ պայքարներն, հուրն անհուն,
Աշխարհի մեջ չընչին բաժինս իմ արդար,
Եվ կթողում երկինքն՝ իրեն սուրբերուն։

1892
Be the first who will comment on this
Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

A woman with a Key
A woman with a Key
Play Online