Sipil

Ինչո՞ւ

Ինչո՞ւ կը խոսիս, ինձ կը հարցընեն,
Երբ լուռ կը կենան քեզմե շատ մեծեր.
Սըրտեն եկածը չի հաներ բերնեն
Խոհեմ անձն, ըլլա ծաղկահաս կամ ծեր.
Ինչո՞ւ կը խոսիս, ինձ կը հարցընեն:
Ինչո՞ւ... բայց, ինչուն ես ալ չեմ գիտեր:
Ամպրոպը գիտե՞ կը գոռա ինչու,
Ինչո՞ւ կը հոսին, կը սուրան գետեր,
Կամ կը սըլանա թըռչնիկն օդաչու:
Ինչո՞ւ... բայց, ինչուն ես ալ չեմ գիտեր:
Ինչո՞ւ կը խնդաս, ինձ կը հարցընեն,
Երբ միշտ ձանձրույթ կա հատակն իրերուն,
Երբ ծաղիկները կը սառին ձյունեն,
Եվ այնքան կարճ է մեր կյանքին գարուն:
Ինչո՞ւ կը խնդաս, ինձ կը հարցընեն:
Լերան կատարներն ինչո՞ւ են ճերմակ,
Մինչ ոտքերնուս տակ ցեխեն կը նեղվինք.
Անոնք ուրախ են, կը խնդան համակ
Մաքուր ճակատնին ուղղելով երկինք:
Լերան կատարներն ինչո՞ւ են ճերմակ:
Ինչո՞ւ զվարթ ես, կ'ըսեն ինձ շատեր.
Կյանքն հրապույր չունի, և աշխարհքն է սուտ.
Չե՞ս տեսներ սըրտիդ հաճույքն է հատեր,
Եվ շուքն ու պերճանք ուրուներ են զուտ:
Ինչո՞ւ զվարթ ես, կ'ըսեն ինձ շատեր:
Գիտե՞ լըճակը ինչու կը ցոլա,
Երբ արևն իր մեջ կ'արձակե ճաճանչ,

Երբ այգն իր ցողը կաթե արծաթյա
Ինչո՞ւ կը ժըպտին ափերը կանանչ:
Գիտե՞ լըճակն ինչու կը ցոլա:
Ինձ կը հարցընեն, ինչո՞ւ կը սիրես,
Երբ կյանքեդ ինկան այնքան թարմ թերթեր,
Երբոր խույս տըվավ քու սիրույդ երազ,
Եվ ըղձանքներդ ալ կ՚ըլլան տարուբեր,
Ինձ կը հարցընեն, ինչո՞ւ կը սիրես:
Հարցուցե՛ք շյուղին հողին մեջ հուռթի.
Ինչո՞ւ չի ցամաքիր անձրևներեն վերջ.
Հարցուցե՛ք աղբյուրն ինչո՞ւ կը հորդի
Երբոր սահանքներ կը հոսին իր մեջ:
Հարցուցե՛ք շյուղին հողին մեջ հուռթի:
Հարցուցե՛ք դաշտին հասկերուն դողդոջ.
Ինչո՞ւ կօրորվին ու կը վետվետին.
Ինչո՞ւ ծառերը կ՚արձակեն բողբոջ
Սոս եղևնիեն մինչ պըտերն հետին:
Հարցուցե՛ք դաշտին հասկերուն դողդոջ:
Ինչո՞ւ, ա՜հ, ինչո՞ւ ես ալ չեմ գիտեր,
Բայց կ՚ուզեմ խոսիլ, երգել անխընա,
Հորդ, անդուլ ինչպես կը գըլեն գետեր,
Եվ խընդալ կյանքի անուրջին վըրա:
Ինչո՞ւ, ո՜հ, ինչո՞ւ ես ալ չեմ գիտեր:

1902

Be the first who will comment on this
Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online