Sipil

Բաղեղը

(Մանկության հիշատակ)


Բաղեղ մ՚ունի պատուհանիս քով,
Պարտեզով փակված տունը մեր գեղին.
Որ եթերին մեջ կօրրեր նազանքով
Իր ծաղիկները կապույտ ու դեղին:
Լայն տերևները, թավշի պես կանաչ,
Փունջ-փունջ կ՚իյնային բարձերուս վըրան,
Եվ սաղարթներուն մեջեն, զերթ ճաճանչ,
Կը նըշմարեի դպրոցի ճամբան:
Ժապավենի պես կ՚երկարեր հեռուն
Ցորեններու մեջ այդ ուղին ճերմակ,
Ուր կը ծըփային անուրջներ գարուն
Եվ հիր հարսնուկեր, շափրակ ու շափրակ:
Պատերուն խորքը, ծերպերու մեջ լայն,
Մութ թավուտներու ներքև թանձրախիտ,
Թափած բուրդերուս թելերովն երկայն
Բույն կը շինեին սարյակն ու խայտիտ:
Ճառագայթներով, բուրմունքով, խանդով,
Առարկաներով սիրած, մըտերիմ
Եվ գուրգուրանքով հյուսված հոգեթով
Կ՚երևար կյանքը ինձ մինչև շիրիմ
Բայց տերևները դալկացան տակավ:
Եվ քամին թափեց ծաղիկն ու փետուր,
Թըռչուններն հույլ-հույլ հեռացան կարգավ.
Ձյունով ծածկած է պարտեզն ու կըտուր:
Թարմ բաղեղին տեղ պատուհանիս քով
Ցից պատ մը կ՚ելլե առջիս դեփ-դեղին,
Զոր կը բաղդադեմ աղի արցունքով
Ճերմակ ճամբուն հետ՝ մեր տանը գեղին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online