Sergey Dovlatov

Նոր բնակարանի ճանապարհին

Վճիտ ու արևոտ կեսօրին բեռնատար մեքենան կանգնեց:

Չկալովի փողոցի աղյուսաշեն տան մոտ: Վարորդը, շուրջբոլորը նայելով, ծխախոտ հանեց: Մոտ վազեց մի ջահել կին ու վրա-վրա, մեղավոր-մեղավոր ինչ-որ բան ասաց:
– Արագացրե՛ք,- կտրեց վարորդը:
– Ընդամենը երեք րոպե:
Կինը անհետացավ շքամուտքում:
Ոչ հեռվում տերևների արանքից սևին էր տալիս բարձրահասակ արձանը: Պատվանդանի տակ մանուշակագույն աղավնիների իրարանցում էր:
Կինը վերադարձավ, այս անգամ` ճամպրուկով:
– Արդեն բերում են:
Առջևից, հսկա, քարացած հողով լի կաթսան ձեռքին, քայլում էր ռեժիսոր Մալինովսկին: Դեմքը թույլ առկայծում էր ֆիկուսի թավուտներում:
Ռեժիսորը հոգնել էր:
Արծնապատ կաթսան երկու սանդղաշար քաշ էր տվել առաջ պարզած ձեռքերին: Հետո գրկեց, սեղմեց կրծքին: Ավելի ուշ` փորին: Վերջապես, թաղվելով սաղարթի մեջ, Մալինովսկին նրբագեղ մտմտաց.
«Մեկին մեկ` Քրիստոսը Գեթսեմանի այգում»:
Նրա ետևից երկու տղամարդ մեծ եռանդով քաշ էին տալիս պահարանը: Ղեկավարում էր քառասնամյա, թխահեր, լվանալուց մաշված սպայական գիմնաստյորկայով մայոր Կուզմենկոն: Ուսանող Գենա Լոսիկը անխոս ենթարկվում էր նրա ցուցումներին.
– Իջացրո՛ւ: Իջացրո՜ւ` ասում եմ: Հիմա` գնացինք: Ասում եմ` գնացի՛նք: Կամա՛ց: Վա՜խ, ոտըս: Ըհը, կողքա՜նց, կողքա՜նց: Մի քիչ ձախ: Կողքա՛նց: Կանգնի՛…
Պահարանը սանդղահարթակից լայն էր: Հրաշքով հանեցին: Մայորը աչքով արեց Լոսիկին ու ասաց.
– «Չես ուզում` կստիպենք» սկզբունքն է:
Փոքր-քիչ խորհրդավոր էր արտահայտվում:
Վարորդն առանց հետ դառնալու նայեց լուսավոր կլոր հայելու մեջ:
– Հլա որ դրեք էդտեղ,- ասաց նա:
Տղամարդիկ, բեռը մայթին թողնելով, անհետացան շքամուտքում: Բարձրահասակ երիտասարդ կինը հրաժեշտ էր տալիս դռնապանուհուն: Վարորդը թերթ էր կարդում…
Մալինովսկին, ձախ ձեռքը հետ գցած, քաշ էր տալիս ճամպրուկը: Լոսիկի բաժինը աշնանային վերարկուով փաթաթած նկարների կապն էր: Մայոր Կուզմենկոն թոկով կապկպեց ռադիոլայի տուփը, որի մեջ ամանեղեն էր, ձեռքն առավ երկնագույն լուսամփոփով լամպը ու թեթևոտն սլացավ ներքև:
Ոչ հաճախ ու հաճույքով ֆիզիկական աշխատանք կատարելիս մայոր թեթևակի ու հուզիչ գրգռվածություն էր ունենում, ինչպես մարզադաշտում: Բանակային կյանքի քսան տարիները նրան տարրական, բայց միանշանակ պատկերացումների էին վարժեցրել. օրինակ, որ առնականությունը ֆիզիկական կատարելությունն է: Այսինքն` միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, սիրո կամ աշխատանքի, որը կատարելու ես կրքով, հումորով ու բարեհոգությամբ:
Նրանք ծանոթացել էին ապրիլին: Վարյան այն ժամանակ ընդամենը երազում էր նոր բնակարանի մասին: Ապրում էր նախկին «ծառայանոցում»: Միակ պատուհանը բացվում էր դեպի խոհանոց: Խոհանոցը լի էր ճենճահոտով, կռվշտոցով ու ճաշի հոտերով: Կուզմենկոն հստակ հիշում էր ամեն ինչ…
Տրամվայում գեղեցիկ կին չես տեսնի: Տաքսու կիսախավարում, ցիտրուսային նստիքին հետ ընկած են սուրում, երկարոտն ու անհոգի. և ամենուրեք սպասում են նրանց: Իսկ ցեխոտ գուլպաներով գեշոներին տրամվայի ծովն է օրորում: Ու հետն էլ ապակիները զզվելի զնգզնգում են:
Մայոր Կուզմենկոն կանգնած էր` ձեռքը բռնաձողին: Աշխարհը ծուռտիկ անդրադառնում էր նիկելած մետաղից: Անսպասելիորեն այդ փոքրիկ, փոփոխական քաոսում մայորը մի այնպիսի բան տեսավ, որը ստիպեց կկոցել աչքերը: Միաժամանակ` դիմաներկի հոտ առավ: Կուզմենկոն հոգնած բարության արտահայտություն տվեց դեմքին: Հետո կռացավ ու ասաց.
– Մենք կարծես ինչ-որ տեղ հանդիպե՞լ ենք:
Չնայած կինը չշրջվեց, Կուզմենկոն գիտեր, որ հաջող է գործում: Այդպես լավ հրաձիգը, կրակագծում պառկած և առանց թիրախը տեսնելու, զգում է` կպա՜:
Կանգառում իջնելիս օգնեց Վալյային: Եվ այդ ժամանակ մի ուրախ շփոթմունք պատահեց. աղջկա թևատակին սեղմված հովանոցը մշտեց մայորի փորը:
– Շքեղ հովանոց է,- ասաց նա,- հաստատ` արտասահմանյան:
– Հա՛… Այսինքն` չէ… Լոձում եմ առել:
– Պարզ է,- ասաց Կուզմենկոն, ում քիչ էր վիճակվել Պերգոլովյան ցատկահարթակից այն կողմ գնալ:
– Քսան զլոտի եմ տվել:
– Քսա՜ն,- տաք-տաք վրդովվեց Կուզմենկոն:- Չեխերը լրիվ խիղճը կորցրել են:
– Եթե մի բան դուրըս գալիս է, փող չեմ խնայում:
Կուզմենկոն անհապաղ հավանության շարժում արեց` ի գնահատումն աղջկա խիզախության ու լայնախոհության:
Գարեջրի կրպակը շրջանցելով` հատեցին անկյունադարձը:
– Ռաշըն պեպսի-կոլա,- ասաց մայորը:
Կուզմենկոն Վարյայի սենյակում արագ շուրջը նայեց: Կարճլիկ կահույք, գրքեր, Հեմինգուեյի նկարը:
«Հեմինգուեյին գիտեմ»,- գոհունակությամբ մտածեց մայորը:
Աջից` ջրաներկ նկար: Աշտարակն ուր որ է կփլվի: Ինչ-որ տեղ տեսել է մայորը: Աշակերտական տարիների աղջամուղջում էր առկայծել` ֆիզիկայի օրենքներին կից: Հիշվում էր նույնիսկ աշտարակի անունը` փոքր-ինչ անպարկեշտ երանգով: Եվ աշտարակը պահում է, թույլ չի տալիս ընկնի` մի սովորական գրչածայր, բնական չափի մի հավի փետուր: (Ամբողջ նկարը ձեռքի ափից մեծ չէր):
Առեղծվածային խորհրդանիշերը զարմացրին մայորին:
«Իսկապե՞ս փետուր է»:
Ուշադիր նայեց. իրոք փետուր էր:
– Բառնաբելի,- այդ պահին թիկունքից ասաց կինը:
Կուզմենկոն գունատվեց ու ցնցվեց:
«Կթողեմ կգնամ,- մտածեց նա,- գրողի ծոցը… Լո՜ձ… Բառնաբե՜լի… Էս ի՜նչ աբստրակցիոնիզմ է…»:
– Կոստյա Բառնաբելիի ստեղծագործությունն է,- ասաց կինը:- Մեր նկարիչներից է, վրացի…
Նա կողքանց դուրս եկավ վարագույրի հետևից:
Մայորի ուղեղում հստակ ուրվագծվեց մի հեռավոր բառ` «պենյուար»:
– Վրացիք տաղանդավոր ազգ են,- ասաց նա:
Հետո ընդառաջ գնաց` եռանդուն, ինչպես զորահանդեսին:
– Դուք Ակուտագավա սիրո՞ւմ եք,- վերջին բանն էր, որ լսեց մայորը:

Վերա Զվյագինայի երկնագույն օրագրից
«Գիտե՞ս, արդյոք, իմ ժամանակակի՛ց, որ շաբաթվա օրերն իրարից տարբերվում են գույնով: Այդ առավոտն ինձ վառ կարմիր էր թվում` հակառակ անձրևի կտրուկ ալեգրոյի, որը խախտում էր կեսօրի մինորային սիմֆոնիան:
Տուն դառնալիս մի կանչող, պահանջկոտ հոգեհոսանք զգացի: Չդիմացա ու բարկացկոտ նայեցի վեր: Իմ առջև մի անծանոթ էր հառնել` լայնաթիկունք, կոպիտ քամահար դեմքով:
– Ջրանկար եք, անծանոթուհի՛:
Նկարի՞չ է: Ապշած էի: Ենթագիտակցությանս մեջ մի միտք թրթռաց. ինչ անսպասելի են զուգորդվում մարմնական կոպտությունն ու նրբին հոգին: Հատկապես արվեստի մարդկանց մեջ: (Մարտին Իդեն, Ակսյոնով): Հասկանալի է, հրաժարվեցի բնորդել նրան, բայց` նրբանկատորեն, որպեսզի իքսն ինձ պահպանողական չհամարեր: Մերկ մարմինը միայն փչացած մարդու մեջ է կեղտոտ զուգորդումներ արթնացնում:
– Ընդամենը սիրող նկարիչ եմ,- ասաց անծանոթը,- իսկ ընդհանրապես` զինվոր եմ: Այո՛, այո՛, սովորական զինվոր` մայորի աստիճանով: Որը սակավ ազատ ժամերին նկարակալի առջև մոռանում է առօրյա հոգսերը… Ընդամենը սիրող եմ,- տխուր կրկնեց նա:
– Արվեստը տիտղոսներ ու աստիճաններ չի ճանաչում,- ջերմորեն առարկեցի ես:- Մենք բոլորս Ապոլոնի խոնարհ ծառաներն ենք, նրա անծայրածիր տերության բնակիչները:
Մի ուրիշ հայացքով նայեց: Իսկ երբ իջանք տրամվայից, հարցրեց.
– Որտեղի՞ց եք գնել այս չքնաղ հովանոցը:
Ես տվեցի եվրոպական երկրներից մեկի ազդեցիկ ֆիրմայի անունը:
Ամբողջ խոսակցությունը ենթատեքստով էր:
Անծանոթը մեղմ դիպավ արմունկիս: Նրա կոպտավուն դեմքին արտահայտվում էր զգայական ուժը: Որոշ հակիրճ արտահայտություններ մատնում էին բարքերի սրատես կենցաղագրին: Երբ ցրված ուղեկիցս անցավ անգլերենի, պարզվեց` անբասիր առոգանություն ունի: Նրա կողքին ինձ փխրուն ու պարմանի էի զգում: Եթե մեզ տեսներ Զիգմունդ Ֆրեյդը, կցնծա՜ր:
Շեմին անծանոթը բաց ու ազնիվ նայեց աչքերիս: Առանց կեղծ բարեպաշտության նշույլի ժպտացի ի պատասխան: Քաղքենիների չարագուշակ քրթմնջոցի ուղեկցությամբ մտանք սենյակ:
Երկու ըմպանակ ֆրանսիական գինին առավել մտերմացրեց մեզ: Ահագնացած զգացմունքը նոր զոհեր էր պահանջում: Անծանոթը քաղաքավարի գրկեց ուսերս: Ես երկչոտ հպվեցի նրան:
Կատարվեց այն, ինչից ամենաշատն էի վախենում…»:

Տեղափոխվելու նախօրեին Վարյան զանգեց տասներկու տղամարդկանց: Առաջինը եկավ Կուզմենկոն:
– Մի քանի օր առաջ ընկերուհուդ տեսա,- աաց նա:- Է՜ն , էլի… Ինչ էր անո՞ւնը… Էն… Մի քիչ ներվային…
– Հա՜, Ֆաինկան… Հունիսից երեսունհինգ ռուբլի է պարտք: Չասե՞ց, երբ կտա…
– Չի ասել:
– Տես, է՜, լրբին:
– Տրոլեյբուսից տեսա,- ասաց Կուզմենկոն:
– Թեյ կխմե՞ս:
– Կնախընտրեի օղին: Բայց էդ` հետո:
– Բա ո՜նց,- ասաց Վարյան:- Դրա փողը պահել եմ:
– Փողը խնդիր չի,- ասաց մայորը:
Շուտով եկավ Մալինովսկին ու հպանցիկ բարևելով` մի պատահական գիրք բացեց:
Տղամարդիկ իրենց սառն ու անտարբեր էին պահում, չափազանց անտարբեր, մնալով ինչ-որ տեղ` անտարբերության ու թշնամանքի արանքում, անտարբեր ու անդրդվելի, չափազանց անտարբեր ու անդրդվելի, ինչպես խարդախը առերեսման ժամանակ:
Վարյան իջեցրեց նկարները: Հյուրերը տեսան, որ պաստառները խունացել են ու պատված են պորտվեյնի բծերով:
Միջանցքից լսվեց դռան զանգի ձայնը: Վարյան շտապեց հարևաններից շուտ բացել:
Հայտնվեց Լոսիկն ու կանգնեց շեմին:
– Թեյ կխմե՞ս,- հարցրեց Վարյան:
– Նախաճաշել եմ,- պատասխանեց Լոսիկը,- ազնիվ խոսք:
«Մեզնից ի՞նչ ենք ներկայացնում,- մտածում էր Մալինովսկին:- Ովքե՞ր ենք: Հավաքածո՞ւ: Հերբարիո՞ւմ: Ինչո՞ւ ենք այստեղ: Ինչո՞ւ եմ այս աղմկոտ հեգեմոնի կողքին: Ի՞նչ ընդհանուր բան ունեմ թանաքոտ մատներով այս տղեկի հետ»:

Նա նստել էր բուտաֆորական բազկաթոռում ու Մարինա Յակովլևային ասում էր.
– Դու հերոսուհի ես, հասկանո՞ւմ ես: Քեզ վրա են կենտրոնացած ներկայացման բոլոր գլխավոր հույզերը: Ես պիտի ցանկանամ քեզ, հասկանո՞ւմ ես: Ների՛ր, Մարի՛նա, ես քեզ չեմ ցանկանում:
– Պա՜հ,- ասաց Յակովլևան,- շատ էլ պետքս ես…
Նրա ամուսինն աշխատում էր մշակույթի վարչությունում:
– Դու ինձ նեղ կենցաղային իմաստով հասկացար: Վերացարկված էի ասում:
Ու Մալինովսկին ձեռքերն անորոշ պտտեց ազդրերի շուրջը:
«Սիրուն կնիկ է,- մտածում էր ռեժիսորը,- ինչպիսի՜ լանդշաֆտ: Բայց ի՞նչ օգուտ: Կյանք չկա մեջը, ոնց որ վերմիշել լինի: Ափսո՜ս: Կրակ չկա մեջը, կրա՜կ: Ներկայացումը փուլ է գալիս…»:
Նրա թիկունքին հառնում էին աղյուսաշեն պատերը: Գլխավերևում թույլ լուսավորված ճախարակներն էին: Ձախից առկայծում էր վահանակի կարմիր լամպը: Հետնաբեմի ցուրտ աղջամուղջը տագնապ էր ներշնչում:
– Ֆոլքներ կարդացե՞լ ես:
Գլխի ծույլ շարժում:
– Մի տեսակ հավատս չի գալիս: Լավ, ինչ որ է: Ֆոլքներն ասում էր` ցանկացած շարժում արտահայտում է մարդու յուրահատուկ փորձը: Եվ նրա մեջ, թե հերոսուհին ինչպես է ծխում, ինչպես է շտկում փեշը, ապրում են անցյալը, ներկան ու հստակ գուշակվում է ապագան: Ենթադրենք` անցնում եմ փողոցով…
– Տեսեե՜ք-տեսեք, ի՜նչ իրադարձություն է,- քմծիծաղեց Յակովլևան:
– Ապո՜ւշ,- գոռաց ռեժիսորը:

Մալինովսկին դեգերում էր թոկերի, նրբատախտակե վահանակների արանքում` հետևում թողնելով հումորով ու ծուլությամբ լեցուն լռությունը:
Դերասանական տոհմի ժառանգ լինելով` մանկուց էր հետնաբեմից հետևում թատրոնին: Սիրեց թատրոնի դարձերեսը, բայց դրա փոխարեն` ընդմիշտ ատեց կյանքի բեմական կողմը: Ընդմիշտ զզվանքով լցվեց կեղծիքի հանդեպ: Իբրև անհաջողակ ինքնասպան, իբրև արտիստ:
– Մի վշտացեք,- լսեց Մալինովսկին ու հասկացավ, որ խոսում է երկնագույն խալաթով շիկահեր կնոջ հետ:- Նրանք դեռ կզղջան…
Մալինովսկու հոգում խլրտաց ընդվզումը:
– Մի՞թե չեն հասկանում, որ արտիստը դոնոր է, արյունատու, որը նվիրաբերում է իրեն` փոխհատուցում չպահանջելով…
– Երկրորդ կազմի՞ց եք,- հետաքրքրվեց Մալինովսկին:
– Դիմահարդար եմ:
– Պետք է նայել… Բացառիկ կառուցվածք ունեք:
– Կառուցվա՞ծք:
– Արտաքին տեսքը…
Մալինովսկին կոճկեց բաճկոնն ու Վարյային տվեց անձրևանոցը:
Նրանք դուրս եկան թատրոնից: Անձրևաշղարշի միջով դեղնին էին տալիս տրամվայների լույսերը:
– Արվեստագետը պիտի լիովին տրվի,- ասում էր Վարյան:
Ու նորից հոգնած բողոք արթնացավ ռեժիսորի հոգու ծանծաղուտում:
– Հասանք,- ասաց Վարյան:
«Գարշելի՜ է… Կեղծի՜ք…»,- մտածեց Մալինովսկին: Ու նույն պահին էլ ներեց ներկա ու գալիք տարիների իր բոլոր մեղքերը:
Շխկաց անջատիչը: Քանի՜ անգամ էր այդ ամենը տեսել: Պճնամոլ ջարդոնի լեռներ: Ալկոհոլային հուշանվերների զորաբանակներ: Կրոնական պաշտամունքի անգրագետ ընտրված պարագաներ: Բարբարոս գեղանկարչություն: Ջարդրտված կլավեսիններ: Գրոշանոց ճենապակի: Սրբապատկերների կտորտանք` կինոդերասանների լուսանկարների հարևանությամբ: Մեջընդմե՛ջ: Նիկոլա-սուրբը, Սավելիյ Կրամարովը… Գողական փղձուկ` կիթառի նվագակցությամբ… Գարշա՜նք… Սո՜ւտ…
«Այս ամենը երբևէ վերջ կունենա՞»,- մտածեց ռեժիսորը:
– Ի՞նչ ենք խմելու,- հարցրեց Վարյան:
– Վալիդոլ,- անժպիտ պատասխանեց Մալինովսկին:
– Թեյ կդնեմ:
«Ուզում է դերասանուհի դառնա,- մտածեց ռեժիսորը,- հոգսի տակ եմ ընկնելու: Չե՛մ անի… Ի՜նչ զզվելի ձայն ունի: Ռեժիսորը գիշերում է դիմահարդարի մոտ…»:
Սակայն տագնապի բարալիկ ծուխը կրկին հալվեց նրա հոգնության ու թախծի լայնարձակության մեջ:
Վարյան բացեց դուռը: Մալինովսկին, մեղավոր նայելով, կոշիկներն էր հանում:
– Ոչ մի խոսք,- ասաց նա,- քոմ ցու միր…

Վերա Զվյագինայի երկնագույն օրագրից
«Ա՜խ, եթե գիտենանայիր, իմ ժամանակակի՛ց, ինչ է զգում արարիչը` իրենից հետ, հեռվում թողնելով պահպանողական դարաշրջանը: Նրա գաղափարները ջախջախվում են` խփվելով լռության ցուրտ պատին: Տխմարները մատով են ցույց տալիս նրան: Կանայք անհաջողակ են համարում:
Ո՞ւր է նա, ում չհանդիպեց Մայակովսկին: Ո՞ւր է նա, որ կարող էր բռնել Դանտեսի սառցեղեն ձեռքը: Ո՞ւր է նա, որը կջերմացներ պորուչիկ Լերմոնտովի խռովարար սիրտը:
Երեկ վերջապես խոսեցի Արկադի Մ.-ի հետ: Փորձ էր անում Մարինա Յա.-ի հետ: Հպանցիկ հղումներ ռուս և արտասահմանյան դասականներին… Արտահայտիչ ռեժիսորական իմպրովիզացիաներ… Մեղմ, քաղաքավարի դիտողություններ… Ամեն ինչ իզուր էր: Ապուշ Յա.-ն միայն մի գլուխ կոպտում էր: (Ասում են ամուսինն ինչ-ինչ մարմիններում է աշխատում): Վերջապես սովորական սառնասրտությունը դավաճանեց Արկադի Մ.-ին: Նա շրջվեց և գլուխն ափերի մեջ առած` նետվեց դեպի դուռը:
Ես մոտեցա նրան:
– Դուք դերասանուհի՞ եք,- հարցրեց:
– Ո՛չ, ո՛չ, ընդամենը դիմահարդար:
– Արվեստում աստիճաններ ու կոչումներ չկան,- կտրուկ ընդհատեց նա: Հետո ավելացրեց:- Բոլորս Ապոլոնի ստրուկներն ենք: Մեզնից յուրաքանչյուրը Նորին մեծություն կայսրուհի Մելպոմենի հպատակն է:
Որոշ ժամանակ խոսում էինք ամենանվիրականի մասին: Ամբողջ խոսակցությունը ենթատեքստով էր:
Արկադին քաղաքավարի թևանցուկ արեց ինձ: Կանանց նախանձող քչփչոցի ներքո ուղղվեցինք դեպի դուռը: Մեզ իր գիրկն առավ տեղացող ձյան համր նվագակցությունը…
Ինձ մոտ Արկադին իրեն նրբանկատ էր պահում, բայց` առանց կեղծ բարեպաշտության: Սկզբում նկարները նայեց: Հետո մի հզոր ակորդ առավ կլավեսինից` արժանին մատուցելով հմտորեն կազմված գրադարանին:
Ես հյուրին մի ըմպանակ լիկյոր առաջարկեցի: Մ.-ն մատների ծայրով քաղաքավարությամբ հետ մղեց:
– Չեմ խմում: Թատրոնն ինձ համար փոխարինում է գինուն: Հետնաբեմի նրբին բույրն ավելի թունդ է արբեցնում, քան թանկարժեք մուսկաթի գինին:
Նստել էինք կողք կողքի` զրուցելով, գրականությունից, կերպարվեստից, թատրոնից: Ապա ցավով հիշեցինք հանճարեղ նկարիչների, որ մահացել էին անհայտության ու չքավորության մեջ:
– Սե լյա վի,- անցնելով ֆրանսերենի` նկատեց Արկադին: Ու ես անսպասելիորեն ձեռքս հպեցի նրա այրվող ճակատին: Զիգմունդ Ֆրե՛յդ, ո՞ւր էիր այդ պահին…
Կատարվեց այն, ինչից հույս ունեինք խուսափել…»:

Մայորը, պպզած, ճամպրուկն էր կողպում: Ռեժիսորն իրերն էր մոտեցնում դռանը: Գենան բարձրացնում էր կապոցներն ու տուփերը: Կամ ուժն էր փորձում, կամ կշռում բեռը: Լուռ էին, չնայած ակնհայտ թշնամանք էլ չէին զգում: Նույնիսկ ուրախանում էին շփման ամեն մի չնչին առիթով:
– Հլա պահի,- ասում էր մայորը, ու Լոսիկը հաճույքով հուպ էր տալիս ճամպրուկի կափարիչը:
– Կարելի՞ է ծխել,- հարցնում էր ռեժիսորը, ու Կուզմենկոն անմիջապես գրպանից հանում էր նորաձև կրակայրիչը…
– Մեքենան սպասում է,- ասաց Վարյան:
Մալինովսկին գրկել էր բուռն փարթամացած ֆիկուսով կաթսան:
Տանելու հարմար իրերը քիչ չէին. ճամպրուկներ, գրքեր, ազդեցիկ չափսի, բայց թեթև սպիտակեղենի կապոցներ… Մալինովսկին անիծում էր իրեն, որ հենց այդ նողկալի հրեշը` հողով լի արծնապատ տարողությունն ընտրեց:
Սկզբում ռեժիսորը քամահրանքով իրենից հեռու պարզած ձեռքերին էր տանում: Հետո հոգնեց: Երկու րոպե անց վատացավ: Էլի մի րոպեից զգաց` ուր որ է կաթվածահար կլինի:
Նրա հետևից Կուզմենկոն ու Լոսիկը քաշ էին տալիս սպասքապահարանը: Նեղ սանդղավանդակում խեղդուկ ձայնով շշնջում էին.
– Էդպե՛ս… Իմ կո՛ղմը… Զգո՜ւյշ… Ա՛ջ… Լա՛վ է…
Տղամարդիկ իրերը դարսեցին ասֆալտին: Դրանք խղճուկ տեսք ունեին: Պահարանն` առանց ապակիների: Մաշված ճամպրուկը չէր անդրադարձնում արևի ճառագայթները: Լոսիկը նկարները հենել էր պատին: Շրջոնքը կորած էր փոշու մեջ: Ժանգոտ մեխերից կախվել էին հանգուցավոր թոկերը:
«Հրաշալի կադր կլիներ,- մտածում էր ռեժիսորը:- Փողոցը, աղավնիները, տրամվայներն ու այդ իրերը` մայթին… Ա՜խ, մարդկային բարեկեցությունն ինչ հեշտ է վերածվում հնոտու կույտի…»:
Երեք տղամարդ բարձրանում էին վերև` արույրե ցուցանակներին կարդալով ծիծաղաշաժ ազգանոնները. «Բլուդիկով, Զայաց, Կրոնշտեյն…»:
«Հավաքական կեղծանուն է հիշեցնում,- նկատեց ռեժիսորը,- թատերագիր Ալեքսանդր Կրոն-Շտեյն…»:
– Ինձ սառնարանն է անհանգստացնում,- ասաց Գենա Լոսիկը:

Առավոտները նա հեռագրեր էր բաժանում: Ջանալով գրպանի փող վաստակել` ժամերով դեգերում էր բակերում: Նրա պատկերացմամբ` փողն ինչ-որ ձևով կապ ուներ կանանց հետ, իսկ կանայք Լոսիկին չափազանց էին հետաքրքրում:
Նա սիրում էր խմբի բոլոր աղջիկներին: Ինստիտուտի բոլոր մեքենագրուհիներին: Նույնիսկ հավաքարարներին, որ կռացած` ցեմենտե հատակն էին լվանում: Սիրում էր բոլոր աղջիկներին, բացառությամբ ակնհայտ տգեղների, որոնք կանացի հավերժական պատերազմում անձնատուր եղած` որպես ստորացուցիչ կերպով հավասարներ լուծվում էին տղամարդկանց միջավայրում: Բայց նույնիսկ նրանց հետ Լոսիկը փոփոխամիտ խոստումնալից հարաբերություններ էր ունենում: Մի անգամ Գենան ծխում էր ինստիտուտի երկու մասնաշենքերը միացնող պուրակում: Կողքին մի աղջիկ ինչ-որ բան էր սերտում: Հագին մաշված սև բոկոտիկներ էին: Աղջկա հույլ դեմքը, աղքատիկ սանրվածքը, լվանալուց մաշված դպրոցական զգեստը, կրծած եղունգները միանգամայն հիասթափեցրին Գենային: Հանկարծ աղջիկը շրջվեց ու ծալելով նրա վերնաշապիկի թեզանիքը` նայեց ժամացույցին: Հետո նորից խորացավ Ֆիխտենհոլցի դասագրքի մեջ: Բայց այդ վայրկյանից Գենան նրան էլ էր սիրում:
Առավոտյան, սառած ձեռքերը վերարկուի գրպանները խրած, Գենան հեռագրեր է բաժանում: Նրան փող է պետք: Ու ոչ թե նրա համար, որ տղայի կարծիքով` սերը գնում են փողով, այլ նրա` որ փողն ու սերը հանելուկային կերպով կապված են նրա պատկերացումներում: Ինչպես լույսն ու ջերմությունը, ինչպես գիշերն ու լռությունը… Համենայնդեպս, Գենան սպասում է, որ սերն ու փողը կհայտնվեն միանգամից, միասին և մեկընդմիշտ:
Նա կարդում է ազգանունները, սեղմում մուտքի դռան զանգի բազմագույն կոճակները, պարզում ճմռթված թղթերը: Հետո տառապանքով ընդունում թեյավճարը: Մետաղադրամները հատ-հատ զնգում են նրա հպարտության հատակին:
Քանի դեռ Վարյան կարդում էր հեռագիրը. «…հրեշտակի օրը… առողջություն… երջանկություն», Գենան աննկատ զննում էր նրան:
– Դու սառել ես ու թեյ ես ուզում,- ասաց Վարյան:
Զուգարանակոնքի հեռավոր քրթմնջոցի ներքո Գենան գնում էր մգդակած խալաթի ետևից: Պաստառների խունացած վարդերի կողքով, դռների մոտով, որոնցից անդին թագավորում էին շրշյուններն ու հետաքրքրասիրությունը:
Նրանք թեյ էին խմում, զրուցում էին. «Մորից հարազատ մարդ չկա…»: Լոսիկը շուտ-շուտ վեր էր թռչում, գրպանից հանում թաշկինակը: Վարյան խալաթն էր շտկում: Գենան կարմրում էր` ցնցվելով թեյի գդալի զնգոցից… Կամաց-կամաց հարմարվեց…
– Մեր մոտ` ԼԻՏՄՕ-ում, մի դեպք պատահեց: Կլիենտներից մեկին,- պատմում էր Գենան,- հեռացրին հարբեցողության համար: Մի տարի արտադրությունում էր բանում: Հետո եկավ դեկանի մոտ, ավելի ճիշտ` դեկանի տեղակալի: Ու դեկանի տեղակալն ասում է. «Ես քո վրա խաչ եմ քաշել: Ուրեմն քո խաչքավորն եմ…»: Ծիծաղելի է, չէ՞
– Շա՜տ,- ասաց Վարյան:
Մի քանի րոպե անց Գենան հրաժեշտ տվեց ու դուրս եկավ: Նրան դիմավորեց աշնան աղքատիկ արևով թեթևակի ներկված փողոցը:

Վերա Զվյագինայի երկնագույն օրագրից
«Եվ, համենայնդեպս, ի՛մ ժամանակակից, կյանքը սքանչելի է: Եվ կյանքում սխրանքը տեղ ունի, ունի՛: Ես զգում էի դա մի լավ տղայի միամիտ կարճատես աչքերի խորքը նայելիս: Փոստատար աղավնու պես նա ներս թռավ իմ ցուրտ խցի օդանցքից…
Խոսում էինք մանր-մունր բաներից, գրքերից, ամբողջ խոսակցությունը ենթատեքստով էր:
Նայում էր ինձ: Զգում էի` երեխան տղամարդ է դառնում: Էլի մի վայրկյան` ու բուռն խոստովանություն կլսեմ: Օ՜, Զիգմունդ Ֆրեյդը դա տեսնելով` կթռչկոտեր ուրախությունից… Եվ այստեղ ինձ շշնջացի.
«Երբե՛ք: Այս տղան չի տեսնի կյանքի դաժան դարձերեսը: Երեսպաշտության զոհ չի՛ դառնա: Չի զգա այս աշխարհի ողջ ստորությունը»:
Ես վեր կացա ու բացեցի դուռը: Կլավեսինի հղկած կողին առկայծեց իմ անդրադարձումը:
Պատանին տրտում նայեց ինձ, կտրուկ շրջվեց, ու քիչ անց լսեցի արագ ոտնաձայնն աստիճաններին:
Խաղաղվելու համար ստիպված երկար թերթեցի Վան Գոգի վերատպությունների ալբոմը:
Մենք խուսափեցինք նրանից, ինչն անխուսափելիորեն պիտի կատարվեր…»:

Մայթին բլրացել էր իրերի կույտը: Ֆիկուսը կահույքի արանքում կանաչին էր տալիս ինչպես բարդին` նորակառույցների շրջանում: Մայորն ու ռեժիսորը ծխում էին գարեջրի կրպակի ստվերում: Լոսիկը, պպզած, հարավսալավական ամսագիր էր թերթում:
– Այսպե՜ս,- ասաց Վարյան,- գնամ նայեմ…
Նա, սառը բազրիքներին հպվելով, բարձրացավ վերև: Նայեց նախասենյակի պատերին: Մտովի հրաժեշտ տվեց բոլոր ճաքերին: Կտրեց նեղ, մանկական խաղալիքներով, հեծանիվով, լագանով, սնդուկներով, ավերակ ու անտեր պահարանով խրկված միջանցքը: Հայտնվեց սենյակում, որն անսպասելիորեն ընդարձակ ու լուսավոր էր, ինչպես սառցադաշտը: Հատակին դեղասրվակներ էին թափված, ձայնասկավառակի բեկորներ, մի քանի ճմռթած թուղթ ու մի կտոր մգացած շաքար…
Նա լվացվեց ու, առանց դիմաներկի, հանկարծ ջահելացավ:
Հետո փակեց դուռն ու հեռացավ առանց հետ նայելու:
Այն ժամն էր, երբ նոր-նոր է սկսում մթնել, իսկ մեքենաների լուսարձակներն արդեն վառվում են: Իրերը շարված էին բեռնատարի կողքին` աննպատակ ու խառնիխուռբ` ռազմավարի պես: Միայն թե շքեղությունն էր պակասում: Նույնիսկ արտասահմանյան, ողորկ, բազմաբղետ փողոցն արտացոլող կահույքը ձանձրույթ էր բերում:
Մալինովսկին, կաշեպատ աթոռակին նստած, միտք էր անում.
«Տեղափոխությունն աղետալիորեն արժեզրկում է իրերը: Տեղափոխվելիս են ասում` փետեղեն ու աման-չաման, ու հոգիդ մրսում է»:
Կուզմենկոն հանկարծ անհանգիստ իրար եկավ ու Մալինովսկուն ասաց.
– Կյանքի մասին ֆիլմերը քիչ են:
– Չհասկացա:
– Ասում եմ` լավ նկարները քիչ են: Մի քանի օր առաջ մեկը նայեցի. տղամարդը տուն ունի, կինն էլ տուն ունի, պահարան, բազմոց, հայելու սեղանիկ… Ու բոլորը դժգոհ են… Մի գլուխ` լա՜-լա՜-լա՜, լա՜-լա՜-լա՜…
– Չեմ նայել: Լավ ու վատ ասել չեմ կարող,- պատասխանեց Մալինովսկին,- կարծում եմ` ֆիլմում կարող էին ուրիշ հարցեր շոշափված լինել… էթիկական բնույթի…
– Մեր մոտ` ԼԻՏՄՕ-ում մի դեպք պատահեց,- ընդհատեց Գենան,- կլիենտներից մեկը գծագրությունից քննություն էր տալիս: Դոցենտ Յուդովիչը լսեց-լսեց ու օրորեց գլուխը: «Վատ է, Սադի՛կով, երկո՛ւ»: Իսկ Վիտկա Սադիկովը կռանում է սեղանին ու դոցենտին կամաց ասում. «Երեք դրեք»: Ծիծաղելի է, չէ՞:
– Զվարճալի է,- աաց Մալինովսկին:
– Գիտությունը լույս է,- անփույթ արտահայտվեց Կուզմենկոն:
Վարյան արթնացրեց վարորդին: Նա չուզելով ոտք արեց կողի վրայով ու հայտնվեց մեքենայի թափքում:
– Հե՜յ, տվեք տեսնեմ,- ասաց նա` հառնելով բոլորի գլխավերևում:
Եվ Մալինովսկին անմիջապես, հիպնոսվածի նման, ճանկեց էմալապատ կաթսայի ունկերը:
– Տեղը դիր,- հրամայեց վարորդը,- թախտն ու պահարանը տվեք:
Նա խոշոր իրերը դասավորեց թափքակողերի երկայնքով ու գրքերը վարպետորեն խցկեց արանքները: Հայելին բարձերով բարուրելով` խցիկի ու պահարանի արանքը դրեց բազմոցի գլանիկը: Հետո ծույլ-ծույլ ցատկեց ասֆալտին ու զննեց պատկառելի չափերի դզոտը, ավելի ճիշտ` բարիկադը: Գիշերալամպը ճոճվում էր դրոշի պես…
Վարյան երրորդ փորձից փակեց դուռը: Նայեց հին տանը: Ամբողջովին առավ հայացքի մեջ: Ծռված ալեհավաքից մինչև սանդղամուտի քառթ-քառթ աստիճանները: Բակի հեռավոր անկյուններից մինչև բերանները թանզիֆով կապած բանկաները` պատուհանագոգին: Դեղին ավազափոսում մոռացված խաղալիքներից մինչև այդ պահը` բեռնատարի խցիկում:
Հետո աաց.
– Լա՛վ, գնացի՛նք:
Մեքենան շարժվեց: Մալինովսկին, Կուզմենկոն ու Լոսիկը թեթևացած շունչ քաշեցին: Կողքից սահեցին ծառերը, ցուցանակները, գունզգույն պատուհանները…
Կենտրոնը անցան: Ինչպես ջերմանավի տախտակամածից` նայեցին Նևային: Ու շուտով հայտնվեցին միջանցիկ քամիներից փշաքաղված նորակառույցների շրջանում:
– Էս ապրելու տեղ չի,- գոչեց Կուզմենոկոն,- շենքերը լրիվ իրար նման են, խմած եղար` կմոլորվես:
– Քամի՜ է: Չե՜մ լսում,- արձագանքեց Մալինովսկին:
– Ասում եմ` հարբած` ճամփան չես գտնի…
– Չե՜մ լսում:
– Խմած, ասում եմ, տուն ես գալիս…
– Հա՜:
Լոսիկն ուզում էր երգել: Զիլ սուլեց:
Ձեռքդ պարզեիր` կդիպչեր լուսակրին:
Վերջապես մեքենան արգելակեց ծռմռված ծածկով նեղ շքամուտքի մոտ: Վարորդը դուրս եկավ խցիկից, իջեցրեց թափքակողը: Տղամարդիկ ցատկեցին սիզամարգի վրա:
Հետո դատարկեցին իրերը, բարձրացրին մաքուր սանդուղքներով… Մթնեց… Վառվեցին նոսրաշար կորամեջք լապտերները: Աստղերը երկնքում խունացան, կորցրին պայծառությունը: Մի հեռավոր էլեկտրաքարշ շչաց:
Կուզմենկոն սեղանին թերթ փռեց ու կանգնեց վրան: Շուտով թույլ-թույլ վառվեց ոլորած լարից կախված լամպը:

Հետո լվացվեցին ցնցուղարանում: Վարյան բացեց սպիտակեղենի կապոցն ու սրբիչ հանեց: Քիչ անց սրբիչն արդեն լրիվ թաց էր:
– Տղանե՛ր,- ասաց Վարյան,- մի քանի րոպեով դուրս գամ…
– Ո՞ւր,- հարցրեց մայորը:
– Ասեցի, չէ՞, դրա փողը պահել եմ…
– Իմ մոտ էլ կա: Ըհը՛: Չի հերիքի՞:
– Ես էլ եմ ուզում մասնակցել ծախսերին,- հայտարարեց Մալինովսկին,- ալկոհոլի հանդեպ ակնածանք չունեմ, բայց… Ահա, վեց ռուբլի:
Լոսիկը կարմրեց:
– Ջահելը կգնա,- ասաց Կուզմենկոն:- Կգնա՞ս, չէ՞, ջահե՛լ:
«Երբ եմ վերջապես բոլորիցդ մեծ լինելու»,- մտածեց Գենա Լոսիկը:

Գենան վերադարձավ: Գրպաններն ուռած էին: Սեղանին արդեն ճերմակին էին տալիս ափսեները: Մոխրամանը լեփ-լեցուն էր ծխուկներով: Վարյան պահարանի դռնով պաշտպանված` հագուստն էր փոխում: Հայտնվեց անպաճույճ կանաչ կոստյումով: Հարթ սանրվածքը կոկոն էր հիշեցնում:

Մայորը, ծնկներով սեղմած, բացեց շշերը: Վարյան երշիկ կտրտեց, հետո հանեց բաժակները: Բաժակներն առանձին-առանձին փաթաթված էին թերթի թղթով: Քանի դեռ օղին էին լցնում, սովորական ռուսական լռություն էր:
– Բնակարանամուտդ շնորհավոր,- հայտարարեց մայորը:
Վարյան կարմրեց ու անպատեհ ասաց.
– Ձերն էլ:
Իսկ հետո լաց եղավ, և արդեն դժվարությամբ լսվեց.
– Ես ձեզնից բացի ոչ ոք չունեմ…
Խմում էին առանց շտապելու: Հանկարծ պարզվեց, որ արդեն լուսամուտի գոգին ինչ-որ բանկաներ են հայտնվել: Բազմոցը ծածկված էր վառվռուն կտորով: Պահարանի ապակիների հետևն ինչ-որ զիզի-բիզիներ էին:
– Կյանքի մասին ֆիլմերը քիչ են,- ասում էր մայորը:- Նայում ես` էնքան պրոբլեմ կա… Մի փաստ բերեմ… Բնակչուհիներից մեկը աղբը տարել էր թափի… Հայտնվեց անհայտ կողոպտիչը… Առավ դույլն ու էն գնալն էր, որ գնաց… Ինչի՞ է կինոն էստեսակ փաստերն անտեսում:
– Թույլ տվեք,- ասում էր Մալինովսկին,- չէ՞ որ արվեստը պարզապես չի պատճենում կյանքը` նրա կենցաղային համարժեքը ստեղծելով… Ավելին, իսկության մակարդակում կյանքը վերարտադրելու փորձերը խանգարում են հանդիսատեսի և պատկերվող իրականության առնչմանը:
– Դուք գիտե՞ք ինչ է իսկությունը,- մայորի կողմը թեքվելով` ընդհատում էր Գենա Լոսիկը:
– Հաց կեր,- ասում էր Կուզմենկոն,- որ խմում ես, կեր, ջահե՛լ, թե չէ արդեն…
– Եթե իրականությունն անմիջականորեն ձևավորվում է որպես գեղագիտական զգացմունքի առարկա,- ասում էր Մալինովսկին,- հանդիսատեսը վերածվում է ֆիլմի համահեղինակի: Արվեստը կյանքից ճշմարիտ է, եթե կուզեք…
– Ափսո՜ս, Լենինը չկա,- մղկտում էր Կուզմենկոն:
– Մի՛ կռվեք,- խնդրեց Վարյան ,- այնքան լավ օր է…
– Այ էսպիսի մի պատմություն էլ եղավ,- ասաց Գենկան,- կլիենտներից մեկը` Յաշկա Բարանովը, նկատել էր, որ ամբիոնի մոտ կանգնած դոցենտ Ֆալկովիչը դասախասություն կարդալիս հաբ կուլ տվեց: Ու ասում է. «Ռէ՛մ Աբրամովիչ, իսկ եթե դրանք տարիներով նստում-մնում են ստամոքսում ու չեն հալվո՞ւմ»:
– Սարսափելի՜ է,- ասաց Վարյան:- Թեյ կուզե՞ք: Առանց քաղցրի…

Տղամարդիկ իջան ներքև: Հետո պատերի տակով անցան` ոտք անելով սիզամարգը շրջանակած խողովակների վրայից:
Վարյան երկար կանգնել էր պատշգամբում: Տղամարդիկ նրան չէին տեսնում. մութ էր: Միայն Լոսիկն էր պտտում գլուխը…
Հիմա նրանք ընդմիշտ կբաժանվեն: Եվ գուցե իրենց հեռավոր օջախները տանեն մի բան, որ այնտեղ կապրի ընդմիշտ:
Տղամարդիկ մոռանում էին իրար` հոգնած ու տարբեր` ինչպես նորակոչիկները ծանր արգելավազքից հետո… Վերադառնում ես ծանոթ ճանապարհով: Չարչարանքն անցյալում է: Հակագազը ճոճվում է: Թույլատրված է ծխել: Գնդապետը գալիս է մեքենայի թափքում, նրա հետ քաղղեկն ու բուժակն են:
Եվ այստեղ շարքի առջևում հայտնվում է նախերգիչը: Երգը ուժգնանում է: Քայլերգ է պահանջում:
Եվ բոլորին արդեն պարզ է` ինչ վաղո՜ւց ես երգում այդ հին հիմները` եղբայրներիդ, ոչ թե քո մասին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Aramyants castle in Akhtala
Aramyants castle in Akhtala
Play Online

Support us! Buy our art based products from online shop