Sergey Dovlatov

Միայնակների երթը

Անտառահատարան հասնելու համար պետք է շրջանցել նշանավոր օսոկինյան ճահիճը: Հետո հատել երկաթգծի գծանցը: Հետո, էլեկտրակայանի մռայլ մասնաշենքերը շրջանցելով, իջնել սարնիվար: Ու նոր միայն կհայտնվես Չեբյու ավանում:
Ավանի բնակչության կեսը ժամանակավոր գրանցվածներ են՝ նախկին ճամբարականներից: Մարդիկ, որոնց ընկերությունն ու կռիվը չեն տարբերվում իրարից:
Տարիներ շարունակ կրել են իրենց պատիժը: Հետո հագել են քսան տարի շարունակ պահասենյակում փակված քաղաքացիական քրջերը: Ելնում էին դարպասներից՝ թիկունքում թողնելով սողնակի սառը թխկոցը: Եվ այդ ժամանակ միայն պարզվում էր, որ ցանկալի ազատությունն ընդամենը ծանոթ կրկներգ է, ոչ ավելի:
Ազատության մասին էին երազում, երգում էին ու երդվում…
Բայց դուրս եկան, ու հորիզոնից հորիզոն նույն տայգան էր…
Հավանաբար նրանց ավերակել էր ճամբարային օրերի անվերջանալի միապաղաղությունը: Նրանք չէին ուզում փոխել սովորություններն ու վերականգնել կորուսյալ կապերը: Բնակություն հաստատեցին ճամբարների արանքում՝ ժամապահների տեսադաշտում: Պահպանելով, եթե կարելի է այդպես արտահայտվել, մեր պետության գաղափարական հաշվեկշիռը ճամբարային արգելապատի երկու կողմերում:
Նրանք ամուսնանում էին Աստված գիտի ում հետ: Երեխաներին խեղում բանտային իմաստնություններով.
«Մենակ մանր ձկներն են ուռկանն ընկնում…»:
Փաստորեն ավանն ապրում էր ճամբարային օրենսգրքով: Բնակչությունը պարծենում էր գողական վարքուբարքով: Ու ցանկացած ընտանիքի մինչևիսկ երրորդ պորտը մորֆի էր սրսկվում: Ու դրա հետ մեկտեղ՝ ,պլան էին քաշումե և ատում ուղեկցորդային զորքերը:
Եվ չարժեր, որ այստեղ որևէ խմած չեկիստ հայտնվեր: Կարմիրով բոլորակված նրա գլխին անմիջապես ամպեր էին կուտակվում: Թիկունքում շրխկում էին դռները: Դեռ լավ է, եթե մենակ չէր լինում…
Անցյալ տարի երեք սղոցարար գինետնից դուրս քաշեցին մի սփրթնած չեկիստի: Նրա ուսերին փշաքաղվել էին խավոտ թևիկները: Խնդրում էր, համառում, նույնիսկ հրամայում: Բայց այնպես խփեցին, որ գլխարկը թռավ սանդղամուտի տակ: Հետո ,ճոճանակե սարքեցին: Մի տախտակ դրեցին կրծքին ու պայտած սապոգներով քայլեցին վրայով:
Առավոտյան պահեստի աշխատողները հայտնաբերեցին դիակը: Սկզբում մտածեցին՝ հարբած է: Բայց հանկարծ նկատեցին արյան նեղլիկ երիզը, որ բերանից հոսել, թանձրացել էր գլխի տակ:
Հետո ժամանեց զինվորական հետաքննիչը: «Անորսալի վրիժառուները» կինոնկարի ցուցադրումից առաջ խոսեց հարբեցողության վնասների մասին: Իսկ «Սերժանտ Դիմզան ո՞նց, պըրծ ու էդպես էլ անցավ-գնա՞ց» հարցին պատասխանեց.
– Քննությունն, ընկերնե՛ր, միակ ճիշտ ճանապարհի վրա է…
Սղոցարարներն այդպես էլ դուրս պրծան, չնայած Չեբյու ավանում ամեն մի շուն գիտեր նրանց…
Անտառահատարան հասնելու համար պետք է շրջանցել երկաթգիծը: Իսկ մինչ այդ՝ երերուն կամրջակը՝ արևից ճերմակած ջրերի վրայով: Իսկ մինչ այդ՝ Չեբյու ավանը, որ լի է հաշիշի ծխով ու սարսափով:
Ահա նրա դիմանկարը, ավելի ճիշտ՝ լուսանկարը: Ալեբաստրե քնարները՝ ակումբի մեխած դռների գլխին: Քաղցրաբլիթներով ու անուրներով խրկված փոքրիկ կրպակը: Գեղանկար դիագրամները, որ մեզ միս, ձու, բուրդ և այլ ինտիմ բարիքներ են խոստանում: Լեոնիդ Կոստրիցայի ազդագիրը: Ինչ-որ մեռել թե հարբեցող՝ ճամփեզրին:
Եվ այդ ամենի վրա՝ շների հաչոցը, որ խլանում է շրջանակավոր սղոցի մռունչից…
Առջևից գնում էր հրահանգիչ Պախապիլը՝ Հարունի հետ: Ձեռքին բրեզենտե փոկն էր: Ծխախոտ կպցնելով ու լուցկիները կոտրատելով՝ ինչ-որ բան էր ասում էստոներեն:
Գուստավը բուծարանի բոլոր շներին էստոներեն էր սովորեցրել: Շնավարները դրանից դժգոհ էին: Բողոքում էին ավագ Եվչենկոյին:
«Նրան հրամայում ես՝ ինձ մո՛տ եկ, իսկ էդ շան ձագը՝ նիխտ ֆըրշտեյն»:
Հրահանգիչն ընդհանրապես քիչ էր խոսում: Եթե խոսում էր, ապա միայն՝ էստոներեն: Ու հիմնականում ոչ թե երկրացիների, այլ՝ Հարունի հետ: Շունը միշտ նրա կողքին էր:
Պախապիլն ինքնամփոփ մարդ էր: Աշնանը նրա անունով հեռագիր եկավ: Ստորագրել էին զորամասի հրամանատարն ու Նարվայի քաղգործկոմի քարտուղարը:
«Շտապ թռեք՝ գրանցվելու քաղաքացուհի Հիլդա Քոկսի հետ, որը հղիության իններորդ ամսում է»:
Ա՜յ քեզ էստոնացի՝ մտածում էի: Ժամանեց իր Կուռլյանդիայից: Կես տարի լռեց՝ ինչպես Տուրգենևի Գերասիմը: Բոլոր շներին օտար լեզվով հաչել սովորեցրեց: Ու հիմա թռչում է գրանցվելու այդ քաղաքացուհու հետ, որն արձագանքում է Հիլդա Քոկս ցնցող անվանը:
Հենց նույն օրը Գուստավը մեկնեց համընթաց մեքենայով: Հավատարիմ Հարունը մի ամիս կաղկանձում էր բուծարանում:
Վերջապես Պախապիլը վերադարձավ: Օրապահին տալլինյան ,Պրիմաե հյուրասիրեց: Նոփ-նոր ճամպրուկով թռցնելով խատուտիկների գլխիկները՝ մոտեցավ մարմնամարզական զուգափայտերին: Հատ-հատ ձեռք տվեց բոլորիս:
– Ամուսնացա՞ր,- հարցրեց Ֆիդելը:
– Հա՛,- շիկնելով պատասխանեց Գուստավը:
– Հայրի՞կ դարձար:
– Հա՛:
– Անունն ի՞նչ դրեցիր:
Ինձ իսկապես հետաքրքիր էր, թե ինչ անուն են տվել երեխային: Չէ՞ որ նրա մայրիկն արձագանքում էր Հիլդա Քոկս անվանը:
Այ քեզ էստոնացի՝ մտածում էի: Մի տարի ապրեց աշխարհի ծայրին: Փչացրեց բոլոր ուղեկցորդային շներին: Հետո նստում է համընթաց գերանատարն ու մեկնում: Մեկնում է, որ ,համբույրե բացականչությունների տակ համբուրի այդ աներևակայելի Հիլդա Բրաունին: Ավելի ճիշտ՝ Քոկսին:
– Երեխայի անունն ի՞նչ դրեցիք:
Գուստավը նայեց ինձ ու ծխախոտը հանգցրեց ներբանին.
– Սատանա՜ն իմանա…
Ու գնաց շնաբուծարան՝ շատախոսելու իր չորքոտանի համհարզի հետ:
Հիմա նրանք նորից միասին էին: Շունը տիրոջից խոսքասեր էր թվում: Մի անգամ Պախապիլին գիրք կարդալիս տեսա: Կարդում էր լավ տաքացված չորանոցում: Զինայուղից դեղնած սեղանի մոտ: Մուշտակների համար նախատեսված երկաթե կեռիկների տակ: Հարունը քնել էր նրա ոտքերի մոտ:
Թաթերիս ծայրին մոտեցա: Նայեցի ուսի վրայից: Ռուսերեն գիրք էր: Կարդացի վերնագիրը.
«Աճպարարությունն ակումբային բեմում»…
Առջևից գնում էր Պախապիլը՝ Հարունի հետ: Ձեռքին բրեզենտե փոկն է: Ժամանակ առ ժամանակ դրանով շխկացնում է ճտքին:
Գոտուց կախ՝ ճոճվում է ատրճանակի դատարկ պատյանը: ՏՏ-ն գրպանում է:
Անտառի կողմից ճանապարհը փակում է եֆրեյտոր Պետրովը: Փոքրիկ ու անճարակ՝ Ֆիդելը սայթաքելով քարշ է գալիս ճամփեզրին: Նա առանց անհրաժեշտության հաճախակի իջեցնում է ավտոմատի ապահովիչը: Ֆիդելն այնպիսի տեսք ունի, ասես բռնությամբ կապել են ավտոմատին:
Կալանավորները նրան արհամարհում են: Եվ առիթը եկավ՝ չեն խնայի:
Մի տարի առաջ, Սինդորի մոտ, Ֆիդելն ինչ-որ զանցանքի համար կանգնեցրեց ճամբարականների շարասյունը: Ավտոմատի ապահովիչն իջեցնելով՝ նրանց քշեց սառցասառն գետակի մեջ: Կալանավորները լուռ կանգնել էին՝ հասկանալով, թե որքան վտանգավոր է վաթսունկրականի ԱԿՄ-ն ջղագարի ու վախկոտի ձեռքում:
Ֆիդելը, ավելի ու ավելի տաքանալով, նրանց քառասուն րոպե պահեց ջրի մեջ: Հետո վերջին շարքերից մեկը կամացուկ նրան մայր հայհոյեց: Շարասյունը ցնցվեց: Առաջին շարքերում երգեցին: Գետի վրա տարածվում էր.

Հնոց բան եմ ձեզ երգում.
Դոնի Ռոստով քաղաքում,
Տղերքի՜ հետ, տղերքի:…
Խելառ էի ու անտուն,
Ու գողացած պիջակով՝
Բռնեցի՜ն ինձ, բռնեցի՜ն…

Ֆիդելն սկսեց ընկրկել: Նա փոքրիկ էր, անճարակ, կոշտուկոպիտ կիսամուշտակի մեջ: Բղավեց. Աչքերը սարսափից ճերմակել էին:
-Կա՛նգ առ, անասուննե՛ր, կսատկացնեմ:
Եվ ահա հայտբնվեց ռեցիդիվիստ Կուպցովը (նույն ինքը՝ Կովալ, Անագի-զադե, Գակ, Շալիկով, Ռոժին): Դուրս եկավ առաջին շարքից: Եվ ակնթարթորեն վրա հասած լռության մեջ, հրափողը ձեռքով թեթևակի դեն հրելով՝ ասաց.
– Կրա՞կ ես կտրել: Ես քեզ կմարեմ…
Նրա մատները ճերմակ էին ավտոմատի փողին:
Ֆիդելն իրեն քաշեց ԱԿՄ-ն: Կույր համազարկ տվեց շարքերի գլխավերևով: Ու շարունակ ընկրկում էր, ընկրկում…
Ես այն ժամանակ Կուպցովին տեսա առաջին անգամ: Նրա ձեռքն ինձ նրբագեղ թվաց: Սառնամանիքի օրով բամբակաբաճկոնն արձակված էր, կուրծքը՝ բաց: Կարկամած երգի կողքին լեռնանում էին բառերը.
– Ես քեզ կմարեմ…
Նա քամու դեմ գնացող մարդու պես էր: Ահա քամին նրան ընդմիշտ ախոյան էր ընտրել: Ուր էլ գնար: Ինչ էլ աներ…
Հետո Կուպցովին հաճախ էի տեսնում: Մեկուսարանի մութ ու խոնավ խցում: Անտառահատարանի խարույկի մոտ: Արյան կորստից գունատված: Եվ քամու զորությունն այլևս չէր լքում ինձ…
Առջևում քայլում էր Պախապիլը՝ Հարունի հետ: Բրեզենտե փոկը շխկացնելով՝ նա շանն ինչ-որ բան է ասում էստոներեն: Մայրենի լեզվով հրահանգիչը դիմում է միայն շներին:
Ձախից շարասյունը հսկում է բերդանկային խաչված եֆրեյտոր Պետրովը: Այդ թևի համար կարելի է ապահով լինել: Մարդկանց հայտնի է, թե ինչ է նշանակում նորացված ԱԿ-ն այնպիսի ռազմիկի ձեռքին, ինչպիսին Ֆիդելն է:
Մենք անցնում ենք սառը, նեղլիկ գետակը: Հետևում, որ կալանավորները չթաքնվեն կամրջակների տակ: Բրիգադը հանում ենք գծանց: Կայարանային այրուքի հոտն առնելով՝ հատում ենք երկաթգծի հողաթումբը: Եվ ուղղվում դեպի անտառահատարան:
Այդպես է կոչվում խորհրդանշական, անհաստատուն ցանկապատով շրջափակված անտառամասը: Ծառագագաթների բարձրության վրա ցցված են դիտաշտարակները:
Պահնորդումն իրականացնում է պահնորդային պահակախումբը: Պահակախումբը ղեկավարում է սերժանտ Շումեյկոն, որ օրեր շարունակ ձանձրանում է՝ արտակարգ պատահարի սպասելով:
Բրիգադը մտցնում ենք վերահսկվող տեղամաս: Դրանից հետո մեր պարտականությունները փոխվում են:
Պախապիլը կապավոր է դառնում: Նա սեյֆից հանում է Ռ-109-ը: Բացում է բամբուկե կարթի պես ճկուն անտենան: Հետո անծայրածիր եթեր է նետում խորհրդավոր, քնքուշ բառեր.
– Ալո՜, Վա՜րդ, ալո՜, Վա՜րդ: Ես Քաջվարդն եմ: Ես Քաջվարդն եմ: Ձեզ չեմ լսում: Ձեզ չեմ լսում…
Ֆիդելը զզվելի աղմուկով քաշում է անցուղի-միջանցքի ժանգոտած սողնակները: Քարտերն է հաշվում: Վերցնում է զինապահարանի բանալիները: Զննում է ազդանշանային ,Սաթերնե ու ,Շրխկաններըե: Ձեռք է տալիս՝ լա՞վ է տաքացել վառարանը: Վերածվում է տնտեսական գոտու հսկիչի:
Կալանավորները խարույկ են վառում: Գերանատարների վարորդները վառելիքի հերթ են կանգնում: Աշտարակների վրա ձենձենում են ժամապահները: Սերժանտ Շումեյկոն, ում անձը առաջին անգամ գնահատեցինք Կոյնոյի տուրուդմփոցից հետո, խաղաղ ննջում է: Չնայած մեր միակ թախտը նախատեսված է հերթափոխից ազատ զինվորի համար:
Տասներկու դիտաշտարակներ հաստատվել են անտառի վրա: Սկսվում է աշխատանքային օրը:
Շուրջը՝ խարույկների ծուխ, շարժիչների հռնդոց, թարմ տաշեղի բույր, ժամապահների փոխկանչեր: Այդ կյանքը դանդաղ լուծվում է սեպտեմբերի գունատ երկնքի մեջ:
Խուլ աղմուկով ընկնում են սոճիները: Քարշակները թփուտները տրորելով՝ դուրս են բերում դրանք: Արեգակը կուրացնող ցոլքերով նստում է մեքենաների լապտերներին: Իսկ անտառահատարանի վրա՝ անհուն եթերում, անաղմուկ թռչում են բառերը.
– Ալո՜, Վա՜րդ: Ալո՜, Վա՜րդ: Ես Քաջվարդն եմ: Ես Քաջվարդն եմ: Ժամապահներն աշտարակի վրա են: Ազդանշանումը կարգավորված է: Արգելաշերտը հերկված է: Գողերն անցել են աշխատանքի: Ընդունում եմ: Ձեզ չե՜մ լսում: Ձեզ չե՜մ լսում…
Հսկիչն ինձ թողեց զոնա: Հետևիցս տհաճ զնգաց սողնակը: Խարույկի մոտ ուղեկցորդումից ազատված խոհարար Գալիմուլինը լիցքավորում էր չիֆիրբաքը: Չտեսնելու տվի, թեև չիֆիր օգտագործելը խստիվ արգելված է: Ճամբարային հրահանգի համաձայն՝ չիֆիրիստները նույն թմրամոլներն են: Բայց բոլոր բակլանները չիֆիր էին օգտագործում, ու մենք գիտեինք: Նրանց կյանքում չիֆիրը փոխարինում էր կանանց:
Գալիմուլինն աչքով արեց: Ես համոզվեցի, որ ազատամտությունս չափազանց հեռուն է գնացել: Մնում էր միայն սպառնալ խզակոթով: Ի պատասխան՝ Գալիմուլինը կրկին ինձ պարգևեց անհավատի իր ժպիտը: Դիմացի երկու ատամները չկային:
Դեղին կտրվածքով հիանալով՝ անցա հատած ծառաբների մոտով: Ճանապարհ տվի քարշակին, որ աղմուկով փշրտում էր ճյուղերը: Դեմքս սարդոստայնից պաշտպանելով՝ անտառով դուրս եկա գործիքային արհեստանոցի մոտ:
Կալանավորները գերան էին գլորում: Հատում էին ոստերը: Լայնաթիկունք, դաջվածքներով պատված ծպեղագործը ճարպկորեն բանացնում էր կարթաձողը:
– Դե՜ հա, գո՛ղ ախպերներ,- կանչում էր նա՝ ափով աչքերին շվաք անելով,- հետ մնացողներին կոմունիզմ չենք տանում: Էդպես էլ կսատկեք հիմիկվա կարգերում…
Ոստ հատողները ցած դրին կացինները, բուշլատները գցեցին խռիվի կուտակի վրա: Ու նորից մետաղը շողաց արևի տակ:
Ես քայլում ու մտածում էի.
«Խանդավառությու՞ն է: Պոռթկու՞մ: Դե, իհարկե՝ ոչ: Սովորական մարմնավարժանք է: Պճնամոլություն… Ուժ է, որ հանգիստ կարող է բռնության փոխվել: Միայն թե ազատություն տուր…»:
Ժամապահների հետ մի քանի խոսք փոխանակելով՝ արգելագոտու երկայնքով շրջանցեցի անտառահատարանը: Թմբից թումբ ցատկելով՝ անցա ժանգոտած ճահիճը: Եվ դուրս եկա առավոտվա դժգույն արևից մի փոքր լուսավորված մարգագետինը:
Մեկը՝ թիկունքն ինձ արած, նստել էր ցածրիկ խարույկի մոտ: Կողքին առանց կազմի, հաստափոր գիրք էր: Ձախ ձեռքով տոմատի մածուկով բուտերբրոդ էր բռնել:
– Հա՜, Կուպցո՛վ,- ասացի ես,- էլի՞ քեզ ազատություն ես տվել: Կալանախու՞ց ես ուզում:
Աշխատանքային աղմուկի արձագանքներով ողողված, խարույկի մոտ՝ կալանավորը նման էր ծովահենի: Թվում էր՝ նրա դիմաց ղեկն է, ու նավը գնում է քամուն ընդառաջ…
…Ձմեռ: Տուգանային մեկուսարան: Երկարուկ ստվերներ՝ սոճիների տակ: Ձյունով ծեփված պատուհաններ: Պատից այն կողմ, ձեռնաշղթաները զնգացնելով, քայլում է Կուպցովը: Կարգագրերի մատյանում գրանցված է.
«Հրաժարում»:
Պահարանից հանում եմ նրա անձնական քարտը: Երեսուն բառ, որ պայթյունի են նման. ԱՄԲՎ (Առանց մշտական բնակության վայրի): ԱՄԶ (առանց մշտական զբաղմունքի): ՎՌ (վտանգավոր ռեցիդիվիստ) գրիֆը: Երեսուներկու տարի ճամբարներում: Ուստվիմյան ճամբարակետի հնագույն «օրենքով գողը»: Չորս դատվածություն: Ինը փախուստ: Սկզբունքորեն չի աշխատում…
Ես հարցնում եմ.
– Ինչի՞ չես աշխատում:
Կուպցովը զնգացնում է ձեռնաշղթաները.
– Հանի՛ բիլազուկը, քաղաքացի՛ պետ: Կեղծ ոսկի է:
– Ինչի՞ չես աշխատում, գայլ:
– Օրենքը թույլ չի տալիս:
– Իսկ լափել քո օրենքը թույլ տալի՞ս է:
– Էդ տեսակ օպրենք չկա, որ սոված մնամ:
– Ձեր օրենքն իր դարը ապրել է: Բոլոր ,օրենքներըե վաղուց ծակվել են: Անտիպովը գործ տվող է: Մամայն առաջին մարդն է քավորի մոտ: Սեդոյը մորֆինիստ է դառել: Տոպչիլային Ռոպչիլայում կապ գցեցին…
– Տոպչիլան մուժիկ էր ու հարիֆ, կանաչ էր, ոնց որ ղազի ծերտը: Բա էդ գո՞ղ էր: Էս պառավից հափ կաներ, էն պառավից հափ կաներ, էդ էր դրա բախտը: Դրա համար էլ թախտից գցեցին…
– Իսկ դու՞
– Իսկ ես տոհմիկ ռուսական գող եմ: Գողացել եմ ու պիտի գողանամ…
Դիմացս, փոքրիկ խարույկի մոտ, մարդ է նստած: Կողքին սպիտակին է տալիս գիրքը: Ձախ ձեռքին՝ բրդուճ…
– Ողջո՛ւյն,- ասաց Կուպցովը,- այ, ինքդ դատիր, քաղաքացի՛ պետ: Էստեղ գրված է, որ պառավին սպանել է փողի համար: Հետո էնքան է տանջվել, որ կամավոր գնացել է տաժանակրության: Իսկ ես, պատկերացրու, մի կլիենտի գիտեի, Թուրքեստանում: Էս կլիենտի վրա երեսուն սպանություն կար ու՝ ոչ մի դատվածություն: Մինչև յոթանասունն ապրեց: Էրեխեք, թոռներ, օր ծերության երաժշտության դասեր էր տալիս… Բայց էդ ի՜նչ, պատմությունը ցույց է տալիս, որ դրանից ուժեղ գործեր էլ են բռնել: Օրինակ, տասը միլիոն կամ ինչքան է էնտեղ՝ գերեզման դնել ու հետո «Հերցեգովինա ֆլոր» ծխել…
– Լսի՛,- ասում եմ,- դու կաշխատես, երդվում եմ: Վաղ թե ուշ կլինես վարորդ, ծպեղագործ կամ գերանավար: Ծայրահեղ դեպքում՝ ոստ հատող: Դու կաշխատես կամ շունչդ կփչես մեկուսարանում: Կաշխատես, խոսք եմ տալիս: Թե չէ կսատկես…
Կալանավորն ինձ զննեց, ինչպես իրը կզննեն: Ինչպես արտասահմանյան ավտոմեքենան՝ Էրմիտաժի դիմաց: Հովացուցիչից մինչև խլացուցիչը: Հետո հստակ արտաբերեց.
– Ես սիրում եմ ինձ հաճույք պատճառել…
Եվ անմիջապես՝ նավապետի կամրջակն ալիքների վրա: Ծվեն-ծվեն առագաստները: Քամին, աղահամ ցայտքերը… Տեսլապատրա՜նք…
Հարցնում եմ.
– Աշխատելու՞ ես:
– Ոչ: Ես ծնվել եմ, որ գողանամ:
– Գնա մեկուսարան:
Կուպցովը վեր է կենում: Համարյա քաղաքավարի է ինձ հետ: Դեմքին սառել է ուրախ զարմանքի ծամածռությունը:
Ինչ-որ տեղ երկնքին քսվելով ընկնում են սոճիները: Դղրդում է գերանատարը:
Մի շաբաթ Կուպցովը կաշիոսկոր էր դառնում մեկուսարանում: Առանց ծխախոտի, առանց օդի, մի պատառ հացով:
– Բայց ուժե՜ղ ես, քաղաքացի՛ պետ,- ասում է նա, երբ անցնում եմ կալանախցի հրակնատ-պատուհանի մոտով:
Վերջապես հսկիչը նրան թողնում է զոնա:
Հենց նույն օրը նրա սեղանին հայտնվում են պահածոներ, կարագ, սպիտակ հաց: Հանելուկային կազմակերպություն է, բանտային քաղսոցապ, որ նրան մատակարարում է անհրաժեշտ ամեն ինչ…
Փետրվար: Նեղլիկ ստվերներ են պառկած սոճիների արանքում: Բուծարանում հաչում են շները:
Զորանոցից դուրս գալով՝ ես ու Հեդոյանը հայտնվում ենք զոնայում:
– Արի՛,- ասում է Ռուդոլֆը,- դու կրակաշերտի երկայնքով գնա, իսկ ես քեզ ընդառաջ կգամ:
Աղբանոցի մոտով քայլում է մեկուսարանի կողմը: Կանոնադրության համաձայն՝ պիտի միասին գնանք: Վերակացուները միայն զույգ-զույգ են շրջում: Իզուր չէ, որ կապիտան Պրիշչեպան ասում է. «Երկուսն ավելի է, քան «ես» և «դու»-ն: Երկուսը «մենքե է»:
Մենք բաժանվում ենք բասկետբոլի վահանակների տակ: Ձմեռային կեսգիշերին դրանք կախաղաններ են հիշեցնում: Հենց անհետանամ աղբարկղերի հետևը, Ռուդոլֆ Հեդոյանը կվերադառնա: Նա ծխախոտ կվառի ու կգնա օրապահություն, որտեղ տկտկում է ժամացույցը: Ես էլ կարող էի վերադառնալ: Մենք ամեն ինչ կհասկանայինք ու կծիծաղեինք: Բայց դրա համար ես չափազանց զգուշավոր եմ: Եթե նման բան պատահի, ամեն անգամ կնստեմ-կմնամ օրապահությունում:
Ես կնգուղը քաշում եմ աչքերիս ու բացում հարևան բարաքի դուռը: Անտանելի դղրդոցով ընկնում է դռան պահանգին կապած էմալապատ թեյամանը: Ուրեմն բարաքում քնած չեն: Թարեքները թափուր են: Սեղանին փող ու խաղաթղթեր են թափված: Շուրջը՝ մի քսան հոգի, տակաշորերով: Նայում են ինձ ու շարունակում խաղալ:
– Մի՛ վռազի, մեր տղա,- ասում է գրպանահատ Չալին,- հիմա բոլորիդ խուտուտ կտամ:
– Ագահությունն է հարիֆին կործանում,- նկատում է վալյուտչիկ Բելուգան:
– Մի բան էլ ավել,- խաղաթղթերն է ցույց տալիս Ադամը:
– Իջնում ու տանում եմ,- կամացուկ նետում է Կուպցովը…
Ես կարող էի և հեռանալ: Տեղը կդնեի թեյամանն ու դուռը հետևիցս կփակեի: Գոլորշու ամպեր կպոկվեին շոգ կացարանից: Ստուգիչ անցակետի լուսարձակներով կողմնորոշվելով՝ կանցնեի արգելագոտին: Կարող էի կանգնել, ծխել բասկետբոլի ցանցազամբյուղի տակ: Երեք րոպե կանգնել, նայել՝ ինչպես է ձյան մեջ կարմրին տալիս քնթուկի ծայրը: Իսկ հետո օրապահությունում ականջ կդնեի՝ ինչ է պատմում Ֆիդելը սիրո մասին: Ես նույնիսկ կկանչեի ընդհանուր ծիծաղի միջից.
– Է՜յ, Ֆիդե՛լ, ավելի լավ է պատմի՝ ոնց էիր սխալմամբ ավագ Եվչենկոյի վրա բարձրացել…
Այս ամենի համար ես բավականաչափ խիզախ չեմ: Եթե նման բան կատարվի, այլևս չեմ մտնի բարաք:
Ես շեմից ասում եմ.
– Երբ պետն է մտնում, պետք է ոտքի կանգնել:
Կալանավորները ծածկում են խաղաթղթերը:
– Ձև մի՛ արեք,- ասում է Կուպցովը,- հիմա չի կարելի…
– Եղան է, քաղաքացի՛ պետ,- ավելացնում է Ադամը:
Մյուսները լուռ են: Ես պարզում եմ ձեռքս: Խրձում եմ ճմռթված, տրորված թղթակտորները: Խցկում եմ գրպաններս ու ծոցս: Չալին ճանկում է արմունկս:
– Ձեռքե՛րդ,- նրան հրամայում է Կուպցովը:
Ու հետո՝ դառնալով ինձ.
– Հովացի՛, քաղաքացի՛ պետ:
Իմ թիկունքում շրխկում է դուռը, դղրդում է էմալապատ թեյամանը:
Ես գնում եմ դեպի դարպասները: Խնամքով, ինչպես շնիկին, ծոցումս տանում եմ փողերը:Ուսերիս զգում եմ այդ ճմռթված թղթակտորներին դիպած բոլոր ձեռքերի ծանրությունը: Արցունքների դաժանությունը: Չար կամքը…
Չնկատեցի՝ ինչպես հասան ետևիցս: Շուրջս նեղվածէք էր: Օտար ստվերները նետվեցին ոտքերիս տակ: Արգելապատի ցանցի մեջ թարթեց լամպը: Ու ես ընկա՝ առան ճիչս լսելու…
Հոսպիտալում պառկեցի մեկուկես շաբաթ: Գլխավերևս կախված էր ռադիոբարձրախոսը: Հարթ նրբատախտակե արկղում խաղաղ նորություններ էին բնակվում:Պահարանիկի վրա, շախմատի խաղաքարերի հետ խառն՝ դեղասրվակներն էին: Պատուհաններից այն կողմ փռվել էր սառնամանիք օրը: Բնապատկեր՝ լուսամուտի շրջանակում…
Չոր, մաքուր սպիտակեղեն…
Փափուկ հողաթափեր, լվացած, տաք խալաթ… Ուրախ երաժշտություն՝ բարձրախոսից…
Հիվանդանոցային շիտակություն ու կենցաղի բացորոշություն: Այս ամենը վարագուրում էր մեկուսարանը, դեղին կրակները՝ անտառամասի վրա, սառած, ավտոմատներին կպած ժամապահներին: Բայցևայնպես, Կուպցովին հաճախ էի հիշում: Երևի չէի զարմանա, եթե հիվանդասենյակ մտներ՝ ճամբարային զգեստը հագին: Ու դեռ գիրքն էլ ձեռքին:
Չգիտեի՝ ինձ ով է խփել հրշեջ վահանակի մոտ: Բայց զգում էի՝ սպիտակ շեղբից ոչ հեռու առկայծեց Կուպցովի ժպիտը: Ընկավ, ստվերի պես, դեմքին…

Հողաթափերն ու խալաթը հագիս կտրեցի-անցա ձյունապատ բակը: Մութ կողաշենքում հայտնվելով՝ ոտքերիս քաշեցի սապոգներս: Հետո գերանատարով հասա շտաբ: Ներկայացա փոխգնդապետ Գրեչնյովին: Նրա սեղանին նիզակ էր ճոճում մի թուջե կտրիճ: Փոխգնդապետի պահվածքը պետային-մտերմավար էր.
– Ասում են՝ քո դեմ մահափորձ է եղել:
– Հեչ բան՝ մի քիչ խուտուտ տվին:
– Հետո՞, ի՞նչ լավ նորություն կա,- հարցրեց փոխգնդապետը:
– Էնպես,- ասում եմ,- ոչ մի:
– Ո՞նց պատահեց:
– Թուղթ էին խաղում: Փողերը վերցրի:
– Երբ քեզ գտան, մոտդ փող չկար:
– Բնական է:
– Իսկ ինչու՞ ես արկածներ որոնում:
– Նրա համար, որ նման բաները վերջանում են կոտորածով:
– Ընկեր փոխգնդապետ…
– Կոտորածով, ընկե՛ր փոխգնդապետ:
– Դա բխում է մեր շահերից:
– Ես կարծում եմ՝ օրենքով պիտի լինի:
– Լավ, համարիր քեզ ոչինչ չեմ ասել: Պիտերի՞ց ես:
– Օխտայից:
– Շտաբում էսպիսի անեկդոտ է պտտվում: Մայոր Բերեժնոյը գալիս է Ռոպչա: Օրապահը նրան ներս չի թողնում:Բերեժնոյը գոռում է. ,Ես զորամասի շտաբից եմե: Օրապահը պատասխանում է. ,Իսկ ես՝ Լիգովկայիցե: Սամբոյի հնարքներին տիրապետու՞մ ես:
– Քչից-շատից:
– Ասում են՝ ընդդեմ լինգի ու կացնի ոչ մի հնարք չի անցնի…Քեզ կարող ենք ուրիշ զորամաս տեղափոխել:
– Ես չեմ վախենում:
– Հիմարությո՜ւն: Կուղարկենք Սինդոր…
– Իսկ Սինդորում զեկեր չե՞ն: Նույն շանորդիներն ու ամենաթողությունը:
– Որոշել ես իրավու՞նք բանեցնել:
– Չեմ պատրաստվում:
– Ընկեր փոխգնդապետ…
– Չեմ պատրաստվում, ընկե՛ր փոխգնդապետ:
– Հրաշալի է,- ասաց նա,- թե չէ, մեկ էլ տեսար վերջ տվին: Պատկառելի չափսեր ունես՝ չեն վրիպի:…
Շտաբի բեռնատարն ինձ հասցրեց ուղանց:
Քայլում էի տրորված, հարթ ճանապարհով: Հետո՝ ձիու թրիքով աղտոտված փոքրիկ մարգագետնով: Ճամփան կարճելով՝ կտրեցի սառած գետակը: Ու գնացի առաջ ճնճղուկային խառնաղմուկի կողքով: Կապտավուն ձնակույտերի ու փշալարերի երկայնքով:
Պահաշների հաչոցի ուղեկցությամբ հասա զոնա: Տեսա լվացված վարդագույն դրոշը՝ զորանոցի ձեղնապատուհանի գլխին: Ծռված նրբատախտակե ,սունկնե ու օրապահին՝ դաշույնը գոտուց կախ: Անծանոթ զինվորին՝ ջրհորի մոտ: Կեղևահան վառելափայտի դարակները՝ ծածկի տակ: Ու հանկարծ հասկացա, որ կարոտել եմ այդ տղամարդկային ծանր կյանքին: Այդ կյանքին՝ ծխախոտով ու հայհոյանքով: Հարմոնիկներով, քուրքերով, լուսանկարներով, ժանգոտած ածելու սայրերով ու էժանագին օդեկոլոնով…
Մտա ավագի մոտ: Նրան տվեցի մթերային քարտը: Հետո անցա չորանոց:
Այնտեղ, փայտամածի շուրջը, որի վրա ծանրաձողի ժանգոտ սկավառակներ էին լցված, նստել էին զինվորներն ու կարտոֆիլ էին մաքրում:
Հարցեր չտվին: Միայն գրագիր Բոգոսլովսկին քմծիծաղեց ու ասաց.
– Իսկ մենք քեզ հավերժ գրանցել էինք զորամասի ցուցակներում…
Ինչպես հետո իմացա՝ զորամասի շտաբից զինվորական հետաքննիչ էին ուղարկել: Դասախոսություն էր կարդացել «Բուրժուական արվեստի վերասերումը»:
Հետո նրան հարց են տվել.
«Մեր համբալն էնտեղ ո՞նց է»:
Դասախոսը պատասխանել է.
– Քննությունը միակ ճիշտ ճանապարհի վրա է, ընկերնե՛ր:
Կուպցովին տեսա զոնայում, բրիգադիրների հերթափոխման ժամանակ: Մոտեցավ ու անժպիտ հարցրեց.
– Առողջությունդ ո՞նց է, քաղաքացի՛ պետ:
– Ոչինչ,- ասում եմ,- իսկ դու առաջվա պես հրաժարվու՞մ ես:
– Առայժմ օրենքը կերակրում է:
– Նշանակում է՝ չես աշխատում:
– Ձեռնպահ եմ մնում:
– Ու չե՞ս աշխատելու:
Մեր կողքով, ազդանշանային ռելսի դղրդոցի ներքո, անցնում էին կալանավորները: Խմբերով ու մեկական գնում էին դեպի դարպասները: Բրիգադավարները զոնայով մեկ աշխատանքից հրաժարվողներ էին որսում: Իսկ Կուպցովը կանգնել էր բոլորի աչքի առաջ…
– Չե՞ս աշխատելու:
-Նիխտ,- ասաց նա,- կանաչ դատախազն է գալիս, գարունը, ամեն թփի տակ կացարան կա:
– Փախչելու մի՞տք ունես:
-Ըհը: Մանրավազքով: Ասում են՝ առողջարար է:
– Նկատի ունեցիր, որ անտառում ես քո հարցը առանց նախազգուշացման կլուծեմ:
– Նկատի ունեցա,- պատասխանեց Կուպցովն ու աչքով արեց:
Ես ճանկեցի նրա բամբակաբաճկոնի օձիքը:
– Լսի, դու մենակ ես: Գողական օրենքը չկա: Դու մենակ ես…
– Ճիշտ այդպես, մենակատար,- քմծիծաղ տվեց Կուպցովը,- հանդես եմ գալիս առանց երգչախմբի:
– Էդպես էլ կսատկես: Դու մենակ ես բոլորի դեմ: Ուրեմն՝ ճիշտ չես:
Կուպցովը հատ-հատ, հստակ ու խիստ արտաբերեց.
– Մենակը միշտ ճիշտ է…
Ես հանկարծ հասկացա, որ ուրախ եմ այդ կալանավորի համար, որն ուզում էր ինձ սպանել: Որ շարունակ նրա մասին եմ մտածում: Որ ապրել չեմ կարող առանց Կուպցովի:
Դա այնքան անսպասելի էր, հիմար ու զզվելի… Որոշեցի ամեն ինչ մի լավ ծանրութեթև անել, որ հոգուս մեղք չառնեմ:
Ես բաց թողեցի նրան ու հեռացա: Սկսում էի ինչ-որ բան կռահել: Ավելի ճիշտ՝ զգալ, որ Ուստ-վիմյան ճամբարակետի այդ վերջին ,օրենքով գողըե իմ կրկնակն է: Որ ռեցիդիվիստ Կուպցովը (նույն ինքը՝ Շալիկով, Ռոժին, Ալյանով) ինձ համար թանկ է և անհրաժեշտ: Թանկ է զինվորական ընկերությունից, որ լափել է իմ իդեալիզմի փշուրները: Որ մենք մեկ ենք: Քանի որ մարդ այդպես միայն ինքն իրեն կարող է ատել:
Ու նաև զգացի, թե ինչքան եմ հոգնել…
Հիշում եմ այն ձմեռը, փետրվարը, ուղղաձիգ ծուխը բարաքների վրա: Երբ ճամբարը քուն է մտնում, շուրջը լռում է ամեն ինչ: Միայն պահակակետում երբեմն-երբեմն գելխեղդը շղթան զնգացնելով, բարձրացնում է գլուխը:
Ստուգիչ անցակետում երեքով ենք:
Ֆիդելը ձեռքերն է տաքացնում վառարանի վրա: Գլխարկի շքոցը ճաքած է: Թռչունի կտուց է հիշեցնում: Կողքին մի կին է նստած՝ հալված ձյունից մգացած մուշտակով:
– Մեր ազգանունը Կուպցով է,- գլխաշորն արձակելով՝ ասում է նա:
– Տեսակցությունն արգելված է:
– Ախր հեռվից եմ եկել:
– Արգելված է,- պնդում է Ֆիդելը:
– Տղանե՜ր…
Ֆիդելը լուռ է, հետո խոնարհվում է կնոջ կողմը, ինչ-որ բան է շշնջում: Ինչ-որ բան է ասում նրան՝ քիչ-քիչ լկտիանալով ու շիկնելով:
Ներս են բերում Կուպցովին: Քայլվածքը գողական է, ինչպես ազատության մեջ: Կորացած, բռունցքները թքերում: Եվ նորից ինձ պարուրում է նրա գլխավերևում շառաչող հողմի զգացողությունը: Նորից տեսնում եմ նավապետի կամրջակը…
Կալանավորը կանգ է առնում անցուղի-միջանցքում: Նայում է ներս, ճանաչում է մեզ ու նայում է, նայում… Շարունակ նայում է: Միայն պողպատե վանդակաճաղերից կառչած մատներն են ճերմակին տալիս:
– Բո՛րյա,- մրմնջում է կինը,- լրիվ կանաչել ես:
– Վարունգի պես,- քմծիծաղում է նա:
– Տեսակցությունն արգելված է,- ասում է Ֆիդելը:
– Նրանք առաջարկեցին,- կինը տրտում նայում է ամուսնուն,- նրանք առաջարկեցին… Ամաչում եմ կրկնեմ…
– Կգտնե՜մ,- կամացուկ, միայն ինքն իրեն ասում է Կուպցովը,- կգտնեմ ձեզ, տղե՛րք… Ու որ գտա՜…
– Քեզ համար,- սպառնում է Ֆիդելը,- մեկուսարանում լիքը վանդակ կա:
Ապա դառնում է հերթապահ վերակացուին.
«Տանե՛լ»:
Կինը ճչում է, լաց լինում: Կուպցովը կանգնել է՝ երեսը վանդակաճաղերին հենած:
– Համաձայնի՛, Թամարա՛,- անսպասելի ու պարզորոշ ասում է նա,- համաձայնի՛: Համաձայնի՛ պետերի առաջարկածին…
Վերակացուն բռնում է նրա արմունկը:
– Համաձայնի՛, Տո՛մկա,- ասում է նա:
Վերակացուն, արտահագուստը վրայից համարյա պոկելով, քարշ է տալիս նրան: Երևում են նիհար, հզոր անրակները և կապույտ արծիվը՝ կրծքին:
– Համաձայնի՜,- դեռ խնդրում ու աղերսում է Կուպցովը…
Ես բացում եմ դուռը: Ելնում եմ դուրս: Ինձ ցոլարձակներով կուրացնում է դղրդացող բեռնատարը: Վրահաս ակնակույր խավարի մեջ ճանապարհը հազիվ է երևում: Սայթաքում եմ, ընկնում ձյուների մեջ: Տեսնում եմ աստղալույսից ճերմակած երկինքը: Տեսնում եմ դողդոջուն լույսերը անտառահատարանի վրա…
Ամբողջը մշուշվում է, լողում հեռու: Հիշում եմ ծովը, ավազաթմբերը, գունաթափ ավազը: Եվ աղջկան, որը միշտ իրավացի էր: Եվ ինչպես էինք երկուսով նստել շուռ տված նավակի ողնուցին:Եվ ինչպես ձկնիկ բռնեցի ու նորից գցեցի ծովը: Հետո աղջկան հավատացնում էի, որ ձկնիկը կանչել էր. ,Մերսի՜ե…
Հետո արդեն ցուրտը չէի զգում ու հասկացա, որ ցրտահարվում եմ: Այդ ժամանակ վեր կացա ու գնացի, թեև գիտեի, որ էլի եմ սայթաքելու և ընկնելու եմ…
Մի քանի րոպեից զգացի կեչու թաց վառելափայտի հոտը: Տեսա սպիտակ ծուխը պահակատան վրա:
Հսկիչ անցակետի պատուհանի ապակիները դողդոջուն դեղին ցոլքեր էին նետում քարշակների կոկած գերանուղու վրա:
Երբ ներս մտա, Ֆիդելը, կրակից դեմքը կնճռոտած, ածուխ էր հանում վառարանից: Շրջայցից վերադարձած հրահանգիչը թեյ էր խմում: Կինը չկար…
– Բայց ի՜նչ տիպն էր էդ Նյուրկան,- ասում էր Ֆիդելը,- գալիս ես թե չէ՝ է՛լ արաղ, է՛լ դոնդող: Լրիվ բամբո իտալյանո: Խմում ես, ուտում ես, ու հոգիդ չվեց դրախտ: Իսկ գլխավորը՝ էնպես սրտանց կասի, օրինակ. ,Վա՛նյա, թթվի ջուր կուզե՞սե:
– Հնար չկա՞,- մռայլ հարցրեց հրահանգիչը,- պայմանավորվեինք՝ փաթաթաններս լվանար:
Ու նորից եկավ գարունը: Ձմեռային յուրահատուկ ջերմությունը քշեց-տարավ վերջին սև ձյունը: Օրերը դանդաղ ձգվեցին ձնաջրերով լվացված գերանուղիների վրայով…
Կուպցովն այդ ամիսն անցկացրեց մեկուսարանում: Մահվան դուռն էր հասել: Կրծքաբաց բամբակաբաճկոնի տակից ցցվում էին սրված անրակները: Իրեն խաղաղ էր պահում, միայն մի անգամ հարձակվեց Ֆիդելի վրա: Մենք նրանց մի կերպ բաժանեցինք:
Չզարմացա: Գայլը ատում է շներին ու մարդկանց: Բայց ավելի շատ՝ շներին:
Ես նրան երեք անգամ թողեցի զոնա: Ու երիցս կարգագրիչի մատյանում գրառում հայտնվեց.
«Հրաժարում»…
Ուղեկցորդման խմբի կանաչ թիկնոցով պետը լապտերիկի լույսը գցեց ցուցակի վրա:
– Անտառահատո՛ւմ, դեպի ելքը,- հրամայեց նա:
Բրիգադն ընդունեցինք բնակելի գոտու դարպասների մոտ: Ես, տարածություն պահելով, հայտնվեցի շարասյան վերջում:
Չեբյու ավանը մեզ դիմավորեց շների հաչոցով, թաց գերանների հոտով, անտարբեր բնակիչների մռայլությամբ:
Հնոտիքով լի փոքրիկ բակերի երկայնքով գնացինք դեպի հիվանդանոց: Շրջվեցինք դեպի գետը, որ ազատվել էր սառույցից և անսպասելիորեն մաքուր էր ու փայլփլուն: Անցանք կոպտատաշ կամրջակով: Կտրեցինք երկաթգիծը, որի փայտակոճղերի արանքում խունացած կանաչ կար: Շրջանցեցինք հսկայական ցիստեռնները, ջրհանը և երկաթգծի արտաքնոցի փքաշուք շինությունը: Ու նոր միայն ելանք անձրևներից ցեխոտված գերանուղի:
– Երեխա ժամանակս սիրում էի ցեխերի մեջ չփչփացնել,- ասաց Ֆիդելը,- բա դու՞: Վախենում եմ մտածեմ, թե քանի կալոշ եմ թողել ցեխերի մեջ…
Անտառամասի մոտ հանդիպեցինք պահակախմբին: Ժամապահները կիսամուշտակներով էին: Ձեռքներին՝ հեռախոսներ ու գոտեպայուսակներ՝ ինքնաձիգի պահունակներով:
Պախապիլը կանգնեցրեց կալանավորներին ու ձեռքը շքոցին տանելով՝ սկսեց զեկուցել:
– Թողնել, ընդհատեց պահակախմբի պետ Շումեյկոն: Հսկայական ու չեչոտ՝ նա քնկոտ է թվում, մինչևիսկ՝ երբ վազում է գարեջուր բերելու: Սերժանտ Շումեյկոյի վառ անհատականությունը կարելի է գնահատել միայն արտակարգ վիճակներում: Արտակարգ պատահարներից բացի, ամեն ինչ նրան վաղուց ձանձրացրել է:
Շումեյկոն հաշվեց կալանավորներին: Նրանց անձնական քարտերը դասդասելով՝ շարասյուն առ շարասյուն ուղարկեց նախազոնա: Ու վերջապես ձեռքով արեց ժամապահներին:
Մենք մտանք հսկիչ պահակակետ: Ֆիդելն ավտոմատը նետեց զինաբուրգին ու մեկնվեց թախտին:Ես ստուգեցի ազդանշանումն ու վառեցի վառարանը:
Պախապիլը սեյֆից հանեց ռացիան: Դուրս քաշեց կարթի պես ճկուն մետաղյա ալեհավաքը: Հետո սկսեց երկնային ոլորտներ նետել խորհրդավոր հմայախոսքեր.
– Ալո՜, Վա՛րդ: Ալո՜,Վա՛րդ: Ես Քաջվարդն եմ: Ես Քաջվարդն եմ: Ազդանշանումը սարքին է: Արգելաշերտը հերկված է: Գողերն աշխատում են: Ձեզ չեմ լսում… Ձեզ չեմ լսում…
Ես մտա արտադրական գոտի ու քայլեցի գործիքային արհեստանոցի կողմը: Վառելիքի տակառի մոտ սևին էր տալիս տրտում ու երկարուկ հերթը: Մեկը վառեց, բայց և անմիջապես դեն նետեց ծխախոտը: Գրպանահատ Չալին ինձ տեսնելով՝ միտումնավոր բարձր երգեց.

Ախ, մաքրվե՜մ, լողանա՜մ
Ու մոռանամ ձեր մասին,
Ու մի ճամպրուկ գողանամ,
Թող գիշերը սպասի…

Խոսեցին հետս: Պատասխանեցի: Հետո անտառով ելա մարգագետին: Այնտեղ մեկը պպզել էր կրակի մոտ:
– Չե՞ս աշխատում, դև՛:
– Ձեռնպահ եմ մնում: Ողջո՛ւյն, քաղաքացի՛ պետ:
– Ուրեմն, հրաժարվե՞լ ես:
– Առանց փոփոխության:
– Աշխատելու՞ ես:
– Օրենքը թույլ չի տալիս:
– Երկու շաբաթով մեկուսարան:
– Քաղաքացի՛ պետ…
– Կաշխատե՞ս:
– Քաղաքացի՛ պետ…
– Վարորդ, գերանակիր, ոստ հատող…
Ես առաջացա ու ցրիվ տվեցի խարույկը:
– Աշխատելու՞ ես:
– Հա,- ասաց նա,- գնանք:
– Ոստ հատո՞ղ, թե՞ գերանակիր:
– Հա: Գնա՛նք:
– Առա՛ջ ընկի:
Նա քայլում էր ճյուղերը պահելով: Ճահճի միջով, առանց ոտքերի տակ նայելու: Դիտաշտարակի տակ, կտրված ծառի կողքին, ծխում էին կալանավորները: Կարգագրիչին ասացի.
– Կացինդ տուր:
Նա քմծիծաղ տվեց:
– Կացի՜նը,- գոռացի:
Կարգագրիչը կացինը տվեց Կուպցովին:
– Լետյագայի բրիգադը կգնա՞ս:
– Հա՛:
Նրա մատներն անվարժ սեղմում էին կացնի կոթը: Մուգ, յուղափայլ փայտի վրա դաստակը նրբակերտ էր:
Ինչքան էի ուզում, որ բարձրացներ կացինը: Ես դեն կնետեի հիշողությունս: Ես կթոթափվեի քաղաքակրթության քսան դարերից: Ես նրան ցույց կտայի այն ամենը, ինչ սովորեցրել էին Ռոպչայում: Ես կխլեի կացինն ու թույլ չտալով, որ ուշքի գա…
– Դե՛,- հրամայեցի՝ կանգնելով երկու քայլի վրա: Հատիկ-հատիկ զգալով խոտը սապոգներիս տակ:- Դե՛,- ասում եմ:
Կուպցովը թեքվեց կածանից: Հետո դանդաղ ծնկեց կոճղի մոտ: Ձախ ձեռքը դրեց դեղին, խորդուբորդ, առկայծող հատվածքի վրա: Հետո թափ առավ ու կացինը խրեց մինչև վերջ:
-Վերջապե՜ս,- արնաքամ լինելով՝ ասաց նա,- այ հիմա լավ է:
-Ի՞նչ ես կանգնել, գանդո՛ն,- ինձ դարձավ մոտ վազած կարգագրիչը,- կրած ես, ձեն տու կարկատողին…

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ

Ծեր Կալյու Պախապիլն ատում էր օկուպանտներին: Իսկ սիրում էր նա խմբերգելը, տնական դառը գարեջուրն էր դուր գալիս նրան ու նաև՝ փոքրիկ փամփլիկ երեխաները:
– Էս կողմերում մենակ էստոնացիք պիտի ապրեն,- ասում էր Պախապիլը,- ու էլ ոչ մեկը: Օտարներն էստեղ անելիք չունեն…
Գյուղացիք ականջ էին դնում ու հավանություն տալով՝ տմբտմբացնում գլուխները:
Հետո եկան գերմանացիները: Շրթհարմոն էին նվագում, երգում էին, երեխաներին շոկոլադ հյուրասիրում: Ծեր Կալյուին այդ ամենը դուր չեկավ: Նա երկար լռում էր, հետո հավաքեց ունեցած-չունեցածն ու գնաց անտառ:
Մի մթին անտառ էր, որ հեռվից անանցանելի էր թվում: Պախապիլն այնտեղ որս էր անում, խլացնելով ձուկ բռնում, քնում էր եղևնու ճյուղերի վրա: Կարճ ասած՝ ապրում էր, մինչև ռուսները վռնդեցին օկուպանտներին: Իսկ երբ գերմանացիները հեռացան, Պախապիլը վերադարձավ: Հայտնվեց Ռակվերեում, որտեղ խորհրդային կապիտանը նրան պարգևատրեց մեդալով: Մեդալը զարդարված էր չորս անհասկանալի բառերով, ինչ-որ կերպարանքով ու բացականչական նշանով:
«Էստոնացու ինչի՞ն է մեդալը,,- երկար մտորում էր Պախապիլը:
Բայցևայնպես, հոգածությամբ ամրացրեց շեվյոտե պիջակի դարձածալին: Կալյուն այդ պիջակը միայն մի անգամ էր հագել՝ Լանսմանի խանութում:
Ապրում էր այդպես ու ապակի գցող էր աշխատում: Բայց երբ ռուսները զորահավաք հայտարարեցին, Պախապիլը նորից անհետացավ:
– Էստեղ պիտի մենակ էստոնացիք ապրեն,- հեռանալիս ասաց նա,- իսկ վանկաները, ֆրիցներն ու զանազան գրենլանները գործ չունեն էստեղ…
Պախապիլը նորից գնաց անտառ, որը միայն հեռվից էր անանցանելի թվում: Եվ նորից որս էր անում, խորհում էր, լռում: Եվ ամեն ինչ լավ էր:
Բայց ռուսները շուրջկալ սարքեցին: Անտառը լցվեց գոռում-գոչյունով: Սեղմվեց-փոքրացավ, ու Պախապիլին ձերբակալեցին: Նրան դատեցին որպես դասալիքի, ծեծեցին, թքեցին երեսին: Հատկապես ջանում էր կապիտանը, որ նրան մեդալ էր տվել:
Իսկ հետո Պախապիլին աքսորեցին հարավ, որտեղ ղազախներն են ապրում: Շուտով հենց էնտեղ էլ մեռավ: Երևի՝ սովից ու հողի օտարությունից…
Նրա որդի Գուստավն ավարտեց Տալլինի Լույզե փողոցի նավագնացության դպրոցն ու ռադիստի դիպլոմ ստացավ:
Երեկոները նստում էր Մյունդի-բարում ու թևթսոլիկ աղջիկներին ասում.
– Իսկական էստոնացին պիտի ապրի Կանադայում: Կանադայում և ուրիշ ոչ մի տեղ…
Ամռանը նրան զորակոչեցին պահնորդական ծառայության: Ուսումնական կետը տեղակայված էր Իոսսեր կայարանում: Ամեն ինչ հրամանով էր արվում. քունը, ճաշը, զրույցները: Խոսում էին օղուց, հացից, ածխահատի աշխատավարձից: Այդ ամենը Գուստավն ատում էր ու խոսում էր միայն իր լեզվով: Միայն էստոներեն: Նույնիսկ պահակաշների հետ:
Բացի այդ, խմում էր մեն-մենակ, խանգարում էին՝ կռիվ էր անում: Նաև թույլ էր տալիս ,կանացի կարգի միջադեպերե (ինչպես արտահայտվում էր քաղղեկ Խուռիևը):
– Բայց ինչ եսակենտրո՜նն եք, Պախապիլ,- զգուշորեն հանդիմանում էր քաղղեկը:
Գուստավը շփոթվում-շվարում էր, մի թեթև թուղթ խնդրում ու ծուռտիկ-մուռտիկ գրում էր.
«Երեկ, սույն թվի, ես ալկոհոլային խմիչք եմ չարաշահել: Որից հետո ցեխն եմ գցել զինվորական արժանապատվությունս: Հետայսու խոստանում եմ: Շարքային Պախապիլ»:
Որոշ ժամանակ մտմտալուց հետո պարտադիր ավելացնում էր.
«Խնդրում եմ չմերժել»:
Հետո փող էր ստացվում մորաքույր Ռէէթից: Պախապիլը խանութից մի լիտր շարտրեզ էր վերցնում ու գնում գերեզմանոց: Այնտեղ կանաչ աղջամուղջում ճերմակին էին տալիս խաչերը: Ավելի հեռվում, ջրամբարի եզրին՝ մի լքված շիրիմ կար, կողքին՝ նրբատախտակե կոթող: Պախապիլը ծանր նստում էր հողաթմբին, խմում էր ու ծխում:
– Էստոնացիները պիտի ապրեն Կանադայում,- խուլ մրմնջում էր նա միջատների միալար բզզոցի տակ: Նրանք, չգիտես ինչու, Պախապիլին չէին կծում…
Վաղ առավոտյան զորամաս ժամանեց մի անշուք սպա: Ակնոցից դատելով՝ գաղափարական աշխատող: Հայտարարվեց, որ ժողով է լինելու:
– Անցնել լենսենյակ,-մարմնամարզական զուգափայտերի մոտ ծխող զինվորներին գոռաց օրապահը:
– Քաղաքականությունը մեր խելքի բանը չի,- տրտնջում էին զինվորները:
Բայց ներս մտան ու տեղավորվեցին:
-Ես պատերազմի որոտընդոստ համերգի նրբին լարն էի,- սկսեց փոխգնդապետ Մառը:
– Ոտանավո՜ր է,- հիասթափված ծոր տվեց լատվիացի Բալոդիսը…
Պատուհանից այն կողմ մթերապահն ու գրագիրը ընկել էին խոզի հետևից: Գոտիով կապկպել էին կենդանու ոտքերը ու փորձում էին տախտակի վրայով քարշ տալ բեռնատարի թափքը: Խոզը գեշ ծղրտում էր, նրա զիլ ճիչերից տնքում էր լսողի ծոծրակը: Ընկնում էր փորի վրա: Կճղակները սոթ էին տալիս թրիքոտ տախտակին: Մանրիկ աչքերը կուլ էին գնում ճարպածալքերի մեջ:
Բակով անցավ ավագ Եվչենկոն: Մի քացի հասցրեց խոզին: Հետո վերցրեց բահի կոթը, որ անտեր ընկած էր խոտերի մեջ…
– Խորհրդային բանակի զորամասերում արմատանում է մի վեհ ավանդույթ,- ասում էր փոխգնդապետ Մառը:
Եվ ապա.
– Զինվորներն ու սպաները ստանձնում են զինվորների շիրիմների շեֆությունը: Քրտնաջան վերականգնում են ռազմական սխրանքի պատմությունը: Կապ են հաստատում հերոսների հարազատների ու մերձավորների հետ: Նման ավանդույթի համակողմանմի զարգացումն ու ամրապնդումը յուրաքանչյուրիս պարտքն է: Թող չարախոսները դեղին դևի աշխարհում շեփորեն հայրերի ու որդիների կոնֆլիկտի մասին: Թող ուռճացնեն նրանց անտագոնիզմի մտացածին լեգենդը… Մեր երիտասարդությունը սրբորեն հարգում է հայրերի դամբանները: Սույնով հավաստելով սերունդների անխզելի կապը…
Խոզին խորդուբորդ տախտակի վրայով քարշ տվին վեր: Բեռնատարի թափքակողերը խուլ դղրդում էին: Դրանք վառ կանաչ էին ներկված: Խցիկից կախվելով՝ վարորդը նայում էր, թե ինչ է կատարվում: Հարևանությամբ, մարզաձողի վրա պտտվում էր մոլդավացի Դաստյանը, որն արդեն զորացրված էր հիվանդության հոդվածով: Սպասում էր զորամասի հրամանատարի հրամանին ու ման էր գալիս գոտին հանած, քթի տակ երգելով…
– Ձեր վաշտը տեղակայված է գերեզմանատան դիմաց,- ձգում էր փոխգնդապետը,- դա խորապես խորհրդանշական է: Մենք պարզել ենք, որ ի թիվս այլոց, այնտեղ կան նաև Հայրենական պատերազմի հերոսների շիրիմներ: Այդ թվում և շքանշանակիրների: Այսպիսով, առկա են զոհվածների շեֆությունը ստանձնելու բոլոր պայմանները…
Խոզին խցկեցին թափքը: Անշարժ պառկել էր, միայն վարդագույն ականջներն էին թրթռում: Շուտով նրան կհասցնեն սպանդանոց, որտեղ անվերջանալի ճարպոտ մշուշ է: Զինվորը վարժ շարժումով նրան ոտնաջլից կախ կտա առաստաղի տակ: Հետո երկար, սպիտակ դանակով կզարկի սրտին: Կտրվածք անելով՝ արագ կմաշկի կեղտակուր խոզաստևով պատած կաշին: Եվ այդ ժամանակ զինծառայողները կվատանան արյան հոտից…
– Ո՞վ է այստեղ Պախապիլը:
Գուստավը ցնցվեց: Նա ելավ տեղից ու հիշեց, թե ինչ է կատարվել մեկ րոպե առաջ: Թե ինչպես եֆրեյտոր Պետրովը բարձրացրեց ձեռքն ու թաքուն ծիծաղից խեղդվելով՝ ասաց.
– Մեր զորամասում արդեն այդպիսի զինվոր կա: Ստանձնել է ընկած հերոսների շեֆությունն ու խնամում է նրանց գերեզմանները: Դա հրահանգիչ Պախապիլն է:
– Ո՞վ է այստեղ Պախապիլը,- անվստահ արձագանքեց Մառը,- դու՞ք եք, հա՞, Պախապիլը:
– Էդպես,- շիկնելով պատասխանեց Գուստավը:
– Վաշտի հրամանատարի անունից ձեզ շնորհակալություն եմ հայտնում: Ձեր նախաձեռնությունը պիտի տարածվի: Շտաբում մարտական պատրաստության գերազանցիկների հավաք է նախատեսվում: Կգաք ինձ հետ: Կպատմեք ձեր ձեռքբերումների մասին: Ճանապարհին կճշտենք ասելիքը:
– Ես, ճիշտն ասած, էստոնացի եմ,- սկսեց Պախապիլը:
– Դա նույնիսկ ավելի լավ է,- կտրեց փոխգնդապետը,- եղբայրական ինտերնացիոնալիզմի տեսանկյունից…
Շտաբը մարդաշատ էր:
Գրաֆիկների, գեղարվեստորեն ձևավորված վահանակների, ցուցադրական քարոզչության նյութերի տակ խմբվել էին զինվորները: Սապոգներն ու թաց մազերը պսպղում էին: Ծխախոտի ու կուպրի հոտ էր փչում:
Նրանք սանդուղքներով բարձրացան վեր: Մառը գրկել էր Պախապիլի ուսը: Սանդղահարթակում նրանց շրջապատեցին:
-Ծանոթացեք,- զուտ քաղաքացիական տոնով ասաց փոխգնդապետը,- սրանք մեր փարոսներն են: Սերժանտ Թխափսաև, սերժանտ Գաֆիատուլին, սերժանտ Չիչիաշվիլի, կրտսեր սերժանտ Շահմամետև, եֆրեյտոր Լաուրի, շարքայիններ Կեմոկլիձե և Հովսեփյան…
«Պերկելե,- մտքի մեջ ընկավ Գուստավը,- լրիվ ջհուդներ են…»:
Բայց այստեղ զանգը տվին: Բոլորն ուղղվեցին դեպի աղբամանները: Գցեցին ծխուկներն ու մտան ընդարձակ դահլիճը…
Եվ ահա Պախապիլն ամբիոնի մոտ է: Ներքևում դեմքեր են ճերմակին տալիս, ձախից նախագահությունն է, ջրամանը, ալ կարմիր վարագույրները: Կողքից՝ կոնտրաբասը, դահլիճից այն չի երևում:
Պախապիլը նայեց մարդկանց, շոշափեց գոտու մետաղյա ճարմանդը: Ապա քայլ արեց առաջ:
– Ես, ճիշտն ասած, էստոնացի եմ,- սկսեց նա:
Դահլիճում լռություն էր: Պատուհանների տակով զնգոցով անցնում էր տրամվայը…
Երեկոյան Գուստավ Պախապիլը ցնցվում էր շտաբի մեքենայի հետևի նստիքին: Հրահանգիչը մտաբերում էր իր ելույթը: Եվ ինչպես էր գրաֆինից ջուր լցնում: Ինչպես էր ծլնգում բաժակը ու ժպտում գեներալը՝ նախագահությունում: Եվ ինչպես իր կրծքին կրծքանծան ամրացրին (երեք անհասկանալի բառ, ինչ-որ կերպարանք ու գլոբուս): Իսկ հետո Մառն էր խոսում՝ գնահատելով շարքային Պախապիլի արժեքավոր նախաձեռնությունը… Ինչ-որ բան նախաձեռնությանը միանալու, զարգացնելու և ջանալու մասին…
Ու նաև՝ հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ… Ժառանգորդության և անխզելի կապի կարգի ինչ-որ բան… Ընկած հերոսների գերեզմանների շեֆության նպատակով… Թեկուզև Պախապիլը էստոնացի է, բայց ժողովուրդնեորի եղբայրական բարեկամության շնորհիվ…
Դիմացը վեր էր խոյանում վարորդի մեջքը: Կողքով սուրում էին աղքատիկ սաղարթներով ծառերը, արևից խարկված բլուրները, տայգայի խեղճուկրակ կանաչը:
Երբ մեքենան դղրդաց գծանցի վրա, Գուստավը վարորդին ասաց.
– Էստեղ կիջնեմ:
Վարորդն առանց շրջվելու թափ տվեց ձեռքն ու հետ դարձավ: Գուստավ Պախապիլը քայլեց թույլ առկայծող ռելսերի երկայնքով: Անցավ երկաթգծի հողաթումբը: Գերանուղին նրան հասցրեց խանութ:
Այստեղ գրպանները ծանրացան:
Նա կտրեց լքված մարզադաշտն ու ոտք դրեց գերեզմանատան խանդակի կամրջակին:
Խոնավ էր ու խաղաղ: Տերևները քամու տակ փսփսում էին: Գուստավն արձակեց համազգեստի կոճակները: Նստեց հողաթմբին: Ապուխտը ծնկներին դրեց: Շիշը՝ խոտերի մեջ:
Ու նոր միայն ծխեց՝ կարմիր նրբատախտակե շիրմակոթողին հենված:

ՈՒՂԻՂ ԳԾՈՎ

Երբ ինձ կապկպեցին հեռխոսալարով, խաղաղվեցի: Գլուխս ջեռուցման մարտկոցի կողքին էր: Իսկ կոպիտ կիրզայե սապոգներ հագած ոտքերս՝ առաստաղից կախված ջահի տակ: Այնտեղ, ուր մի ամիս առաջ տոնածառն էր:
Լսում էի՝ ինչպես են զենք տալիս վերակարգին: Լեյտենանտ Խուռիևն ինչպես է հրահանգավորում զինվորներին: Գիտեի, որ նրանք հիմա ելնելու են դուրս, ուղիղ սառնամանիքի մեջ: Հետո կանցնեն սև կամրջատախտակներով, զոնայի երկայնքով, կաշեփոկերը պոկ տվող շների մոտով: Եվ յուրաքանչյուրը լապտերիկով կլուսավորի իր դեմքը, որ դիտաշտարակին կանգնած զինվորը կարողանա ճանաչել եկողին…
Ամենից առաջ որոշեցի հացադուլ հայտարարել: Սկսեցի սպասել ընթրիքին, որպեսզի ուտելիքին ձեռք չտամ: Ինձ այդպես էլ ընթրիք չբերեցին:
Լսում էի՝ ինչպես են վերադառնում ժամապահները: Ինչպես մտան զինանոց: Ինչպես են արգելապատի վրայով դղրդոցով հրահանգչին նետում գոտեպայուսակները՝ երկուական պահունակով: Ինչպես են զինաբուրգի վրա շարում եղյամից ճերմակած ավտոմատները: Եվ ինչպես են ճաշարանում տեղից տեղ շարժում թեթև դյուրալյումինե աթոռակները: Իսկ հետո հայհոյում խոհարար Բալոդիսին, որը նրանց համար մի քանի սոխ, ճարպ ու հաց էր պահել: Բայց, որքան հասկացա, մոռացել էր աղը…
Ցրտից սթափվելով՝ սկսեցի հիշել, թե ինչպես կատարվեց այդ ամենը: Ցերեկը խմեցինք ուղեկցորդումից ազատված կալանավորների հետ, որոնք փորձում էին գրկել ինձ ու շարունակ կրկնում էին.
– Բո՛բ, դու միակ մարդն ես Ուստվիմլագում…
Հետո ավանը կտրելով՝ գնացինք դուքանի կողմը: Փոստատան մոտ հանդիպեցինք անտառտնտեսությն բուժակ Շտեռնին: Ֆիդելը մոտեցավ նրան: Գլխից թռցրեց մշկամկենու գդակը: Գդակով գետնից ձյուն քաղեց ու նորից քաշեց գլխին: Մենք անցանք առաջ,իսկ բուժակի դեմքով ծորում էր կեղտաջուրը:
Հետո մտանք խանութ ու Տոնեչկայից տնաքաշ արաղ ուզեցինք: Նա ասաց, որ էժան խմիչք չկա:Այդ ժամանակ սկսեցինք գոռգոռալ, թե՝ մի հաշիվ է, ինչ կա, ինչ չկա: Քանի որ փողը, մեկ է, արդեն պրծել է:
Նա ասում է.
– Լվացեք պահեստի հատակը: Մի-մի սրվակ օդեկոլոն կտամ…
Տոնեչկան գնաց ջուր բերելու: Վերադարձավ մի քանի րոպեից: Տաշտից գոլորշի էր բարձրանում:
Մենք հանեցինք գիմնաստյորկաները: Ոլորեցինք, թրջեցինք տաշտի մեջ ու սկսեցինք հարել հատակի տախտակները: Ես ու Բալոդիսը բարեխղճորեն էինք աշխատում: Իսկ Ֆիդելը համարյա չէր խանգարում:
Հետո մի քիչ օդեկոլոն խմեցինք: Ուղղակի տանջահար էինք եղել սպասումից: Անտանելի դանդաղ էր լցվում բաժակի մեջ:
Համը սոսկալի էր, ու մենք կոնֆետ կերանք: Ծամում էինք վրաները կպած փաթեթաթղթի հետ:
Տոնեչկան ասաց. «Անո՛ւշ լինի»:
Լատվիացի Բալոդիսն աչքով արեց նրան ու Ֆիդելին հարցնւմ է.
– Դու կկարողանայի՞ր:
Իսկ Ֆիդելը նրան պատասխանում է.
– Մի միլիոն որ տային, հետն էլ՝ լուլ հարբած լինեի…
Երբ դուրս եկանք, մութն արդեն ընկել էր: Սղոցարանի գլխին և ավանում վառվում էին լույսերը:
Մենք գնացինք ձիանոցի երկայնքով, որտեղ սայլերն էին կանգնած, առանց ձիերի:
Ֆիդելը երգ ծոր տվեց. «Մենք անցնում ենք Ուրուգվայով…»: Իսկ Բալոդիսը վերցրեց կիթառն ու խփեց ծառին: Կտորտանքը գցեցինք սառցաճեղքը:
Ես նայեցի աստղերին: Գլուխս պտտվեց…
Այդ պահին Ֆիդելը մագլցեց հեռագրասյան վրա: Այն էլ՝ գրչահատ դանակն ատամներով բռնած: Տեխնիկապես գրագետ տղա էր ու համոզված էր, որ ինչ-որ բան կկարողանա փչացնել: Բարձրանում էր վեր ու վեր: Նրա ստվերը հսկայական էր: Անսպասելի ճչաց. «Մայրի՜կ…» ու ցած ընկավ տասմետրանոց բարձրությունից: Նետվեցինք նրա մոտ: Բայց Ֆիդելը վեր կացավ, թափ տվեց ձյունն ու ասում է…
– Ընկնելը մագլցել չի…
Սկսեցինք փնտրել դանակը: Բալոդիսն ասում է.
– Երևի կուլ ես տվել:
– Բան չկա,- ասաց Ֆիդելը,- մի հատ էլ ունեմ…
Հետո գնացինք զորանոցի կողմը: Մեզ ընդառաջ ելավ հացի ֆուրգոնը: Առանց ճանապարհից շեղվելու ընդառաջ գնացինք: Վարորդն արգելակեց, կողքի դարձրեց մեքենան ու ջարդուփշուր արեց ինչ-որ մեկի ցանկապատը…
Երբ վերադարձանք, վերակարգը զենքերն էր մաքրում: Մտանք ճաշարան ու սառը աղապուր կերանք: Ֆիդելն ուզում էր միզել աթոռակին դրած տակառիկի մեջ: Բայց ես ու Բալոդիսը համոզեցինք, որ այդպիսի բան չանի:
Հետո մտանք լենինյան սենյակ: Նստոտեցինք սեղանի շուրջը: Այն ծածկված էր ալ կարմիր սփռոցով: Շուրջը շառագունել էին վահանակները, լոզունգներն ու պլակատները: Առաստաղի տակ առկայծում էր ջահը: Անկյունում ամանորյա «Կայծակն» էր՝ խողովակաձև փաթաթած:
– Շո՞ւտ կգա կոմունիզմը,- հետաքրքրվեց Ֆիդելը:
– Թերթերին որ հավատանք՝ հենց վաղը: Իսկ ի՞նչ է պատահել:
– Պատահել է էն, որ լիքը պահանջմունք է կուտակվել:
– Ասում ես՝ ավելացնենք, հա՞,- աշխուժացավ Բալոդիսը:
– Ըհը՛,- գլխով արեց Ֆիդելը:
Ես ասում եմ.
– Իսկ ունակություններիդ մասի՞ն ինչ կաես:
– Հրաշալի է,- պատասխանեց Ֆիդելը,- լիքը ունակություն ունեմ:
– Մեր ուշունց տալու,- հուշեց Բալոդիսը:
– Ոչ միայն,- պաատասխանեց Ֆիդելը:
Նա սկսեց շարել շախմատի խաղաքարերը: Ես գլուխս դրեցի սփռոցին: Իսկ Բալոդիսն ուսումնասիրում էր Կենտկոմի քաղբյուրոյի անդամների լուսանկարները: Հետո ասաց.
– Ա՜յ քեզ բան: Չելյուստ է՞լ ազգանուն կլինի:
Այստեղ լենինյան սենյակ մտավ ավագ Եվչենկոն:
– Գուցե պառկեիք, հա՞, տղե՛րք,- ասաց նա:
Ու Ֆիդելը հանկարծ այնպե՜ս գոռաց.
– Ինչո՞ւ է շուրջը անարդարություն տիրում, ավա՛գ: Բացատրե՛ք, ինչո՞ւ: Գողը, ենթադրենք, իր գողության համար է նստած: Բա մե՞նք ինչի ենք անտեղի տեղը կորչում:
– Իսկ ո՞վ է մեղավոր,- ասում է ավագը:
Ես ասում եմ.
– Եթե մեկը ցույց տար այն մարդուն, որ մեղավոր է… Որի խղճին է իմ բոլոր դժբախտությունների մեղքը… Ես նրան անմիջապես կխեղդեի…
– Լավ կլիներ գնայիք քնելու,- ասում է Եվչենկոն:
Այստեղ մենք վեր կացանք ու ու հեռացանք՝ առանց հրաժեշտ տալու: Իսկ Ֆիդելը նույնիսկ հրեց ավագին: Բակում, գերաններին նստոտած, ծխեցինք, ապա գնացինք տնտմաս:
– Բո՛բ, մտի զոնա, վառելիք բեր, թե չէ շարժիչս հանգչում է:
– Գնա՛,- արձագանքեց Բալոդիսը,- դուքանում շնապս չկա, իսկ զեկերն ինչքան ասես ունեն: Սուսուփուս կտան. ինքդ կտեսնես: Գիտեն, որ մենք էլ պարտքի տակ չենք մնա:
Նա քաշեց Ֆիդելի թևքից.
– Ծխելիք տու:
– Ծխելը վնաս է,- հայտարարեց Ֆիդելը,- ծխելը բացասական է ազդում սրտի վրա:
– Չէ՛, օգտակար է,- ասաց Բալոդիսը,- իսկ օղին ավելի օգտակար է: Գիտե՛ս ինչն է վնաս: Դիտաշտարակին կանգնելը:
– Ամենավնասակարը,- ասում է Ֆիդելը,- քաղպաարպմունքներն են: Ու երբ որ վազում ես հակագազով:
– Շարային պատրաստությունն էլ,- ավելացրի ես…
Ինձ զոնա չթողեցին: Հերթափոխի հսկիչը հարցնում է.
– Ո՞ւր ես գնում:
– Բնականաբար՝ զոնա:
– Անձնակա՞ն գործով:
– Ոչ,- ասում եմ,- հանրային:
– Օղու ես գնում, հա՞:
– Ըհը՛:
– Հե՛տ դառ:
– Տես, է՜,- ասում եմ,- ա՜յ քեզ սոցօրինապահություն: Ուրեմն թողենք էդ արաղը որևէ ռեցիդիդվիստ խմի, հա՞: Ու կրկին անգամ քրեորեն հետապնդելի արարք կատարի:
– Դու գնում ես օղի բերելու: Շփվում ես կոնտինգենտի հետ: Իսկ հետո նրանք քեզ կօգտագործեն կասկածելի նպատակներով:
– Ո՞վ նրանք:
– Կոնտինգենտը… Քո մեջ զեկերի գծով անտագոնիզմ պիտի լինի: Դու պիտի ատես նրանց: Բայց մի՞թե դու նրանց ատում ես: Ոնց որ չի երևում: Հարց է ծագում՝ ո՞ւր է քո անտագոնիզմը:
– Իմ մեջ անտագոնիզմ չկա, նույնիսկ քո հանդեպ, ապուշի՛ մեկը…
– Հենց էդ եմ ասում,- անսպասելի համաձայնեց հսկիչն ու ավելացրեց,- ուզո՞ւմ ես քեզ համար անձնական պաշարներից լցնեմ:
– Լցրո՛ւ,- ասում եմ,- մենակ թե էլի անտագոնիզմի հույս չունենաս…
Ես սաթաքելով վերադառնում էի զորանոց: Մթության մեջ շրջանցեցի ձյունապատ շարահրապարակը: Հայտնվեցի չորանոցում, որտեղ վառարանը վառ էր: Կեռիկներից կախված էին բուշլատներն ու կիսամուշտակները:
Ֆիդելն աթոռը շոռ տալով՝ նետվեց իմ կողմը: Երբ ասացի, որ օղի չեմ բերել, լաց եղավ:
Ես հարցրի.
– Իսկ ո՞ւր է Բալոդիսը:
Ֆիդելն ասում է.
– Բոլորը քնած են: Հիմա մենակ ենք:
Այստեղ քիչ էր մնում ես էլ լաց լինեի: Պատկերացրի, որ մեն-մենակ ենք ամբողջ աշխարհում: Ո՞վ կսիրի մեզ: Ո՞վ հոգ կտանի մեզ համար:
Ֆիդելը, անտանելի ծղրտացնելով, ձգեց հարմոնիկը:
– Տե՛ս,- ասաց նա,- առաջին անգամ եմ գործիքը ձեռս առնում ու վատ չի ստացվում: Քեզ համար ի՞նչ նվագեմ՝ Բա՞խ, թե՞ Մոցարտ…
– Մոցարտ,- ասացի ես,- թե չէ հերթափոխը կզարթնի: Կարող է մռութներիս հասցնեն…
Մենք լռեցինք:
– Ձավաշվիլին չաչա ունի պահած,- ասաց Ֆիդելը,- բայց չի տա: Գնա՞նք:
– Հետը գլուխ դնելու հավես չունեմ:
– Էդ ինչի՞ որ:
– Չունեմ ու վերջ:
– Կարող է՝ վախենո՞ւմ ես:
– Ինչի՞ց պիտի վախենամ: Թքա՛ծ ունեմ:
– Չէ, վախենո՜ւմ ես: Վաղուց եմ նկատել:
– Գուցե քեզանից է՞լ եմ վախենում: Կարող է հենց Կոգանի՞ց էլ եմ վախենում:
– Կոգանից չես վախենում: Ինձանից էլ չես վախենում: Իսկ Ձավաշվիլուց վախենում ես: Բոլոր վրացիները դանակներով են ման գալիս: Հենց մի բան է լինում, ձեռը գցում են դանակին: Ձավաշվիլին ա՜յ էսքան մի սաքսան ունի: Ճտքի մեջ չի տեղավորվում…
– Գնացի՛նք,- ասում եմ:
Անզոր Ձավաշվիլին քնած էր պատուհանի տակ: Նույնիսկ քնի մեջ դեմքը գեղեցիկ էր ու մի քիչ ամբարտավան:
Ֆիդելն արթնացրեց նրան ու ասում է.
– Լսի, այլազգի՛, գուցե չաչա տայիր, հը՞…
Ձավաշվիլին վախեցած արթնացավ: Այդպես վեր են կենում ճամբարային պահնորդության բոլոր զինվորները, երբ անսպասելի են արթնացնում: Ձեռքը խոթեց բարձի տակ: Հետո նայեց, հասկացավ ինչն ինչոց է ու ասում է.
– Ի՞նչ չաչա, թանկագի՛նս, քնել է պետք:
– Տո՛ւր,- պնդում է Ֆիդելը,- ես ու Բոբը պիտի խումհարաթող լինենք:
-Բա դու վաղը ո՞նց ես ծառայության գնալու,- ասում է Անզորը:
Իսկ Ֆիդելը պատասխանում է.
– Էդ քու բեղի բանը չի…
Անզորը մեջքը մեզ դարձրեց:
Այստեղ Ֆիդելը սկսեց ծղրտալ.
– Էդ ո՜նց դու, սրիկա՛, ռուս զինվորին չաչա չես տալիս:
– Ո՞վ է էստեղ ռուսը,- ասում է Անզորը:- Դո՞ւ ես ռուսը: Դու ռուս չես: Դու ալկոհոլիստ ես:
Ու սկսվե՜ց:
Անզորը գոռում է.
– Շալվա՜: Գիգո՜: Վա՜յ մե: Առո՜ւնդա…
Վրա վազեցին տակաշորերով վրացիները, մինչևիսկ հյուսիսում՝ արևից մգացած: Նրանք սկսեցին այնպես թափահարել ձեռքերը, որ Ֆիդելի քթից արյուն եկավ:
Եվ այստեղ սկսվեց կռիվը, որ տարիներ շարունակ հիշվում էր պահնորդությունում: Ես վեց անգամ ընկա: Երեք անգամը վեր կացա: Վերջապես կապկպեցին հեռախոսալարով ու տարան լենինյան սենյակ: Բայց նույնիսկ այստեղ էլ դեռ ինչ-որ մեկին հետապնդում էի: Կապկպված, խորդուբորդ տախտակներին պառկածս: Երևի դա հենց այն մարդն էր: Իմ ճակատագրի անհամար խեղումների մեղավորը…
Առավոտվա կողմ տրամադրությունդ միշտ ընկնում է: Մանավանդ երբ քնում ես սառը հատակին: Այն էլ՝ հեռախոսալարով կապկպված:
Ես սկսեցի ականջ դնել: Խոհարարը դղրդոցով վառելափայտ էր լցնում թիթեղի կտորի վրա: Դույլերը զնգզնգում էին: Հետո անցավ օրապահը: Հետո շխկացին դռներն, ու շուրջբոլորը լցվեց յուրահատուկ աղմուկով: Զորանոցի՛ աղմուկով, որտեղ միայն տղամարդիկ են կենում ու շրջում են ծանր սապոգներով:
Մի քանի րոպե անց լենսենյակ մտավ ավագ Եվչենկոն: Կռանալով սվին-դանակով կտրեց հեռախոսալարը:
– Շնորհակալությո՛ւն,- ասում եմ,- ընկե՛ր Եվչենկո: Ես, մեր մեջ ասած, էս ամենը ականջի հետև չեմ գցի: Ամեն ինչ կպատմեմ «Ամերիկայի ձայնի» թղթակցին:
– Պատմի՛ր,- ասում է ավագը,- մի զոնա լիքը էդ թղթակիցներից ունենք:
Հետո ասաց, որ ինձ կանչում է կապիտան Տոկարը:
Ես, դաստակներս տրորելով, գնացի գրասենյակ: Տոկարը վեր կացավ սեղանի հետևից: Պատուհանի տակ տեղավորվել էր վերջերս ինձ փոխարինած գրագիր Բոգոսլովսկին:
– Այս անգամ ներել չեմ պատրաստվում,- հայտարարեց կապիտանը,- կալանավորների հետ խմե՞լ եք:
– Ո՞վ, ե՞ս:
– Դո՛ւք:
– Դե որ խմել եմ… խմել եմ, ուրեմն…
– Զուտ հետաքրքրության համար՝ ինչքա՞ն:
– Չգիտեմ,- ասացի,- գիտեմ, որ պահածոյի տուփով էինք խմում:
– Ընկե՛ր կապիտան,- միջամտեց Բոգոսլովսկին,- նա չի ժխտում: Նա զղջում է:
Կապիտանը զայրացավ.
– Ես այդ ամենն արդեն լսել եմ, ձանձրացա՜: Թող այս անգամ տրիբունալը վճռի: Նախկին պահնորդությունն այլևս չկա: Մենք, փառք Աստծո, արդեն կանոնավոր բանակի մաս ենք…
Նա դարձավ իմ կողմը.
– Դուք անձնակազմին արդեն մի քանի արտակարգ դեպք եք պարգևել: Դուք խափանում եք քաղպարապմունքները: Սադրիչ հարցեր եք տալիս լեյտենանտ Խուռիևին: Երեկ շովինիստական մանրախնդրությամբ ծեծուջարդ եք սարքել: Ահա բժշկական եզրակացությունը, որ ստորագրել է բժիշկ Յավշիցը… Կապիտանը թղթապանակից մի դեղնավուն թերթիկ հանեց:
– Ընկե՛ր կապիտան,- միջամտեց Բոգոսլովսկին,- ով ինչ ասես կարող է գրել:
Տոկարը թափ տվեց ձեռքն ու կարդաց.
«…Սերժանտ Գոդերիձեին հասցվել է մարմնական վնասվածք վեց ատամի չափով…»:
Նա հայհոյեց ու ավելացրեց.
«…ժանիքից ժանիքը՝ ներառյալ»: Սրա՞ն ինչ կասեք:
– Ավիտամինոզից է,- ասացի ես:
– Ի՞նչ:
– Ավիտամինոզ,- ասում եմ,- զզվելի են կերակրում: Բոլորիս ատամներն էլ շարժվում են: Մի թեթև կպար՝ հերիք է…
Կապիտանը կասկածանքվ նայեց դռան կողմը: Հետո վեր կացավ ու բացեց: Այնտեղ կանգնել էր Ֆիդելն ու ականջ էր դնում:
– Բարև ձեզ, ընկե՛ր կապիտան,- ասաց նա:
– Ահա,- ասաց Տոկարը,- հրաշալի է: Հենց Պետրովն էլ ձեզ կուղեկցորդի:
– Ես չեմ կարող,-ասաց Ֆիդելը,- քանի որ նա իմ ընկերն է: Ես չեմ կարող ուղեկցորդել ընկերոջս: Մեջս անտագոնիզմ չկա…
– Իսկ նրա հետ խմել կարո՞ղ եք:
– Այլևս չի կրկնվի,-ասաց Ֆիդելը:
– Բավակա՛ն է,- կապիտանը շտկեց գիմնաստյորկան,- հանե՛ք գոտին:
Ես հանեցի:
– Դրեք սեղանին:
Ես գոտիս նետեցի սեղանին: Պղնձե ճարմանդը շխկաց ապակուն:
– Վերցրե՛ք գոտին,- գոռաց Տոկարը:
Ես վերցրի:
– Դրեք սեղանին:
Ես դրեցի:
– Եֆրեյտոր Պետրո՛վ, վերցրեք զենքն ու մա՛րշ ավագի մոտ՝ փաստաթղթերի ետևից:
– Ավտոմա՞տն ինչի համար է:
– Կատարե՛ք, թե չէ կփոխատեղվեք:
Այստեղ ես ասում եմ.
– Գուցե ուտելու բա՞ն տայիք: Սովամահ անելու իրավունք չունեք:
– Ձեր իրավունքները լա՜վ գիտեք,- քմծիծաղեց Տոկարը,- բայց ես էլ իմը գիտեմ…
Երբ դուրս եկանք, ես Ֆիդելին ասացի.
– Լա՛վ, մի՛ տխրի, դու չլինեիր, ուրիշն էր լինելու…
Հետո վարսակաձավարի շիլայով նախաճաշեցինք, հացը խցկեցինք գրպաններս, տաք հագնվեցինք ու ելանք սանդղամուտ:
Ֆիդելը գոտեպայուսակից հանեց պահունակը, հենց աստիճանների վրա լիցքավորեց ավտոմատը:
– Գնացինք,- ասում եմ,- չարժե ժամանակ կորցնել:
Քայլեցինք դեպի գծանցը: Այնտեղ կարելի էր որևէ համընթաց բեռնատար կամ գերանատար նստել:
Հետևում մնացին զորանոցային խունացած դրոշը, ցանկապատի վրայից երևացող տրտում ծառերը և պղտոր սպիտակ արևը:
Ուղեփակոցն իջեցված էր: Ֆիդելը ծխում էր: Ես նայում էի մեր կողքով անցնող գնացքին: Կարողացա տեսնել երկնագույն վարագույրները, թերմոսը, լուսամփոփը… Ծխախոտով տղամարդուն: Նույնիսկ նկատեցի, որ գիշերազգեստով է:
Այդ ամենը սրտխառնոց էր առաջացնում:
Մեր կողքին մի գերանատար կանգնեց: Ֆիդելը ձեռքով արեց վարորդին: Մենք հայտնվեցինք նեղլիկ խցիկում, որտեղ բենզինի հոտ էր գալիս:
Ֆիդելն ավտոմատը դրեց ծնկների արանքը: Ծխեցինք: Վարորդը դարձավ իմ կողմն ու հարցնում է.
– Ինչի՞ համար, ախպե՛րս:
Ես ասում եմ.
– Ղեկավարությանը քննադատելու…
Ջրհանի մոտ ճանապարհը դառնում էր ավանի կողմը: Գրպանիցս հանեցի առանց կաշեփոկի ժամացույցը, ցույց տվի վարորդին, ասում եմ.
– Կառնե՞ս:
– Բայց աշխատո՞ւմ է:
– Էն էլ ո՜նց: Կրեմլի ժամացույցից երկու ժամով ճիշտ:
– Քանի՞ս ես աում:
– Հինգ:
– Հի՞նգ:
– Դե լավ, յոթ:
Վարորդն արգելակեց: Հանեց փողը: Տվեց հինգ ռուբլի: Հետո հարցրեց.
– Հաուպտվախտում փողն ինչի՞դ է պետք:
– ԱղՉքավորներին եմ օգնելու,- պատասխանեցի ես:
Վարորդը քմծիծաղ տվեց: Հետո դեռ երկար զննում ու ականջին էր դնում ժամացույցը:
– Ծնունդին,- ասում է,- աներոջս կնվիրեմ, էդ քավթառին…
Դուրս եկանք խցիկից: Ձնաթմբերի արանքում սևին տվող գերանուղին տանում էր ավան:
Այն մեզ դիմավորեց էլեկտրաշարժիչի գվվոցով ու սահնակողերի ճռնչոցով: Վրաներս փչեց դատարկ փողոցների միջանցաքամին: Ավելի շատ շներ էին հանդիպում, քան մարդիկ:
Մեր ճանապարհն անցնում էր Վեսլյանայով: Արկղերի արտադրամասի կիսավեր քարե դարպասների մոտով: Ձյան մեջ թաղված խրճիթների մոտով: Ճաշարանի մոտով, որի բաց դռներից գոլորշին հորդում էր դուրս: Գարաժի մոտով, որտեղ մեքենաները շարվել էին, ինչպես ձիերը գիշերակացին: Ակումբի մոտով, որի ձեղնապատուհանի գլխին բարձրախոս էր կախված: Իսկ հետո՝ ցանկապատի երկարությամբ, որի մեջ, վաթսուն մետրը մեկ, նբատախտակե խցիկներ կային:
Ավելի հեռվում, բլրակից այն կողմ, ձգվում էին գլխադասային ճամբարակետի գորշ մասնաշենքերը: Այնտեղ բարձրանում էր շտաբի երկհարկանի աղյուսե շենքը, որ խրկված էր սպաներով, գրամեքենաների կտկտոցով և անհաշիվ բանակային մասունքներով: Այնտեղ, մետաղյա դռան ետևը, մեզ էր սպասում լավ կահավորված հաուպտվախտը՝ցեմենտած հատակով: Ու նաև՝ անշրիշակ, մերկ թարեքներով:
Արդեն երևում էր դարպասը՝ վրան հնգաթև աստղ:
– Մենք քեզ երաշխավորությամբ հետ կբերենք,- ասաց Ֆիդելը,- այ կտեսնես:
– Լավ: Կնստեմ հաուպտվախտում: Իսկ տրիբունալում, կարծում եմ, մի քանի տարվա հերթ դեռ կա…
Մենք սառցակալած գերանի վրայով անցանք խանդակը: Ես ասացի.
– Նայի փաստաթղթերը: Ժամկետ չե՞ն նշել:
– Չէ,- ասց Ֆիդելը,- իսկ ի՞նչ կա:
– Ի՞նչ ունենք շտապելու,- ասում եմ,- գնանք տորֆուհիների մոտ:
Նկատի ունեի տորֆահանքի կանանց: Սեզոնային աշխատողներ էին, ավանի ծայրի բարաքներում էին կենում:
– Թող կորչե՜ն,- ասում է Ֆիդելը:
– Ինչի՞ որ, խմելու բան կվերցնենք, փող կա:
Այստեղ նկատեցի, որ դա Ֆիդելի սրտով չէ: Որ թախծոտ աչքերով է նայում ինձ:
– Գնանք,- ասում եմ,- մարդկանց հետ կշփվենք:
– Բա թնդանո՞թը:
– Ավտոմատը կպահենք մահճակալի տակ:
Ֆիդելը քայլում է, լուռումունջ: Ես ասում եմ.
– Գնա՛նք: Կծխենք, կխմենք: Ես էլ անառականոց չեմ սիրում: Խաղաղ կնստենք, տաք տեղ, առանց գոռում-գոչյունի:
Իսկ Ֆիդելն ասում է.
– Լսի՛, հրես շտաբը, կողքներիս է: Ճահիճներով՝ հինգ րոպեի ճանապարհ: Հինգ րոպե՝ ու տաք տեղում ենք:
– Հաուպտվախտում, հա՞:
– Ըհը՛:
– Ցեմենտե հատակի՞ն:
– Հատա՞կն ինչ կապ ունի: Էնտեղ թախտ կա: Վառարան էլ: Ու ջերմաստիճանն էլ կանոնագրքով տասնվեց աստիճանից բարձր պիտի լինի…
– Լսի՛,- ասում եմ,- խելքին մոտ բան չես ասում: Հաուպտվախտը կա ու կլինի: Ե՛վ թախտը, և՛ տասնվեց աստիճանը, և՛ զինվորական հետաքննիչ Կոմլևը… Իսկ հիմա գնանք տորֆուհիների մոտ:
– Արկածներ փնտրելո՞ւ,- սրտնեղած պնդում է Ֆիդելը:
– Հը՜մ, այ թե խոսքը ուր տարար: Ա՜յ թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ վզից թնդանոթ են կախում: Մի՛ քաշվի, հրամայի՛, քաղաքացի՛ պետ…
Այստեղ Ֆիդելն այնպե՜ս գոռաց.
– Ի՜նչ ես աքլորանում, հը՞, ինչ ես աքլորանում: Գնանք ուր ուզում ես: Ուր ուզում ես, էնտեղ էլ գնանք…
Մենք ուղղվեցինք դեպի դուքանը: Բարձրացանք սանդուղքով, շեմին մեր վրայից թափ տվեցինք ձյունն ու մտանք ներս: Ձկան ու նավթի հոտ էր գալիս: Անկյունում սևին էին տալիս տակառները: Դարակներին՝ սիգարետ, օճառ, պահածոներ: Ոսկեգույն էր հալվայի՝ մաշված զեհերով խորանարդը: Շիկացած էլեկտրավառարանի կողքին մրափել էր կատուն: Ներքևում իրար էր անցել աքաղաղը: Անդադար ու կատաղի կտցահարում էր շաքարահացի մարմարագույն նախշազարդը:
Տոնեչկան մեզ երկու շիշ գինի տվեց: Ֆիդելը շշերը խցկեց գալիֆեի գրպանները: Հետո մի քիչ հալվա ու երկու տուփ խոզի մսի պահածո վերցրինք:
Ֆիդելն ասաց.
– Տառեխ էլ վերցրու:
Տոնեչկան ասում է.
– Տառեխը մի քիչ… բուրավետ է:
Ֆիդելը հարցնում է.
– Վատ է բուրո՞ւմ, թե լավ:
– Ոնց ասեմ, միջին,-ասում է Տոնեչկան:
Դուրս եկանք խանութից: Բարձրացանք բլուրն ի վեր: Եվ ահա հայտնվեցինք բարաքի առաջ, որի դռան գլխին աղոտ վառվում էր լամպը:

Մոտեցանք պատուհանին, թակում ենք: Անմիջապես մի տափակ դեմք ցցվեց դուրս: Մազերն արձակած կինը, դուռը ցույց տալով, երեք անգամ գլխով արեց:
Միջանցքում նրբատախտակի կտորով ծածկած դույլ կար: Անկյունում, պատին, սևին էին տալիս բրեզենտե թիկնոցները: Դրանց տակ շերեփներ, թոկեր ու կեռիկներ էին թփված…
Բարագում տաք է: Թուջե վառարանը լեփ-լեցուն է վրդագույն տապով: Անկյունից անկյուն շեղակի ձգվում է խողովակը:
Թարեքների վրա խառնիխուռն վերարկուներ ու բամբակաբաճկոններ են լցված: Փտած գերաններին ամսագրերից կտրած գունավոր լուսանկարներ են սոսնձված: Պահարանիկների վրա բրգվել է կեղտոտ ամանեղենը:
Մենք հանեցինք կիսամուշտակները: Տեղավորվեցինք սեղանի մոտ: Հենց կողքներիս, ծածկոցի տակ ինչ-որ մեկը քնած էր: Պատուհանի մոտ նստել էր գիմնաստյորկայով մի կին ու գիրք էր կարդում: Նույնիսկ չբարևեց:
– Տասնվեցերորդ հանրապետությունն է,- նրա մասին հանելուկային ասաց առաջին աղջիկը՞
Հետո ձայն տվեց ինչ-որ մեկին, որ բարքի խորքում էր.
– Նա՜դկա: կարոտած փեսացուներ են եկել…
Եվ ավելացրեց.
– Դե որ եկել եք, ձեզ զգացեք, ինչպես տանը…
Նա մորեգույն շալվարի փողքերը խցկել էր կոպիտ կիրզայե ոտնամանների մեջ, դաստակին կապտին էր տալիս վառոդի դաջվածքը. «Ամբողջ աշխարհը բարդակ է»:
Հայտնվեց չար ու գունատ դեմքով ընկերուհին: Դահուկորդի մորեգույն բաճկոնով էր, մահուդե նեզ փեշով ու հողաթափերով:
Մենք հանեցինք շշերն ու պահածոները: Աղջիկներն էմալապատ գավաթներ ու հաց բերեցին: Ու շարունակ ծիծաղում էին:
Պատուհանի գոգին սևին տվող տրանզիստորային մագնիտաֆոննն առանձնանում էր այլևայլ հնոտիքից:
Կարմիր շալվարով աղջկա անունը Զինա էր: Փեշավոր ընկերուհին բամբ ձայնով ներկայացավ.
– Ամոսովա Նադեժդա:
– Ո՞նց եք աշխատում,- հետաքրքրվեցց Ֆիդելը,- հուսով եմ՝ ոգևորությա՞մբ:
– Թող արջը աշխատի,- պատասխանեց Նադեժդան:
Զինան ավելի վճռական արտահայտվեց.
– Էն իմացածիցդ ծանր բան ձեռս չեմ առնում…
Ֆիդելը հարգանքով վեր քաշեց հոնքերը:
Լռություն տիրեց: Հետո Զինան հարցրեց.
– Տղաները պահնորդույունի՞ց են:
– Չէ՛,- ասաց Ֆիդելը,- արտիստներ ենք: Ավելի ճիշտ՝ դափնեկիրներ: Էս էլ իմ սաքսաֆոնը:
Ու գլխավերևում թափահարեց ավտոմատը:
– Տղանե՛ր,- ասաց Զինան,- դուք ոնց որ մի քիչ խփնված եք, հա՞:
– Ըհը՛,- ասում եմ, խելագարներ ենք: Ծուղրուղո՜ւ…
Ֆիդելը շշի բերանը էմալպատ գավաթների շուրփերին զնգացնելով՝ գինի լցրեց:
– Ողջ-առողջ լինենք,- ասաց նա:
– Ողջ-առողջ լինենք,- ասւմ եմ:
– Կլինեք, կլինեք,- ասաց Զինան,- մենք ստուգվում ենք: Էնպես որ, չվախենաք…
Ինչ-որ մեկը մեր թիկունքում գնում-գալիս էր բարաքով: Ինր-որ մեկը խնդրում էր, որ անջատենք մագնիտաֆոնը: Ինչ-որ մեկը նախասենյակում դղրդացնում էր շերեփները: Ինչ-որ մեկը ջուր էր խմում…
Հետո հայտնվեցին անտառտնտեսության տղաները: Տեսան մեր կիսամուշտակները: Ինչ-որ բան նյութելով՝ երկար շրջում էին պատուհանների տակ:
Բայց ինձ համար մեկ էր: Ոովհետև անսպասելի հիշել էի հերվա ձմեռը…
Այստեղ պահնորդական անձնակազմի հերթական հավաքն էր: Մեզ տեղավորել էին քառասուն տեղանոց վրանում: Մահճակները երկհարկանի էին: Ներքևում, վառարանի մոտ, շոգ էր, իսկ վերևում միջանցաքամիներ էին շրջում:
Ամեն առավոտ մեր խառնիխուռն ամբոխը գնում էր գլխադասային ճամբարակետի ճաշարան: Հետո պարապում էինք մարզադահլիճում կամ թերթում մեթոդական ձեռնարկները:
Ժամը յոթին մոտ ընթրելով՝ ցրվում էինք. մեկը՝ պարելու, մյուսները՝ ծանոթ տները:Մեծ մասը գնում էր տեղի ակումբ…
…Նվագախումբը դղրդում է: Տաքացած աղջիկները բազմության մեջ սպաներ են փնտրում: Խեղդող համազգեստներով շարքայինները դոփդոփում են պատերի տակ: Նրանք լոսյոն ու ախոռ են բուրում: Նրանց երկարաճիտները կեղծ զարդաքարերի կապույտ շողեր են արձակում:
Բայց ահա ռադիոլան լռում է: Զինվորները բարձրանւմ են բեռնատարի թափքը: Հիմա նրանք անսովոր լկտիությամբ են խոսում կանանց մասին: Ես խավարի մեջ լսում եմ մեկի ձայնը.
– Հիշո՞ւմ ես սուր կրունկներով էն շեկին: Ես էդ շեկի վրա կպառկեի՜…
– Դու աթարի դեզին էլ կպառկեիր,- լսվում է ի պատասխան:
Վաղը սովորոկան օր է…
Մի անգամ երեկոյան ոտքով վերադառնում էի ակումբից: Երաժշտության ձայնը գնալով թուլանում էր: Փողոցի լապտերները չէին վառվում: Ճամփան առաջին ցրտերից քարացել էր:
Մի պահ դանդաղելով՝ անսպասելի շրջվեցի դեպի գրադարանի շենքը: Փայտաշեն, դիք աստիճաններով բարձրացա երկրորդ հարկ: Հետո բացեցի դուռն ու կանգնեցի շեմին:
Սրահում լուռ էր ու խաղաղ: Պատերի տակ շարված էին ապակեդուռ պահարանները: Մոտեցա փայտե արգելապատին: Ինձ ընդառաջ ելավ մի երեսնամյա կին՝ ակնոցով, նեղ դեմքով ու գունատ շուրթերով:
Կինն, ակնոցը հանելով ու անմիջապես քթարմատը տրորելով, նայեց ինձ: Ես բարևեցի:
– Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, բանստեղծություննե՞ր, թե՞ արձակ:
Ես խնդրեցի Բունինի պատմվածքները, որոնք սիրում էի դեռ դպրոցական տարիներից: Ստորագրեցի քառակուսի կապտավուն դրոշմաթղթի վրա: Նստեցի պատուհանի մոտ: Միացրի կորավիզ լամպը, սկսեցի կարդալ:
Կինը մի քանի անգամ վեր կացավ, դուրս եկավ սենյակից: Երբեմն նայում էր իմ կողմը:
Հասկացա, որ վախեցնում եմ: Տայգա, ճամբարային ավան, պահնորդ… Ակնոցով կին…
Ինչպե՞ս է հայտնվել այստեղ…
Հետո տեղից տեղ էր շարժում աթոռները: Վեր կացա, որ օգնեմ: Նկատեցի, որ զգետը հնաոճ է՝ չափազանց բարակ, կոշտ ու մշտապես սառը կտորից: Հագին լայնաբերան կաճյակներ էին…
Այստեղ պատահմամբ դիպա նրա ձեռքին: Թվաց՝ սիրտս կանգ առավ: Սարսափով մտածեցի, որ հետ եմ վարժվել… Պարզապես մոռացել եմ այն ամենը, հանուն ինչի արժե ապրել… Իսկ եթե այդպես է, կողքովս ինչքա՜ն բան է հասցրել սլանալ-անցնել: Որքա՜ն բան եմ կորցրել: Ինչի՜ց եմ զրկվել ատելությամբ ու ահով լեցուն այս օրերի ընթացքում…
Հերթապահում ես մեկուսարանում: Հարևան խցում ձեռնաշղթաներն է շխկացնում Անագի-զադեն: Աղմկում է մեծ սղոցը:
Իսկ օրերը, ցուրտ, անհեթեթ օրերը անցնում են պատուհանների տակով, փոստից առաջ ընկնելով…
Վերադարձա սեղանի մոտ, փակեցի գիրքը: Դրեցի փայտե արգելապատի վրա:
– Դուր չեկա՞վ,- հարցրեց կինը:
– Ոչինչ,- ասում եմ,- շնորհակալություն: Գնալուս ժամանակն է…
Առանց հետ նայելու իջա աստիճաններով: Մինչև զինվորական ավանկիլոմետրուկես ճանապարհ կար…
Հիմա հիշեցի այդ ամենն ու Ֆիդելին ասւմ եմ.
– Գնանք էստեղից:
– Այ քեզ բա՜ն,- ասաց Ֆիդելը:
– Խմի-վերջացրու գինիդ ու գնացինք:
Աղջիկները հարցրին.
– Ձեզ, ի՞նչ է,հարսնացունե՞րն են սպասում:
Ու միայն քրքջացին մեր հետևից…
Մենք քայլում էինք լռության միջով, աստղերի ներքո: Ցանկապատի երկարությամբ ուղղվեցինք դեպի հովիտ: Այն ավրտվում էր շտաբի մթին ու զանգվածեղ ուրվապատկերով:
Հանկարծ ստվերներ ընկան արահետի վրա: Անտռտնտեսության տղաներն էին: Բայց Ֆիդելն անմիջապես բարձրացրեց ավոտմատն ու գոռաց.
– Անտառում կրակում եմ առանց նախազգուշացման…
Տղաները չքացան ծառերի արանքում, մթության մեջ՜
Ես առջևից էի քայլում՝ կողմնորոշվելով մարզաթոկերի շրջանակով: Այն կախաղանի պես սևին էր տալիս շտաբի շենքի առաջ:
Ֆիդելը գալիս էր իմ ետևից:
Արահետը նեղ էր, դահուկային վազքուղյակից ոչ լայն: Անընդհատ սայթաքում էի:
Երբ շրջանցեցիքն վերջին տները, նկատեցի գրադարանի լույսը: Դեղնավուն խաղաղ լույսը՝ պատուհանում: Մտածեցի կաճյակներ հագած կնոջ մասին: Համարյա տեսա նրան գրապահարանների պարսպապատից այն կողմ: Նեղվածք ու խեղդուկ, վառարաններից շոգած տարածության մեջ:
Եվ ահա, ասես փայտե սանդուղի վրա թաց հետքեր թողնելով, բարձրանում եմ այնտեղ: Անցնում եմ միջանցքը, բացում դուռը: Կինը վեր է կենում, նրա ականջօղերն օրորվում են: Լռությունն այնքան թանձր է, որ հստակ լսվում է նրանց զնգոցի մեղեդին: Կինը հանում է ակնոցն ու անմիջապես մատները հպում քթարմատին: Ես լսում եմ՝ «Ձեզ ի՞նչ է հետաքրքրում»:
– Գնացի՛նք,- ասաց Ֆիդելը,- ոտերս սառում են:
Ես նրան ասում եմ.
– Գրադարան պիտի մտնեմ:
– Տես, է՜: Բայց ուժեղ ես, հա՜:
– Էնտեղ մեկի հետ խոսելիք ունեմ:
– Վերջ տուր,- ասում է Ֆիդելը,- առանց էն էլ մի ամբողջ օր է՝ տեղ չենք հասնում:
Ես կանգ առա: Շուրջը՝ ոչ մի շնչավոր: Քիչ հեռվում ավանի դեղին լույսերն են: Կողքին մթին պատի պես վեր է խոյանում անտառը:
Ես ասում եմ.
– Ֆիդե՛լ, մարդ եղիր, թող գնամ: Էստեղ մեկի հետ ծանոթացել եմ: Պե՛տք է…
– Ուրեմն սպասելով սառեմ, քանի դեռ դուք գլուխկոնծի եք տալիս:
– Միասին գնանք:
Ֆիդելն ասում է.
– Չեմ կարող:
– Դու իմ ընկե՞րն ես,- ճչում եմ,- թե՞ քաղաքացի պետ: Ինչ ասեմ. տա՛ր: Հրամայի՜:
– Գնացի՛նք,- ասում է Ֆիդելը:
– Պարզ է,- ասում եմ:- Ճիշտ այդպե՛ս:
Բայց տեղից չենք շարժվում: Ֆիդելը քարացել է թիկունքիս:
– Ես,- ասում եմ,- գրադարան պիտի գնամ:
– Առա՛ջ անցիր:
– Ես պիտի…
– Դե՛…
Ես նայեցի այն կողմը, որտեղ շողում էր քառակուսի պատուհանը՝ դողդոջուն վարդագույն փարոսը: Հետո քայլ արեցի՝ շեղելով ճամփաս, ետևում թողնելով ուղեկցորդողի անհեթեթ կերպարանքը:
Այդ ժամանակ Ֆիդելը գոռաց.
– Կա՛նգ առ:
Ես շրջվեցի ու ասում եմ.
– Ուզում ես ինձ սպանե՞լ:
Նա հազիվ լսելի արտաբերեց.
– Հե՛տ դառ…
Այստեղ ես հայհոյեցի նրան ամենավերջին բառերով: Այն բառերով, որ լսել էի անտառահատարանում՝ կրակի մոտ: Եվ հսկիչ պահակետում՝ հերթափոխման ժամանակ: Եվ թաղթախաղի սեղանի մոտ՝ տուրուդմփոցից առաջ: Եվ բանտում՝ շմոնից հետո…
– Հե՛տ,- կրկնեց Ֆիդելը:
Ես գնում էի առանց հետ նայելու: Ես վիթխարիէի: Ես ինձնով ծածկում էի հորիզոնը: Ես լսում էի, թե պարպված սառցե լռության մեջ ինչպես շխկաց փակաղակը: Ինչպես ճռռոցով տեղի տվեց մարտական զսպանակը: Եվ ահա լցվում է փմփշտանոցը: Ես գիմնաստյորկայիս տակ զգացի ստանդարտ բանակային թիրախի բոլոր ինն օղակները…
Եվ այստեղ զգացի, թե ինչպես չարությունս եռաց իմ ներսում: Ասես ինքս, հենց ինքս էի նշան բռնել այդ մարդու վրա: Եվ այդ մարդն իմ դժբախտությունների միակ մեղավորն էր: Եվ այդ անգոտի մարդու խղճին էր պատասխանատվությունն իմ իմ ճակատագրի բոլոր փորձությունների համար: Եվ միայն դեմքը չհասցրի տեսնել…
Ես կանգ առա, նայեցի Ֆիդելին: Ցնցվեցի՝ նրա դեմքը տեսնելով: (Ատամներով մորթե թաթմանն էր բռնել): Հետո ինչ-որ բան գոռացի ու գնացի նրա վրա:
Ֆիդելը գցեց ավտոմատն ու լաց եղավ: Չգիտես ինչու՝ կիսամուշտակը վրայից պոկելով: Պոկոտելով գիմնաստյորկայի կոճակները:
Ես մոտեցա նրան ու կանգնեցի կողքին:
– Լա՛վ,- ասում եմ,- գնացի՛նք…

ԼԵՈՊՈԼԴ ՀՈՐԵՂԲԱՅՐՍ

Լեոպոլդ հորեղբորս կյանքը պատված էր տարաշխարհիկ մշուշով: Նրա մեջ ինչ-որ բան կար Մայն Ռիդի ու Կուպերի հերոսներից: Երկար տարիներ նրա ճակատագիրը խռովում էր իմ երևակայությունը: Հիմա արդեն՝ չէ:
Սակայն առաջ չընկնենք:
Իմ հրեա պապը երեք որդի ուներ: (Թող ձեզ չշփոթեցնի ասքապատումի այս խաբուսիկ նոտան): Որդիներին կոչում էին Լեոպոլդ, Միխայիլ և Դոնատ:
Կրտսերին՝ Լեոպոլդին, ասես դիտմամբ էին անդրծովյան անուն տվել: Կարծես կանխատեսելով աշխարհաքաղաքացու կենսագրությունը:
Դոնատը անորոշ, բալթալիտվական ծագում ունի: (Ինչը համահունչ է հորս անորոշ կարգավիճակին: Յոթանասուներկու տարեկանում նա վտարանդվեց Ռուսաստանից):
Զտարյուն ուղղափառ անուն կրող Միխայիլը տուբերկուլյոզից մահացավ պաշարված Լենինգրադում:
Համաձայնեք. անունը էապես կանխորոշում է մարդու բնավորությունն ու նույնիսկ կենսագրությունը:
Անատոլին համարյա միշտ անպատկառ ու կռվարար է:
Բորիսը՝ գիրության հակված խոլերիկ:
Գալինան՝ ճղճղան ու բանսարկու:
Զոյան՝ միայնակ մայր:
Ալեքսեյը՝ թուլակամ ու բարեհոգի:
Գրիգորի անվան մեջ նյութական բարեկեցության հնչյուններ եմ լսում:
Միխայիլ անվան մեջ վաղաժամ ողբերգական մահվան խուլ կանխանշան կա: (Հիշեք Լոմոնոսովին, Կոլցովին, Բուլգակովին…):
Եվ այսպես շարունակ:
Միխայիլը ինքնամփոփ ու անմարդամոտ էր: Բանաստեղծություններ էր գրում: Հեռավոր Արևելքում ֆուտուրիստական խմբակ հիմնեց: Անձամբ Մայակովսկին նրան մի չափավոր բռի նամակ էր ուղարկել:
Հայրս պահել էր ավագ եղբոր գրքերից երկուսը: Մեկի անունը ,Մ-ու-ուե էր: Երկրորդինը մոռացել եմ: Այնտեղ ինչ-որ բարդ հանրահաշվական բանաձև կար:
Բավական անհեթեթ բանաստեղծություններ են: Մի քնարական բանաստեղծություն ավարտվում է այսպես.
Դողում էի ամբողջ մարմնով, ուզում էի
Գլուխս՝ պատին ու փռվեմ գետին…
Գրքի պահպանված գրախոսությունից մտքումս մի կոպիտ արտահայտություն է մնացել. ,Հիմարին ասա՝ աղոթիր Աստծուն, գլուխը գետնին տալով կջարդվի…ե:
Միխայիլը անսովոր ներամփոփ մարդ էր: Ազգականները գաղափար անգամ չունեին, թե ինչով է զբաղվում: Մի անգամ, երբ արդեն հասուն մարդիկ էին, Դոնատն ու Միխայիլը հանդիպեցին Բրյանսկի ամառային թատրոնի հետնաբեմում: Պարզվեց՝ եղբայրները մասնակցում են նույն էստրադային ծրագրին: Դոնատը քառյակներ էր երգում: Միխայիլը հանդես էր գալիս գեղարվեստական ասմունքով:
Ավագ եղբայրները մղվում էին դեպի գրականությունը, արվեստը: Կրտսերը՝ Լեոպոլդը, մանկությունից գնում էր այլ՝ ավելի հուսալի ճանապարհով: Խարդախ էր մեծանում:
Տասնչորս տարեկանում նավահանգստում ծխախոտ էր վերավաճառում:
Օտարերկրյա նավաստիներից սիգար էր գնում: Ուրին եղբայրների գիշերային ռեստորանի համար: Հետո անցավ գուլպաներին ու դիմահարդարման պարագաներին: Եթե պետք էր լինում, արտասահմանցիներին ուղեկցում էր Կոսոյ փողոցի հասարակաց տուն: Զուգահեռ՝ բռնցքամարտում էր ,Իկարե ակումբում: Իսկ կիրակի օրերը շեփոր էր փչում քաղաքային ակգում:
Տասնութ տարեկանում Լեոպոլդն իրականացրեց առաջին իսկական խարդախությունը: Բանն այսպես եղավ:
Քաղաքի կենտրոնական խանութներից մեկը մտավ մի տրտում, համեստ պատանի: Ճմռթված թերթով փաթաթած ջութակը ձեռքին: Պատանին դիմեց խանութպան Տանակիսին.
– Դրսում հեղեղ է: Վախենում եմ ջութակս թրջվի: Կարո՞ղ եմ առժամանակ թողնել այստեղ:
– Ինչու՞ ոչ,- անտարբեր պատասխանեց Տանակիսը:
Մեկ ժամ անց խանութ մտավ շքեղ հագուստով մի օտարերկրացի, որը հսկայական, կասկածելիորեն երկար բեղեր ուներ: Երկար զննեց դարակներին շարված գաղութային ծագումով ապրանքները: Հետո ձեռքը պարզեց, բացեց ճմռթված թերթն ու ճչաց.
– Չի՜ կարող պատահել: Չե՛մ հավատում: Սա երազ է: Արթնացրեք ինձ: Ի՜նչ հաջողություն. Իսկական Ստրադիվարիուս: Գնո՜ւմ եմ, գնո՜ւմ եմ:
– Չի վաճառվում,- ասաց Տանակիսը:
– Բայց ես պատրաստ եմ վճարել ինչքան կամենաք:
– Շատ եմ ցավում, բայց…
– Տասհինգ հազար, առձեռն:
– Շատ եմ ափսոսում, մսյո՛…
– Քսա՛ն,- գոչեց օտարերկրացին:
Տանակիսը թեթևակի վարդագունեց:
– Ես կխոսեմ տիրոջ հետ:
– Դուք շռայլ միջնորդավարձ կստանաք: Ախր իսկական Ստրադիվարիուս է: Օ՜, մի՛ արթնացրեք, մի՛ արթնացրեք ինձ…
Շուտով հայտնվեց գունատ պատանին:
– Եկել եմ ջութակի ետևից:
– Ծախեք ինձ,- ասաց Տանակիսը:
– Չեմ կարող,- տխուր-տրտում պատասխանեց պատանին,- ավա՜ղ, չեմ կարող: Պապիկիս նվերն է: Միակ արժեքավոր բանը, որ ունեմ:
– Կանխիկ երկու հազար կտամ:
Պատանին քիչ էր մնում լաց լիներ:
– Իրոք շատ նեղն եմ: Այդ փողն իսկը տեղին կլիներ: Կգնայի բուժիչ ջրեր, ինչպես խորհուրդ է տալիս դոկտոր Շվարցը: Բայցևայնպես, չեմ կարող… Նվեր է…
– Երե՛ք,- ասաց խանութպանը:
– Ավա՜ղ,- չեմ կարող:
– Հի՛նգ,- գոռաց Տանակիսը:
Նա մտքում լավ էր հաշվում: «Հինգը կտամ այս տղային: Արտասահմանցին կվճարի քսանհինգ հազար՝ գումարած միջնորդավարձը: Արդյունքում…»:
– Պապի՛կ, ների՛ր,- հեծկլտաց պատանին:- Ների՛ր ու մի՛ բարկանա: Հանգամանքներն են ստիպում գնալ այս քայլին:
Տանակիսն արդեն փողն էր հաշվում:
Պատանին համբուրեց ջութակը: Հետո, համարյա հեկեկալով, դուրս եկավ:
Տանակիսը գոհունակությամբ ձեռքերն էր շփում:
Պատանին անկյունադարձին կանգ առավ: Խնամքով հաշվեց փողերը: Հետո գրպանից հանեց հսկայական շեկ բեղերը: Գցեց ջրատարն ու արագ հեռացավ…
Մի քանի ամիս անց Լեոպոլդը փախավ տնից: Օվկիանոսային շոգենավի նավամբարում հասավ Չինաստան: Ճանապարհին նրան կծեց առնետը:
Չինաստանից մեկնեց Եվրոպա: Չգիտես ինչու՝ հաստատվեց Բելգիայում:
Անզիջում Իսահակ պապը նրա բացիկները չէր կարդում:
– Մալխամովես,- ասում էր պապը,- պերե օդոմ:
Ու կարծես մոռացավ Լեոպոլդի գոյությունը: Տատիկը թաքուն լալիս ու աղոթում էր:
– Էդ Բելգիայում երևի լրիվ անհավատներ են,- կրկնում էր նա:
Անցավ մի քանի տարի: Իջավ ,երկաթե վարագույրըե: Լեոպոլդից այլևս լուր չկար:
Հետո հայտնվեց ոմն Մոնյա: Մի շաբաթ մնաց պապ ու տատիս մոտ: Ասաց, որ Լեոպոլդը գնում է առևտրական գծով:
Մոնյան հիանում էր հնգամյակների թափով: Երգում էր. ,Մեր շոգեքարշ, սուրա առաջ…ե: Ընդ որում, ակնհայտորեն անդաստիարակ մարդ էր: Զուգարանից բնակարանով մեկ գոռում էր.
-Պապի՜ր: Պապի՜ր:
Տատիկս դռան արանքից նրան էր տալիս թերթը:
Հետո Մոնյան մեկնեց: Շուտով պապիս գնդակահարեցին որպես բելգիական լրտեսի:
Կրտսեր որդու մասին մոռացան ամբողջ քսան տարով:
Վաթսունմեկ թվին հայրս պատահմամբ մտավ կենտրոնական հեռագրատուն: Խոսքի բռնվեց աշխատակցուհիներից մեկի հետ: Պարզվեց, որ հեռագրատանն ունեն բոլոր եվրոպական մայրաքաղաքների հասցեներն ու հեռախոսահամարները: Բացեց Բրյուսելի հեռախոսագիրքը: Եվ անմիջապես գտավ իր բավական եզակի ազգանունը…
– Կարո՞ղ եմ խոսակցություն պատվիրել:
– Իհարկե,- եղավ պատասխանը:
Երեք րոպեից միացրին Բրյուսել: Ծանոթ ձայնը հստակ ասաց.
– Հելո՜:
– Լեոպո՜լդ,- գոռաց հայրս:
– Մի րեպո, Դո՛դիկ,- ասաց Լեոպոլդը, – տելեվիզիոնն անջատեմ…
Եղբայրներն սկսեցին գրել իրար:
Լեոպոլդը գրում էր, որ կին ունի՝ Հելենան, որդին՝ Ռոմանոն և դուստրը՝ Մոնիկը: Ինչպես և պուդել, որին Իգոր են կոչում: Որ «իր գործն» ունի: Զբաղվում է գրամեքենաների ու թղթի վաճառքով: Որ թուղթը թանկանում է, ու դա շատ ձեռնտու է: Որ արժեզրկումը, համենայն դեպս, համարյա սնանկացրել է իրեն:
Լեոպոլդն իր աղքատությունն այսպես էր նկարագրում.
«Տներս նորոգման կարիք ունեն: Ավտոպարկս չորս տարի է՝ չի թարմացվել…»:
Հորս նամակները շատ ավելի լավատես էին.
«…Ես գրող եմ ու ռեժիսոր: Ապրում եմ ոչ մեծ, հարմարավետ բնակարանում: (Նկատի ուներ նրբատախտակով միջնապատված իր փոքրիկ սենյակը): Կինս մեքենայով մեկնել է Մերձբալթիկա: Իսկապես, հորս կինը արհմիութենական ավտոբուսով մեկնել էր Ռիգա՝ զուգագուլպա առնելու): Իսկ ինչ վերաբերում է արժեզրկմանը՝ չգիտեմ էլ՝ ինչ է…»:
Հայրս հուշանվերներով ողողեց Լեոպոլդին: Փայտե գդալների ու թասերի մի ամբողջ տորմիղ ուղարկեց: Լև Տոլստոյի ինքնաեռի մելքիորե պատճենը: Մի քանի փոքրիկ քանդակ՝ ուրալյան փայլաքարերից: Շևչենկոյի «Կոբզարի»՝ տապանաքարի չափսի հոբելյանական հրատարակությունը: Ինչպես և՝ «Բրոնզե տապանակ» անվանումով ստեղծագործություն:
Լեոպոլդն արձագանքեց գեղեցիկ փաթեթավորված ձյունաճերմակ թաշկինակով:
Հետո հորս տրիկոտաժե շապիկ ուղարկեց «Էդդի Շապիրո. Անիվներ ու դողեր» մակագրությամբ:
Հայրս չէր հանձնվում: Զանգեց քաղկոմի ծանոթ հրահանգչին: Ծանոթությամբ մի եզակի հուշանվեր հայթայթեց: Այն է՝ ութ կիլոգրամանոց գլուխ շաքար: Փաթաթված երկնագույն սատինափայլ թղթով: Վեց դյույմ տրամաչափի արկի պես մի բան: Ու մակագրություն՝ յատերով. «Առաջին գիլդիայի վաճառական Ելպիդիֆոր Ֆոմինի առևտրական վաճառատուն»:
Ստիպված էր եղել ծանոթ հրահանգչին ոռոգել կոնյակով: Եզակի հուշանվերն ուղարկվեց Լեոպոլդին:
Երկու ամիս անց՝ ծանրոցի ծանուցագիր: Քաշը՝ տասուկես կիլոգրամ: Մաքսատուրքը՝ վաթսունութ ռուբլի:
Հայրս անսովոր հուզված էր: Փոստատան ճանապարհին երևակայում էր. «Մագնիտաֆոն… Մուշտակ… Վիսկի…»:
– Քո կարծիքով՝ մուշտակը ինչքա՞ն կքաշի:
– Երեք կիլոգրամ,- պատասխանեցի:
– Ուրեմն երեք մուշտակ է ուղարկել…
Գլխավոր փոստատան ծառայողը բերեց ծանր արկղը:
– Տաքսի նստենք,- ասաց հայրս:
Վերջապես հասանք տուն: Հայրս, նյարդային ծիծաղով, հանեց դուրը: Նրբատախտակե կափարիչը ճռնչոցով պոկվեց:
– Ապո՜ւշ,- տնքաց հայրս:
Արկղի մեջ տասը կիլոգրամ դեղնավուն շաքարավազ էր…
Ութ տարի անց ես ու մայրս ստիպված էինք վտարանդվել: Հայտնվեցինք Ավստրիայում: Հյուրանոցի տերը՝ Ռեյնհարդը, խիստ բարեհաճ էր մեր հանդեպ: Ամեն առավոտ տաք բուլկիներով ու ջեմով թեյ էին մատուցում: Ամեն առավոտ հյուրանոցատերը անփոփոխ հարցնում էր.
– Մի բաժակ օղի կխմե՞ս…
Բացի այդ, ռադիոընդունիչ ու էլեկտրական տոստեր տվեց:
Երեկոները երբեմն զրուցում էինք:
Իմացա, որ Ռեյնհարդը Արևելյանից անցել է Արևմտյան հատված: Որ շինարար-ինժեներ է: Որ հյուրանոցում աշխատելը սրտովը չէ, չնայած փոքր եկամուտ չի բերում…
– Ամուսնացա՞ծ ես,- հարցրի ես:
– Էրիկան Զալցբուրգում է ապրում:
– Ասում են՝ ամուսնությունն ապահարզանի սահմանին ամենատևականն է:
– Ես արդեն անցել եմ այդ սահմանը: Բայց, մեկ է, ամուսնացած եմ: Զարմացա՞ր:
– Չէ,- ասացի ես:
– Կուսակցության անդամ եղե՞լ ես:
– Չէ:
– Իսկ երիտասարդական միությա՞ն:
– Հա: Իրեն-իրեն ստացվեց:
– Հասկանում եմ: Արևմուտքը դուրըդ գալի՞ս է:
– Բանտից հետո ինձ ամեն ինչ դուր է գալիս:
– Հորս քառասուն թվին բանտարկեցին: Հիտլերին «բրաուն շվայն» էր ասել:
– Կոմունի՞ստ էր:
– Չէ: Կոմի չէր: Նույնիսկ կարմիր չէր: Պարզապես կրթված մարդ էր: Լատիներեն գիտեր… Դու լատիներեն գիտե՞ս:
-Չէ:
– Ես էլ չգիտեմ: Իմ երեխաներն էլ չեն իմանա: Ափսո՜ս… Կարծում եմ՝ լատիներենն ու Ռոդ Սթյուարտը անհամատեղելի են:
– Ո՞վ է Ռոդ Սթյուարտը:
– Շիզոֆրենիկ՝ կիթառով: Մի բաժակ օղի կխմե՞ս:
– Կխմեմ:
– Սենդվիչներ բերեմ:
– Կարիք չկա:
– Ճիշտ ես…
Վիեննայից գրեցի Լեոպոլդին: Հորեղբայր զանգեց հյուրանոց: Ասաց, որ կգա ինքնաթիռով, շաբաթվա վերջին: Ավելի ստույգ՝ շաբաթ օրը: Կիջևանի «Կոլիզեումում»: Խնդրում է շաբաթ օրը չնախաճաշել:
– Քեզ կհյուրասիրեմ մի լավ ռեստորանում,- ասաց նա…
Վաղ առավոտյան նստած էի ,Կոլիզեումիե սպասասրահում: Այդ հյուրանոցը մերինից շատ ավելի շքեղ տեսք ուներ: Սրահում նրբագեղ շներ էին շրջում: Հանդերձապահը նման էր կինոդերասանի:
Ուղիղ տասնմեկին իջավ հորեղբայրս: Անմիջապես ճանաչեցի: Լեոպոլդն այնքան նման էր հորս՝ բարձրահասակ, վայելչատես, գեղեցիկ, արհեստական ատամներով: Կողքից քայլում էր ջահելատես կինը:
Գիտեի, որ պետք է գրկեմ այդ, ըստ էության, անծանոթ մարդուն: Մենք գրկախառնվեցինք: Համբուրեցի Հելենայի ձեռքը, որով հովանոցն էր բռնել:
– Ինչ խոշո՜ր ես,- գոչեց Լեոպոլդը:- Իսկ մայրի՞կն ուր է:
– Վատառողջ էր:
– Ափսո՜ս: Ես նրա լուսանկարներն եմ տեսել: Դու շատ նման ես մորըդ:
Ես փաթեթը պարզեցի նրան. Ձկնկիթ էր, փայտե գեղջկատիկնիկներ ու քաթանե սփռոց:
– Շնորհակալ եմ: Իրերը կթողնենք բարապանի մոտ: Ես էլ ձեզ համար նվերներ ունեմ… Իսկ հիմա կգնանք ռեստորան: Ռեստորաններում լինել սիրու՞մ ես:
– Դրա մասին մի տեսակ չեմ մտածել:
– Հաճելի երաժշտությո՜ւն, գեղեցիկ կանա՜յք…
Գնում էինք դեպի կենտրոն: Լեոպոլդն անդադար խոսում էր: Հելենան լուռ ժպտում էր:
– Տես ինչքան մեքենա կա: Արտասահմանյան մեքենա տեսած կա՞ս:
– Լենինգրադում զբոսաշրջիկներ շատ են լինում:
– Վիեննան փոքր քաղաք է: Ասենք՝ Բրյուսելն էլ: Ամերիկայում մեքենաներն ավելի շատ են: Բա խանութնե՜րը: Լենինգրադում մեծ խանութներ կա՞ն:
– Խանութները կան…
– Ինչ խոշ՜՜րն ես: Կանայք երևի քեզ սիրում են:
– Շուտով կերևա:
– Հասկանում եմ: Կինդ Ամերիկայում է: Նրան Հռոմում այցելեցինք: Պլաստիկե տոպրակ էր բռնել պայուսակի փոխարեն: Մի լավ պայուսակ նվիրեցի, տասնութ դոլարանոց:
Մտանք ներս, հանվեցինք, տեղավորվեցինք լուսամուտի տակ:
Ընդհանուր կարգի մեղմ երաժշտություն լսվեց: Գեղեցիկ կանայք կարծես թե չէին երևում:
– Սրտիդ ուզածը պատվիրիր,- առաջարկեց Լեոպոլդը:- Գուցե սթե՞յք կամ որսամի՞ս:
– Իմ համար մեկ է: Ձեր հայեցողությամբ:
– Խնդրում եմ, ինձ «դու» ասես: Ախր հորեղբայրդ եմ:
– Քո հայեցողությամբ:
– Որևէ նրբախորտի՞կ: Նրբախորտիկներ սիրու՞մ ես:
– Չգիտեմ:
– Ես շատ եմ սիրում: Բայց լյարդս լավ չի: Քեզ համար ձկան պաշտետ ու մի քիչ ծնեբեկ կպատվիրեմ:
– Հրաշալի է:
– Ի՞նչ կխմես:
– Գուցե օղի՞:
– Դեռ շատ շուտ է: Կարծում եմ՝ սպիտակ գինի կամ թեյ:
– Թեյ,- ասացի ես:
– Եվ պիստակով պաղպաղակ:
– Հրաշալի է:
– Ի՞նչ կխմես,- կնոջը դիմեց Լեոպոլդը:
– Օղի,- ասաց Հելենան:
– Ի՞նչ,- զարմացավ Լեոպոլդը:
-Օղի՛, օղի՛, օղի՛,- կրկնեց կինը:
Մոտեցավ մատուցողը. սևահեր, թիկնեղ, հավանաբար հարավսլավացի կամ հունգարացի:
– Զարմիկս է, Ռուսաստանից,- ինձ ներկայացրեց Լեոպոլդը:
– Մի րոպե,- ասաց մատուցողը:
Ու անհետացավ: Երաժշտությունն անսպասելի դադարեց: Թեթև ֆշշոց լսվեց: Հետո՝ «Մերձմոսկովյան երեկոների» ձանձրացրած հնչյունները:
Հայտնվեց մատուցողը: Դեմքը շողում ու փայլում էր:
– Շնորհակալ եմ,- ասացի ես:
– Լավ թեյավճար կստանա,- ականջիս շշնջաց Լեոպոլդը:
Մատուցողն ընդունեց պատվերը:
– Հա՜, քիչ մնաց մոռանայի,- գոչեց Լեոպոլդը,- ասա՝ ինչպես են մահացել ծնողներս:
– Պապին պատերազմից առաջ բանտարկեցին: Ռայա տատը վաթսունվեց թվին մահացավ: Նրան մի քիչ հիշում եմ:
– Բանտարկեցի՞ն: Ինչի՞ համար: Ի՞նչ է, կոմունիստների դե՞մ էր:
– Չեմ կարծում:
– Ուրեմն՝ ինչի՞ համար:
– Հենց էնպես:
– Աստվա՜ծ իմ, ինչ վայրենի երկիր է,- տնքաց Լեոպոլդը:- Բացատրի՝ հասկանամ:
– Վախենում եմ՝ չկարողանամ: Դրա մասին տասնյակ գրքեր են գրվել:
Լեոպոլդը թաշկինակով սրբեց աչքերը:
– Ես չեմ կարող գիրք կարդալ: Չափազանց շատ եմ աշխատում: Նա բանտու՞մ է մահացել:
Չէի ուզում ասել, որ պապին գնդակահարել են: Մոնյայի մասին էլ չհիշեցրի: Ի՞նչ իմաստ ուներ…
– Ի՜նչ վայրենի երկիր է: Ես եղել եմ Ամերիկայում, Իսրայելում, շրջել եմ ողջ Եվրոպան…Իսկ Ռուսաստան չեմ գնա: Ինչ կա այնտեղ՝ շախմատ, բալետ ու «սև ագռա՞վ»… Շախմատ սիրու՞մ ես:
– Ոչ այնքան:
– Իսկ բալե՞տ:
– Էնքան էլ գլուխ չեմ հանում:
– Ինչ-որ անհեթեթություն՝ ուրվականներով,- ասաց հորեղբայրս:
Հետո հարցրեց.
– Հայրդ ուզում է գալ այստե՞ղ:
– Հուսով եմ:
– Իսկ ինչո՞վ է զբաղվելու:
– Ծերանալու է: Ամերիկայում նրան փոքրիկ թոշակ կտան:
– Այդ փողով ուզածիդ պես ապրելը դժվար կլինի:
– Կդիմանանք:
– Քո հայրը ռոմանտիկ է: Երեխա ժամանակ շատ էր կարդում: Իսկ ես՝ հակառակը՝ լրիվ առողջ մեծացա… Լավ է, որ մորըդ ես նման: Ես տեսել եմ նրա լուսանկարները: Շատ նման եք…
– Մեզ հաճախ նույնիսկ շփոթում են,- ասացի ես:
Մատուցողը բերեց պաղպաղակը: Հորեղբայրս շշնջաց.
– Եթե փողի կարիք ունենաս, ասա:
– Մեզ հերիքում է:
– Համենայն դեպս, եթե փող պետք լինի, լուր տուր:
– Լավ:
– Իսկ հիմա արի քաղաքը նայենք: Ես տաքսի կվարձեմ…
Հորեղբորս մեջ ինձ ամենից շատ դուր էր գալիս, որ սրընթաց էր տեղաշարժվում: Ու որտեղ էլ հայտնվեինք, անպայման կրկնում էր.
– Շուտով կճաշենք:
Ճաշեցինք քաղաքի կենտրոնում, բաց պատշգամբում: Նվագում էր հունգարական կվարտետը: Հորեղբայրս նրբագեղ ու գեղեցիկ պարեց կնոջ հետ: Հետո նկատեցինք, որ Հելենան հոգնել է:
– Գնանք հոթել,- ասաց հորեղբայրս:- Նվերներ եմ պատրաստել քեզ համար:
Հյուրանոցում, երբ մենակ մնացինք, Հելենան շշնջաց.
– Մի՛ բարկանա: Նա չնայած պարզունակ, բայց բարի մարդ է:
Ահավոր շփոթվեցի: Չգիտեի էլ, որ խոսում է ռուսերեն: Ուզում էի զրուցել նրա հետ: Բայց արդեն ուշ էր:
Տուն վերադարձա ժամը յոթին մոտ: Ձեռքիս ծրարում մեղմ կլկլում էր մայրիկիս նվեր օդեկոլոնը: Փողկապն ու Ճարմանդները դրել էի գրպանս:
Նախասրահը դատարկ էր: Ռեյնհարդը հաշվիչն էր մատնահարում:
– Լինոլեումն ուզում եմ փոխեմ,- ասաց նա:
– Վատ միտք չի:
– Արի խմենք:
– Հաճույքով:
– Բաժակները չեխական հայրենակցականի տղաները տարան: Թղթե բաժակով կխմե՞ս:
– Պատահել է՝ ակնոցի պատյանով էլ եմ խմել:
Ռեյնհարդը հարգալից վեր քաշեց հոնքերը:
Մի-մի բաժակ բրենդի խմեցինք:
– Կարելի է հենց էստեղ էլ քնել,- ասաց նա,- մենակ թե բազմոցները նեղ են:
– Պատահել է՝ գինեկոլոգիական բազկաթոռին եմ քնել:
Ռեյնհարդն առավել հարգանքով նայեց ինձ:
Նորից խմեցինք:
– Լինոլեումը չեմ փոխի,- ասաց նա:- Միտքս փոխեցի, որովհետև աշխարհը դատապարտված է:
– Ճիշտ է,- ասացի ես:
– Յոթ հրեշտակները, որ յոթ փող ունեն, արդեն պատրաստվել են:
Դուռը թակեցին:
– Չբացես,-ասաց Ռեյնհարդը,- դեղնականաչ ձին է… Ու հեծյալը, որի անունն է Մահ…
Նորից խմեցինք:
– Ժամանակն է, ասում եմ,- մայրիկս կանհանգստանա:
– Ողջ եղիր,- դժվարությամբ արտաբերեց Ռեյնհարդը,- չա՛ո: Եվ կեցցե քունը: Քանզի քունը անգործունեություն է: Իսկ անգործունեությունը միակ բարոյական վիճակն է: Ցանկացած կենսագործունեություն նեխում է… Չա՛ո…
– Մնաս բարով,- ասացի ես,- կյանքն անհեթեթ է: Կյանքն անհեթեթ է արդեն նրանով, որ գերմանացին ինձ ավելի հարազատ է, քան հարազատ հորեղբայրս…
Ռեյնհարդն ու ես հետո տեսնվում էինք ամեն օր: Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ՝ ինչպես հայտնվեց այս պատմվածքում: Խոսքը լրիվ ուրիշ մարդու մասին էր: Իմ հորեղբայր Լեոյի…
Հա՜, լինոլեումը նա, համենայն դեպս, փոխեց…
Լեոպոլդին այլևս չտեսա: Որոշ ժամանակ գրում էինք իրար: Հետո մենք մեկնեցինք Նահանգներ: Նամակագրությունը դադարեց:
Երևի պետք է բացիկ ուղարկել Ծննդյան տոներին…

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

The shoes
The shoes
Play Online