Ruben Sevak
Հոգիս
Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։
Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։
Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։
Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ'է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․
Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
Al Ailughs
Aspiration
Play Online