Raphael Patkanyan

Հայ պատանին երգում է

Հայկ ու Լևոնին մոռանանք, եղբարք,
Թափ տանք մեզանից փոշին հընության,
Վերածնենք մեր մեջ նոր կյանք ու նոր բարք,
Կեցցե՛ շատ օրեր մանուկ Հայաստան։

Կեցցե՛ շատ օրեր մանուկ Հայաստան,
Նա՝ որ դեռ միայն մեր սըրտի խորքում
Ունի յուր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակավին բուն Հայաստանում։

Եղբա՛րք, բանը դեռ անշոշափելի
Այժմուս մեր մըտքին` ցընորք չի կարծենք,
Բանը կմարմնանա ու տեսանելի
Կը լինի շուտ․ միայն մենք վըստահ լինենք։

Մեր հույսը միայն մեր վըրա լինի,
Չեն պետք մեզ նըպաստ մեծատուններին,
Ողորմությամբ թո՛ղ մուրացիկն ապրի,
Մուրացողըն միշտ ստրուկ է օտարին։

Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Կարծում են ծերերն․ իրոք չէ՛ այդպես․
Մեր հայրենին դեռ չ՛է չվառական,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պես։

Բա՛վ է, օտարին շատ ծառայեցինք,
Ըստրկի վիճակն չէ՛ հավերժական,
Ազատության գինն մենք քաջ սերտեցինք,
Էլ չենք հավատալ օտարի խոստման։

Օտարի շահը թույն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պըղտորում,
Գերի է դարձնում մարդ ազատասեր,
Ոսկի շըղթայով ձեռք ոտք է կապում։

Կըփըշրեմ շըղթաս, կերթամ Հայաստան,
Կըպագնեմ նորա հողը անարատ,
Կասեմ․ «Եկել եմ որդիդ չվառական,
Գըրկիդ մեջ ինձ ա՛ռ, մայր իմ հարազատ։

Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան,
Ջըլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումս ունիմ բահ ու հըրացան,
Սըրտումըս ունիմ ազնիվ խորհուրդներ։

Քու հողն արգավանդ, ես մըշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի․
Ուրջուներեդ քեզ ոչինչ շահ չըկա,
Թույլ տուր, որ բըռնի հալածեմ նոցա։

Դու որդիք ունիս չորս միլիոն ու կես,
Թե հանկարծ գաղթեն` նոցա տեղ ունե՞ս,
Ըստինքիդ կաթը խնայե օտարեն,
Գալու որդիքըդ քաղցած, ծարավ են․․․»։

Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ․․․
Ձայն, տրոփ, խոսք, շըշուկ զիլ-զիլ լըսվեցավ․․․
Մասսա ճակատեն մեգը հեռացավ․․․
Մանուկ-Հայաստանն ոտքի կայնեցավ․․․


Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Childhood. Boys
Childhood. Boys
Play Online