Raffi

Խորհրդավոր ճրագ

Գիշերային լապտերը
Ամպերի մեջ լողում էր,
Մեղմիկ շնչող զեփյուռից
Ծառի տերևը դողում էր:

Գերեզմանական քնով թմրած՝
Նիրհում էր ողջ գյուղ,
Այդ գյուղիցը մի աղջիկ
Դեպ’ դուրս վազեր աներկյուղ:

Դեպի մերձակա վանքը
Գերմարդկային այդ ոգին,
Որպես անմահ հավերժահարս,
Դիմեր ըշտապավ, մոլեգին:

Խորհրդական այդ ժամուն
Պայծառ փայլում էր լուսին,
Նա շողում էր թարմ, սիրուն
Դեմքը մատղահաս կուսին:

Նա վազում էր և վազում
Դեպի վանքը սրբանվեր,
Ուր խաչազարդ գմբեթներ
Ձգել էին լայն ստվեր:

Անդ միանձնաց կուսակրոն
Անմատչելի է կայարան,
Ուր հնչվում են ալելուք,
Սաղմոս, սուրբ Ավետարան:

Ի՞նչ է պտռում այդ աղջիկ
Գիշերային այդ ժամուն,
Յուր գանգրահեր ծամերը
Արձակ տված է քամուն:

Չիցե՞ մատղաշ այդ կուսան
Սրբարանի անկյունում`
Յուր զղջացած մեղքերը
Նա լացելու է գնում:

Չիցե՞ վանքի պարսպում
Հայր-սուրբերից սիրատար`
Նա ակնկալ մի ունի,
Որ սպասում է անդադար:

Բայց ի՞նչ պետք է իզուր տեղ
Լուծել խորհրդոյն այդ կնիք,
Աստված միայն է գիտում
Կուսական սրտին գաղտնիք:

Իսկ գեղեցիկն այն աղջիկ
Ըշտապելով շուտ քայլեց,
Երբ աշտարակի գլխից
Աղոտ ճրագ մի փայլեց:

Դեպ’ խորհրդական լույսը
Դիմում էր նա կաթոգին,
Որպես թիթեռը հրճվելով
Դեպի բոցերը ճրագին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Yerevan etudes
Alexander Spendiaryan

Yerevan etudes

Summer day
Summer day
Play Online

Support us! Buy our art based products from online shop