Raffi

Ուխտյալ միանձնուհի

Ա

Չոր քարափի կուրծքին կպած էր մի շինվածք, որ յուր ատամնավոր պարիսպներով և կիսավեր աշտարակներով ավելի նմանություն էր բերում մի հին ամրոցի, որի իշխանը վաղուց ընկել էր յուր փառքից, ուր բաժակները դադարել էին փրփրելուց, երգերի, նվագների հնչյունները լռել էին և պարահանդեսների ասպարեզը մնացել էր բուերին և չղջիկներին...

Ավելի ուշադրությամբ նայելիս՝ առաջին տպավորությունները փոքր առ փոքր անհետանում են։ Տեսնվում են խաչազարդ գմբեթներ, լսելի է լինում զանգահարության խուլ մելամաղձական ձայնն, որի արձագանքը դողդոջուն հնչյուններով տարածվում է հեռու և հեռու լեռների մեջ...

Այստեղ միանձնուհիների նվիրական մի սրբարան է։ Գիշերային խավարը տիրել էր աշխարհին։ Փոքրիկ խուցի մեջ աղոտ լուսով վառվում էր մի ճրագ, որ դրած էր հասարակ փայտե գրասեղանի վրա։ Նրա հանդեպ նստած էր մի պառավ կին ոտքից գլուխ սև հագնված. դա կուսանոցի մայրապետն էր։ Նա կարդում էր նույն ժամուն մի աղոթագիրք։

Դռան ճռռոցը խլեց մայրապետի ուշադրությունն յուր կարդացած գրքից։ Հայտնվեցավ մի ավելի մանկահասակ կուսան։

Ի՞նչպես է զգում իրան նորընծա միանձնուհին, դարձավ նա դեպի եկվորը։

Ջերմն ավելի սաստկացած է, պատասխանեց նա, ամենևին հանգստություն չունի, անդադար կրկնում է միևնույն խոսքերը...

Մայրապետն շտապեց դեպի հիվանդի խուցը։

Մահճակալի վրա պառկած էր մի պատանեկուհի, նա տանջվում էր նույն րոպեին ջերմախտական ցնորքներով։ Մահվան դեղնությունը պատել էր նրա քնքուշ դեմքը և սևորակ աչքերի մեջ, որ երբեմն բաց էր անում, աղոտ նշույլներով փայլում էր մարած կյանքի վերջալույսը։

«Օսեփ ջան, Օսեփ ջան, քո հոգուն մատաղ... ազատի՜ր ինձ... տա՜ր, ուր որ ուզում ես... ես կգամ քեզ հետ...»։ Այդ խոսքերը լսվում էին մերթ ընդ մերթ հիվանդի բերանից։

Մայրապետը նստավ նրա մահճի մոտ և խորին տխրությամբ լսում էր այդ խոսքերը, խոսքե՜ր, որոնք բխում էին խորտակված սրտի փլատակներից...

Հայտնվեցավ մի կարճահասակ տղամարդ՝ ակնոցներով։ Նրա առաջին հոգատարությունից երևում էր, որ բժիշկ էր։ Նա հիվանդը քննելուց հետո, դարձավ դեպի մայրապետը, սկսավ հարցնել նրա նույն ավուր դրությունից։

Առավոտյան նա բոլորովին ուշի եկավ, ասաց մայրապետը, մեզ ամենիս ճանաչում էր և պարզ խոսում էր։ Հանկարծ երևակայությունը դարձյալ խառնվել սկսեց, երբ նայեց մեզ վրա։ Կարծես, իրան շրջապատող առարկայքը սարսափելի տպավորություն են գործում նրա վրա և ծնեցնում են նրա մեջ մի վրդումունք, որ մեր ամենիս անհասկանալի է...

Ի՞նչպես էր նա հիվանդությունից առաջ, հարցրուց բժիշկը։

Այն օրից, երբ նրան կուսանոցը բերին, նա միշտ լուռ էր և տխուր։ Ժպիտ, ծիծաղ ասած բաները մենք երբեք չէինք նկատում նրա դեմքի վրա։ Պատահում էր, որ նա սեղանից հեռանում էր առանց մի պատառ հաց ուտելու, պատահում էր, որ ամբողջ ժամերով նա չէր երևում. մենք նրան գտնում էինք առանձնացած յուր խուցի մեջ, կամ լաց էր լինում, կամ նստած խորին մոռացության մեջ տխրում էր և հալումաշ լինում։ Պատճառները մեզ հայտնի չէին, ես կարծում էի, թե խղճի խայթը այդպես տանջում էր նրան և զղջացած սրտի ցավերով մաշվում էր նա...

Հիվանդի ցավը բարոյական է, պատասխանեց բժիշկը կանգնելով, երևում է, նա ընդդեմ յուր կամքին այստեղ բերված է։ Նրա ծնողները պետք է շուտով հեռացնեն նրան կուսանոցից, եթե չկամեին մեռցնել իրանց աղջիկը։

Բժիշկը մի քանի պատվերներ տալուց հետո հեռացավ։

Բ

Թոմաս Խորենյանն այդպես էր բժշկապետի անունը մի գյուղացի աղքատ մարդու որդի էր, նա յուր տասներկու տարեկան հասակում Թ... քաղաքը բերվեցավ, և ազգային դպրոցը հանձնվեցավ որպես թոշակավոր աշակերտ։ Այնուհետև մտնելով տեղային արքունական ուսումնարանն, ավարտեց որպես ամենաընդունակ աշակերտներից մեկը, որի համար տերության ծախսով համալսարան ուղարկվեցավ։ Նա դուրս եկավ համալսարանից ստանալով, որպես արգասիք յուր հինգ տարվա անխոնջ աշխատության, դոկտորի տիտղոսը։ Վերադառնալով հայրենիքը, դոկտոր Խորենյանը չմնաց այնտեղ, որովհետև հայրենի երկրի անշուք կյանքը նրան ձանձրացնում էր, այլ շուտով Թ... քաղաքը վազեց երկու նպատակով, մինն՝ յուր համար լավ ասպարեզ տնօրինելու, մյուսը՝ մի հարուստ աղջկա վրա պսակվելու մտքով։ Այդ ցանկություններին հասնելու ուղին հարթելու համար ոչինչ չէր արգելում պարոն բժշկապետին յուր ժամանակից մի քանի ժամեր զոհել ազգային գործերին։ Դրանցից մինն էր կուսանոցի մեջ հիվանդների հոգատարությունը ձրի ընդունելը։ Դեռ նոր եկած լինելով այդ քաղաքն, յուր այն գիշերվա հիվանդի ով կամ ում զավակ լինելը բոլորովին անհայտ էր նրան։ Բայց հիվանդի կյանքի և նրա անցյալի մեջ նա թաքնված էր գտնում մի գաղտնիք, որի լուծելը նրան շատ և շատ հետաքրքրում էր։ Այդ խորհրդածության մեջ կամենում էր նա կուսանոցի դռանը սպասող կառքը նստել, երբ մի ձայն կանգնեցրեց նրան.

Պարոն բժշկապետ, ներեցեք ինձ հարցնել հիվանդ օրիորդի դրության մասին, որի մոտ դուք այցելություն ունեիք։

Կուսանոցի դռանը վառվող ֆանարի լուսով բժշկապետը նըշմարեց մի երիտասարդի տխուր և շնորհալի կերպարանքը։

Հիվանդի դրությունը բոլորովին հուսահատական է, պատասխանեց Խորենյանը դառնալով դեպի անծանոթն. եթե շուտով պետք եղած հնարները գործ չդրվին, նա կորած է...

Երիտասարդը քարացավ, սարսափի նման մի բան վազեց նրա գունատ դեմքի վրա։

Բժշկապետն իսկույն նկատեց յուր խոսքերի ցավալի տպավորությունն անծանոթի վրա, և զղջալով այնպես հանկարծակի նրան վրդովելու համար, հարցրուց.

Դուք երևի հիվանդի ազգականն եք։

Ո՛չ, ես նրա ծանոթն եմ միայն... պատասխանեց երիտասարդը տխրությամբ։

Ուրեմն և ծանոթ կլինեք նրա կյանքի և անցյալի հետ։

Բոլորովին...

Ուրեմն ներեցեք ինձ հարցնել ձեզանից մի քանի բան հիվանդի մասին, որոնք իբրև բժիշկ պետք է ինձ գիտենալ։

Ես բոլորովին պատրաստ եմ լցուցանել ձեր հարցասիրությունն, եթե այդ օգուտ կբերեր նրան։

Բժշկապետը սեղմեց երիտասարդի ձեռքն ի նշան յուր շնորհակալության և խնդրեց նստել կառքը ասելով.

Գնանք ինձ մոտ, ես այստեղ մոտիկ եմ կենում։

Նրանք նստեցին։ Կառքի մեջ անդադար հարցնում էր երիտասարդը. ուրեմն ոչ մի հույս չկա՞...

Կյանքը մի մազաչափ պատճառով կարող է վերադարձնեք յուր զորությունը, ասում էր բժշկապետը տեսնելով, որ երիտասարդը շատ անհանգիստ է։

Քանի րոպեից հետո կառքը կանգնեցավ մի փոքրիկ տան հանդեպ, շուտով նրանք մտան մի հասարակ կերպով կահյալ սենյակ։

Ո՞ւմ հետ պատիվ ունեմ ես, եղավ բժշկապետի առաջին հարցմունքը։

Ես կոչվում եմ Հովսեփ Արեսյան, պատասխանեց երիտասարդը, մնացածը դուք ինքներդ կգիտենաք։

Նրանք նստեցին միմյանց շատ մոտ կիսաթախտի վրա։ Բժշկապետը մանրամասնաբար պատմեց, թե որպես նա գտել էր հիվանդին, նկարագրեց նրա դրությունը, հայտնեց այն խոսքերն, որ լսել էր մայրապետից, և վերջացրեց յուր խոսքը նրանով, թե օրիորդի հիվանդության պատճառը նա գտնում էր մի բարոյական հարվածքի մեջ։

Բոլոր այդ խոսքերը լսելու միջոցին երիտասարդի դեմքի արտահայտությունները բացատրում էին խորին ցավակցական համազգացություն։ Նրա աչքերի մեջ նկարված էր հուսահատության դառն կսկիծը։

Այժմ, պարոն Արեսյան, ավելացրեց բժշկապետը, պատմեցե՛ք ինչ որ գիտեք, պատմեցե՛ք, որպես ձեր խոստովանահորը, ի նկատի ունենալով, որ դուք ինձ տված տեղեկություններով կնպաստեք հիվանդի առողջությանը։

Երիտասարդը մի քանի րոպե շփոթված դրության մեջ մնաց։ Առաջին անգամն էր, որ նա ստիպված էր դուրս թափել այն ցավալի ծանրությունները, որոնք ամբարված էին նրա սրտի մեջ...

Մի՛ խռովվեք, պատմեցե՛ք խնդրեմ, ասում էր բժշկապետը։

Գ

Երիտասարդ Արեսյանն այդպես սկսեց յուր պատմությունը.

«Հառաջ քան խոսել օրիորդի մասին, ես հարկավոր եմ համարում ծանոթացնել ձեզ, պարոն բժշկապետ, նրա ծնողների հետ, որտեղ դուք կարող եք ճշտությամբ եզրակացնել այն դժբախտության պատճառն, որի մեջ այժմ գտնվում է հիվանդը։ Նրա հայրը ոստիկանության մի հասարակ ծառայող էր։ Քաղաքի մի աղքատ և խավար մասումը նա կատարում էր թաղապետի պաշտոն։ Այդ այն ժամանակն էր, երբ ոստիկանությունն յուր անկարգ կազմակերպության մեջն էր։ Օրիորդի հայրն, այդ խորամանկ ոստիկանը, հավատարմապես յուր պաշտոնին՝ ամբողջ տասնյակ տարիներով ծծեց խեղճ բնակիչների արյունը և քամեց նրանց գրպանի հյութը։ Որտեղ գողություն էր լինում՝ նրա մատը խառն էր, որտեղ խռովություն էր պատահում՝ նա էր խմորը, որտեղ կանայք էին անպատվում՝ նա ընկեր էր սրիկաների հետ, մի խոսքով, ամեն չարագործությանց մեջ նա ներկա էր։ Մինչև այդ բոլորը հայտնվեցան, մինչև հաղթահարված որբերի և այրիների աղաղակն և բողոքն ուշադրության հասավ, այդ պարոնն, որպես ռամկորեն ասում են՝ «յուր բեռը բռնեց»։ Թեև նա այնուհետև զրկվեցավ յուր պաշտոնից, բայց հոգը չէր, որովհետև արդեն շատ հազարներով նրա ոսկիքը, խեղճերի արյան և քրտինքի արդյունքը, զանազան սեղանատներում առատ տոկոսիք էին բերում։

Ոստիկանի պաշտոնական համազգեստը փոխելով պատվավոր քաղաքացու հագուստով, նա մտավ մեծամեծ կապալների մեջ, սկսեց այնուհետև խաղ առնել հարյուր հազարների հետ... և շուտով տեր դարձավ քաղաքի նշանավոր մասներում հոյակապ տների, լծեց փառավոր կառք և սկսավ վայելել յուր բախտը...

Նրա կինը՝ համարյա մի ձու էր յուր ամուսնու հետ կես կիսած։ Նախախնամությունն անգիտելի է, թե ինչ նպատակով շատ անգամ այդպիսի երկու համամիտ և համակամ բնավորությունները լծորդում է միմյանց հետ։ Նա այն ազդեցություն ունեցող կնիկներից մինն էր, որոնց ներգործությունը մեծ նշանակություն ունի զանազան մարդերի ճակատագրի վրա։ Այդպիսի կանայք, որոնք կառավարում են նշանավոր պաշտոնակալների սանձը, միշտ եղել են և լինում են մեծամեծ փոփոխությունների պատճառներ և կարծես հսկում են մարդերի բախտավորության և անբախտության վրա։ Այդպես էր օրիորդի մայրը։ Նա կատարում էր մի երևելի միջնորդի դեր ոչ միայն հասարակական կյանքում, այլև նշանավոր գերդաստանների ընտանեկան շրջանի մեջ. ում աղջիկը պետք էր մարդու տալ, ո՜ր տղամարդն ամուսին լինելու միտք ուներ, նա խառն էր դրանց պայմանների մեջ, և այդպիսի դեպքերում այնքան առատ էր նրա հունձքն, որքան թույլ էր տալիս յուր մանգաղը...

Չնայելով այդ բոլոր ասածներիս, այդ երկու ամուսիններն այն ջերմեռանդ քրիստոնյաներից էին, որոնք ժողովրդի մեջ ունեն մեծ համարում իրանց բարեպաշտության համար։ Նրանք չէին լուծում ոչ միայն շաբաթական պասերն, այլև օրականները, նրանք իրանց որդիների հիվանդ լինելու ժամանակ «խեչեմեն» է, ասելով, տանում էին մի ուխտատեղի, որ առողջանա. կրոնական բոլոր տոները կատարում էին սրբությամբ. ամեն կյուրակե եկեղեցի էին գնում, որ պատարագ տեսնեն, քահանաներին պատվում էին և նրանց առատ աջահամբույր էին տալիս, մի խոսքով, նրանք ունեին բարի քրիստոնյայի բոլոր արտաքին հատկությունները... Նրանց այդպիսի մի կրոնական ջերմեռանդությունը պսակ վեցավ ավելի մի բարձր և վսեմ զոհաբերությամբ, այն է, որ նրանք իրանց զավակը նվիրեցին կուսակրոնության։

Օրիորդ Սոնան այդպես է այն հիվանդի անունը դեռ յուր մոր արգանդումն էր, երբ նրա ծնողները ուխտեցին՝ եթե ծնունդն արու լինի մի վանքում տալ ճգնավոր լինելու համար, իսկ եթե աղջիկ լինի՝ կուսանոցը նվիրել սուրբ աստվածածնին աղախին դառնալու։

Այդ մե՜ծ զոհաբերությունը մինչ այն աստիճան բարձրացրեց «ուխտյալ միանձնուհու» ծնողաց փառքն, որ ոչ մի մարդ առանց պատվելու չէր խոսում նրանց վրա։

Ահա՛ այդպիսի քրիստոնյաներից գոյություն է առել այն օրիորդն, որի արկածքը ստիպված եմ պատմել ձեզ, պատվելի բժշկապետ։ Օրիորդ Սոնան յուր պատանեկությունն անցուցել է ծնողների երկաթի հսկողության ներքո, այլ խոսքով, նա յուր մանկությունից պատրաստվել է կույս դառնալու համար։ Ընտանեկան փակ շրջանը միշտ ունեցել է նրա համար խավար բանտի նշանակություն։ Մինչև յուր տասն և չորս տարեկան հասակն ոչինչ չէ ուսել նա, որովհետև ո՛չ վարժատուն ուղարկել են նրան և ո՛չ ունեցել է տնային ուսուցիչ։ Հետո հրավիրվում է նրանց գերդաստանում մի աղքատ ուսանող որպես վարժապետ։ Թեև չնչին ռոճիկով, այսուամենայնիվ այդ պարոնը հանձն առավ այդ պաշտոնն, այն հույսով, որ մի օր յուր բարերարների օրիորդի ծնողաց շնորհիվ գուցե բաց կաներ յուր համար մի ասպարեզ։ Այդ հույսով իսկ հրապուրել էին նրան… Թեև այդ ակնկալությունը չիրագործվեցավ, բայց վարժապետը դարձյալ գոհ էր յուր պաշտոնից, գտնելով մի աշակերտուհի, որ յուր ընդունակության հետ ուներ աննման գեղեցկություն և հրեշտակային բնավորություն։

Վարժապետը դրսեցի էր, այն քաղաքում և բնակվում էր նրանց տան մեջ։ Դասերը շարունակվում էին խիստ եռանդով։ Փոքր ժամանակում երևեցավ նշանավոր հառաջադիմություն օրիորդի մեջ։

Վարժապետը բնագետ էր։ Նա աշխատում էր զարգացնել յուր աշակերտուհու միտքը դրական գիտությունների ընդհանուր տարերքին ծանոթացնելով։ Մայրենի լեզվի սերն այնքան շուտ զարթեցրեց նրա մեջ, մինչ օրիորդն ոչ միայն գեղեցիկ հայերեն էր խոսում, այլ բավականին մշակված լեզվով կարողանում էր գրել և թարգմանել։

Մի փակ ընտանեկան շրջանում վայրենացած աղջիկ, որպես էր օրիորդ Սոնան, դառնում է ազատամիտ և համարձակ։ Չնայելով այդ նշանավոր փոփոխությանը, նրա ծնողները դարձյալ վարվում էին նրա հետ, որպես մի կույսի հետ։ Օրինակի համար, նրան արգելում էին առանց մորը տանից դուրս գալ, մի տեղ հյուր գնալ, կամ հրապարակական զբոսարանները հաճախել, արգելում էին իրանց մոտ եկած հյուրերի հետ տեսնվել, մանավանդ երբ որ նրանք երիտասարդներ էին։ Այդ խստությունները մինչև այն աստիճան վշտացնում էին օրիորդի անձնիշխանությունն, որ նա երբեք ուրախ չէր լինում։ Նա յուր հայրենական օջախի մեջ զգում էր իրան կալանավորված, այդ պատճառով նա միշտ լուռ էր և տխուր։ Երբեմն նրա սևորակ աչքերի արտասուքի մեջ միայն նշմարվում էր մի խորին ատելություն. դա բողոք էր դեպի ծնողաց ճնշումները…»։

Դ

Վերջին խոսքերը զարթեցրին երիտասարդ Արեսյանի մեջ մի վրդովմունք, որով նա մի քանի րոպե ընդհատեց յուր պատմությունը։ Բժշկապետը նկատեց նրա աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ, լսեց, որ նրա ձայնը զգալի կերպով դողում էր...

Ծխեցե՛ք, խնդրեմ, ասաց Խորենյանը տալով երիտասարդին մի սիգար, դուք երևի հոգնեցաք։

Արեսյանը լռությամբ վառեց սիգարը, մի փոքր ծխելուց հետո շարունակեց.

«Տարիքն աննկատելի կերպով անցնում էին։ Օրիորդն օրըստօրե հասունանում էր... նրա գեղեցկությունը ստանում էր ավելի և ավելի սքանչելի կերպարանք...

Տասն և ինն տարեկան էր նա, երբ նրա մայրն ամառանոց գնաց, յուր հետ տանելով և աղջկան։ Վարժապետին նույնպես հրավիրեցին այնտեղ։ Օրիորդի հայրն յուր գործերի պատճառով չկարողացավ հեռանալ քաղաքից։

Ամառանոցը գտնվում էր քաղաքից կես օրվա ճանապարհի հեռավորությամբ սարերի և անտառների մեջ։ Այնտեղ օրիորդի ծնողներն ունեին սեփական մի ագարակ, ուր շինել էին տված գեղեցիկ տուն։ Նա պատրաստված էր այն բոլոր ճոխություններով, որպես վայել է բախտավոր հարուստներին։ Շուտով լեռնային օդն, անտառների հովասուն թարմությունը հայտնի փոփոխություն արին նրանց կյանքի վրա։ Սոնայի քաղաքումը գունատված թշերը վառվում էին վարդի գույնով։ Նրա մոր թառամած դեմքը նույնպես ստացավ մի առանձին կենդանություն։ Ամառանոցն ավելի ազատություն տվեց նրանց ընտանեկան կյանքին. վաղորդյան զբոսանքներն անտառներում և սարերի վրա` եղավ անհրաժեշտ, երեկոյան զբոսանքները պարտեզի մեջ և երբեմն հեռու տեղերում` շատ անգամ տևում էին մի քանի ժամ։ Այդ արշավանքների մեջ մայրն երբեք աչքից բաց չէր թողնում յուր աղջկան։

Մի երեկո, երբ արևը դեռ նոր էր մտնում, օրիորդի մայրը հրավիրվեցավ յուր ծանոթներից լոտո խաղալու։ Նա կամեցավ Սոնային յուր հետ տանել։ Բայց օրիորդը հրաժարվեցավ, պատճառելով, թե գլուխը ցավում էր։ Մայրը թողեց նրան տանը, հրամայելով, որ քնե հանգստանալու համար։

Նրանց տան պարտիզումը կար մի հովանոց, հյուսած պատատուկների կենդանի ճյուղերից։ Նա շրջապատված էր հազվագյուտ ծաղիկներով և մի քանի սաղարթախիտ ծառեր տարածել էին նրա վրա իրանց անթափանցիկ ստվերը։ Օրիորդն յուր վարժապետի հետ առանձնացան այնտեղ, հրամայելով տալ երեկոյան թեյն։

Արևի վերջալույսը ձգել էր հովանոցի մեջ ոսկի ժապավեններով մի քանի ծիրանի շողքեր, նրանք տալիս էին այդ կանաչազարդ առանձնարանին կախարդական բնավորություն։ Սոնայի դեմքն ավելի գեղեցիկ փայլում էր այդ լուսի առջև։ Նրա սևորակ աչքերում նույն րոպեին նկարված էր սրբազան ոգևորություն...

Օրիորդը միշտ աչքերը ցած էր թողնում, երբ վարժապետն ուղղակի նայում էր նրա երեսին և ձայնը զգալի կերպով դողում էր խոսելու ժամանակ։ Երևում էր, նրա սրտում հուզվում էր ներքին մրրիկը...

Շուտով մերկացավ խորհրդական վարագույրը։

Վարժապետը ստացել էր հրավեր, որով առաջարկում էին նրան մի շահավետ տեղ գավառական մի դպրոցում։ Այդ բանն իմացել էր օրիորդը։ Մոր բացակայությունն առիթ տվեց նրան խոսել այդ առարկայի մասին, որով նա շատ անհանգիստ էր։

Ես լսեցի, որ ամառանոցից դառնալուց հետո դուք նպատակ ունիք հեռանալ մեզանից, հարցրուց նա։

Այո՛, պատասխանեց վարժապետն անվճռական կերպով։ Օրիորդի դեմքի վրա վազեց անբացատրելի սոսկում։

Եվ դուք շուտով չպե՞տք է վերադառնաք, կրկնեց նա։

Չգիտեմ... կարելի է ամենևին չվերադառնամ, պատասխանեց վարժապետը տխրությամբ։

Օրիորդի աչքերը վառվեցան մի անսովոր կրակով։

Ո՛չ, այդ անկարելի է, կոչեց նա, ես չեմ թող տալ ձեզ, որ հեռանաք։

Այնպիսի մի ազդու կերպով արտասանեց նա այդ խոսքերն, որ լի էին սրտի բոլոր զգացմունքներով...

Դուք կզրկեք ինձ հացից, օրիորդ, ասաց վարժապետը րոպեական մտատանջությունից հետո, մտածեցե՛ք, որ ես աղքատ եմ և մինչև այսօր չեմ տնօրինել ինձ որևիցե ասպարեզ։

Օրիորդը մոտ եկավ, բռնեց վարժապետի ձեռքը։

Ես խնդրում եմ ձեզ, ես աղաչում եմ ձեզ մի՜ գնացեք, ասաց նա և նույն վայրկենում նրա աչքերից գլորվեցան արտասուքի խոշոր և խոշոր կաթիլներ...

Տիրեց երկու կողմից ևս լռություն…

Այդ այն խորհրդական րոպեներից մինն էր, երբ լեզուներն այլևս չեն զորում արտահայտել հոգու զգացմունքներն, այլ սրտեերը գաղտնի կերպով հասկանում են միմյանց…

Արևը վաղուց արդեն քաշել էր յուր վերջին ճառագայթները, նրանք ամենևին չէին նկատել, որ հովանոցի մեջ տիրում էր մթին խավար։

Մի էլեկտրական ցնցում սթափեց վարդապետին յուր խորին հոգեզմայլությունից, երբ նա զգաց, որ օրիորդի շրթունքը ջերմ կերպով սեզմվեցան իրենների վրա...»։

Ե

Բժշկապետն, որ խորին ուշադրությամբ լսում էր երիտասարդին, ընդհատեց նրա խոսքը, ասելով՝

Ես չեմ սխալվում կարծելով, որ հիշյալ վարժապետը դուք լինելու եք, պարո՛ն։

Երիտասարդ Արեսյանն ոչինչ չպատասխանեց, բայց նրա լռության մեջ նշմարվում էր այն խոստովանությունը, թե բժշկապետի նկատողությունը հեռու չէ ճշմարտությունից։

Շարունակեցե՛ք, խնդրեմ, ասաց բժշկապետը, չկամենալով ավելի վրդովել նրան։

Երիտասարդը շարունակեց.

«Երբ ես սթափվեցա, պարոն բժշկապետ, իսկույն զգացի, որ կապված եմ մի աննկատելի շղթայով, դա սիրո անխզելի շղթան էր, որի ամեն մի օղակները տարիներով դարբնվել էին բոցավառված սրտի կրակի մեջ... Ես ուրախ էի, ես երջանիկ համարում էի ինձ, մտածելով, թե Սոնան սիրում էր ինձ... Դեպի գավառը գնալու դիտավորությունս բոլորովին փոխեցի, վճռելով միշտ Սոնայի մոտ մնալ և նրանով բախտավոր լինել…

Բայց դեռ չգիտեի և գուշակել անգամ կարող չէի, թե սատանան ո՜րպիսի որոգայթ լարում էր ինձ համար, որ և եղավ խեղճ Սոնայի դժբախտության պատճառը... Այստեղ Արեսյանը դարձյալ կանգ առեց և նրա դեմքը մթնեցավ տխրության ամպով։

Ա՛խ սեր, ա՛խ սեր, ցնորամիտ սեր... կոչեց նա, դու ավելի լի ես հիմարություններով, երբ բորբոքվում ես մի անփորձ սրտի մեջ...

Հովանոցի անցքից հետո, առաջ տարավ Արեսյանն, ես գտնվում էի բոլորովին տենդային դրության մեջ։ Քունը բոլորովին անհետացավ իմ աչքերից, ես ամբողջ օրն անհանգիստ էի։

Տիկինը միշտ սառն էր ինձ հետ։ Նրա լեզուն դադարեց յուր սովորական շատախոսելուց, նա միշտ տխուր էր և լուռ։ Բայց այդ ծածկամիտ լռության մեջ թաքնված էր մի սարսափելի գաղընիք։

Օրիորդի մայրն այն վտանգավոր կնիկներից մինն էր, որ չէր կարելի չվախենալ նրանից։ Մի քանի դեպքեր նրա պատմությունից, որոնք ինձ լավ հայտնի էին, առիթ էին տալիս մտածել, որ նա պատրաստ էր ամեն չար գործելու մինին, երբ նա չէր հնազանդվում նրա կամքին...

Բայց երիտասարդությունն, անմի՜տ երիտասարդությունը՝ միշտ հեռու է պահում իրան խոհեմությունից...։ Ես չկարողացա երկար համբերող լինել։

Օրիորդը շատ սիրում էր ման գալ լուսնյակ գիշերով, մանավանդ երբ նա շրջում էր անտառի մթության մեջ։ Մի գիշեր նա ինձ առաջարկեց կատարել մի այդպիսի զբոսանք, հայտնելով, թե շատ տխուր էր և կամենում էր յուր ամբոխմունքը ցրվել։ Ես սիրով հանձն առի, ամենևին չմտածելով, որ այդ կատարվում էր առանց նրա մոր գիտությանը։

Գիշերը խաղաղ էր և լռին։ Լուսինը նազելով սահում էր պարզ երկնակամարի վրա և թափում էր յուր արծաթի շողքերը նիրհած անտառների մեջ, ավելի ևս քաղցրացնելու դարևոր ծառերի հսկայական քունը։

Զբոսանքի ամբողջ ժամանակն օրիորդը քարշ էր ընկած իմ թևքից, նա խոսում էր առանց լռելու և նրա խոսքերն այնքան տաք և անուշ էին, որպես հրեշտակի շունչը...։ Աննկատելի կերպով մենք բավականին հեռացել էինք տնից, երբ գտնվում էինք անտառի խորքում։ Վերջապես «հոգնեցա» ասաց օրիորդը և նստեց մի կտրած ծառաբունի վրա։ Ես լուռ նստեցի նրա մոտ։

Լուսնի շողքերը թափանցել էին ծառերի ստվերի միջից և նրա կաթնագույն լուսով օրիորդի դեմքը նկարվում էր այն սրբազան լռության մեջ, որպես անտառային հավերժահարսի կերպարանքը։

Ի՜նչ գեղեցիկ է այստեղ, Օսեփ, ասաց նա լի բանաստեղծական ոգևորությամբ, ինչո՞ւ չլինել մեզ մի զույգ անտառային եղջերուներից և բնակվել միշտ այդ սարերի, այդ ձորերի և այդ ծառերի լռության մեջ...։ Անասուններն այստեղ ավելի երջանիկ են, քան թե մենք մեր շքեղազարդ դահլիճներում... Այստեղ, այս ծառերի սրբազան լռության մեջ՝ մայրերը չեն խանգարում իրանց ձագերի ոչ սերը, ոչ նրանց ծիծաղը և ոչ արտասուքը։ Այստեղ մի սրբարան է, Օսեփ, ուր սերը կարող է ազատ կերպով պաշտվիլ...

Ես ապշեցա, և ավելի պարզ ասած, մինչ այն աստիճան հիմարացա, որ մի բառ անգամ չկարողացա գտնել պատասխանելու իմ սիրուհուն։ Միայն գլուխս նրա գիրկը դրած, նրա ձեռքերը ստեպ-ստեպ սեղմում էի շրթունքիս վրա։

Աննկատելի կերպով անցել էր գիշերը։ Մենք այդ կախարդական մոռացության մեջ անցուցել էինք մի քանի ժամեր, ժամե՛ր, որոնց ամեն մի րոպեին այժմ կյանքս կզոհի...

Հանկարծ թփերի միջից լսելի եղավ խշխշոց, դա նման էր բարակ զգեստի սոսափյունին։

«Այստեղ ի՞նչ եք շինում», լսելի եղավ մի ձայն։

Դա Սոնայի մոր ձայնն էր...։ Կայծակի հարվածքն այնքան սարսափելի չէր կարող լինել, քան թե այդ զարհուրելի ձայնը։

Երևում էր, տիկինն երկար լսում էր մեզ։

Ես բոլորովին քարացա։ Օրիորդն ամենևին չկորցրեց յուր արիությունը։ Նա ընկավ յուր մոր ոտքերը և նրա արտասվալի հեկեկանքի միջից լսելի եղան այդ խոսքերը.

Մայր իմ, մի՜ բարկացիր, ես սիրում եմ Օսեփին...

Տիկնոջ դեմքն այնքան ահարկու էր, որպես կատաղած գազանի կերպարանքը։ Այսուամենայնիվ, նա զսպեց յուր բարկությունը և հրամայեց մեզ տուն դառնալ։

Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունել։ Մենք անցուցել էինք ամբողջ գիշերն անտառում...

Օրիորդը, գլուխը քարշ ձգած, սկսեց դիմել դեպի տուն։ Ես այլևս չհամարձակվեցա առնել նրա թևքը, թեև տեսնում էի, որ նրա մեջ շրջելու ուժ չէր մնացել...»։

Զ

«Սեպտեմբերի վերջին շաբաթները մոտեցել էին։ Ցուրտն օրըստօրե դառնում էր զգալի, երկինքը թխպոտում էր և օրերն անցնում էին մռայլոտ և անձրևաբեր։

Ամառանոցի կյանքը կորցրեց յուր վայելչությունը։

Մենք վերադարձանք քաղաք։

Ես միշտ սպասում էի, որ տիկինը վերջին անցքից հետո ինձանից բացատրություններ կպահանջե, բայց նա միշտ լուռ էր և այդ խորհրդավոր լռության մեջ ծածկված էր մի սարսափելի խորամանկություն։ Հին վարպետուհին արդեն զինվորված էր հնարագիտության բոլոր զենքերով, զենքերով, որոնք պետք է խորտակեին և ոչնչացնեին իմ և Սոնայի բախտը...

Տիկինն այնքան համբերող էր, որ ոչինչ չհայտնեց յուր ամուսնուն իմ և Սոնայի սիրահարությանց մասին։ Եվ ես ու օրիորդը մեր կողմից այնքան համարձակություն չունեցանք պարզապես խոստովանելու տիկնոջ ամուսնուն մեր սերը։ Ի՛նչ պետք էր արած։ Իմ դրությունը հետզհետե դառնում էր անտանելի։ Այդ տանջանքից ազատվելու հնարը գտա միայն վարժապետությունիցս հրաժարական տալու մեջ։ Թեև այդ խիստ ցավալի ներգործություն ունեցավ Սոնայի վրա, բայց ուրիշ ճար չկար, ես պետք է հեռանայի նրանից, պետք է հեռանայի, գուցե կարողանայի ազատվել նրա մոր որոգայթներից...

Ես չմոռացա Սոնային և մոռանալ ևս կարող չէի, որովհետև նրա սիրո հետ կապված էր իմ կենդանությունը։ Բայց ցավալին այն էր, որ օրիորդն այնուհետև եղավ ինձ անմատչելի. ես այլևս նրան տեսնել չկարողացա։

Ամբողջ մի քանի շաբաթ ես նրանից տեղեկություն չունեի։ Իմ անհանգստությանը չափ չկար։ Ամեն օր անցնում էի այն լուսամուտի առջևից, որտեղից օրիորդը սովորաբար դեպի փողոցը նայել կսիրեր, բայց մի անգամ ևս չկարողացա տեսնել նրան։

Իմ մտատանջությունն ավելի սաստկանում էր, ես հավատացրի ինձ, թե նա անպատճառ հիվանդացած պետք է լինի։ Բայց ո՛րքան ուրախացա, երբ մի օր օրիորդի սպասուհին ինձ մոտ եկավ։ Առաջին հարցմունքն, որ արեցի նրանից, էր Սոնայի առողջության մասին։ Սպասուհին փոխանակ պատասխանելու, տվեց ինձ մի նամակ։ Դա նրա գրածն էր։ Ես երեխայի նման սկսեցի ուրախանալ։ Աղախինը զարմանալով նայում էր ինձ վրա։

Անհամբերությամբ աչքերս վազեցրի նամակի տողերի վրա, հանկարծ սարսափեցա, իմ բոլոր ուշադրությունը տրտմության փոխվեցավ։

Ես ինձ հետ չունեմ այն գուժաբեր նամակը, պարոն բժըշկապետ, բայց մինչև այսօր, գուցե մինչև մահ նրա ամեն մի տողն անգամ ես չեմ մոռանա...

Օրիորդը ցավալի կերպով նկարագրում էր այն դառն կսկիծն, որ պատճառեց նրան իմ բացակայությունն։ Ավելացնում էր, որ բացի ինձանից ուրիշ մխիթարություն չունի, խիստ զգալի խոսքերով արտահայտում էր յուր սերը դեպի ինձ, և վերջ ի վերջո հայտնում էր, թե նրան սպառնում է մի մոտավոր վտանգ, որ կարող էր մեզ հավիտյան բաժանել միմյանցից...

Ես բոլորովին մարեցա վերջին տողերը կարդալու միջոցին, իմ թևքերը թուլացան, և նամակն ընկավ իմ ձեռքից։

Քառորդ ժամից հետո, երբ մի փոքր ուժ ստացա, կրկին վեր առա նամակը, կրկին կարդացի, կարծելով, թե իմ աչքերը խաբում էին ինձ։ Եվ հիրավի, նամակի մեջ թողել էի մի քանի տողեր։ Այն տողերի իմաստն ամբողջապես կհաղորդեմ ձեզ, պարոն բժշկապետ։ Ա՜յս գիշեր, ա՜յս գիշեր, գրում էր նա, տասներկու ժամին ես կսպասեմ քեզ իմ սենյակում, ե՛կ, ազատի՛ր ինձ, աղախինս կառաջնորդե քեզ, եթե մի փոքր ուշանաս, եթե այս գիշեր չտեսնվինք, ես հավիտյան կորած եմ քեզ համար...

Իմ սարսափը մի փոքր մեղմացավ այն հուսով, որ ես կրկին պետք է տեսնեի Սոնային։ Նրա սպասուհի աղջկա հետ բոլոր պարմանները կապեցինք, որոշեցինք տեղն, ուր կարող էինք հանդիպել միմյանց։ Նա հեռացավ, ես անհամբերությամբ սպասում էի նշանակյալ ժամին»։

Է

«Տասներկու ժամին քառորդ մնացած աղախինն ինձ սպասում էր իրանց տան անկյունումը։ Ես գտա նրան բոլորովին ծպտյալ հագուստով։ Դռների բանալիներն յուր հետ ուներ։ Նա շատ զգուշությամբ ինձ ներս տարավ։ Այդ բնակարանի բոլոր մուտքերն այնքան ծանոթ էին ինձ, մինչ ես խավարի մեջ գնում էի առանց վրիպելու։ Վերջապես Սոնայի քնարանի դռանը հասա։ Ես իմ մեջ այնքան ուժ չէի զգում նրան հանդիպելու, երբ երկու քնքուշ թևքեր փաթաթվեցան իմ վզով։ Գիշերային ոգին ընկավ իմ գիրկն. նա յուր սենյակի դռանը հսկում էր իմ գալստյանը։

Մենք ներս մտանք։ Սոնայի քնարանը լուսավորված էր խիստ աղոտ լուսով։

Իմ լեզուն, պարոն բժշկապետ, չէ գտնում այն կենդանի բառերն, որ կարողանամ նկարագրել այն բախտավոր րոպեն, երբ մյուս անգամ սիրուհիս իմ գրկումը գտա. լաց, արտասուք, համբույր, ծիծաղ, բոլորը մի քանի վայրկյանում միախառնվեցան միմյանց հետ...

Ամբողջ ամիս էր, որ ես չէի տեսել Սոնային, այդ միջոցում այնքան մաշվել էր նա, կարծես դեռ նոր էր բաժանվել հիվանդության մահճից։

Դու անգութ ես, Օսեփ, ասաց նա, դու ինձ հավիտյան կկորցնեիր, եթե ես կանչած չլինեի քեզ։

Այդ խոսքերն արտասանեց նա այնպիսի մի ցավակցությամբ, որ կրակի պես այրեցին իմ սիրտն։ Ես նայեցա նրա վրա, նրա դեմքը գունատ էր որպես մարմարիոն, և արտասուքով լցված աչքերը ներկայացնում էին տխրության ամբողջ մի օվկիանոս...

Ես ոչինչ բառեր չգտա նրան պատասխանելու, միայն ապշած նայում էի նրա վրա և նրա փափուկ ձեռքերը թրջում էի իմ արտասուքով։

Ժամանակը խիստ թանկ է մեզ, Օսեփ, ընդհատեց օրիորդը մեր մեջ տիրող լռությունն, ես շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խոսենք այժմ մեր վիճակի վրա։

Ես պատրաստվեցա նրան լսել։ Մինչև այսօր իմ աչքի առջևն է նրա տխրամած և վշտահար դեմքը, թե որպիսի ցավալի կերպով նա պատմում էր բոլոր անցածն ամառանոցից դառնալուց հետո։

«Քո հեռանալուց հետո, ասաց օրիորդը, մայրս և հայրս ունեին առանձնակի խոսակցություններ, որոնք շատ անգամ նրանց մեջ հասնում էին տաք վիճաբանության։ Այդ տևեց մի քանի օր։ Վերջապես ես նկատեցի, որ նրանք հաշտվեցան։ Երևում էր, հաղթանակը մնաց հորս կողմը, որովհետև նրանից հետո ես գտնում էի նրան սովորականից ավելի ուրախ։ Այդ գաղտնիքն ինձ բոլորովին հայտնի եղավ, երբ մի օր հայրս ինձ յուր մոտ կանչեց։ Այնտեղ ներկա էր և մայրս։«Սոնա, ասաց նա ինձ խիստ ծանր կերպով, դու գիտես որքան ես սիրում եմ քեզ, որքան մի հայր կսիրե յուր զավակը։ Բայց մենք ունենք և մի ավելի բարձր սեր դեպի աստված, որ քո և մեր ամենի ստեղծողն է։ Մեր պարտավորությունների կատարումը դեպի նա, բոլոր մարդկային պարտավորություններից ամենասրբազանն է։ Լսի՛ր, Սոնա, այժմ ես ստիպված եմ քեզ հայտնել մի ընտանեկան գաղտնիք, որ մինչև այսօր քեզանից ծածուկ մնացած է։ Մայրդ քո ծննդյան ժամանակ ամենասաստիկ երկանց մեջ ընկավ։ Քաղաքիս բոլոր բժիշկները չէ կարողացան ազատել նրան։ Վերջապես նա յուր հույսն աստուծո վրա դրեց և ուխտեց նրա առջև՝ եթե ծնունդն արու կլինի, նա խոստացավ մի վանքում ճգնավորության նվիրել, իսկ եթե աղջիկ կլինի, խոստացավ կուսանոցն ընծայել նրան, որ սուրբ աստվածածնին աղախին դառնա։ Այդ ուխտը լսելի եղավ աստուծո աթոռի մոտ, և մայրդ ազատվեցավ։ Այժմ, սիրելի Սոնա, կատարե քո որդիական պարտավորությունն և ազատիր մորդ հոգին այդ մեծ և ծանր պատասխանատվությունից։

Վերջին խոսքերն, ասաց օրիորդն, ինձ վրա այլևս լսելու ուժ չթողեցին, ես փաթաթվեցա հորս ոտքերով և սկսեցի իմ արտասուքով թրջել նրանց։ Երկար նա աշխատում էր հեռացնել և մխիթարել ինձ, բայց հնարք չեղավ։

Ես սիրահարված եմ, ասացի նրան, իմ սիրտն ինձ չէ պատկանում, ես սիրում եմ Օսեփին։ Մայրս, շարունակեց օրիորդը, քարե արձանի նման նայում էր այդ տեսարանին, մայրական սերը կարծես բոլորովին մեռած էր նրա սրտի մեջ։ Հայրս ամենևին ուշադրություն չդարձրեց իմ արտասուք ու լացին, նրա մեջ ծնողական թե գութ, թե խիղճ բոլորը հանգած էին... Երբ նա տեսավ յուր խրատներով չկարողացավ համոզել ինձ, բացարձակ հրաման արավ «Քո ժամանակը լրացած է, դու պետք է կուսանոց գնաս»։

Սարսափելով լսում էի ես օրիորդի խոսքերը և երևակայել չէի կարող մի այդպիսի բարբարոսություն։

Այժմ ինչ պետք է արած, սիրելի Սոնա, հարց արի նրանից, երբ նա մի փոքր հանգստացավ յուր խռովությունից, որ պատճառել էր նրան յուր ցավալի պատմությունը։

Ես չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, Օսեփ, ես բոլորովին շփոթված եմ, ես կմեռնեմ, եթե ինձ կուսանոց տանեն, ազատի՛ր ինձ, ասում էր նա դառն կերպով լաց լինելով։

Ես էլ չգիտեի, թե ինչ պետք էր անել, գնալ հոր մոտ, հայտնել նրան մեր սերը և աղաչել, որ փոխե մի այդպիսի բարբարոսական վճիռն, անկարելի էր, որովհետև ինձ հայտնի էր նրա խստասրտությունը։ Գնալ մոր մոտ և մի կերպով գրավել նրան, որ չանե այդ բանը, դա նույնպես մի հուսալի վախճան չէր խոստանում։ Երկար մտատանջությունից հետո ես ասեցի օրիորդին՝

Ինչ որ առաջարկելու լինեմ, կընդունե՞ս։

Կընդունեմ, կընդունեմ, պատասխանեց նա զգալի կերպով, միայն ինչ որ ասելու ես, շո՛ւտ ասա, ինչ որ անելու ես, շո՛ւտ արա. ինձ ազատիր, եթե ոչ, երկուշաբթի օրն ես կուսանոցում կլինեմ։

Ժամանակը խիստ կարճ էր, քանի օր միայն մնում էր մինչև երկուշաբթին։ Ես առաջարկեցի օրիորդին նրա ազատության վերջին և ծայրահեղ հնարը։

Մենք պետք է փախչենք, Սոնա, ուրիշ ճար չկա, ասացի նրան։

Փախչենք, կրկնեց նա, ուր որ գնաս, քեզ հետ կգամ, մինչև աշխարհի ծայրը։

Վերջին խոսքերն այնպիսի մի կրքով արտասանեց նա, որ օրիորդի աչքերում ես նկատեցի վրեժխնդրության բոցեր։ Երբեք չէի տեսել ես Սոնային այնպես անձնավստահ և վճռական, որպես այն րոպեին։ Կանացի տկարությունները, կարծես, կորուսել էին նրա մեջ իրանց թուլությունները, և նա ոգևորված էր մի վսեմ քաջասրտությունով, փշրելու և ջախջախելու շղթաներն, որոնք բռնաբարում են ընտանեկան ազատությունը և իրավունքը։

Մեր մեջ ամեն պայման վերջացած էր, մենք որոշեցինք օրը, ժամը, երբ պետք է կատարվեր մեր փախուստը։ Լուսաբացին ես հեռացա Սոնայի քնարանից։

Բայց մենք շատ անփորձ էինք, մեզ չհաջողվեցավ այդ բախտը։ Միևնույն գիշերը լրտեսեցին մեր բոլոր գաղտնիքը, և Սոնան նշանակյալ օրը կուսանոց տարվեցավ, իսկ մնացյալը ձեզ արդեն հայտնի է, պարոն բժշկապետ...

Ը

Երիտասարդն ավարտեց յուր պատմությունը։ Բժշկապետն, որ ցավակցելով լսում էր նրան, բռնեց Արեսյանի ձեռքը, ասելով.

Շնորհակալ եմ, պարոն, ձեր պատմության համար և շատ ցավում եմ, որ այդպես պատահել է։ Ինձ տակավին հասկանալի չէ մի բան, թե ինչ էր գլխավոր շարժառիթն, որ ստիպեց օրիորդի ծնողներին նրան կուսանոցը տալ, արդյոք այն ո՞ւխտն էր, որ նրանք ուխտել էին սկզբում, թե այլ պատճառ։

Այո՛, ուխտը։ Գիտե՞ք, պարոն բժշկապետ, թե ինչ նշանակություն ունի կրոնական ուխտադրությունն այնպիսի մոլեռանդների համար, որպիսի էին օրիորդ Սոնայի հայրն ու մայրը։ Այժմ ձեզ բավականին հայտնի է նրանց կեղտոտ անցյալն, իսկ նրա ներկան դարձյալ ազատ չէ նույն կեղտերից։ Այսուամենայնիվ, նրանք համարվում են բարեպաշտ քրիստոնյաներ, նրանց պատվում է ամբոխն, որպես բարեխիղճ մարդերին։ Նրանք կողոպտում են, նրանք հափշտակում են, նրանց ամեն մի արծաթը լի է հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով, բայց դրանք չեն երևում, այդպիսի չարագործությունները ծածկվում են բարեպաշտական կեղծ քողով։ Նրանք խլում են աղքատի վերջին կոպեկը և այդ փողով մոմեր են վառում սուրբ պատկերների առջև։ Նրանք հափշտակում են սրբերի պատառ հացը և կերակրում են քահանաներին։ Նրանք սուտ երդումներ են անում, շողոքորթում են, բամբասում են, հայհոյում են, անեծքներ են թափում և նույն շրթունքներով աղոթում են աստուծո առջև, առանց զգալու իրանց սրտում խղճի խայթը։ Որովհետև թե առաջինն և թե վերջինն` երկուսն էլ նրանց սովորական բաներ են, կարծես թե, մինը մյուսին չէր արգելում։

Բայց մի՞թե նրանք կարող էին այնպես անխիղճ լինել դեպի իրանց աղջիկը, գազաններն անգամ սիրում են իրանց ձագերին, կտրեց բժշկապետն Արեսյանի խոսքը։

Նախ, որ հայ ընտանիքներում աղջիկը սեփական կամք, զգացմունք չունի, նրա բոլոր գոյությունը պատկանում է ծնողներին, մանավանդ մի այդպիսի դեպքում, ուր հարցը բոլորովին կրոնական է։ Կուսանոցը նվիրել յուր դուստրը, նրա կամքին ընդդեմ, միևնույն է, որպես նրանք իրանց անասուններից մինը նվիրում են այս կամ այն ուխտատեղին զոհվելու համար։ Անասունի ողորմելի բառաչմունքն ոչինչ արգելք չէ կարող դնել նրա տիրոջ բարեպաշտական նպատակին, մանավանդ երբ մի այդպիսի վարմունքը շահում էր ամբոխի համակրությունը։

Այժմ բոլորը հասկացա, պատասխանեց բժշկապետը զարմանքով գլուխը շարժելով, սարսափելի՜ մի զո՛հ, որ անագորույն հայրն նվիրում է յուր սնահավատությանը...

Դուք բոլորը հասկացաք, պարոն բժշկապետ, կրկնեց Արեսյանը, բայց ես աշխարհի բոլոր անբախտներից թշվառագույնը կլինեմ, եթե օրիորդը չապրե։

Այժմ պետք է մտածել նրա համար, խոսեց բժշկապետը կանգնելով և նայեց ժամացույցին, ասելով. դեռ տասներկուսը չկա, դուք կարո՞ղ եք ինձ առաջնորդել մինչև հիվանդի հոր տունը, դարձավ նա դեպի Արեսյանը։

Մեծ ուրախությամբ, պատասխանեց երիտասարդը։

Ուրեմն գնանք։

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի հոյակապ տան հանդեպ։ Բժշկապետը թողեց երիտասարդին կառքի մեջ, ինքը վայր իջավ և սկսավ քաշել դռան զանգակը։ Քանի րոպեից հետո բժշկապետը ներս ընդունվեցավ։ Շքեղազարդ դահլիճներից անցավ նա մինչև տանտիրոջ առանձնասենյակը։ Նա նստած նույն ժամուն քրքրում էր յուր հաշվագրքերը։ Տեսնելով յուր հյուրը, նրա վայրենի դեմքն ընդունեց մի կեղծյալ ժպիտ և խիստ քաղաքավարի կերպով խնդրեց նստել։

Մի քանի գծերով կարելի է այդպես նկարել այդ գազանի պատկերը. նա մի հաստ մսեղեն կոթողի նման մարդ էր։ Խնամքով ածիլած ուռած թշերը խոշոր ծալքերով միախառնվել էին դուրս ցցված ծնոտի հետ։ Մեծ քիթն, որպես սովորաբար լինում են հայերի քթերն, յուր պատվավոր տեղն էր բռնել, իջանելով մինչև նրա ալեխառն բեղերն, որոնք ծածկել էին նրա գորշ կապտագույն շրթունքը։ Սև աչքերի մեջ վառվում էր վայրենի կրակ։ Առհասարակ նրա բոլոր կերպարանքը ներկված էր թուխ-դեղնագույն րանգով, որ տալիս էր նրա դեմքին ավելի սարսափելի բնավորություն։ Նենգավորության կնիքը դրած էր նրա ճակատի վրա։ Բժշկապետն առանց սպասելու հայտնեց յուր ով լինելն, ասաց, թե որպես նա գտնվել էր կուսանոցում և ինչ դրության մեջ գտել էր նրա աղջկան, մանրամասնաբար պատմեց բոլոր յուր լսածներն Արեսյան երիտասարդից։

Հիվանդի հայրն այդ բոլորը լսում էր, անհնարին սառնասրտությամբ յուր ձեռքերը տրորելով։ Միայն երբեմն նրա վայրենի դեմքի վրա երևում էին անախորժ ցնցումներ, որոնք արտահայտում էին ներքին պատերազմը...

Բժշկապետն յուր պատմությունը վերջացրեց այդ խոսքերով. Ես իբրև բժիշկ սուրբ պարտավորություն եմ համարում հայտնել ձեզ, պատվելի պարոն, որ դուք առանց ժամանակ կորցնելու պետք է հանեք ձեր աղջիկը կուսանոցից և անհապաղ ձեր տուն բերեք, ուր հույս ունեմ, որ կառողջանա նա, այնուհետև նրան յուր սիրած տղամարդուն տաք։

Մի քանի րոպե հիվանդի հայրը մնաց անորոշ դրության մեջ։

Բժշկապետը բոլորովին զարմացած էր նրա քարասրտության վրա։ Ոչ մի կաթիլ արտասուք չերևաց նրա աչքերում, ոչ մի ցավակցության նշույլ չերևաց նրա սառը դեմքի վրա, չնայելով, որ բժշկապետը խիստ կարեկցական ձևով նկարագրեց նրա դստեր դրությունը։

Այդ անկարելի է, վերջապես ասաց նա ողորմելի ձայնով։ Նախախնամության կամքին ընդդիմանալ ո՞վ կարող է։ Եթե աստված վճռել է իմ աղջկան մեռնել, ո՞վ կարող է արգելք դնել օրհասին, եթե նրա օրը հասած չէ, նա առանց մեր հոգատարության ևս կապրե։

Զարմանալի բան է, որ այդպիսի գազաններն, որոնք իրանց կյանքում երբեք չեն մտածել աստուծո և երկնքի վրա, հանկարծ դառնում են ֆատալիստներ։ Հիվանդի հայրն այնպիսի մի ջերմեռանդությամբ արտասանեց յուր խոսքերն, որ ստիպեց նրան մի քանի անգամ խաչակնքել յուր երեսն։ Այդ բռնակալների հատկանիշն է` իրանց բարբարոսությունները ծածկել կրոնական քողով և խղճի խայթերը հանգստացնել նախասահմանության տնօրենությամբ... Այդպիսի տիպերն, որոնց թիվը դժբախտաբար մեզանում խիստ շատ է, վաղուց ծանոթ էին բժշկապետին, և նա չկարողանալով այլևս յուր համբերությունը զսպել, ասաց նրան.

Դուք ուրեմն կամենում եք սպանել ձեր աղջիկը։

Նրա կյանքը և մահն աստուծո ձեռքումն է, պատասխանեց նա ավելի սառնությամբ։

Գազա՛ն, կոչեց բժշկապետը կանգնելով, քեզանում մեռած են՝ որպես մարդկային գութը, նույնպես հայրական սերը։ Բայց ես իբրև բժիշկ ամենայն իրավունք ունեմ նրան դուրս հանել յուր սպանդանոցից։

Բժշկապետը հեռացավ։ Հիվանդի հայրն յուր հոգու բոլորովին անվրդով տրամադրությամբ շարունակեց քրքրել յուր հաշվագրքերը...

Թ

Երբ բժշկապետը դուրս եկավ, Արեսյանն անհամբերությամբ հարցրուց. արդյոք հաջողվեցա՞վ… Բայց նկատելով Խորենյանի վրդովված դրությունը էլ չսպասեց պատասխանի։ Բժշկապետը հրամայեց քշել կառքը։

Քառորդ ժամից հետո նրանք հասան կուսանոցի դռանն, առանց սպասելու ներս մտան և իսկույն գնացին հիվանդի խուցը։ Խիստ աղոտ ճրագով լուսավորված էր այն սենյակը, մի պառավ միանձնուհի նիրհում էր հիվանդի մահճակալի մոտ։

Բժշկապետը մոտեցավ օրիորդին, տաքությունն անցել էր արդեն։ Նա դրած էր յուր մահճի մեջ, որպես սառն մարմարիոն։ Շնչառությունը թույլ կերպով բարձրացնում էր նրա մաշված կուրծքը։ Երիտասարդ Արեսյանը, տեսնելով թառամած և դալկացած գեղեցկությունը, սոսկաց, նրա աչքերի առջև սևացավ, ոտքերը դողացին. աստված իմ, կոչեց նա, հազիվհազ յուր թուլացած գլուխը վեր թողեց սիրուհու կուրծքի վրա։ Երկար այնպես գրկած ուներ նրան։ Բժշկապետն աշխատում էր արգելել երիտասարդին, որ նա չվրդովե հիվանդի հանգստությունը, բայց ամենևին չկարողացավ բաժանել նրանից։

Հիվանդը բաց արավ նվաղած աչքերը և ճանաչեց նրան։ «Ա՛խ, Օսեփ ջան», կոչեց նա և նրա տկարացած թևքերը կարծես նորից զորություն ստացան, և փաթաթվեցան երիտասարդի վզով։ Երկար օրիորդը ճնշած ուներ նրա գլուխն յուր կուրծքի վրա։ Կրկին խառնվեցավ նրա երևակայությունը։ «Ա՛խ, Օսեփ ջան, կրկնեց նա, ազատիր ինձ, տա՜ր ինձ»... Ասում էր նա յուր տենդային ջերմության մեջ։

Կրկին տիրեց լռությունը։ Մարած ճրագի վերջին պլպլոցը հանգավ...

Բժշկապետը շոշափեց հիվանդի երակը և ասաց սարսափելով. Ամեն ինչ վերջացած է...

Նա հեռացրեց անբախտ երիտասարդին անշնչացած դիակից։ Հետո առեց Արեսյանին յուր կառքի մեջ։ Կառքը սլացավ, երիտասարդը կրկնում էր անդադար՝ «Սոնա՜ ջան, Սոնա ջա՜ն, փախչենք, գնանք, ես կազատեմ քեզ...»։

Խղճալին ցնորքների մեջ էր։

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

After the massacre, 1899
After the massacre, 1899
Play Online