Raffi

Շուշան

Շուշան, նստե՜, կարըդ կարի՜,
Հերիք այդքան ծուլանաս,
Այդ անիծված լուսամուտեն
Ե՞րբ պիտի դու հեռանաս:

Ասաց մայրը բարկանալով
Մանկահասակ աղջկան,
Որ կանգնած էր, լուսամուտեն
Մտիկ կըտար դեպ շուկան:

Իսկ Շուշանը տհաճությամբ
Եկավ յուր տեղը նստեցավ,
Նորա դեմքը խիստ տխուր էր,
Եվ սրտումն ուներ ցավ:

Հանկարծ դրսեն անցնող կառքը
Սաստիկ ձայնով որոտաց,
Եվ Շուշանը կրկին վազեց,
Փակ լուսամուտն արեց բաց:

Աղջի՜, նստի՜, կարըդ կարի,
Հերի՛ք նայես դու շուկան,
Այս առավոտ դու չես գործել,
Օրից անց է երեք ժամ:

Ամա՛ն, մայրի՜կ, հոգուդ մատաղ,
Աղջիկն ասաց քնքշաբար,
Ա՜յս րոպեիս, ա՜յս րոպեիս
Կըվերջացնեմ ես իմ կար:

Բայց նա տեսավ, որ անցնողն
Էր մի ծերուկ չինովնիկ,
Դեմքը խոժոռեց, տեղը դարձավ,
Հետքից կնքեց յուր մըճիկ4

Առեց գործը, բայց էր տաղտուկ
Չէր ախորժում կար կարել,
Նորա սիրտը վրդովված էր,
Նա չէր կարում համբերել:

Կրկին անգամ կառքի ձայնը
Հնչեց նորա ականջին,
Վազեց Շուշանը դեպ լուսամուտ,
Ուխտյալ տեղումն առաջին:

Աղջի՜, էլի՞ դու գնացիր,
Ա՛խ, աներես, անամոթ,
Ինչո՞ւ այսօր դու գըժվել ես,
Չես գործում այս առավոտ:

Մայրի՜կ, մայրի՜կ, հոգուդ մատաղ,
Մի բարկացիր իմ վերա,
Այս րոպեիս, այս րոպեիս,
Ես կըկարեմ իմ կարը:

Նայեց Շուշան, մի աֆիցեր
Անց էր կենում յուր կառքով,
Գեղեցիկ էր, մանկահասակ,
Թեքված կողքին շնորհքով:

Աղջի՜, արի՜, կարըդ կարի,
Հերի՛ք շուկան մտիկ տաս,
Հիմա կըգա վարժապետդ,
Դու չես սերտել դեռ քո դաս:

Բայց աղջիկն էլ չըլսեց,
Թե ինչ խոսեց նորա մայր,
Ջեհիլ տղան կրակ վառեց
Նորա սրտումն անմար:

Երկար այնպես աչքը ձգած
Մտիկ կաներ մեր Շուշան,
Մինչ պատանին շարժեց ձեռքով՝
Բազմախորհուրդ մի նշան...

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Romance
Aram Khachatryan

Masquerade - Romance

It's spring
It's spring
Play Online