Raffi

Կուսագրություն

Ա

Ներկա թվականից կես և քառորդ դար առաջ էր։

Սեպտեմբեր ամիսը մոտենում էր յուր վախճանին։

Պարսկաստանի հայաբնակ գավառներից մինի մեջ Ս. գյուղը թեև աշնան ազդեցությունից մերկացրել էր յուր շքեղությունը, բայց դարձյալ պատկերացնում էր գեղեցիկ տեսարան, դեռաբույս սեզը՝ նոր ցանված արտերի վրա ձգել էր յուր կանաչ թավշյա գորգը։ Այգիներում ծառերի տերևները կորցնելով իրանց թարմությունը, ստացել էին կարմիր-դեդնագույն երանգ։ Իսկ խաղողի որթերը տակավին նկարվում էին իրանց սաղարթախիտ թփերով և հասունացած ողկույզներով։ Արևի երեկոյան վերջալույսը, ձգելով ծառերի վրա յուր քրքմագույն շառավիղները, տվել էր առանձին դյութական բնավորություն մի այգիի, ուր նույն ժամուն, փոքրիկ տաղավարի մեջ, միայնակ գործում էր մի մանկահասակ օրիորդ։

Նա նմանում էր նույն ժամուն անտառային հավերժահարսերից մինին, որի գեղեցկությամբ կհափշտակվեր նույն ինքն Ապոլոնր, եթե հանդիպեր այնտեղ։

Նա խնամքով լցնում էր զանազան տոպրակների մեջ՝ ծիրանի, դեղձի, տանձի և շլորի չիրեր, որոնք չորացրել էր յուր տաղավարի առջև։ Եվ միևնույն րոպեին նրա կուսական սիրտը լցված էր խիստ քաղցր զգացմունքներով, երբ մտածում էր. «Ես դրանցից ձմեռվա բաժին կուղարկեմ նրան»...։

Արևը հավաքելով յուր վերջին ճառագայթները, անհետացավ սարերի հետքում։ Մութն սկսավ հետզհետե թանձրանալ։ Օրիորդն սպասում էր յուր եղբորը, որպեսզի նրա հետ միասին գնային։ Հանկարծ նա լսում է թփերի միջից խշխշոց, որ ուղղակի մոտենում էր դեպի նա։

Մելքո՞ն, ձայն տվեց նա եղբոր անունը։

Ես եմ, պատասխանեց օտար ձայնր և մի երիտասարղ հայտնվեցավ ստվերի միջից։

Լսելով ծանոթ ձայնր, օրիորդի սիրտն սկսավ սաստիկ կերպով զարկել, թեև եկվորը նրա եղբայրը չէր։ Դա մի երիտասարդ էր մանկահասակ, գիշերային մթության մեջ նկարվում էր նա որպես մի հսկա, որ շողշողում էր զենքերով։

Դո՞ւ ես, Թոմաս, ի՞նչ կա որ այդպես զինավորված ես դու, հարցրուց օրիորդը։

Շտապի՛ր, Նագանի, խոսելու ժամանակ չէ՛. շտապի՛ր գնա՛նք, փախչենք. քեզ սպառնում է վտանգ։

Օրիորդի սիրտն սկսեց դողալ։

Ի՞նչ վտանգ, հարցրուց նա շփոթվելով։

Էգուց խանի կուսագիրները մեր գյուղը պիտի գան, շահին տանելու համար գեղեցիկ աղջիկներ ընտրելու։ Եթե քեզ տեսնեն, դու հավիտյան կորած ես ինձ համար։

Վա՜յ իմ գլխին, նվաղեց օրիորդը և ընկավ երիտասարդի գիրկր։

Շտապիր, Նազանի, ժամանակր մեզ համար թանկ է, շտապիր գնա՛նք, այգիի դռանն սպասում են մեզ երկու ձիաներ, հեծնենք և փախչենք այս երկրից։

Օրիորդը չգիտեր ի՞նչ վճռեր։

Ո՞ւր փախչենք, հարցրուց նա: Հեռու, մեր սարերի մեջ ձգած են իմ քեռու հովիվների վրանները, գիշերային խավարր ձեռնտու կլինի մեզ և մինչև առավոտ քեզ այնտեղ կհասցնեմ, այնուհետև դու ազատված կլինիս։

Լուսինը վառեց յուր գիշերային լապտերը։ Այգիի ծառերը փայլեցան կախարդական լուսով։ Օրիորդը նկատեց երիտասարդի գունաթափ դեմքը. նա տեսավ, թե ո՛րպես արտասուքը գլորվում է նրա տխուր թշերի վրա։

Երիտասարդն ավելի ու ավելի թախանձում էր նրան։

Լսի՛ր, Թոմաս, եթե աստված մեր ճակատին գրել է, թե մենք պատկանում ենք միմյանց, նա երբեք չէ բաժանելու մեզ, նա կկուրացնե կուսագիրների աչքերը, նրանք չեն տեսնիլ ինձ։

Այդ ցնորք է, Նազանի, լսի՛ր, ինչ որ ասում եմ քեզ։

Ես, Թոմաս, չեմ կարող իմ ծնողքը թողնել նախատինքի տակ, որ մեր գյուղի աղջիկներր ծիծաղելով ասեն. «Նազանին յուր փեսայացուի հետ առուփախ գնաց»...։

Սույն միջոցին լսելի եղավ օրիորդի եղբոր՝ Մելքոնի ոտնաձայնը և Թոմասն աներևութացավ թփերի մեջ, որ Մելքոնը չտեսնե նրան յուր քրոջ հետ խոսելիս։

Երիտասարդը օրիորդի փեսայացուն էր, որի համար նշանված էր Նագանին։

Բ

Մյուս օրր առավոտյան Եղիսաբեթը, օրիորդի մայրը, արտասուքն աչքերում պատրաստում էր յուր աղջիկը կուսագիրների հանդեսը դուրս բերելու։ Սարսափելի կերպով զարդարում էր նա թշվառ Նազանիին։ Նրա ծաղկանկար չթեղեն ու կերպասյա զգեստի տեղ հագցնում էր նրան մուրացկանի հին, պատառոտած շորեր. նա անխնա կերպով կտրատում էր նրա ծամերի երկայն հյուսերը, որոնք հիանալի կերպով թափված էին օրիորդի շիտակ թիկունքի վրա։ Նա կտրում էր նրա գանգրահեր զուլֆերր, որոնք սև սաթի օղակներով խաղ էին անում նրա վարդագեղ թշերի հետ: Այդ քնքուշ և փափկիկ թշերը օծանվում էին նույն րոպեին սև ձյութային հյութով և նրա դեմքն ստանում էր գորշ-բրոնզային գույն։ Օրիորդը տգեղանում էր, այլանդակվում էր յուր չքնաղությունից...։

Այդ աղետալի պաշտոնը կատարելեն հետո մայրը նայեց դստեր վրա և գառն կերպով հոգոց հանելով ասաց. Ինչո՞ւ աստված քեզ գեղեցիկ ստեղծեց, ինչո՞ւ դու չմեռար քո խանձարուրի մեջ...։

Արտասուքը խեղդեց նրան։ Նա երկրորդ անգամ յուր տխուր հայացքը ձգելով դստեր երեսին, հառաչեց.

Ա՜խ, դու քո այլանդակության մեջ դարձյալ գեղեցիկ ես...:

Բայց օրիորդի սիրտը կարծես քարացել էր, ո՛չ մի կաթիլ արտասուք չէր երևում նրա՝ նույն րոպեում բոցավառված աչքերում, բայց երևում էր նրա կուսական սրտիկը վրդովվում էր սարսափելի խռովության մեջ։ Նա դարձավ դեպի մայրը այսպիսի խոսքերով.

Մայր իմ, դու ասացիր, թե ավելի լավ կլիներ, որ ես մեռած լինեի իմ խանձարուրի մեջ, այդպես չէ՞...

Այո, պատասխանեց Եղիսաբեթը տխուր կերպով, գոնյա դու այսօր զոհ չէիր լինիլ անօրեններին...։

Ուրեմն հեռացիր մի քանի րոպե։

Ինչո՞ւ։

Ես իսկույն կկատարեմ քո ցանկությունը, որին ես ինքս փափագում եմ...։

Ի՞նչ ես խոսում։

Ահա՛ իմ վերջին հույսը, ասաց օրիորդը յուր աչքերը սարսափելի կերպով փայլեցնելով և դուրս բերեց փոքրիկ խենջարը, որ նա թաքցրել էր յուր ծոցում։

Մայրը հարձակվելով դստեր վրա, խլեց նորա ձեռքից զենքը։ Հանկարծ դռները շառաչմամբ ետ գնացին, ներս մտավ գյուղի գզիրը մի քանի ֆերրաշներով։

Գյուղի աղջիկները բոլորը հավաքվել են, մի՛ ուշացրեք Նազանիին, ասաց նա։

Նրանք տարան թշվառ զոհը դեպի ճակատագրական հանդեսը, իսկ Եղիսաբեթը արտասուքն աչքերում չոքեց գետնի վրա և սկսավ աղոթել...։

Գ

Գյուղի ընդարձակ հրապարակների մինի մեջ կարգով շարված էր աղջիկների խումբը՝ զանազան ազգերից և զանազան կրոնքներից։ Նրանց մեջ կային հայեր, ասորիներ և հրեաներ։ Տխուր և մռայլված դեմքերով կանգնած էին թշվառ զոհերը, կարծես նրանցից ո՛չ մինը գոհ չէր յուր վիճակից: Այնտեղ թափված էր ժողովրդի խուռն բազմություն։ Մայրերը լաց էին լինում և սուրբ աստվածածնին աղաչում։ Հայրերը կրճտացնում էին իրանց ատամները և իրանց վիճակն անիծում։

Թող սև լինի այսպեսի օրը, ասում էր նրանցից մինը։

Այս ի՜նչ կյանք է, խոսում էր մյուսը. մեր տունը, տեղը, կայքը և մինչև անգամ ընտանիքը, բոլորը պատկանում են խանին...։

Ինչո՞ւ չենք մեռնում մենք, լսելի էր լինում մի այլ ձայն։

Ստրկի վիճակն այսպես է, վերջացնում էր մյուսը։

Հանդիպակաց փողոցից երևան եղան խանի խոջաբաշին (ներքինապետը) յուր ֆերրաշներով։ Բոլորը լռեցին։

Խոջաբաշու կողքին գալիս էր մի բարձրահասակ մարդ, երկայն մորուքով և փառահեղ կերպարանքով։ Դա հայերի մելիքն էր։

Իզուր եք դուք աշխատ լինում, աղա՛, ասում էր նա խոջաբաշուն. հայերի մեջ ո՞վ է տվել գեղեցիկ աղջիկ, որ պատշաճ լիներ շահին ընծա տանելու։

Ընդհակառակն, այդ գյուղ գյուզելները (գեղեցկուհիները) ամեն տեղ գովասանված են, պատասխանեց խոջաբաշին։

Երդվում եմ ձեր պատվական գլխով, որ այդ սուտ է։

Կստուգենք այժմ...։

Մելիքը տեսնելով, որ ոչինչ կերպով չկարողացավ համոզել նրան, մոտեցավ նրա ականջին և ինչ-որ փսփսաց։

Ո՛չ մի բանի համար ես չեմ կարող իմ տիրոջս հրամանը դավաճանել, բացասական կերպով պատասխանեց խոջաբաշին։ Հուսահատությունը տիրեց խեղճ մելիքին։

Նրանք մոտեցան խեղճ աղջիկների խմբին, խոջաբաշին սկսեց անցնել նրանց շարքի առջև և մին-մին հետազոտում էր նրանց գեղեցկությունը։

Նա որոշեց նրանց միջից երկու աղջիկ միայն, որոնց մինն էր հրեա, իսկ մյուսը հայ։ Վերջինը օրիորդ Նազանին էր։

Սույն միջոցին մի կնոջ սիրտը թուլանալով՛ ընկավ բազմության մեջ։ Դա էր օրիորդի մայր Եղիսաբեթը։

Արծվի արագությամբ, նստած սրընթաց նժույգների վրա, հանկարծ թափվեցան չորս զինավորված տղամարդիկ։ Նրանք հագնված էին քուրդի ձևով, և երեսները կասլված էր թաշկինակով։ Նրանք հարձակվեցան կուսագիրների վրա, ֆերրաշներն ընդդիմացան. սուրերը փայլեցին և մի քանիսը պարսիկներից գետին գլորվելուց հետո, խլեցին Նազանիին և աներևութացան մերձակա սարերի հետքում։

Քանի րոպեից հետո Ս... գյուղը կորավ ծխի մեջ և հրդեհն սկսեց ճարակել խեղճ շինականների խրճիթները։

Խանի բարկության պատիժը լրացավ...:


Մի ամսից հետո, Տաճկաստանի Մոկաց աշխարհի գյուղերում, փոքրիկ մատուռի մեջ, սեղանի առջև ուրախ դեմքերով կանգնած էին հարս ու փեսա։ Շինական քահանան կատարում էր նրանց պսակը։ Ամուսնացուներից մինը Թոմասն էր, մյուսը օրիորդ Նազանին, իսկ խաչեղբայրը՝ փեսայի մտերիմ ընկերը Սարգիսը։ Այդ ուրախալի հանդիսին ներկա էր հարսի քաջասիրտ եղբայրը՝ Մելքոնը...:

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Rural life
Rural life
Play Online