Raffi

Հայ վարդը

Այն մի պարտեզ էր, ճեմելիքներով՝
Լուռ և միայնակ զբոսնում էի,
Թարմ ծաղիկների նախշուն գուներով
Իսպառ հիացած, զմայլում էի:

Ուր թռչունները մին մինից սիրուն
Հնչեցնում էին գեղեցիկ երգեր,
Կարծես, քերովբեք անթիվ և անհուն
Ընթեռնում էին սրբազան գրքեր:

Այդ մի երա՛զ էր… բայց կախարդական…
Թողեց իմ սրտում ցավեր անհամար,
Կամ չար վհուկի թլիսմ դյութական,
Որ կրակ վառեց հոգույս մեջ անմար...

Ինձ այն ժամանակ քանի գեղեցիկ
Երևցավ նա այն ծառերի տակ,
Տխո՛ւր էր դեմքը, շրթունքը՝ մնջիկ,
Որպես բախտազուրկ, սգավոր հրեշտակ:

Գլխի ծամերն արձակած անփույթ
Տատանվում էին թեթև զեփյուռեն.
Եվ կերպարանքի ամբողջ երևույթ
Էր խորհրդական և աստվածեղեն:

Նա մոտեցավ ինձ դանդաղ քայլերով,
Ո՛րքան վշտահար էին աչքերը...
Մի սիրտ գրավող, ցավալի ժպիտ
Արտափայլում էր երեսի վրա:

Նա գրկեց ինձի յուր թևիկներով,
Քանի՛ բերկրություն կար այն գրկի մեջ…
Ուր սերը բոլոր յուր ցնորքներով
Բոցավառվում էր սուրբ հրով՝ անշեջ:

«Ահա՜ այդ վարդը նա ինձ ցույց տվեց.
Է մեր վիճակի ստույգ օրինակ...
Նա այդպես խոսեց, ինձ մենակ թողեց,
Ինքը չքացավ այն ծառերի տակ:

Ես տեսա վարդը, ի՛նչ քնքշիկ վարդ,
Դեռ նոր էր բացվել կոկոն ու սաղարթ,
Դեռ նոր էր օդը նորանից ծըծում՝
Յուր եթերական անուշահոտություն:

Ես տեսա վարդը... մի բու զզվելի
Դեղին ճանկերով էր նորան գրկել,
Եվ յուր պիղծ կուրծքին՝ սև նախանձով լի,
Այն ճոխ ծաղիկն էր նա պինդ ճնշել...

Աչքերիս առջև մթնեց, սևացավ,
Այն տեսարանը խռովեց իմ հոգին.
Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,
Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին:

Երեսս շուռ տվի, շուտով անց կացա,
Որ էլ չտեսնեմ այնպիսի եղեռ,
Ոչ այնքան հեռու, այլ խիստ մերձակա
Տեսա ես մի այլ ցավալի պատկեր.

Մի անբախտ սոխակ վարդի ջերմ երգակ,
Նորա թուփի մոտ թռչում էր մենակ,
Թռչկոտում էր նա, լուռ մրմնջելով,
Հոգնած թևիկները մեղմիկ շարժելով:

Նա աշխատում էր մոտենալ վարդին,
Բայց արգելում էր ավերակաց որդին,
Այն բռնակալն, այն զզվելի բուն,
Այն գիշակերը, դեմքով ահարկուն:

Սոխակը թըռվռաց, ճըչաց, ճլվլաց,
Թափեց աչերեն շատ արտասուք, լաց,
Թույլ թևիկները կախեց, վայր ընկավ,
Վշտալի կուրծքը փուշերուն զարկավ...

Նետը ցցվեցավ սրտումը անզոր,
«Վա՛րդն» էր սոխակի հառաչանք վերջին,
Այդ իմ սիրտն էր, որ մինչև այսօր
Կրում է յուր մեջ այն վերքը խորին...

Be the first who will comment on this
Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

Still life of flower
Still life of flower
Play Online