Raffi

Գերին Ավարայրի

(Վարդանանց պատերազմի ժամանակ)

Պարսից գետերի ափերի մոտով,
Գլուխս ծռած և տխուր սրտով,
Իմ բոլորտիքս զինվորներ պատած,
Ես թափառում եմ շղթայված ոտով:

Ես մի գերի եմ՝ անբախտ և թշվառ,
Ոչ ոք չէ լինում վշտիս մխիթար,
Միայն հնչումը ծանր շղթայի
Ինձ հիշեցնում է մտքեր չարաչար:

Ինձ հիշեցնում է Արաքս, Արարատ
Եվ Էջմիածին՝ մայր մեր գթառատ,
Ինձ հիշեցնում է քաղցրիկ Հայաստան
Եվ սեր հայրենյաց՝ սուրբ և անարատ:

Սիրտս էրվում է, լերդս խորովվում,
Աչքերես առուք գետի պես հոսվում,
Եվ արտասուքն ինձի խեղդում է,
Խեղդում, ուշաթափ գետին է ձգում:

Գերեվարներից մի գըթոտ զինվոր
Մի՜ լար, ասում է, ով քաջ և հզոր,
Միշտ չես մնալ դու գերի մեր երկրում,
Եվ ազատություն կրգա քեզ մի օր:

Բայց դու մեզ երգե քո հայրենիքի՝
Քո Արարատա կորուսած փառքի՝
Նորա վեհության՝ անուշիկ երգը,
Երգե կմխիթարվի քո սիրտն ու հոգի:

Ես Արարատա կորուսած փառքը,
Ես մայր Արաքսի դառն արտասուքը,
Գահեն որբացած ծերուկ Մասիսի`
Ինչպե՞ս ես երգեմ՝ ողբն ու սուգը:

Երբ արտասուքը թշվառ պանդխտի
Ցողում է հողն օտար աշխարհի,
Խոր սրտեն բխած նորա երգի ձայն
Հնչեցնում է օդն օտար երկնքի:

Բայց Հայաստանի գերին խեղճ, պանդուխտ,
Թո՜ղ ձեզի երգե յուր սրտի սուրբ ուխտ,
Որ նորա կենքի է միակ նպատակ,
Քանի ապրում է օտար երկնի տակ:

Ով իմ Հայաստան, սիրուն հայրենիք,
Հայկի և Արամա երկիր գեղեցիկ,
Թո՜ղ քաջքն Արտավազդա ինձ կորուսանեն,
Թե ես մոռանամ քո սերը քաղցրիկ:

Թո՜ղ իմ բազուկս չորանա իսպառ,
Թո՜ղ լեզուս լռվի, չըխոսի մի բառ,
Երբ պատերազմում, քո թշնամու դեմ,
Չըզոհեմ արյունս քո սիրո համար:

Թո՜ղ իմ աչքերը կուրանան շուտով,
Երբ քեզ ես նայեմ Վասակի սրտով,
Թո՜ղ իմ ականջներ իսպառ խըլանան,
Երբ չարիքդ լսեմ, մնամ ես անվրդով:

Երբ, տե՜ր, կըխնդրես վրեժն անբախտին,
Դու միտ բեր հային և հայի որդին,
Տե՜ս Ավարայրի լայն դաշտն ահարկու,
Հայի արյունով ներկված է գետին:

Թափի՜ր քո կրակ, քո կայծակ և հուր,
Լարե՜ քո աղեղ, նիզակ սայրիսուր,
Սասանա պարսկի որդիքն անիրավ,
Թող խոր դժոխաց լինեն կերակուր:

Երբ պատերազմի հնչեց ահեղ փող,
Սիրտս նախանձի կզգա մի սուրբ դող,
Կըփշրեմ շղթաս, ձեռքումս բաց սուր,
Կառնեմ իմ վրեժը, հետո կմտնեմ հող:

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Horses - People
Horses - People
Play Online