Raffi
Գարուն
(Հինգերորդ դարու Հայոց տիկինների երգը)
Բազում ձմերոց հալեցան սառնամանիք,
Եհաս գարուն և եկին նորեկ ծիծռունք,
Տեսին և խնդացին կենցաղասեր մարդիկ,
Եվ նոքա ոչ երքեք կարացին տեսանել
զանձկալիս յուրյանց...
ԵՂԻՇԵ
Անցա՛ն, անցա՛ն տարիներ,
Եկան, գնացին շատ ձմեռ,
Նորեկ ծիծառը ճռվռուն
Ավետում է նոր գարուն:
Լռե, լռե ո՜վ ծիծառ,
Դու մեր սիրելյաց դարձեն
Չես բերած ոչ մի խաբար
Պարսից հեռու աշխարհեն:
Ուր շղթայած բանտերում
Տանջվում են չարաչար,
Նոցա կարոտ աչերուն
Ոչ քուն կա և ոչ դադար:
Դու չե՛ս, չե՛ս նոր գարուն,
Գարունը Հայսատանի,
Դու հայոց տիկիններուն
Ողբը, լացը չե՛ս տանի…
Զի քո փառավոր դարձի
Այդ գեղեցիկ տեսարան
Հիշատակում է նոցա
Կորած սենր աննման:
Ձյունը հալվեց, դաշտերը
Կանաչ խոտով ծածկվեցան,
Խնձորենին ու նշենին`
Ծաղիկներով ծաղկեցան:
Թռչունք, սարյակ և սոխակ`
Տոնեն նոցա հիշատակ,
Վարդ ու շուշան և մեխակ
Խնկեն բուրումն անուշակ:
Արարատա դաշտերում`
Ժիր նժույգի խրխինջը
Շփոթում է վաղորդյան`
Օդի հանգիստ, խոր նինջը:
Կարծես նա էլ զգում է,
Որ էլ ինքը տեր չունի.
Մամիկոնյան քաջերը
Ընկա՛ն, ընկան վշտալի...
Անտառներում եղջերուն,
Թռչկոտում է համարձակ,
Լորն ու կաքավ երգում են,
Էլ վախ չունի նապաստակ:
Կարծես նորանք էլ գիտեն,
Որսորդներից ազատ են,
Իշխաններն էլ չըկան,
Որ նոցա սիրտը շփոթեն:
Հայաստանի երկինքը
Թուխ ամպերով է պատած,
Սուգ է մտել Մասիսը,
Տխրադեմ է Արագած:
Ժողովուրդը տոնասեր
Չէ խմբում եկեղեցին,
Աղջիկները չեն պարում,
Թմբուկ, երգեր լռեցին...
Դու չե՛ս, դու չե՛ս նոր գարուն,
Գարունը հայոց տիկնաց,
Դու մեզի չես ավետում
Մեր քաջերի վերադարձ:
Այն օրն է նոր գարուն,
Երբ կընորոգվի Հայաստան,
Եվ մենք ազատ կըշնչենք,
Ձգելով լուծը պարսկական: