Raffi

Բինի Շարաբանի

Թեհրանից դեպի արևելա-հարավային կողմը, մի ոչ այնքան ոտնակոխ եղած ճանապարհ տանում է քաղաքից երկու ֆարսախ հեռավորությամբ մի անապատ, ուր ուղևորին երևան է գալիս մի ընդարձակ տարածություն, շրջապատված բարձր պարիսպներով: Ասիական քաղաքներին սովորած աչքն առաջին անգամից կնկատե, թե տեսնում է մի կախարդական քաղաք, որ կուլ է գնացած յուր պարիսպների մեջ. մինարեթներ, աշտարակներ և ոչ մի շինության նշան չէ երևում դրսից: Երևում են միայն պարիսպները: Բայց որտեղի՞ց է մուտքը:

Կախարդված քաղաքը դռներ ևս չունի:

Պարսից ծերունիների պատմությունը հիշյալ շինվածքի մասին խիստ առասպելական է: Նոքա ասում են՝ թե այդ ցերեկով լուռ և անբարբառ պարիսպների ներսից գիշերվա ժամանակ լսելի են լինում զարհուրելի ձայներ, թե պարիսպների շուրջը թափառում են բյուրավոր ուրվականների խմբեր, թե նրանք շատ չեն հեռանում, միայն պարիսպների մոտ են գալիս, երգում են, կատարելով իրանց դիվական զվարճությունը...: Իսկ երբ առավոտը մոտ է լինում լուսանալու, ամեն ինչ չքանում է, լռվում է և կրկին անբարբառ շրջապարիսպը նկարվում է անապատի մեջ յուր հսկայական տարածությամբ...:

Պարսիկը, լի նախապաշարմունքներով, երբեք չէ մոտենում հիշյալ շինվածքին, և լույս-ցերեկով այնտեղ տեսանելի չէ ոչ մի մարդկային արարած: Միայն ահագին ուրուրը սավառնում է պարիսպների վրա, գծելով օդի մեջ զանազան շրջաններ, կարծես այն ուրվականների ոգիներից մինը լինի դա...:

Ահա՜ այնտեղ, ավերակներից ոչ այնքան հեռու, բարձրանում է ծուխ: Ծուխը բնակության նշան է, և խիստ հրապուրիչ զորությամբ ձգում է մենավոր ճանապարհորդին դեպի ինքը:

Ծուխը դուրս է հոսում մի գետնափոր խրճիթից, որի տանիքը հավասար է երկրի մակերևույթին: Մի նեղ մուտք առանց դռան տանում է դեպի խրճիթի ներսը: Գերեզմանի պես խոնավ և մթին խորշ է գա: Միայն մի օջախի մեջ, որ փորած է մի անկյունում, թույլ կերպով վառվում են մի քանի կտոր փայտ, կարծես նրա համար միայն, որ այնտեղ պահպանվի կրակը...:

Օջախի մոտ, եղեգնյա փսիաթի վրա, նստած է մի կիսամերկ ծերունի և խորին ուշադրությամբ կարդում է մի գիրք: Նրա արտաքին կերպարանքն ազդում է պատկառանք և ցավակցություն: Դու կարծում ես, թե քո աչքի առջև երևում է մարմնացած խեղճությունը. մի մարդ, որ աշխարհիս մեջ չուներ ուրիշ մխիթարություն և ապրում է միմիայն աստուծո համար...:

Դա մոգ է:

Նա կարդում է սրբազան գիրքը աստվածային Զենդ-Ավեստան:

Խաղաղություն քեզ, հայր սրբազնություն, ողջունում եմ նրան:

Ամեն տեղ հալածական, ամեն տեղ անարգված, այս ողորմելի կրոնավորը ամբողջ կես դար անցուցել է յուր տխուր ճգնարանում: Առաջին անգամ է նա լսում մի օտարականի ձայն, որ առանց ահ ու սարսափ գցելու նրա վրա, ոտք է կոխում նրա շեմքի վրա խաղաղասիրական ողջույնով:

Նա խորին ծանրությամբ ծալում է գիրքը, մի կողմ է դնում և կանգնելով, ընդունում է յուր անակնկալ հյուրին:

Զրադաշտյան փիլիսոփայի խոսակցությունը մեղմ է և իմաստալից: Նա ախորժանոք պատմում է ամեն ինչ այն մարդուն, որ նայում է նրա վրա ավելի մարդասիրական աչքով: Ոչինչ նրան այնքան չէ մխիթարում, որքան մարդկանց համակրությունը, որովհետև այդ թշվառը յուր կյանքում երբեք գթություն վայելած չէ մարդո որդիներից...:

Բայց ինձ ավելի հետաքրքրական էր այն միտքը, թե ինչն էր առիթ տվել նրան բնակվիլ այն տխուր և ամայի անապատի մեջ, այն կախարդական շինվածքի մոտակայքում, ուր թափառում էին ուրվականների խմբերը միայն...:

Երբ այս մասին հարցմունք եղավ, մոգը յուր լի ջերմեռանդությամբ աչքերն ուղղեց դեպի երկինք, արտասանեց ինձ անհասկանալի մի քանի խոսքեր, որոնց միջից խիստ լիահնչյուն ձայնով դիպավ իմ ականջին բառս՝ Բիբի-Շարաբանի1:

Ի՞նչ է նշանակում այդ:

Հետևի՜ր ինձ, բարի երիտասարդ, ասաց նա, ընթանալով յուր խրճիթից դեպի դուրս:

Ես կատարեցի նրա հրամանը: Պարիսպը, որի մոտ տարավ ինձ մոգը, էր նույնը, որ ես առաջուց տեսած էի: Միայն նա մերձեցավ երկայն սանդուղքին, որ թավալված էր պարսպի մոտ, խնդրեց ինձ օգնել իրան վեր բարձրացնելու սանդուղքը:

Ես շուտով կատարեցի նրա ցանկությունը, երբ հասկացա նպատակը: Մոգը կամենում էր սանդուղքը գնել պատի մոտ և ինձ վեր հանել պարսպի գլուխը, իմ ուզածն էլ այդ էր, տեսնել արդյոք ի՞նչ կա այն փակյալ քաղաքի ներսումը:

Նայի՜ր, ասաց մոգը, երբ մենք բարձրացանք վերնապարսպի վրա:

Ես երբեք չեմ կարող հեռացնել ինձանից այն անախորժ տպավորոլթյունը, որ թողեց ինձ վրա այն տխուր տեսարանը: Շրջապարսպի ամբողջ տարածությունը ներկայացնում էր մարդկային մարմինների մի անտառ, ուր անշարժ կանգնած էին հազարավոր կմախքներ և դեռ չլուծված դիակներ, մերկ՝ որպես ճշմարտության արձանը:

Ինձ երևաց, թե դա մի դյութական աշխարհ է, որ երևան հանեց իմ աչքերի առջև կախարդ-մոգը: Եվ ես տեսնում էի այն ուրվականների գնդերը, որոնց մասին ինձ պատմել էին շատ և շատ զարմանալիք:

Բայց իմ տեսածը իսկություն էր: Ես պարզ նշմարում էի կմախքները, մինը մյուսի մոտ շարված, և ինձանից այնքան հեռու չէին կանգնած բազմաթիվ մերկ մարմինները, որոնց գլխի վրա կատաղի կռնչյունով պտույտ էին գալիս գիշակեր թռչունները: Նրանք իջնում էին մերկ մարմինների վրա, իրանց սուր կտուցով և մագիլներով մի բան կեղեքում էին այնտեղից և կրկին բարձրանում օդի մեջ, իրանց հետ տանելով հափշտակած ավարը...:

Մոգը պշուցած աչքերով նայում էր այս ոչ այնքան զվարճալի տեսարանի վրա. նրա շրթունքները շարժվում էին, երևում էր, որ նա աղոթում էր:

Ես նկատեցի՝ թե՜ կմախքների և թե դեռ չլուծված դիակների բոլորի երեսները ևս դարձուցած էին դեպի արևելք: Բայց ի՞նչն էր, որ այնպես կանգուն պահում էր մեռած մարմինները բաց օղի մեջ: Այս գաղտնիքը հասկանալի եղավ միայն այն ժամանակ, երբ ես տեսա, որ յուրաքանչյուր կմախքի և դիակի երկու թևերի տակ ամրացած էին փայտյա նեցուկներ, որոնք այնպես հարմարեցրած էին, որ ոչ միայն իրանց մեջտեղում կանգնած մարմինները պահում էին բոլորովին ուղղակի կերպով, այլև նրանց ոտները չէին դիպչում գետնին:

Այդ ի՞նչ է, դարձա ես դեպի մոգը, որ երևում էր, թե դեռ չէր վերջացրել յուր աղոթքը:

Բիբի-Շարաբանի, կրկնեց նա առաջին խոսքը, դարձյալ թողնելով ինձ անհասկացողության մեջ:

Երբ ասացի, թե չեմ հասկանում նրա խոսքը, նա բացատրեց զենդական բառի իմաստը, ասելով.

«Հասարակաց կայարան» է դա:

Կնշանակե հանգստարան կամ գերեզմանատո՞ւն է:

Այո՜, այդպես:

Մի՞թե դուք սովորություն չունիք թաղել ձեր մեռելները: Մոգը մի զարմացական հայացք ձգեց իմ երեսին, որպես թե լսում էր մի հիմար խոսք, և պատասխանեց ասելով.

Ինչպե՞ս թաղել, բարի երիտասարդ, ինչպե՞ս պղծել սուրբ հողը մեռելոտի մարմիններով:

Բայց այդպիսով դուք պղծում եք օդը, որ ավելի վտանգավոր է, որի ապականությունից կարող են վարակվել կենդանի մարդիկ:

Իմ պատասխանը վիրավորական էր: Մոգը պատասխանեց փոքր-ինչ զայրացում ցուցանելով իմ խոսքերի դեմ:

Տեսնո՞ւմ ես սրբազան Միհրը, նա ցույց տվեց արեգակը, նրա աստվածային ճառագայթների ներքո ամեն ապականություն մաքրվում է, սրբագործվում, և անշնչությունից վերափոխվում է դեպի կենդանի մարմին: Նա է գետնից ծլեցնում, ծաղկեցնում և պտղաբեր առնում փտած և ապականված հունդը (սերմը): Նա և այդ բյուրավոր կմախքներին, որ կանգնած են նրա «սրբազնության սեղանի» վրա, կմաքրե, շունչ և մարմին կտա: Նա է աղբյուրը բարության, լույսի և կենդանության.

Եվ դուք ա՞յդ նպատակով եք կանգնեցրել այդ դիակները նրա ճառագայթների տակ:

Այդ հրամայում է մեզ առնել Որմիզդի սրբազան2 օրենքը: Թո՜ղ հեռու լինին քեզանից Արհմնի3 նենգությունները, բարի երիտասարդ, թո՜ղ երկբայությունը չմոլորեցնե քեզ հավատալ սուրբ խոսքին:

Վիճել զրադաշտական կրոնավորի նախապաշարմունքների դեմ, ինձ չէր հասցնելու մի օգտավետ հետևանքի: Ես ցանկացա ավելի մանրամասն տեղեկություն ստանալ նրանից այն հանգստարանի վերաբերյալ, իրանց կրոնական ծեսերի մասին: Նա պատմեց, ինձ շատ բան: Նա ասաց, թե յուրաքանչյուր հանգուցյալ մարմին, որ այնպես հեցյալ է երկու սյուների վրա, լավ ևս է ասել, քարշ է ընկած երկու փայտյա նեցուկներից, պետք է այնքան ժամանակ մնա, մինչև նրա մարմնի մսերը թռչունների կերակուր դառնալուց հետո, մնացյալ ոսկերոտիքը քայքայվին և վայր թափվին այն խորի մեջ, որ ամեն մեկի տակ փորած է: Եվ ավելացրուց, թե հանգստարանին հսկող մոգը, ամեն մեկ մարմնի լուծելու եղանակից կգուշակե նրա ապագան Որմիզդի դրախտի մեջ: Այս խոսքերից հետո նա պատմեց ինձ յուր մի քանի դիտողությունները, որ արած էր մարմինների մասին:

Ահա՜ այն դիակը, որ կանգնեցրած է մեզանից տասը քայլ հեռու, առաջ տարավ նա, դու տեսնում ես, թե որպե՜ս վայրենի չախկալը, յուր հետևի թաթերի վրա կանգնած, վեր է բարձրացրել գլուխը և անհագ ախորժակով կրծոտում է հանգուցյալի աջ ձեռքը: Դա հանգստարանիս նոր մարմիններից մեկն է: Այն ձեռքը, որ այժմ չախկալին կերակուր է դառնում, շաղախված է մի անմեղի արյունով...: Դու տեսնում ես նրանից ոչ այնքան հեռու մի այլ մարմին, որի ձախ ուսի վրա նստած է ահագին սև ագռավը և յուր կտուցով դուրս է փորում հանգուցյալի աչքերը: Նույն աչքերը երբեք չէին կշտանում այն բաներից, ինչ որ վատ էր: Նոքա ման էին ածում թշվառին այն ճանապարհի վրա, որ ուղղում է յուր մոլորյալների առջև խավարային Ահրիմանը...: Ահա՜ այն կմախքը, որի գագաթի վրա նստած է զզվելի բուն և անդադար կտցահարում է կաշուց զրկված սկավառակը, նույն գլխի մեջ երբեք մուտք չէ ունեցել ճշմարտության խոսքը...: Դու տեսնում ես և մի մարմին, որի ոտքերի տակ պտտվում է վայրենի կատուն, դա մի նշանավոր ավազակի դիակն է, և այժմ ավազակ գազանն ուտում է այն ոտքերը, որոնք միշտ դուրս են դրված եղել ուղղության շավղից...:

Այսպես շատ գուշակություններ արավ մոգը, յուրաքանչյուր մարմնի անցյալ կյանքը համեմատելով նրա ներկա դրության հետ, և ներկայից եզրակացություններ անելով նրա ապագայի մասին: Նա խոսեց և մի քանի արդարների համար, հայտնելով, թե ի՜նչ նշաններից գիտե նրանց անմեղությունը: Բայց երբ նրա աչքերը հանդիպեցան մի կմախքի, որի ճերմակ ոսկորների վրա այնպես գեղեցիկ կերպով խաղ էին անում արեգակի ճառագայթները, նա այլևս չկարողացավ խոսել, և ես նկատեցի, թե որպես ծերունու շիջած աչքերը լցվեցան արտասուքով, և նա շարժեց գլուխը, նշան անելով, որ ցած իջնենք:

Բայց ի՞նչ էր, որ այնպես դառն կերպով վրդովեց ողորմելու սիրտը, ինչո՞ւ նա ինձ մի խոսք անգամ չասաց այն մարմնի մասին, որ եղավ նրա արտասուքի առարկան:

Իջնելով պարսպից ցած, մենք նստեցինք նրա խրճիթի դռանը: Արևը դեռ նոր էր թեքվում դեպի յուր գիշերային մուտը, անապատի ջերմությունը փոքր-ինչ մեղմացել էր: Բայց ես չէի կարողանում հանգստացնել իմ հետաքրքրությունը, քանի նկատում էի ծերունու դեռևս տխուր և մելամաղձական դեմքը:

Իմ երկար թախանձելուց հետո ծերունին հաճեցավ պատմեի թե ի՜նչ էր նրա ակամա դառնության պատճառը, որ առաջ եկավ այն կմախքի վրա նայելուց: Ես թույլտվություն խնդրեցի ծխել և սկսա լսել նրան:

Նա այսպես սկսավ յուր պատմությունը.

Երկու տասն ձմեռների հալվել էին ձյուները, երկու տասն գարուններ գեղազարդել էին Զաբի4 անապատը, մինչ ես լցուցանում էի իմ մտավոր ծարավը իմաստնագույնն իմաստուններից՝ Իբն-Ֆերհատի սպասում: Նրան կոչում էին «Աղբյուր գիտության»: Որպես մեղր և կաթ բխում էր աստվածային մարդու շրթունքից սուրբ խոսքը: Նրան հայտնի էր ամենածածուկ իմաստը սրբազան տառի, և նա գիտեր ամենախորին գաղտնիքը, ինչ որ գրած է մարդու որդիների երիկամունքի մեջ...:

Բայց ավելի քնքուշ, քան Շիրազի շուշանը, և ավելի գեղեցիկ, քան Ռեշթի5 վարդը, էր բարի Ղամարը6, մի նազելի օրիորդ, որի դեռ նոր ողջախոհական ստինքը բոլորվել էին անմեղ կրծքի վրա: Դա վարպետիս աղջիկն էր:

Վարպետիս տունը բովանդակում էր յուր մեջ մի ամբողջ դրախտ, ուր աստծո օրհնության հետ թագավորում էին խաղաղությունն ու գոհությունը: Բայց չկա մի վարդ առանց փշի, և շատ անգամ գեղեցիկ, լուսապայծառ ցերեկի մեջ տիրում է մառախլապատ մրրիկը յուր զարհուրանքով...:

Նույնը պատահեց և վարպետիս ընտանիքի հետ:

Այն մեծահանդես տոներից մեկի օրը, երբ սուրբ քաղաքի7 ուղղափառները ծաղիկներով են հանդիպում Նով-րուզը8, մանկահասակ կույսերի խումբը հավաքվել էր մի բլրի վրա, ուր նրանք այն տոնին սովորություն ունեին իրանց խաղերով զվարճանալ: Նույն միջոցին անցնում է բլրի մոտից քաղաքի սերդարը, որ որսորդությունից էր վերադառնում: Նրա աչքն ընկնում է աղջիկների խմբի վրա և գեղեցիկ Դամարի դեմքը հափշտակում է նրան:

Մի քանի օրից հետո սերդարի ապարանքից պատգամավոր եկավ վարպետիս մոտ և հայտնեց, թե նորին պայծառափայլության սիրտը գրավել է Ղամարի գեղեցկությունը, և ցանկանում է նրան յուր կին ունենալ:

Կայծակի հարվածն այնքան զարհուրելի չէր կարող լինել, որով Որմիզդը հալածում է Ահրիմանի դևերին, քան այս խոսքը, որ լսեց վարպետս սերդարի պատգամավորի բերանից, նա սկզբում բոլորովին շփոթվեցավ, հետո Աստծո զորությունից մի փոքր ոգի առնելով, պատասխանեց, թե ինքը չէ կարող յուր զավակը կնության տալ մի մարդու, որ չէ պաշտում Որմիզդի կրոնքը: Այս պատասխանը պատգամավորը դարձնում է սերդարին և չարանենգ սիրտը լցնում է վրեժխնդրության թույնով:

Վրեժխնդրությունը չուշացավ: Մի քանի օրից հետո սրբազան քաղաքը լցվեցավ արյունով և արտասուքով...:

Մահմեդականների ձեռքում միշտ հեշտ է եղել խեղճ Գաբրների9 հալածանքը, նրանք իրանց ժողովուրդը մեր դեմ գրգռելու մեջ խիստ վարպետ են: Մեր մասին մի քանի սուտ լուրեր, որ դիպչում էին նրանց կրոնական զգացմունքին, տարածելը բավական էր վառելու ամբոխը կատաղի վրեժախնդրությամբ:

Նույնը եղավ և այն ժամանակ:

Քաղաքի մեջ տարածվեցավ մի բոթաբեր լուր, թե Գաբրները թշնամությամբ պղծել են մահմեդականներին պատկանող մի մատուռ, որ չափազանց գրաված էր նրանց հավատքը և դարձել էր հասարակաց ուխտատեղի: Նրանք ամբաստանեցին Գաբրներին մի բոլորովին հնարած զրպարտությամբ, իբր թե Գաբրները նույն մատուռի մեջ գիշերով գցել են մի սատկած շուն:

Որքան և սուտ լիներ այդ զրպարտությունը, դարձյալ բավական էր վառելու մահմեդականների կատաղությունը: Նրանք այդպիսի դեպքերում ստություն և ճշտություն չեն որոնում, մանավանդ, երբ թելադրողը ինքը սերդարն էր` մի քանի գլխավոր մոլլաների հետ:

Գիշեր էր. այն մթին գիշերներից մինը, որ Ահրիմանը պատրաստում է յուր սևագունդ պաշտոնյաների համար...: Մի քանի րոպեում Գաբրների թաղերը լցվեցան մահմեդականների կատաղի ամբոխով: Կրակն ու սուրը սկսան անխնա կոտորել «սուրբ ժողովրդի» անմեղ որդոց...:

Նույն սարսափելի ժամուն իմ միտքն եկավ Ղամարը: Ես սկսեցի ցնորվածի նման վազել դեպի վարպետիս տունը: Գիշերվա խավարը պատել էր աշխարհը, բայց հրդեհների կրակը լուսավորում էր քաղաքը, որպես ցերեկ: Չգիտեմ ի՜նչ աստվածային զորություն էր այն, որ ինձ առանց վտանգի հասցրուց վարպետիս տուն, որ նույն ժամուն վառվում էր բոցերի մեջ: Իմ աչքին դիպավ վարպետիս մարմինը, որ արյան մեջ շաղախված ընկած էր յուր հրդեհված տանից ոչ այնքան հեռու: Բայց ես չդարձա դեպի նա, որովհետև որոնում էի Ղամարին…:

Իմ ականջներին զարկում էին հափշտակված կույսերի և կանանց դառն աղաղակները, բայց նրանցից ոչ մինը Ղամարի ձայնը չէր:

Ես գտա նրան մի ֆերրաշի ձեռքում, որ քաշ էր տալիս թուլացած և ուշակորույս եղած օրիորդին դեպի սերդարի ապարանքը: Խենջարիս մի զարկ բավական եղավ ցած գլորել անզգամին, և ես հափշտակեցի նրա ձեռքից թանկագին ավարը…:

Ես մինչև այսօր երևակայել չեմ կարող, թե որպես հաջողվեցավ ինձ ազատել նրան: Միայն մտաբերում եմ այսքանը, որ ուշի եկա այն ժամանակ, երբ նկատեցի, թե գտնվում եմ քաղաքից մի քանի փարսախ հեռու մի դաշտի մեջ, ուր արևը դեռ նոր էր սկսել արձակել յուր առաջին ճառագայթները: Ես այն ժամանակ զգացի, թե մի քանի տեղից վիրավորված եմ, ե՜րբ, կամ ո՜ւմ հետ կռվելու ժամանակ ստացա վերքերը, մտաբերել անգամ չկարողացա: Ես կամենում էի փաթաթել վերքերս, բայց երբ նկատեցի, որ Ղամարը տակավին անզգայության մեջ էր, սկսեցի հոգ աանել նրան ուշի բերելու:

Երկա՛ր է, բարի երիտասարդ, երկա՛ր է պատմությունը և խստտ դժվա՛ր միանգամից բոլորը հաղորդել քեզ, թեև իմ ալևոր գլխի մեջ ամենը պահված են, և մոռացությունը ոչինչ չէ ջնջել այն տխո՛ւր հիշողություններից...: Երևակայեցե՜ք միայն ողորմելի փախստականի վիճակը, որ ամբողջ ամիսներով պետք է անցներ ամայի անապատների միջով, միշտ խույս տալով մարդկային բնակությունից, և դա ուղեկից ուներ մի թույլ և տկարամարմին օրիորդ, բոլորովին մարած անոթությունից և ճանապարհի դաժանությունից... :

Պիղծ համարված Գաբրն ամեն տեղ հալածված է, ամեն մահմեդական խորշում և խոտում է նրանից. մենք մինչև անգամ պոկված էինք անապատի հովիվների հյուրասիրությունից, որոնց սեղանը բաց է ամեն ճանապարհորդի առջև: Լույս ցերեկով մենք թաքչում էինք մացառների մեջ, իսկ գիշերով շարունակում էինք մեր ուղին: Մեր կերակուրն էր անապատի մանանան10, իսկ երբեմն պատսպարան և ողորմություն էինք գտնում բարի Արմենիների և Դավուդիների11 մոտ, դրանք չեն հալածում Գաբրին....:

Այսպես մենք անցանք Իսպահան, Ղում և Քաշան քաղաքները: Ճանապարհին մենք գրաստ չունեինք, այդ մի ավելորդ ծանրություն է փախստականի համար, որ միշտ ստիպված է թաքչիլ: Սկզբում օրիորդը տոկուն էր և առանց դժվարության հետևում էր ինձ. բայց փոքր առ փոքր նրա ուժերն սկսան թուլանալ. այնուհետև ես ստիպված էի թանկագին բեռը կրել իմ շալակին...: Այդ ավելի անտանելի էր նրան, և ես ստեպ լսում էի նրանից այսպիսի խոսքեր. «Ա՜խ, ե՞րբ աստվածները պետք է առնեն իմ հոգին, որ դադարեմ քեզ անհանգիստ անելուցս...:

Մենք դիմում էինք դեպի Թեհրան այն մտքով, որ շահի ոտքերի փոշին համբուրենք և նրանից շնորհ և արդարադատություն խնդրենք սերդարի բարբարոսության դեմ: Բայց թշվառ օրիորդի տկարությունը հետզհետե սաստկանում էր, վերջապես նրա մեջ հայտնվեցավ խիստ զորեղ տագցոց: Ես գործ դրի իմ բոլոր բժշկական միջոցները, ինչ որ ուսած էի գրքերից, բայց ոչինչ չօգնեց, խղճալու կենսական ուժերը սպառվել էին...:

Մինչև Թեհրան մնացել էր մի քանի օրվա ճանապարհ միայն, մենք իջևանել էինք մի գյուղի մոտ, ցորենի արտերի մեջ: Գիշեր էր: Լուսինը հեզությամբ սահում էր կապույտ երկնքի վրայով. բոլոր աշխարհին տիրել էր մի մեռելային լռություն: Օրիորդը՝ յուր գլուխը դրած իմ ծնկների վրա տանջվում էր դառն խռովության մեջ: Ես տխրությամբ նայում էի նրա վրա. հանկարծ նա յուր լի երախտագիտությամբ աչքերն ուղղեց դեպի ինձ և արտասանեց այս խոսքերը. «Ես մեռնում եմ, Հազկերտ, աղոթի՜ր ինձ համար»...:

Դա եղավ նրա վերջին խոսքը...:

Ես սրբությամբ կատարեցի նրա վերջին խոսքը, բարի երիտասարդ, ահա` կես դար է անցնում այն օրից, որ ես աղոթում եմ նրա շիրիմի մոտ, գիշեր և ցերեկ աղոթում եմ, թեև նա արդար էր, որպես արևի ճառագայթը, թեև նա անբիծ էր, որպես նրա լույսը. բայց նա սիրում էր ինձ...:

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Portrait of Shushanik Nadiryan
Portrait of Shushanik Nadiryan
Play Online