Petros Duryan
Սիրեցի քեզ
Շաղի, շողի ժամք էին.
Վարդից հրդեհ կար յ՚երկին՝
Փոխան ամպոց հուր հյուսքի.
Տեղա՜ր մարգրիտ և ոսկի:
Թավուտքի մը խոր ծաղկոտ
Ընկողմանած նըվաղկոտ՝
Կը հևայիր դու տժգույն,
Ամրան սյուքի մը հանգույն:
Աչերդ սիրո Ատրուշա՜ն…
Եվ մատներովդ զերթ շուշան՝
Կը փետտեիր ծաղիկ մի,
Հառած շողից աչքդ երկնի:
Հիանայի թե ի՜նչպես
Փետտել թերթեր վարդին վես՝
Եվ թափթըփել քու գիրգ գիրկ
Կը զորեին մատներդ գիրգ:
Եվ նըվաղկոտ այդ աչեր
Նըշուլեին նո՜ր եթեր,
Եթեր մ՚աստեղց ուր փոխան
Հրաշեկ սլաքք կը շողան:
Ըրիր աչացդ մեկ կայծին
Եվ մեկ վանկիդ զ՚իս գերին,
Շղթայեցիր զ՚իս, անգո՛ւթ,
Նշույլներովն վեհ հոգվույդ:
Թող սիրտս, ինձմե գնա հեռի,
Չ՚ուզեմ հոգվույս թագուհի
Քեզ, որուն կուրծն վարդի թերթ,
Այլ կըրանիտ սիրտն է գեթ։
Դու, որ գիտես լոկ բուրել,
Գիրգ սրտերու վերք փորել,
Եվ կը սիրես, երբ կարի՜
Քեզ պաշտող սիրտն արյունի:
Թավուտքի մը շուք նըսեմ
Երբոր մենիկ արտասվեմ,
Հոն ես դու, կը գտնես զ՚իս,
Տերևներե՜ն կը խոսիս:
Երբ առվակին մեջ փաղփուն
Կ՚ուզեմ մոռնալ դեմքըդ, դուն
Դարձյալ հոն կը գտնես զ՚իս,
Ալիներե՜ն կը ժպտիս:
Երբ կը փախչիմ ժայռ ու սար՝
Ջախջախել սիրտս և քընար,
Հովին մեջեն միշտ մնչես՝
Թե դու բնավ զ՚իս սիրած չ՚ես:
Գրկեմ սրտովս արդ ցուրտ հող,
Ի՚ալ չը դիպիմ քեզի թող.
Կույս մ՚է նաև գերեզման…
Կա՞ խորունկ սիրտ մ՚անոր նման…
1869