Paruyr Sevak
Զարմանում եմ
Ես, ճիշտն ասած, զարմանում եմ շա՜տ բաներից,
Քիչ լավի հետ՝ ամեն տեսակ վա՜տ բաներից,
Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել՝
Ա՛յն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել,
Որ հոգնելով ճամփաներից՝
Ջարդ ու փշուր կանգ է առնում
Եվ չի նայում առաջ, վար-վեր
Ու հայացքով ետ չի դառնում -
Հոգնածորեն նայում է նա աննպատակ
Եվ ա՛յն տեսնում, ինչ ընկած է ոտքերի տակ:
Ու ես հիմա,
Որ անհարմար
Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց
Ջարդված-հոգնած՝
Հանգըստանում-թարմանում եմ,
Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ,
Որ - թռչնի պես - ճիշտ խոսքից է մարդը խրտնում,
Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից.
Լուսնի նման՝ արևից է նա սփրթնում
Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից...
Իսկ դուք՝ ինչպե՞ս:
Դո՞ւք էլ՝ ինձ պես:
Է՜հ, երևի, ինձ վրա եք դուք զարմանում...
20.XI.1957թ.
Մոսկվա
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Recalling
Noon
Play Online