Paruyr Sevak

Ու եթե հայր եմ․․․

Ու եթե հայր եմ ամենից առաջ,
Ինչպե՞ս չխոսեմ զավակներիս հետ,
Նրա՛նց հետ,
Ովքեր եկել են արդեն,
Առավել՝ նրա՛նց,
Ովքեր պիտի գան:
Հոգնած խրատից,
Քարոզից զզված՝
Ես հարգալից եմ նայում կտակին,
Թերևս - ո՜վ գիտի - լոկ այն պատճառով,
Որ դա արվում է կյանքում մե՛կ անգամ,
Ինչպես ես՝ հիմա:
Եվ այն, ինչ որ ես ուզում եմ ասել,
Գիտեմ շա՜տ վաղուց,
Եվ այնքա՛ն վաղուց,
Ինչքան շաբաթվա օրերը գիտեմ
Կամ ամիսների անունը:
Սակայն
Այսօր եմ ուզում և պիտի ասեմ,
Քանզի հույս ունեմ, թե այսօր դուք ինձ
Կարող եք լսել թեկուզ և այնպես,
Ինչպես լսում են անձրևի ձայնը,
Քամու հռինդը,
Աղմուկն անտառի -
Ուզած թե չուզած,
Կամա-ակամա...

19.XII.1959թ.
Թիֆլիս
Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

Davit Bek
Davit Bek
Play Online

Support us! Buy our art based products from online shop