Paruyr Sevak
Քարտաշը
I
Նա հասարակ քարտաշ է ձեռքերով կոպիտ,
Փոքր ինչ կուզիկ է - այր մի տարեց:
Հոնքերը թավ են: Աչքի կոպին
Փոշու մի խավ է հանգիստ թառել:
Ճակատը լայն է: Փունջ մի մազի,
Որ օրորվում է անգամ հազից,
Կիսով օղակվել և աննշմար
Կազմել է ահա հարցական նշան:
Նա անխոս է միշտ, անխոս ու լուռ
Եվ լռությունն այդ իմաստալի
Ահա այս մուրճն է լոկ թարգմանում:
Իսկ նա, այդ մուրճը,
Օ, ինքնասեր է ամեն բանում,
Հպարտությամբ է հպարտանում:
Այսինքն նա, այդ փոքրիկ մուրճը,
Լոկ իր ձայնին է ականջ դնում,
Երբ անտարբեր են հանդեպ նրա,
Երբ չեն նկատում նրան շուրջը...
Եվ մենք, որ այսքա՛ն, այսքա՜ն լուրջ ենք,
Իսկապես՝ ե՞րբ ենք լսել նրան...
1
Դեռ արևից կանուխ նա նա գալիս է գործի,
Հեռու ծայրամասից, հաճախ ոտքով
(Տրամվային նայես՝ կուշանաս դու գործից,
Տրամվայի պարկից դե բոլորն են դժգոհ):
Նա քայլում է արագ, քայլվածքո՜վ մի փութկոտ,
Որ հատուկ է բոլոր գործի մարդկանց:
Քայլում է նա, սակայն թույլ կկոցված աչքով
Շուրջն է նայում: Կարծես նորավարտներ չկան,
Մինչդեռ կիսակառույց՝ որքան ուզես:
Ասես թե հաճույքով իր ուսերը ճկած
Ծանրության տակ մուրճի, նա անցնում է շուկան,
Թեքվում է դեպի վերև:
Նոր շենքեր են բուսել
Այս ու այն կողմ - ամեն քայլափոխում:
Քաղաքն ասես լինի մի անավարտ նկար,
Որի վրա իրենք-
Վարպետ արվեստագետ նկարչի պես,-
Ամեն ժամ ու վայրկյան
Քսում են նոր գույներ ու հին տեսքը փոխում:
...
...Եվ հասնում է ահա նա գործավայր,
Ուր անավարտ շենքը, հորանջով մի անփույթ,
Նոր արթնացած կարծես անգոյության քնից,
Բարձրանալու անհագ ցանկությունով, հիմա
Սպասում է նրան...
Նա գոգնոցն է կապում,
Ձեռքն է առնում մուրճը և հազում է անհայտ,
Ո՛չ - հազում է վստահ և բանիմաց...
2
Բարձրանում են պատեր, կամարներ են կոչվում,
Տաշվում են ապարներ համառ ու հաստակող,
Անձնատուր է լինում գրանիտը կռվում,
Տուֆը հիացմունքից ժպտում է գոհ:
Հարվածի տակ մուրճի և ուժի տակ կռան
Քարերն ամեն կարգի և ամեն բնույթի,
Համաձայնվում, զիջում, նստում իրար վրա
Ու լուռ զրուցում են և իրա՛ր հետ և մեզ,
Լռության խոր-լեզվով ու բարբառով դյութիչ...
...
Կառուցվում է տունը...
Քարե հիմքի վրա
Ելնում են պատերը նույնպես քարից.
Լուսամուտներն ահա, իբրև աչքեր բարի,
Ցանցաձև քիվերի - թարթիչների
Պայծառ և լուսավոր սրտերի տակ
Փայլ են տալիս նրան կենդանության:
Դռան շրջանակը, առայժմ բաց, անդուռ,
Կարծես պատուհանին փեղկի համար խանդում
Եվ լուռ համրանում է շեմքի վրա:
Իսկ թաց
Աշնանային հողը, օծված ավիշներով,
Բուրմունքներ է փռում առավոտյան օդում...
Ասես ծխում է մի անուշահոտ կերոն
Ու իր հոտով ողջը, ողջը պատում:
3
Եվ հոտևան աշնան բուրմունքներից գինով,
Նա հիշում է մեկից, միանգամից, հանկարծ...
Ծանո՛թ, ծանո՜թ է այդ հիշողությունն այնքան,
Ասես լինի տեսած մի հին կինոնկար...
Եվ ակամա, խոր մի բնազդով թաքուն,
Դանդաղում են, փափկում հարվածները մուրճի...
...Նա մանուկ էր այնժամ: Մինչ հայրը գար գործից,
Մինչ երեկոն իջներ, նա տան բակում,
Ընկուզենու շքեղ ստվերի տակ,
Մաշված գորգի վրա, տատի կողքին նստած,
Խորասուզված այնպես խաղում էր լուռ:
Այգում
Բարձրանում էր հանկարծ աշնան քամին,
Բարձրանում էր հանկարծ, քշում միանգամից
Տանում գլորում էր, խճճում էր հողով
Հին կծիկը տատի...
Մինչ տատը մեղմաբար
Խաչակնքում դեմքը, փնթփնթում էր, ապա
Դանդաղ ելնում ոտի,-
Իբրև բողոք
Իր իսկ պտուղներն էր գետնին թափում
Բեղուն և ծանրահակ խնձորենին...
4
Նա մանուկ էր սակայն և չգիտեր այնժամ,
Որ ո՛չ աշնան քամի, այլ սամում էր պայթում,
Որ կծիկը իրենց գոյության ու բախտի
Ո՛չ թե խճճվում էր, այլ թել առ թել փրթվում,
Որ արդար իր հայրը իր իսկ հերկած արտում
Սպանվել էր..., Մայրը ընկել խոնավ տախտին,
Տան ապավեն կովի բութ հայացքի ներքո,
Կաթնադույլի առաջ և կաթի հետ խառնած
Մայրական արյունը...
Ճանապարհը գաղթի
Ձգվե՛լ, երկարե՜լ էր դեպի առաջ,
Անկարեկից, մթնած երկինքների ներքո...
Լոկ լսվել էր հեռվից մորթվող կովի բառաչ,
Աղաղակներ դաժան.
Ու երգել էր քամին - ուրախ ու ինքնագոհ,
Որպես հարբած խուժան...
5
Բնանկար ծանոթ: Հինավուրց վանք ու ժամ:
Լցված է բազմությամբ բակ ու գավիթ:
(Հեռուներից նրանց այստեղ քշած,
Դեռ խուլ մլռտում է հեռվում քամին):
Էջմիածին: Վարակ: Համաճարակ:
Անծայր ու անվախճան մի պատարագ,
Որտեղ ըստ պատճաշի, զոհ է բերվում
Իբրև Քրիստոսի միս ու արյուն
Ոչ թե մի կում գինի ու մի կտոր նշխար,
Այլ ժողովուրդ մի ողջ և մի ամբողջ աշխարհ...
...
Հետո՝ ճերմակ մի տուն: Ճերմակ ձեռնոց հագած
Ինչ-որ պարոն: Բուրմո՛ւնք, բուրմո՜ւնք հացի...
Տատը վանքի բակում հացի կարոտ հանգավ...
Ինքը այսուհետև հա՛յ չէ, ամերիկացի՛...
Այսուհետև հացին պետք է ասել «Բրեդ»,
Ամեն խոսքից հետո՝ «Միստըր, փլիզ»...
Նրանց կոշիկները լավ մաքըրել...
Խմել հոտած սոուս, ծամել թերխաշ բրինձ...
...
Եվ առաջին ճիգը.-
Տատի պես չմեռնել, դեռ ապըրել...
Եվ առաջին միտքը,-
ապրել, բայց ո՛չ իբրև ամերիկացի...
Եվ առաջին իղձը՝ միշտ հաց ասել հացին,
Որ չլինի սակավ, որպես... «բրեդ»...
6
Որբ է: Արհեստանոց: Պետք է ապրուստ ճարել:
Տարբերում է արդեն սպիտակը սևից:
Հասկացըրին... Թո՛ւրքը իր տունը կործանեց:
Բայց թուրքից էլ վատթար՝ կա «բայլշևիկ»...
Ի՞նչ կարող է անել: Ինքը որբ է միայն.
Անօթևան, անտուն, փախած հրից - սրից...
Փողոցներն են հոտում, որպես դիակ...
Միտքը մահին վարժվեց, աչքը՝ մաուզերին...
...
Որբանոցից իրեն ինչ որ կոպիտ ձեռքեր
Դուրս քաշեցին. - «Հային ի՞նչ որբանոց»:
Ամենուր նույն ճամբան - գերեզմանոց տանող...
Ի՞նչ որբանոց, իրոք, պիտի նրան փրկե,
Երբ երկիրն էր այնժամ անծայր մի որբանոց...
...
Լավ էր, որ հեռացան ամերիկացիք,
Եվ կարող է հիմա հանգիստ նա անվանել
Ինքն իրեն հայ և հաց՝ չեղած հացին...
...
Վատ էր դրսում, հանգիստ մի առվի մեջ քնել,
Խոնջ գլուխը ցմքած թևի վրա դրած,
Եթե միայն... իր պես քաղցած շրջիկ շներ
Հոտող դիակի տեղ չդնեին նրան...
7
Անցավ տարի՞, թե դար: Բայց երևի
Իզուր չէին անցել աղոթքները տատի...
Բռնած իր ուժասպառ զարդ թևերից
Մի անծանոթ պառավ
Նրան իր տուն տարավ...
Ավագ եղբոր նման տան խունացած պատից
Ժպտաց նրան նկար մի առնական:
- «...Որդի՜ս... Չեկած՝ տարան...
Կա՞, թե չկա...»...
...
Պառավը լաց եղավ, ինքն՝ առավել աղի...
Ու սիրեցին իրար այդ օրերում,
Այդ օրերում անսեր ու տրտմագին...
Ինքը հորթի համար խոտ էր բերում բաղից,
Իսկ պառավը ձեռքով իր խնամում
Բացի հորթից, նաև «որբ հորթուկին»...
Սփոփեցին իրար մի որբ ու որբ մի կին...
8
Իսկ մի իրիկնամուտ, իսկ մի իրիկնամուտ,
Երբ պառավը նորից որդուն հիշել
Ու ցամքած աչքերից արտասուք էր քամում,
Երբ հորթը՝ խոտ, ինքը ցամքած հաց էր ծամում,-
Բակում իջավ մի մութ, անկարեկից գիշեր,
Իսկ տան դռան վրա՝ խզակոթի
Բիրտ հարվածներ: Գոռոց: Հայհոյանքներ: Աղմուկ:
Մահիկը թաքնվեց ամպերի տակ մթին...
Դռան բաց անելուն չսպասելով,
Կրնկահան արած ներս խուժեցին ութ-ինն
Հարբած փափախավոր...
Թվաց, թե տեսնում է այն թուրքերին,
Որոնք հորը՝ հանդում, մորը՝ կաթնադույլի
Եվ կովին մոր առաջ քաշեցին սուր-թրի,
Հրդեհելով տունն ու բեղուն այգին աշնան...
Թվաց, թե ուր որ է իր այս բունն էլ կայրեն...
Բայց... խոսում են նրանք...ինչպե՞ս, տեր իմ աստված...
Բայց... խոսում են նրանք... Հենց հայերեն...
-Պարո՛ն խմբապետներ... (ահա թե ինչ՝ դաշնակ...)
Պարոն խմբապետների լախտը օդում շաչեց,
Իջավ դեմքին կնոջ...
Ու նվաղկոտ ճիչը,
Չհասցըրաց ծնվել՝ մեռավ նրա շրթին...
Նոր հարվածներ: Բացի:
-Ուր է, ցո՛ւյց տուր, բիճըդ,
Բանտից փախել է նա, բոլշևիկ շան որդին...
...Ու պահը երկարեց, կարծես թևեց դարեր,
Մինչև որ շնիկը մաուզերի
Խուլ վնգստաց տան մեջ...
Դուրս ծորալով գանգից
Արյունը լիճ կտրեց պառավ կրծքի վրա...
Անգետ կատարվածին, մութ ամպերի տակից
Մահիկը դուրս նայեց և... բութ տառապանքից
Կարծես հենց նոր, հենց նոր դարձավ սապա՛տ, կորվա՛ծ...
Քրքջում էր անվերջ տանիքների վրա,
Քրքջում էր քամին - ահից խելագարված...
...
Եվ առաջին ցավը.-
Հա՞յ անվանել, ինչո՞ւ,
Երբ որ «Խմբապետը» նույնպես հայ է կոչվում...
9
Ինչքան կա՜րճ է կյանքը, փութկոտ ու անցողիկ,
Բայց՝ ծննդից մինչ մահ որքա՜ն, որքա՜ն երկար...
Որքան երկար ձգվեց մանկությունն այն տկար,
Որ գրքերում հաճախ անմիտ ու անտեղի
Սիրում են բաղդատել առավոտյան ցողին...
Դիակը ծեր կնոջ հազիվ հանձնած հողին,
Նա հանդիպեց շեմքին ամայի տան
Նրա միակ որդուն...
Իբրև տենչած հրաշք ու փրկություն
Կարմիր զորքերն այդօր քաղաք մտան...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Other parts of "Քարտաշը"
Yatuk Music
Elen Yolchyan
Lullaby for Mum
St. Hripsime Monastery
Play Online