Paruyr Sevak

Մեղանչել - զղջում եմ

Պատահել է, որ չեմ սիրել,
Բայց, չգիտեմ՝ ինչի՞ համար,
Չեմ զլացել անսեր տիրել.
Գրկել եմ կամ համբուրել եմ:
Չեմ ընդունել սրտիս խորքում,
Սակայն լռել-համբերել եմ:
Ես շատ հաճախ ա՛յն չեմ տվել,-
Մեղանչել եմ,- կարո՜ղ էի.
Ու շատ հաճախ ցած եմ թևել,
Իսկ վեր թևել կարո՜ղ էի:
Եվ փախուստ եմ ինձնից տվել՝
Ուրիշ տեղ եմ իզուր չվել -
Օտա՜ր ոլորտ՝ օտա՜ր թևով,
Մինչդեռ մնալ կարո՜ղ էի,
Կարո՜ղ էի և - պարտավո՛ր:
Մեղավոր եմ հույսի համար,-
Չարդարացա՜վ՝
Ո՛չ իմ մեղքով.
Եվ կենդանի ա՛յն հավատի,
Որ քարացա՜վ՝
Ո՛չ իմ մեղքով.
Եվ ա՜յն բարի սրտի համար,
Որ չարացա՜վ՝
Ո՛չ իմ մեղքով:
Մեղանչել եմ
Եվ ա՛յն ըմբոստ երգի առաջ,
Որ խոհեմըս պատառեցի.
Ա՛յն խոհերի մահվան համար,
Որոնց ծինը խաթարեցի.
Մեղավոր եմ և քո՛ առաջ,
Որ... սիրելուց դադարեցի,
Եվ ա՛յն ներման, որ բռնությամբ
Իմ լայն սրտից վտարեցի...
Իսկ ճիշտն ասած՝
Ընդհանրապես մեղա գալու քի՛չ բան ունեմ...

04.V.1957թ. 27.XI.1957թ.
Մոսկվա
Be the first who will comment on this
Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli