Paruyr Sevak

Գարնանային ուվանկար

Գարո՜ւն է գալիս,
Գարո՜ւն է գալիս...
Ուզո՞ւմ եք՝
հանեմ
Մայթերի վրա
Թանկ գին պահանջող
Մի փունջ մանուշակ:
Ուզո՞ւմ եք՝
հիշեմ
Ծիծեռնակներին
Ու կոչեմ նրանց
Գարնան հին գուշակ:
Ուզո՞ւմ եք՝
բերեմ
Մի տաքուկ քամի,
Որ վերջին պաղ ձյան
Հոգին էլ հանի,
Ու հետն էլ փռեմ
Մայթերի վրա
Գարուն ավետող
Առաջին փոշին:
Իսկ ես տեսնում եմ,
Որ աղբամանից
Քիթն է դուրս հանել
Մի կրկնակոշիկ -
Կողքերին՝ չոր ցեխ,
Իսկ քիթը՝ դեռ թաց,
Ասես արցունքոտ,
Ցաված ու տրտում,
Որ երախտամոռ
Մի մարդ արարած
Չի՜ էլ սպասել
Գեթ հասնի իր տուն.
Նրան լքելու
Նոր տեղ է գտել՝
Հանել փողոցում,
Այստեղ է նետել:
Եվ աղբամանից
Քիթը դուրս հանած՝
Նա միտք է անում
Եվ անձայն լալիս...
Ասֆալտով պատված
Հսկա քաղաքով -
Արդ հավատացի՞ք -
Գարունն է գալիս:
Գարունն է քայլում՝
Հանելով փոշի,
Գարունն է քայլում՝
Անկրկնակոշիկ...

02.III.1959թ.
Մոսկվա
Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne