Paruyr Sevak

Աշխարհի գարունը

Մայիս է: Գարնան պես բացվել են սրտերը:
Թվում է՝ ամեն տեղ գարուն է:
Թվում է՝ ամեն տեղ անցել են ցրտերը,
Չի թափվում աշխարհում արյուն էլ:
Բայց ահա թերթերը,
Բայց ահա եթերը...
Ինչ-որ տեղ նորից սառնամանիք է,
Ինչ-որ տեղ նորից մոլեգին հրդեհը
Լիզում է բամբուկե տների տանիքը:
Ինչ-որ տեղ՝ արկերի շառաչից թնդում է,
Ծվատվում հողի փառահեղ հանգիստը:
Ինչ-որ տեղ՝ պոետը մթամած բանտում է,
Լրտեսը արքա է,
Խելառը՝ մինի՛ստր:
Գալարվում է ցավից Ատլանտյան օվկիանը,
Խաղաղից՝
մնացել է անունը...
Եթերից,
թերթերից
ցուրտ փչի որքան էլ՝
Բացվել է աշխարհի գարունը:
Բացվել է գարունը և մարդկանց սրտերը.
Իրենն է անում բնությունը:
Եվ եթե ինչ-որ տեղ մնում են ցրտերը,
Այդ ոչ թե հերքում է, այլ հաստատում է
Գարնան
վերջնական
հաղթությունը:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable