Paruyr Sevak

Այսպես չեն սիրում

Պարտականության ու սիրո միջև
Այդ ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման...
Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
Այսինքըն՝
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
Կասեմ.
-Վերցրո՛ւ ինձ,
Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրո՛ւ ինձ, կասեմ:
Դարձրո՛ւ ինձ, կասեմ, այն «Չի կարելի՛»-ին,
Այն «Ո՛չ»-ը,
Այն «Չէ՛»-ն,
Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման...
Ու եթե հարցնես կատակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես... (ի՜նչ կատակ)... տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
-Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք,
Որովհետև ես, ահա՛, տնկված եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜քը չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա՛ չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպե՛ս,
Որ բուդդայաբար պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց կրակված այդ բառը («ի՜մըս»)...
Հիմա դու իմն ես, որքան որ իմն է... Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է... Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետև ե՛ս,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման...
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես... մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում...

14.XI.1963թ.
Երևան
Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

A woman with a mirror
A woman with a mirror
Play Online