Nar-Dos

Հերոսի մահը

Նա ընկավ...

Եվ անթիվ սրտամաշ հառաչանքներին
Հուսաբեկ, բայց ահեղ մի հառաչ կրկին

Ավելցավ...


Եվ զինաց ահաբեկ խիստ շառաչյունը,
Եվ պատերազմողաց գոռ ու գոչյունը
Արձագանք են գտնում նրա ականջներում
Եվ արյունը եռում նրա երակներում...
Իսկապե՞ս նա ընկավ... մո՞տ է նա մահվան...
Բայց դեռ թշնամու նա ծարավ է արյան...
Ո՜հ, մի՞թե այդպես շուտ Հայրենյաց Ոգին
Ավելորդ համարեց կյանքը հերոսին։
Ո՜հ, n՛չ, այդ երազ է, երազ խաբուսիկ.

Դեռ յուր Հայրենիքը կանչում է մարդիկ,
Մարդիկ քաջ, անվեհեր, հերոս, եռանդուն,
«Տվե'ք, նա գոռում է, ինձ ազատություն...»։
Միթե այդ ձայնին դեռ չըպատասխանած՝
Պիտի ընկնել գետին մահամերձ խոցված։
Ո՛չ, երբեք հավատալ նա չի կամենում,
Որ այդ ինքն է այդպես գետնին թավալվում
Հավասար վեհերոտ մի զինվորի հետ,
Որի շունչը արդեն եղել է անհետ,
Որի անունը հեք, անպիտան, թշվառ,
Ամոթ, նախատինք է Հայրենյաց համար...
Ո՜հ, ամոթ... Բորբոքվեց ներսը հերոսի,
Մահամերձ վիրավոր, խոցված հերոսի...
Նա ցատկեց... Ուզում է պինդ ոտի կանգնել,
Տակավին նա զենքը ձեռքից չի թողել...
Եվ հազիվ շնչելով նա հուշ է ածում
Դեպ՝ պատերազմական գոռը անպատում,
Եվ մերթ շշնջում է, մերթ գոռում սաստիկ՝
«Ազատությո՜ւն քեզ, ի՛մ սիրուն Հայրենիք...»։
Սակայն... այդ երազ չէ, նա խոցված է խոր.
Ո՜հ, խորտակվեցան նրա հույսերը բոլոր...
Եվ ուժասպառ ընկավ հերոսը նորից,
Եվ վերջին հառաչը դուրս թռավ կրծքից՝
«Ո՜հ, որքան դժվար է մեռնել այսպես վաղ,
Երբ դեռ Հայրենիքս չեմ տեսել անկախ...»։

14 հունվ. 1886.

Be the first who will comment on this
Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

Before the sunrise
Before the sunrise
Play Online