Muratsan

Անպատճառ իշխանուհի

Ա


Օրիորդը Աննա Լազարյան. Հարուստ ծնողաց տեր, մեծ օժիտով տասնևութ տարեկան, ուսումնավարտ, հասակը գեղեցիկ, դեմքը գրավիչ աչքերը կրակոտ, պչրող նորասեր և երբեմն փիլիսոփա:

Օրիորդ Վարդուհի Սամվելյան. Աննայի մի հեռավոր ազգականը, բայց մոտիկ բարեկամուհին, նրան հասակակից որբ հոր կողմից. միջակ կարողության տեր, նրբակազմ գեղադեմ խելոք հայացքով հրապուրիչ ձայնով, համեստ և ավելի քան բարեսիրտ:

Տիրան Մարության. Նորեկ Պետերբուրգից կանդիդատ լեզվագիտության, երկու հազարանոց պաշտոնում, վայելչակազմ, գեղեցկադեմ ճարտարախոս և այս բոլորից հետո հայագետ:


Ի՞նչ ես կարծում, Վարդո չէ՞ որ մեր դրությունը ծիծաղելի է և պետք է մի օր բարեփոխել նրան, հարուստ բազկաթոռի վերա ընկած խոսում էր օրիորդ Լազարյանը յուր ընկերուհու հետ, որը հենց նոր էր այցելել նրան:

Ինչո՞ւ համար է ծիծաղելի, ես այդ չգիտեմ, հարցրեց Վարդուհին հետաքրքրությամբ:

- Մի՞թե ես այդ պետք է դեռ բացատրեմ քեզ: Ծիծաղելի է ասում եմ, և դու համոզվիր, որ այդպես է: Ինչ արարածներ ենք նույնիսկ մենք, արիստոկրատ ընտանիքի աղջիկներս: Ամեն օր անհոգությամբ ուտում ենք, խմում ենք, կամ զուգվում, փողոցներն ենք չափում: Ով է մեզանից մտածում, թե ո՞րտեղ է տանում մեզ այս ճանապարհը և կամ ո՞ւր պիտի հանգի նա:

Ես էլի քեզ չեմ հասկանում, Անիչկա, ընդհատեց նրան Վարդուհին, խոսի՛ր ավելի պարզ:

Ավելի պարզ, շատ լավ: Դու հո գիտե՞ս, Վարդո, որ մեր ապագա բախտավորությունն ամուսնության մեջ է, այդպես չէ՞:

Իհարկե:

Շատ լավ. այժմ ասա, հոգիս, ո՞րքան ենք մենք մտածում մեր այդ ապագա բախտավորության համար: Ո՞վ է մեզանից հոգում, ի՞նչ ամուսին պետք է ընտրե յուր համար, կամ ո՞վ է հետամուտ լինում յուր սրտի ցանկացածը գտնելու: Ամեն հոգս ու դարդ մենք թողել ենք թողել ենք մեր ծնողների վերա, և մեր մահու ու կյանքի խնդրի լուծումը միայն նրանցից ենք սպասում: Այժմ ասա՛, իրավունք ունի՞նք միթե գանգատվել ապագայում, թե նրանց ընտրությունը մի որևէ դժբախտություն բերե մեր գլխին:

Ուրեմն, ի՞չպես պետք է վարվել այդ դեպքում:

Շատ հասկանալի եղանակով: Երիտասարդներն ուղղակի իրենք են ընտրում իրենց հարսնացուներին և ծնողները խոնարհվում են նրանց ընտրության առաջ. միևնույնն էլ պետք է անենք մենք աղջիկներս և սովորեցնենք մեր ծնողներին մեր ընտրությունը հարգելու, որովհետև ամուսնությունից առաջացած չարն ու բարին միայն մեր բաժինն է լինում:

Եվ դու կարծում ես թե մեր սահմանափակ և անփորձ կյանքում մենք էլ նույնքան ճանաչողականություն կունենանք, որքան երիտասարդները:

Իհարկե, եթե մեր ամուսնության գործն ուղղակի մեր հոգածության առարկան կդառնա, մենք էլ նրանց պես ճանաչելու մեջ կվարժվենք:

Քո հայտնած մտքերդ, Անիչկա, նոր վարդապետություններ են, հապա քաջ եղի՛ր, առաջին օրինակը, եթե կարող ես, ինքդ մեզ տուր, և այնուհետև մենք կհետևենք քեզ, ասաց Վարդուհին և անհոգությամբ ծիծաղեց:

Իզուր ես ծիծաղում, սիրելիս, այս հարցի մասին ես շատ լրջությամբ եմ խոսում, նկատեց օրիորդ Աննան, իմ հայտնած մտքերը վաղուց է, որ զբաղեցնում են ինձ, և առանց քո ասելուն էլ ես հաստատապես վճռել եմ իմ մեջ այսպիսի մի օրինակ տալ ձեզ:

ԵՎ դու այդքան հաստատակամություն կունենա՞ս:

Դու այդ կտեսնես…

Դեռ երկու օրիորդները իրենց խոսակցությունը չէին վերջացել, երբ տան ծառան ներս մտավ և հայտնեց յուր տիրուհուն մի անծանոթ պարոնի գալուստը:

Հրավիրեցեք, հրամայեց օրիորդը և ուղղվեցավ յուր բազկաթոռի մեջ:

Երկու րոպեից ետ ներս մտավ Տիրան Մարությանը և մայրաքաղաքում ընդունված քաղաքավար ձևերով ծանոթացավ տիրուհի օրիորդի և նրա ընկերուհու հետ:

Գուցե դուք ինձ չէիք սպասում, օրիորդ, սկսավ խոսել պարոն Մարությանը, բայց ես ա՛յնքան սիրեցի ձեր ծնողաց առաջարկությունը, որ մի ժամ առաջ ձեր տան հետ ծանոթանալս ինձ համար մեծ բախտ եմ համարում:

Ընդհակառակը, իմ հորեղբայրն այնքան գովությամբ էր խոսում ձեր հայագիտության մասին, որ ես մի օր առաջ էի ցանկանում ձեզ աշակերտել: Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք այդպես շուտ մեզ այցելելու:

Այցելող երիտասարդը հայերենի ուսուցիչ էր հրավիրված օրիորդ Աննայի համար: Այո՛, բանն, իհարկե, շատ օտարոտի չպետք է երևա ձեզ, որովհետև այդ ժամանակները հայոց թատրոնի շնորհիվ հայերեն սովորելը haute nouveaute էր համարվում մեր արիստոկրատ ընտանիքների մեջ: Հայ աղջիկները բարեհաճում էին հայերեն սովորել…

Տասը տարի առաջ, երբ ես իմ հայրենիքից եկա այստեղ, շարունակեց պարոն Մարությանը, Թիֆլիսը շատ վատ ազդեցություն արավ ինձ վերա: Ուր որ գնում, ուր որ հանդիպում էի, ամեն տեղ հայերը օտար լեզվով էին խոսում. մի մի հայերեն խոսք միայն կինոտոներից կամ բախալներից

25 Մուրացան, հատոր I էի լսում. բարձր ընտանիքների մեջ հո հայերեն լեզուն չինականի նման անծանոթ էր: Իմ հայերենի քաղաքում այդպիսի բան ես տեսած չէի. այնտեղ արկարելի էր գտնել մի հայ անձն, որ հայերեն խոսել չգիտենար. եթե մինչև անգամ պատահեր, որ հարուստ ընտանիքներից մինուն հայ կինը կամ աղջիկն օտար լեզվով խոսելու փորձ աներ, իսկույն յուր շրջապատողների ծաղրածության առարկա կդառնար: Ես, որ այստեղ եկած ժամանակ դեռ տասնևութ էի, իմ հասակակից ընկերների հետ միասին հայերեն լեզուն և նրա գրականությունն արդեն մեր քաղաքում ուսած ավարտած էի։ Պարզ է ուրեմն, որ այդ ժամանակվա Թիֆլիսը իմ աչքում շատ հրեշավոր կերևար։ Բայց տասը տարուց ետ կրկին այստեղ վերադառնալաով, ես մեծ փոփոխություն եմ նկատում։ Այժմ գրեթե ամեն շրջաներում էլ հայերեն խոսում ու կարդում են։ Պակասը մեր արիստոկրատ ընտանիքները էին, և ահա՛ դեռ իմ գալստյան հինգերրորդ օրը ես դրանցից մեկի հրավերն եմ ստանում, իրենց ազնվաշուք օրիորդին դասախոսելու։ Այս բոլորը, իհարկե մխիթարական երևույթներ են։ Եվ ահա, այս էր պատճառը, օրիորդ, որ ես ասացի ձեզ, թե մի ժամ առաջ ձեզ հետ ծանոթանալս ես ինձ համար մեծ բախտ եմ համարում։

Երիտասարդի վերջին հաճոյախոսությունները բոլորովին գրավեցին օրիորդ Աննային։ Նա ոչ միայն մոռացավ ամուսնական խնդրի մասին ունեցած յուր նոր վարդապետությունը, այլ մինչև անգամ պատրաստ է այդ րոպեին մոռանալ նույնիսկ ամուսնությունը, միայն թե հայերեն լեզուն ուսումնասիրելու համար բավական ժամանակ ունենար։

Մի քանի փոխադարձ հարց ու պատասխաններից հետո, արդեն սկսվում էին դասախոսության վերաբերյալ հարցերը։ Օրիորդ Վարդուհին յուր բացակայությունը կարևոր համարելով, ողջունեց յուր խոսակիցներին և հեռացավ։ Օրիորդ Աննան կամեցավ ճանապարհ դնել նրան մինչև սանդուղքի դուռը։ Երբ նրանք հասան այնտեղ Վարդուհին կամացուկ շշնջաց ընկերուհու ականջին․

Եթե դու հաստատապես վճռել ես քո նոր վարդապետությանը աշակերտել, համար առիթը պատրաստ է.

պարոն Մարությանն ամենալավ ամուսինը կարող է լինել քեզ համար, աչքի առաջ ունեցիր նրա. նրա վերա մինչև անգամ կարելի է սիրահարվել…

Է՜հ, կատակներդ թո՛ղ, Վա՛րդո, ինձ այժմ դեռ մի բան է զբաղեցնում սովորել իմ մայրենի լեզուն և սովորել որքան կարելի է լավ, ուրիշ էլ ոչ մի բանի վերա չեմ ուզում մտաժել:

Հավատում եմ. բայց դու իմ քեզ տված խորհուրդը չմոռանաս… ժպտալով ասաց Վարդուհին և դուրս գնաց:

Շատ անգամ մի դատարկ խոսքը կամ մի անմեղ հայացքը մի ամբողջ ապագայի բախտն է վճռում:

Աննայի վերա յուր ընկերուհու խոսքը յուր չափով ազդեց: Վարժապետի մոտ վերադառնալիս, նա ծանրացրեց յուր քայլերը. ըստ երևույթին Վարդուհու տված խորհուրդը սկսել էր զբաղեցնել նրան. իսկ երբ ընդունարանը մտավ, նա մի ընդհանուր ակնարկ ձգեց վարժապետի վերա և ժպտաց:

Պարոն Մարությանն, իհարկե, այդ չնկատեց և սկսավ զբաղվել յուր դասատվության վերաբերյալ հարցերով:

Բ

Անցավ երկու ամիս: Այդ բոլոր ժամանակ պարոն Մարությանը կանոնավորապես այցելում էր Լազարյանների տունը և դասախոսում էր Աննային: Վերջինս յուր կողմից ոչ մի աշխատանք չէր խնայում յուր վարժապետի ասած դասերը յուրացնելու համար: Թատրոնի մեջ արդեն խոսում էին, որ օրիորդ Լազարյանը Թիֆիսի բոլոր հայուհիների մեջ ամենալավ հայագետը և հայախոսն է:

Այդ շատ բնաական է, նկատում էր նախանձոտ աղջիկներից մինը հեգնությամբ, քանի որ վարժապետը միևնույն ժամանակ և օրիորդի սիրահարն է, ի՞նչպես կարելի է որ ուրիշ լինի: Մինը եռանդով կդասախոսե, մյուսն էլ եռանդով կսովորե:

Սխալվում եք. պարոմ Մարությանը Անիչկի սիրահարը չէ. այլ Վարդուհի Սամվելյանի, նրա ընկերուհու, պատասխանում էր Լազարյանների մի բամբասասեր դրացուհին, ես ամեն օր մեր պատուհանից դիտում եմ։ Հենց որ Մարությանը գալիս է Անիչկին դասախոսելու․ նրա ետևից մտնում է Վարդուհին իբրև թե յուր ընկերուհուն այցելելու համար․ բայց իսկապես Լազարյանների տունը նրա և Մարությանի ժամադրության տեղն է։

Այս և սրա նման շատ բաներ խոսվում ու լսվում էին բամբասասեր կանանց հասարակության մեջ, բայց թե ո՞րքան ճշմարտություն կար այս բոլորի մեջ, դեռ ոչ ոք հաստատապես չգիտեր։

Մի կյուրակե առավոտ, երբ խայտաճամուկ հասարակությունը խռնված էր քաղաքային այգու ճեմելիքների մեջ․ երկու բարեկամուհի օրիորդները՝ Վարդուհին և Աննան հանդիպեցան միմյանց, յուրաքանչյուրը յուր մոր հետ։ Վերջիններս ուրախությամբ իրար մոտեցան, ողջունեցին և խիստ բարեկամաբար միմյանց ձեռքն էին սեղմում, երկու օրիորդների մեջ, ընդհակառակը, մի ինչ-որ անսովոր փոփոխություն էր նկատվում։ Օրիորդ Լազարյանը շատ սառնությամբ ընդունեց ընկերուհու ողջույնը և բոլոր զբոսանքի ժամանակ լուռ մնաց։ Այս հանգամանքը միայն Վարդուհին էր նկատում և խիստ զարմանում։ Ինքը՝ օրիորդը, որքան մտածում էր, նրան անհաճո մի բան արած չուներ, կամ որևէ մի վարմունքով վիրավորած չէր։ Ինչո՞ւ պետք է յուր ընկերուհին այդքան սառը լիներ դեպի ինքը, այս միտքը նրան անհանգստացնում էր։

Զբոսանքից վերադառնալուց ետ, նույն օրը ետ Վարդուհին շտապեց ընկերուհու մոտ նրանից բացատրություն պահանջելու յուր օտարոտի վարմունքի համար, որովհետև նա Աննային շատ էր սիրում և չէր կամենում, որ իրենց բարեկամությունը մի որևէ իրեն անծանոթ գժտությամբ խախտվի։

Դու քո վարմունքով խոսացնել ես տալիս մարդկանց թե՛ իմ և թե՛ քո վերա, պատասխանեց Աննան ընկերուհուն։ Մենք բարեկամներ էինք, ճշմարիտ է, նույնիսկ պարոն Մարությանին ճանաչելուց առաջ, և այդ ժամանակները դու ինձ այցելում էիր հազիվ շաբաթը մի անգամ։ Իսկ այն օրից սկսած, երբ Մարությանը հաճախում է մեզ մոտ, դու գրեթե չորս օրը նրա հետ մեր տանն ես լինում: Դրանով դու առիթ ես տալիս, որ ուրիշները բամբասեն մեզ հազար ու մի տգեղ պատմություններ հյուսեն մեզ համար…

Ի՞նչ պատմություններ են հյուսում, օրինակ հարցրեց Վարդուհին, պատմի՛ր ինձ գոնե մեկը:

Ա՛յ, օրինակ, ասում են, որ դու սիրում ես նրան, որ մեր տունը ձեր սիրակցությունների ժամադրության տեղն է. որ ես ձեր սիրակցական հարաբերությունների միջնորդն եմ և այլն, և այլն: Այս բոլորը թե՛ մեր տան և թե՛ մասնավորապես ինձ համար անպատվաբեր լուրեր են. ես սաստիկ վիրավորված եմ. պետք է անպատճառ վերացնել մեջտեղի այդ խոսքը ու զրույցների շարժառիթը:

Ուրեմն ե՞ս եմ քո կարծիքով այդ բոլորի մեջ հանցավոր, հարցրեց Վարդուհին:

Անկասկած:

Ի՞նչ կկամենայիր, որ ես անեի քեզ գոհացնելու համար:

Ինձ հարկավոր չէ, պետք է խոսող բերանները լռեցնել:

Իսկ դրանց լռեցնելո՞ւ համար…

Պետք է դադարես միառժամանակ մեզ մոտ հաճախելու:

Վարդուհին լռեեց և մի քանի րոպե ընկավ մտածության մեջ: Հետո աչքերը բարձրացնելով ուղղեց յուր հայացքը ընկերուհու անհանգիստ դեմքին և հարցրեց.

Անկեղծ եղի՛ր ինձ հետ: Անիչկա՛, ինչպես անկեղծ էիր մինչև այսօր, խոսողները լռեցնելու համա՞ր ես կամենում, որ ես չհաճախեմ քեզ մոտ, թե քո սրտի իսկական ցանկությունն է այդ:

Խոսողները լռեցնելու համար միայն:

Անկեղծ սրտո՞վ ես խոսում:

Բոլորովին անկեղծ:

Շատ լավ, ուրեմն ես դեռ կարող եմ խոստովանել քեզ իմ սրտի գաղտնիքը:

Գաղտնի՞քը, մի՞թե դու գաղտնիք ունիս և մինչև այժմ ծածկել ես քո ընկերուհուց, խորամանկությամբ հարցրեց Աննան:

Այո՛, Անիչկա, հոգյակս, հասարակությունը չի խաբվում, խոսողները չեն ստում, ես սիրում եմ Տիրանին…

Աննայի դեմքը մռայլվեցավ. Վարդուհու խոստովանությունը կայծակի մի հատված էր նրա համար:

Վերջապես դու այդ խոստովանեցիր, Վարդո՛, բայց ես վաղուց էի գուշակում քո հանցավոր դիտավորությունը,- դառնությամբ նկատեց նա ընկերուհուն, դու ի չարն ես գործ դրել իմ տան բարեկամությունը և այդ պատիվ չէ բերում քեզ:

Ինչո՞վ եմ ես հանցանք գործել կամ դավաճանել ձեր տան բարեկամությունը- վրդովված հարցրեց Վարդուհին:

Նրանով, որ դու հափշտակում ես ինձանից իմ սիրած անձը, և այն էլ իմ մտան մեջ, գաղտնի, գողունի..

Վարդուհին հասկացավ, որ յուր ընկերուհին յուր հակառակորդն էր, բայց սխալն ուղղելու էլ ճանապարհ չկար:

Տիրանի մասի՞ն է քո խոսքը, - մեմղությամբ հարցրեց նա:

Այո, նրան ես եմ սիրում և ես պիտի սիրեմ, իսկ դու նրան պիտի մոռանաս:

Վարդուհին ժպտաց յուր ընկերուհու պարզության վերա:

Նրան մոռանա՞լ, և դու կարծում ես, թե կարելի է այդպես հեշտությամբ սրտի զգացմունքներին հրամայել:

Կարելի է, թե ոչ, այդ ես չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ դու պիտի մոռանաս նրան, որովհետև նա իմ ընտրած փեսացուն, իմ ապագա ամուսինն է։

Քո փեսացո՞ւն, քո ամուսի՞նը և դու կատակ չե՞ս անում։

Բնավ։

Իսկ քո ծնողները, իսկ Մարությանը, մի՞թե նրանք արդեն տվին իրենց համաձայնությունը, անհանգստությամբ հարցրեց Վարդուհին, կարծելով թե սա արդեն վերջացած գործ է։ Ես նրան համաձայնության պետք չունիմ, վճռաբար պատասխանեց Աննան:

Վարդուհին հանգստությամբ շունչ քաշեց և ապա հեգնությամբ նկատեց:

Այո, ես մոռացել էի. չէ՞ որ դու նոր վարդապետություն էիր քարոզում. երևի իմ խորհուրդը չես մոռացել և առաջին օրինակը, ինչպես խոստացար, քեզանից ես տալիս: Ուրեմն շնորհավորում եմ: Այս ասելով նա բարձրացավ տեղից և մի նետող հայացք ձգելով յուր պարզամիտ ընկերուհու վերա, ասաց. «Ես կատարում եմ քո ցանկությունը, Անիչկա, և հեռանում եմ քեզանից, բարեմաղթելով քեզ հաստատակամություն քո ընտրության մեջ. իսկ ես կաշխատեմ մոռանալ Մարությանին, քանի որ նա քո ընտրած փեսացուն է: Ինչ վերաբերում է մեր բարեկամությանը, մենք նրան կշարունակենք, երբ դու արդեն ամուսնացած կլինես, իսկ մինչև այն ես չեմ խանգարիլ ձեր տեսակցությունները…»: Այս ասելով նա դուրս գնաց:

Վարդուհու որոշումը մի ներքին ուրախություն պատճառեց Աննային, որովհետև նրանով նա ազատվում էր յուր վտանգավոր հակառակորդից, մանավանդ որ ճանաչում էր Վարդուհու ինքնասիրության չափը և գիտեր, որ նա այլևս հետամուտ չէր լինիլ Մարությանին:

Թեպետ Աննայի ծնողները մեծ հարստության և հայտնի անվան տեր էին քաղաքում, իսկ ինքը՝ օրիորդը շատ հարուստ օժիտ ուներ և այս բավական էր մի աղջկան՝ մեր ժամանակի ամենալավ փեսաներին յուր ետևից քարշ տալու համար, այսուամենայնիվ օրիորդ Աննան վախենում էր կարողությամբ և անունով իրենից ստոր Վարդուհուց, որովհետև վերջինս գերազանցում էր նրան յուր գեղեցկությամբ: Օրիորդ Լազարյանն այնքան միամիտ չէր, որ չգիտենար, թե դեռ գտնվում են աշխարհում հիմարներ, որոնք գնահատում են գեղեցկությունը և գերադասում են նրան հարստությունից, և որ Մարությանը կարող է այդ հիմարներից մինը լինել: Եվ ահա՛ հենց այս տեսակետից կարևոր էր, որ Մարությանը այլևս չտեսներ Վարդուհուն: Աննայի այդ ցանկությունը կատարված էր:

Գ

Այս անցքից հետո Վարդուհին այլևս չայցելեց յուր ընկերուհուն և աշխատում էր մոռանալ Մարությանին: Թեպետ նա բոլորովին հակառակ համոզմունք ուներ այդ երիտասարդի վերաբերությամբ և հավատում էր, որ նա ոչինչով չի զանազանվիլ արդի նյութապաշտ երիտասարդներից, մանավանդ երբ գործը ամուսնության վերաբերեր և հատկապես Լազարյանների հարուստ աղջկան, նա ավելի կգնահատեր, քան իրեն, այսուամենայնիվ փափագում էր իմանալ, թե արդյոք նա յուր մասին տածե՞լ էր երբևիցե մի քնքուշ զգացմունք, կամ գուշակե՞լ էր, որ ինքը սիրում է նրան:

«Ո՞վ գիտե. գուցե հենց նա ինքն էլ սիրում էր ինձ, բայց հարմարություն չունեցավ ինձ յուր սիրտը բանալու, երազում էր երբեմն ինքն իրեն Վարդուհին, և եթե արդարև նա սիրում լիներ ինձ, և եթե այս բանը ես մի կերպ կարողանայի իմանալ օ՜, ես ուշադրություն չէի ո՛չ օտարների բամբասանքին, և ո՛չ իմ ընկերուհու սպառնալիքներին, ես ինքս կերթայի պտրտելու նրան հենց յուր տան կասեի նրան՛ Տիրա՛ն, սիրում եմ քեզ, Տիրան, ես խելագարված եմ քեզմով... Եվ նա, օ՜հ, եթե մի անգամ լսեի նրա բերանից... հենց մի խոսք, հենց մի բառ, որ նա սիրում է ինձ, ես իսկույն կփարվեի նրա վզով. կսեխմեի նրան իմ կուրծքի վերա, և այսպես կպահեի իմ գրկում երկա՜ր շա՜տ երկար... և այնուհետև, օ՜հ, ինչպե՜ս մենք երջանիկ կլինեիք, ինչպե՜ս կփափագեի, որ բոլոր աշխարհն իմանար, որ մենք երջանիկ ենք...»: Այս և սրա նման գողտր երազներով շատ անգամ Վարդուհին փայփայում էր իրեն, բայց և հակառակ տխուր գուշակություները անպակաս էին նրա գլխում:

Մի օր, երբ նա ըստ սովորականին, նստած յուր սիրելի պատուհանում, զբաղված էր նմանօրինակ մտածմունքներով, հանկարծ հայտնեցի նրան, որ պարոն Մարությանը ցանկանում է յուր հետ տեսնվիլ: Խեղճ օրիորդ քիչ մնաց, որ պատուհանից գետին չգլորվեր, նա շտապեց ընդունարանը ու հրամայեց աղախնին ներս հրավիրելու: Բայց մինչև երիտասարդի գալը ինչե՜ր չանցան նրա գլխից։ Նա հավատաց իսկույն յուր երազներին և կարծում էր, որ Մարությանը երկար ժամանակ յուր տեսությունից զրկված լինելով, վերջապես վճռել էր իրենց տունը գալու։ Եվ հենց որ դահլիճի մեջ նրա ոտնաձայնը լսվեցավ, խեղճ աղջկա սիրտը սկսեց անհանգստությամբ բաբախել։ Վերջապես սիրելի երիտասարդը ներս մտավ։ Վարդուհին կորցրեց յուր քաջությունը, շփոթվեցավ և քիչ էր մնում, որ մի հիմար շարժմունքով չմատներր յուր սրտի բոլոր հուզմունքը։

Բայց շուտով գիտակցության գալով նա կարողացավ զսպել իրեն և միայն երիտասարդի հետ ձեռք սեղմելու ժամանակ զգաց, որ յուր ձեռքը դողաց․․․

Ձեր երկար բացակայությամբ դուք պատժեցիք ինձ, օրիորդ, սկսավ խոսել Մարությանը, Վերջին օրերս ես մտադիր էի մի խոստովանություն անել ձեզ, հուսալով, որ դրանով կօգնեի իմ սրտի անդորրությանը, դժբախտաբար դուք հենց այդ օրերում զրկեցիք ինձ ձեր տեսակցություններրից։ Ավելի տանել չկարողանալով ձեր բացակայությունը, ես վճռեցի ուղղակի գալ այստեղ, և ձեր առաջ բանալ իմ սիրտը։ Միայն չգիտեմ, դուք իրավունք կտաք ինձ վստահանալ ձեր բարեսրտության վերա։

Վարդուհին յուր ականջներին չէր հավատում. նա քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեր։ Եվ իրավ, էլ ուրիշ ի՞նչ էր մնում նրան, եթե ոչ հաստատապես կարծել, որ Մամրությանը սիրում է իրեն և որ նրա բոլոր խոսքերը մի նախերգանք էին այդ սիրո խոստովանության համար։

Եթե մի խոստովանանք ունիք, կարող եք վստահանալ ինձ վերա, պատասխանեց Վարդուհին ժպտալով և շառագունելով։

Այո՛, և՛ խոստովանանք, և՛ խնդիր, բայց առաջ խոստացեք, օրիորդ, որ դուք կկարեկցեք ինձ և կկատարեք իմ խնդիրը։

Հավատացեք, որ ես նույնպես զգայուն եմ, որքան և դուք, իսկ ձեր խնդիրը կատարել կարողանալու համար, ես գործ կդնեմ իմ բոլոր ուժը։

Այժմ ես ձեզ կբանամ իմ սիրտը: Գիտե՞ք, օրիորդ. ա՛յն օրից ի վեր, երբ ես առաջին անգամ ոտք դրի Լազարյանների տունը և ծանոթացա ձեզ և ձեր ընկերուհու հետ, օրիորդ Աննան ինձ գրեթե դյութել էր: Այն օրիրց սկսած ես մի րոպե անգամ նրան չեմ մոռանում…

Վարդուհին իսկույն հիասթափվեցավ և նրա երեսի շառագույնը փոխվեց դալկության: Նա տեսավ, որ Մարությանի սիրո խոստովանությունն ուրիշին էր վերաբերվում իսկ իրեն միայն մնում էր հուսախաբությունը... Այսուսամենայիվ նա աշխատեց ծածկել յուր ներքին ալեկոծությունը և կեղծում էր, իբր թե շատ հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակցին:

Երիտասարդը երևի ոչինչ փոփոխություն չնկատեց նրա վերա և շարունակում էր.

Առաջին անգամները ես աշխատում էի զգույշ լինել և չգրավվիլ նրանով, որովհետև ճանաչում էի իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, բայց իմ աշակերտուհու հայացքներն ավելի զորեղ էին, նրա կրակոտ աչքերը հաղթեցին իմ հաստակամությանը և ես իմ բուռն զգացմունքներին դիմադրել չկարողանալով՝ թույլ տվի, որ նրանք իմ անզոր իմացությունը կառավարեն…

Եվ այսպես, ես սկսա սիրել նրան և իմ սերը աճում էր վայրկյաններով: Քանի-քանի անգամ ես որոշեցի իմ մեջ հայտնել նրան իմ զգացմունքը, բանալ նրան այս դժբախտ սիրտը խոստովանել, որ ես սիրում և պաշտում եմ նրան, բայց յուրաքանչյուր անգամին ես կորցնում էի իմ քաջությունը: Վերջապես ես որոշեցի գոնե ձեզ, ինչպես իմ հարազատ քրոջս, բանալ իմ սիրտը և խնդրել ձեր աջակցթյունը այս գուրծում: Եվ երբ հակառակ սովորականին այսքան օր շարունակ ձեզ տեսնել չկարողացա, այնտեղ, ինքս ահա՛ եկա այստեղ աղաչելու ձեզ օրիորդ, որ խղճաք ինձ վերա, հայտնեք ձեր ընկերուհուն իմ խոստովանությունը և ազատեք ինձ տարտամ դրությունից: Եթե նա ինձ չի արհամարհում, եթե նա կարող է բաժանել իմ զգացմունքները, թող ձեր միջոցով հայտնել ինձ յուր կյամքը, ես պատրաստ եմ ամեն ինչ զոհելու, միայն թե ազատորեն նրան սիրել և նրանից սիրվել կարողանամ: Իսկ եթե իմ առաջարկությունը նա հանդգնություն է համարում, խնդրում եմ ձեզ, օրիորդ, որ դուք ինքներդ անկեղծաբար հայտնեք ինձ այդ և հավատացեք, որ ես այնուհետև բավական ուժ կունենեմ իմ զգացմունքները հաղթահարելու: Ու որ վիճակված է դժբախտ լինել, նա պիտի հնազանդվի յուր ճակատագրին:

Ինչ դժոխային տանջարան ավելի անողոք կերպով կարող էր կեղեքել մի մարդու հոգին, քան այս խոստովանությունը թշվառ Վարդուհու սիրտը: Այդ երիտասարդը, որին նա սիրել և գողտր զգացումներով փայփայել էր յուր սրտու. այժմ յուր առջև նստած, ուրիշի սիրո խոստովանությունն է անում: Ադամանդյա սիրտը միայն կարող է դիմանալ բախտի այդ տեսակ խաղերին։ Իսկ մի աղջիկ, որի սիրտը հավասարապես թույլ է և՛ սիրելու, և՛ նախանձելու մեջ, յուր խելքն անգամ կկորցներ այդպիսի տխուր զուգադիպության ժամանակ։

Բայց Վարդուհին միայն մի փոքր տատանվեցավ, իսկ հետո սկսավ սառնասրտությամբ լսել Մարությանին մինչև սրա ամենավերջին խոսքը։ Երբ երիտասարդը ավարտեց, նա ծանրությամբ պատասխանեց․

Որովհետև դուք արդեն խոստովանեցիք ինձ ձեր սրտի գաղտնիքը, ես էլ ուրեմն կհայտնեմ ձեզ իմ ընկերուհու խոստովանությունը։ Նա ձեզ սիրում է, չգիտեմ ի՞նչ չափով և որքա՞ն, բայց գիտեմ, որ նա ձեզ իրեն փեսացու է ընտրել և ձեզ յուր ապագայի ամուսինն է անվանում։

Մարությանը հանկարծ վեր թռավ յուր աթոռից, ինչպես մի աղքատ, որը հանկարծ մի մեծ հարստության է հանդիպել, և ուրախությունից քիչ էր մնում, որ Վարդուհու ոտքերին չփաթաթվեր։

Օրիորդ, դուք ինձ խելագարեցնելու չափ ուրախացնում եք, կրկնեք ձեր ավետիքը, աղաչում եմ․ ես ցանկանում եմ, որ նա ճիշտ լինի։ Օ՜, դուք չգիտեք, թե ես ո՜րքան եմ սիրում նրան․․․

Կարող եք կատարելապես վստահ լինել իմ խոսքերի ճշմատրտության վերա․ ինչ որ ես ասացի ձեզ, դրանք օրիորդ Աննայից լսածներս են։

Մարությանն ուրախությունից չէր կարողանում խոսել, նա կարծես այլևս երկրի վերա չէր ապրում, և փոխվել էր իմանալյաց երջանիկ աշխարհը … Բայց երբ մի փոքր սթափվեցավ, հարցրեց Վարդուհուն.

Ուրեմն առանց քաշվելու կարո՞ղ եմ այս խոստովանությունն անել իրեն` օրիորդին։

Անկասկած, քանի որ նա ինքն է առաջինը խոստովանել, որ ձեզ սիրում է։

Իսկ նրա ծնողները, օրիորդ, կհամաձայնե՞ն արդյոք Աննայի ձեռը տալ ինձ։

Այդ հարցին պատասխանելը արդեն իմ կարողությունից վեր է։ Այդ մասին ինքն օրիորդը կարող է ավելի ճիշտ պատասխան տալ ձեզ։

Մարությանին այլևս երկարելու ոչինչ չէր մնում. նա վեր կացավ տեղից, անկեղծ և սրտեռանդ շնորհակալություն արավ Վարդուհուն յուր տված տեղեկությունների համար և դուրս գնաց ամենաուրախ տրամադրության մեջ։

Վարդուհին մնաց միայնակ, տխուր և հուսահատ։

«Երեկ այս ժամանակ ես դեռ հույսերով խաբում էի ինձ, ինքն իրեն մտածում էր նա, գուցե Տիրանը ինձ սիրում է, գուցե մենք դեռ երջանիկ կլինենք, երազում էի ես, իսկ այսօր, ավա՜ղ, այդ մխիթարությունն էլ խլեցին ինձանից… Այժմ էլ ոչինչ չէ մնում ինձ, բացի մի տխուր հիասթափություն իմ գողտրիկ և սիրապատար երազներից… Բայց ի՞նչ, մի՞թե ես իրավունք ունեի սպասել այդ երիտասարդից, որ նա սիրեր ինձ, չէ՞ որ նա գիտեր, որ ես հարուստ չեմ, որ ես օժիտ չունիմ… իսկ սիրտը ո՞վ է քննում, ո՞վ է գնահատում նրան։ Թող աղջիկը փող բերե յուր փեսացուին և նրա հետ էլ թեկուզ մի երկաթե սիրտ, հոգ չէ, ամուսնությունը դարձյալ երջանիկ կլինի, բավական է, որ շռայլելու ցանկաթյունր չխեղդվի...

Այս և սրա նման մտածմունքներ երկար ժամանակ տանջում էին Վարդուհուն, մինչև որ մայրը ընդունարան մտավ Մարությանի այցելության պատճառն իմանալու։ Մինչև այդ, Վարդուհին յուր սիրո արկածներից ոչինչ յուր մորը չէր հայտնել, բայց այս անգամ արդեն ամեն բան բացավ և մանրամասն պատմեց։ Քո տխրությունն իզուր է, ասաց նրան մայրը, Մարությանը որքան էլ որ զարգաված և նշանավոր լինի, և Աննա որքան էլ սիրահարված չլինի նրա վերա, դարձյալ Աննայի ծնողները նրան աղջիկ չեն տալ, հանգիստ եղիր, նա վերջ ի վերջո էլի կմնա քեզ համար։ Ինձ համա՞ր․ բնավ․ վերջ ի վերջո մնացողներ ինձ համար հարկավոր չեն։ Ինչո՞ւ, չէ՞ որ դու նրան սիրում ես, զարմացած հարցրեց մայրը։ Ես նրան սիրում էի մինչև այժմ և գուցե հենց մի քանի ժամ սրանից առաջ, բայց այս րոպեին ես նրան արհամարհում եմ։

Մայրը աղջկա խոսքերից ոչինչ չհասկացավ․ բացատրություն էլ չպահանջեց։ Իսկ այնուհետև այլևս երկար ժամանակ Մարությանի մասին խոսք ու զրույց չեղավ նրանց տանը։

Դ

Հետևյալ առավոտը, որոշյալ ժամին, Մարությանն արդեն յուր սիրուհու մոտ էր։ Քաջալերված Վարդուհու տված տեղեկություններով, նա խոստովանեց Աննային յուր սրտի սրբազան գաղտնիքը, պատմեց նրան, թե ինչպե՜ս երկար տանջվել էր նրա սիրով, թե քանի՜ անգամ որոշել էր ընկնել նրա ոտքերի մոտ և խոստովանել նրան յուր հրաբորբոք սերը և թե ի՜նչպես ամեն անգամ էլ անզոր է գտնվել այդպիսի հանդուգն քայլ անելու, և այլն:

Օրիորդը նստել էր երիտասարդի առաջ բոլորովին զգացված նրա պատմություններով: Նրա դեմքն ամբողջ ժամանակ շառագունված էր և ուրախությունից փայլում էր մի անսովոր կրակով: Վերջացնելով յուր պատմությունը, Մարությանը ծունկ չոքեց Աննայի առաջ և խնդրեց նրան բախտավորացնել իրեն յուր պատասխանով:

Ես ձեզ սիրում եմ, կարող եք վստահ լինել, լակոնաբար պատասխանեց օրիորդը, և իբրև ապացույց յուր

397

խոսքերի ճշմարտության, պարզեց յուր փոքրիկ և գեղեցիկ ձեռքը դեպի ծնկաչոք սիրահարը, որը նա քնքշաբար բռնելով ջերմաջեմ համբույրներով ծածկաց:

Սիրո դաշնը արդեն կռված էր։ Այդ պաճառով և դասավորության ժամերը սկսած այնուհետև ծառայել սիրահարական տեսակցություններին։

Ճշմարիտ է, Աննայի ծնողած համար երբեմն զգալի կերպով երկարում էին այդ ժամերը, բայց դրա համար նրանք ուրախ էին, որովհետև հավատում էին, որ աշխատասեր վարժապետը յուր ամսական ռոճիկի համեմատ է աշխատում։

Ե

Բայց Աննայի համար օրըստօրեն զգալի էր դառնում Վարդուհու վերաբերմաբ յուր գործած հանցանքը: Նա չէր կարողանում մոռանալ, որ յուր միակ և մտերիմ ընկերուհուն նա անպատվությամբ հեռացրել է յուր տանից: Եվ այժմ, երբ ինքը արդեն երջանիկ էր համարում իրեն Մարությանի սիրուն արժանացած լինելովն, մյուս կողմից էլ կարևոր էր համարում սփոփել յուր զրկված ընկերուհուն: Այդ պատճառով որոշեց անձամբ այցելել նրան և ներեղություն խնթրել յուր պատճառած վիրավորանքի համար:

Առաջին անգամ երբ նրանք հանդիպեցան միմյանց. ամեն գժտություն մեռացած էին, երկուսն էլ մի անգամ վազեցին և ջերմ սիրով գրկեցին իրար, ինչպես երկար ժամանակով միմյանցից հեռացած հարազատներ:

Այդքան սիրալիր ընդունելություն ես չէի սպասում քեզանից, Վարդո, և սպասելու էլ իրավունք չունեի, առաջին անգամ խոսեց օրիորդ Աննան, ես այնքան կոպիտ կերպով վարվեցա քեզ հետ ին տան մեջ, որ էլ քու ներողության արժանանալու հյուս չունեի, թեպետ քեզանից ներողություն խնդրելու համար եմ եկել:

Անցյալից ես ոչինչ չեմ հիշում, հոգյակս, և ցանկանում եմ, որ դու էլ ոչինչ չհիշեցնես, մենք մի օր անկեղծ ու մտերիմ ընկերուհիներ էինք, այսօր էլ նույնն ենք: Դու ինձ հիացնում ես քո բարեսրտությամբ, Վարդո, բայց մյուս կողմից էլ տանջում ես, որովհետև իմ հանցանքի կնիքը անջնջելի է։

Ինչի՞ մասին է քո խոսքը, պարզասրտությամբ հարցրեց Վարդուհին։

Դու ամեն բան գիտես, երկյուղած ժպիտով պատասխանեց Աննան։

Ես ոչինչ չգիտեմ։

Ուրեմն դու ներո՞ւմ ես, որ սիրում եմ Տիրանին։

Օ՜ դրա մասին բնավ մի մտածիր․ Տիրանը միայն քեզ է պատկանում, որովհետև նա միայն քեզ է սիրում։

Եվ դու դժգոհ չե՞ս նրա այդ զգացմունքից։

Երդվում եմ նրանով, ինչ որ սուրբ է ինձ համար, որ այն օրից սկսած, որ նա խոստովանեց ինձ յուր դեպի քեզ ունեցած սերը, ես այլևս նրա մասին չեն մտածում։ Եթե դուք անկեղծությամբ սիրում եք միմյանց, այդ ինձ ուրախացնում է. ես ցանկանում եմ, որ դուք բախտավոր լինեք։

Դու հրեշտակի ճափ բարի ես, Վարդո, արի, ես կամենում եմ քեզ համբուրել, ոգևորված բացականչեց Աննան և ջերմությամբ սեղմեց ընկերուհուն յուր գրկում։

Այսպես երկու բարեկամուհիները նորեն հաշտվեցան միմյանց հետ։

Զ

Վասիլ Իվանովիչ․ օրիորդ Աննաի հայրը․ հաղթանդամ, բարձրահասակ և հիսուն տարեկան մի տղամարդ․ կարմիր ու սափրած երեսով, զվարթ ձայնով․ միշտ ծիծախալու համար էլ դյուրապատրաստ, աստիճանվորի բարեկամ, կապարների սիրահար։

Մարիա Սերգևնա․ Աննայի մայրը․ դեռ քառասուն և հինգ տարեկան․ խնամքով պահված դեմքով, գրավիչ աչքերով, մեծ քթով (որի մասին երկար ժամանակ նա տխրել էր), բնությամբ արհամարող, պչրող, քրքրվող, և միայն ազնվակությաան երկրպագու։ Իշխան Դիմիտր Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով. Մի շատ նշանավոր անձնավորություն գոնե Թիֆլիսում այդպես էին ճանաչում նրան)։ Ծնվել է 1840 թվականին, մայիսյան գեղեցիկ օրերում, իշխանական ցեղի ծնողներից, սնվել ու մեծացել ամենաքնքուշ խնամակալության ներքո, առաջին տարիների կրթությունը ստացել մի քանի հազարանոց եվրոպացի դաստիարակուհիների ձեռքով։ Գիմնազիական կուրսը շատ լավ է ավարտել, բայց համալսարանից վռնդվել է. պատճառը ոչ ոք չիմացավ, ասում էին, որ գեղեցիկ սեռի արժանիքը ճանաչելու ճաշակը խիստ զարգացած է եղել նրա մեջ, այդ պատճառով Պարիզը նրան գնահատել էր. մոտ տասնևհինգ տարի նա համեստությամբ ապրել էր այնտեղ, ուսումնասիրելով գեղեցիկ ֆրանսուհիների վարքն ու բարքը և շամպանիայի արդյունաբերության գաղտնիքը...»


Երբ նա բարեհաճեց վերադառնալ Կովկաս, արդեն քառասուն և հինգերորդումն էր. բայց այդ բանը արգելք չեղավ, որ աղջիկ ունեցող մայրերը նրան իրենց փեսաների կարգում չհաշվեին, մանավանդ, որ նա զտարյուն իշխան էր և ահագին քանակությամբ կալվածներ դեռ մնում էին նրան, որոնց նա չէր կարողացել մանրացնել Պարիզում։

Ինքնըստիքյան նա բնությամբ բարի էր, առատաձեռն, ապրում էր շատ ճոխ և իշխանական անվան արժանավոր նիստ ու կացով: Արտաքին կերպարանքն էլ համապատասխան էր յուր անվան. մի բան էր միայն նրան պակաս, այն էլ շատ ուշ իմացան…


Լազարյանի տանը փառավոր խնջույք էր. իշխան Շախ-Մելիքովը հիրավիրված էր ընթրիքի. նրա պատճառով էլ հարյուրավոր մարդիկ և կանայք մասնաքցում էին երեկույթին: Երկար ահագին դահլիճները, որոնք աչք շլացնելու չափ լուսավորված էին, խեղդվում էին հարուստ հյուրերի բազմությամբ: Դահլիճներից մեկի օթյակում թնդում էր երիտասարդների և երիսարդուհիների ոսկրները՝ ստիպելով նրանց գրկախառնված խումբերով թռթռալ դահլիիճի մի ծայրից մյուսը, գրգռելով հասակավորների նախանձն ու բարկությունը։ Դահլիչի մի ուրիշ անկյունում էլ կծկված էր ասիական մուզիկայի խմբակը յուր թառ ու դափող, դուդուկով ու քյամանչով և անզուգական դիպլիպիտոյով։ Նրանց շրջապատած էին փոքրաթիվ գնահատողները և հիացմունքով լսում էին մահուռն ու հեյրաթին, սեգահը։ Մնացած պարապ անկյուներն էլ մի քանի հաստ ու բարակ տիկիններ բամբասանքի համար էին հատկացրել, որովհետև իրենք չէին մասնակցում ոչ պարերին, ոչ մահուռին ու հայրաթուն։

Վասիլ Իվանովիչի զվարթ ձայնը տիրում էր յուր հասակակիցների վերա և սազանդարների խումբն էր միայն նրանց հլու հպատակը։ Մարիա Սերգեևնան կառավարում էր ռամս ու պրեֆերանս խաղացող սենյակնները և բամբասող անկյունները, իսկ օրիորդ Աննան այդ երեկույթի միահեծան թագուհին էր, որ հրամայում էր պարերին ու երաժշտությանը, երիտասարդներին ու որիտասարդուհիներին։

Ի՞նչ եք խոսում, նա արդեն ընտրել է յուր փեսացուն․ այժմ ո՞վ է մորը նայում, որ Անիչկան էլ նայեր. կամացուկ խոսում էր հաստլիկ մի կին՝ աղջկերանց բախտով հետաքրքրվող յուր մի քանի ընկերուհիների հետ։

Ո՞վ է, հապա ասա, Նինո ջան, դու երևի գիտես։

Ես գիտեմ, բայց չեմ ասիլ։

Ի սեր աստծո, աղաչում ենք, խնդրում ենք, թախանձեցին նրան մի քանի կողմերից։

Խոստանո՞ւմ եք, որ ոչովի բան չասենք։

Խոստանում ենք, խոստանում ենք։

Այ, տեսեք․ դիվանի մոտ, կրեսլոյի վերա նստած։

Տեսնում ենք, այն գեղեցիկ երիտասա՞րդը։

Այո՛, հենց նա։

Ի՞նչ ես խոսում, Նինո ջան, նա խո Անիչկի վարժապետն է։

Հա, ի՞նչ է, վարժապետին չէ՞ կարելի սիրել։

Կարելի է․ բայց Լազարյանները նրան աղջիկ կտա՞ն։

Երբ որ աղջիկը գնա՞։

Է՜, նրան ո՞վ մտիկ կտա։ Ով մտիկ կտա՞... լավ եք ճանաչել Անիչկին։

Թողեք ես նրա մորից հարցնեմ, մեջ մտավ մի երրորդը։

Չէ՛, չէ՛. այդպես բան չանես։

Ես ուրիշ բան կհարցնեմ, թողեք, և նա սկսավ կանչել տանտիկնոջը։

Մաշա՛, Մաշա՛։ Մարիա Սերգեևնան թողեց յուր խոսակիցներին և կոտրատվելով անցավ մի խումբ երիտասարդների միջից և նրանցից ամեն մինին մի ժպիտ բաշխելով մոտեցավ իրեն կանչող բարեկամուհուն։

Մաշա՛ ջան, մի Անիչկիդ մտիկ արա՛ է։

Հա՛ ի՞նչ կա, մտիկ եմ անում։

Ախար էս բոյին, էս շենքն ու շնորհքին աղջիկն առանց փեսա կթողնե՞ն, մի ասա տեսնեմ, ե՞րբ ես նշանելու, է՜։

Նուշկա ջան, դուն իսկի դարդ մի անի, փեսաները քանիսն ուզես ջեբումս պատրաստ են, որն ուզենամ կհանեմ։

Չէ, չէ. Մաշա ջան, դու այն ասա, մեկ լավ տղա իսկի մտքումդ ունի՞ս, թե չէ։

Լավ տղա՞, այ, նրանից ավելի լավ տղա՞, և այս ասելով նա մատնացույց արեց իշխան Դիմիտրին, որը փառավոր շիկով կանգնած էր երիտասարդուհիների խմբի մեջ։ Խոսակից կանայք միմյանց նայեցին խորհրդավոր հայացքով։

Իմ Անիչկան հասարակ մարդու կին չի դառնալ. նա իշխանուհի պիտի լինի, ավելացրեց Մարիա Սերգեևնան և ծիծաղեց։

Ուրեմն կարո՞ղ ենք շնորհավորել, հարցրին նրան մի քանի կողմից։

Կարող եք, բայց մի քանի օրից հետո, պատասխանեց նա և ուրախ-ուրախ հեռացավ դեպի մի ուրիշ խմբակ, որ կանչում էր նրան։

Բայց Մարությանը դեռ հոգեկան արբեցության մեջ էր, դյութում էր նորից։ Եվ ո՞րտեղից կարող էր նա գուշակել, թե այդ միևնույն րոպեին, երբ նա իրեն ամենից երջանիկ մարդն էր համարում, ընդհակառակն, ամենից դժբախտն էր։ «Մի փոքր ժամանակից հետո մի այսպիսի երեկույթ էլ ինձ համար կպատրաստվի, մտածում էր նա, բոլոր քաղաքը կշնորհավորի մեր միությունը և Աննա հավիտյան իմս կլինի»:

Բայց չարաճճի աղջիկներից մի երկուսը լսել էին Մարիա Սերգեևնայի հայտնությունը և նրանք շտապեցին շնորհավորել Անիչկային նրա իշխանուհի դառնալը:

Դուք կատա՞կ եք անում, ես ձեզ չեմ հասկանում, հարցրեց Աննան շփոթված:

Դու իզուր ես ծածկում, մենք գտենք, որ այս երեկույթը իշխան Դիմիտրի համար է ստեղծված:

Եվ իշխանը ձեր փեսացուն է:

Այդ սուտ է:

Ձեր մայրն ասաց:

Անկարելի է, բացականչեց օրիորդը և շտապեց մոր մոտ, կանչելով նրան յուր առանձնարանը:

Հա, ի՞նչ է պատահել, Անիչկա ինչո՞ւ համար ես վրդովված:

Դու իշխան Դիմիտրին քո փեսա՞ն ես համարում, բարկացած հարցրեց օրիորդը:

Ի՞նչ կա ի՞նչ է պատահել:

Ես դեռ խոսք եմ հարցնում:

Հա ի՞նչ է չե՞ս հավատում:

Այդ վերջին խոսքը լինի նրա մասին, թե չէ ես այս րոպեին սկանդալ կանեմ ամբողջ դահլիճի մեջ:

Դու գժվել ե՞ս Անիչկա, ի՞նչ է պատահել:

Իմ ամուսնության գործը ինձ է վերաբերում և ոչ թե ձեզ, խնդրում եմ այդ մասին էլ խոսք ու զրույց չանեք ոչ մի տեղ:

Բայց առաջ բանը հասկացիր...

Բավակսն է, էլ ոչիչնչ չեմ ուզում լսել, զայրացած ընդհատեց օրիորդը մոր խոսքը և դուրս գնաց:

«Հիմա՛ր, հիմա՛ր», շշնջաց նա և աղջկա ետևից դուրս գնաց դահլիճը:

Պարոն Մարությանը, որ հեռվից դիտում էր Աննայի ամեն մի շարժմունքը, շատ անհանգստացավ նրա վրդովված դեմքով դահլիճ մտնելը տեսնելով և հետևապես շտապեց պատճառն իմանալու։

Ոչինչ չկա, հակիրճ պատասխանեց Աննան նրա հարցին։

Այդ անկարելի է, Անիչկա, դու չափից դուրս վրդովված ես, ես այդ տեսնում եմ։

Հավատացիր, որ ոչինչ չկա։

Չեմ կարող հավատալ. ես անհանգստությունից մեռնում եմ։

Բայց ես չեմ կամենում, որ դու էլ տխրես։

Օ՜հ, Աննա, մի՞թե կարող էի սպասել քեզանից այդ խոսքը. ինչո՞ւ համար պետք է ես ուրախ լինեմ, երբ դու արդեն տխուր ես։

Լավ, արի, ես կասեմ քեզ պատճառը։ Եվ քաշվեցան դահլիճի մի անկյունը։

Իմ մայրը մտածում է ամուսնացնել ինձ այս հիմար իշխանի հետ, և այս խոսքը այս երեկո խոսացել է յուր մի քանի բարեկամուհիների հետ։

Աստված իմ, ի՞նչ եմ լսում, սարսափով բացականչեց Մարությանը, մի՞թե այդ հնարավոր է։

Իհարկե չէ. և ես նրան հասկացրի, որ այդ յուր գործը չէ, որ իմ ամուսնության խնդիրը միայն ինձ է վերաբերում։

Բայց ես վախենում եմ, Անիչկա, որ քեզ կխլեն ինձանից...

Ինձ կխլե՞ն.՝ երբեք. ամեն բան կարող են անել դրանք, բայց բռնանալ իմ զգացմունքների վերա, այդ չեն կարող։ Ես ավելի լավ կհամարեմ իմ կյանքից զրկվել, քան թե իմ Տիրանից է:

Դու մի հրեշտակ ես, Անիչկա, մարդկային մարմնով աշխարհ իջած, զգացված բացականչեց երիտասարդը և քնքշաբար սեղմեց սիրուհու աջը յուր ձեռների մեջ։

Բայց Աննայի մայրը հեռվից դիտում էր աղջկա բոլոր քայլերը, նա տեսավ, թե ինչպես Մարությանը մոտեցավ նրան անհանգստությամբ հարցեր արավ և հետո թե ինչպես երկուսի մեջ սկսվեցավ մտերմական խոսակցություն։ Մի թիֆլիսեցի կին, որ քառասունևհինգ տարի ապրել էր և սիրահարության ամեն չարն ու բարին սովորել, անկարելի էր, որ չհասկանար, թե ի՞նչ խոսք ու զրույց էր անցնում երիտասարդ խոսակիցների մեջ։ Նա երկար դիտում էր նրանց։ Հետո երբ բաժանվեցան, նա մոտեցավ Վարդուհուն, որը հենց նոր էր յուր պարընկեր ասպետից ազատվել և շնչասպառ հանգստանում էր աթոռի վերա, և խորամանկությամբ հարցրեց.

Վարդո ջան, երբ որ Անիչկան սիրում է եղել Մարությանին, դու ինչո՞ւ ինձ առաջօրեն չես հայտնել, ես ուրախությամբ կշտապեցնեի նրանց միությունը։

Ե՞ս, դուք էլ գիտեք, որ բավական ժամանակ է ձեզ հետ տեսնվել չէի կարողանում, միամտությամբ պատասխանեց Վարդուհին, բայց միշտ կարծել եմ, որ դուք արդեն գիտեք, և մանավանդ կարիք էլ չկար, որ ես այդ բանը ձեզ հայտնեի, որովհետև Անիչկան ինքն էլ շատ էլ ամաչկոտ չէ:

Բայց ի՞նչ, մտադի՞ր եք շուտով ամուսնացնել նրանց:

Ես դեռ այս երեկո իմացա, իհարկե կամուսնացնեմ:

Այս երեկո՞, օ՜, նրանք շատ ժամանակ է, որ սիրում են միմյանց:

Ավելի լավ, միմյանց բնությունը լավ կճանաչեին, պատասխանեց Մարիա Սերգեևնան և մի քանի հարց ու պատասխանեց հետո հեռացավ:

Այս միջոցին Աննայի հորեղբայր Արտեմ Իվանիչը յուր հին դասընկեր իշխան Դիմիտրին յուր թևն առած մտերմաբար խոսում էր նրա հետ, ճեմելով դահլիճի մի ծայրից դեպի մյուսը: Նրա խոսակցության նյութը վերաբերում էր իշխանի և յուր եղբոր դստեր ապագա երջանկությունը: Սա կանխավ պատվիրած մի զրույց էր:

Իհարկե, դուք Պարիզ և ուրիշ տեղեր շատ գեղեցկուհիներ կլինեիք տեսած, ասում էր նա, բայց որ դրանք իրենց արտաքին գեղեցկության համահավասար ներքին գեղեցկություն էլ ունենային, այդ հազիվ թե պատահեր:

Այդ նկատողությունը ճշմարիտ է առաքինությունը, բարքի մաքրությունը, խնայող տանտիկնությունը և այլ տեսակ բարեմասնությունները հազվագույթ են նրանց մեջ, այդ կողմերից հայ աղջիկը գերազանցում է բոլորին, պատասխանում էր իշխան Դիմիտրը, որը յուր բոլոր պանդխտության ժամանակ երբեք կարիք չէր ունեցել այդպիսի բարեմասնություններով օժտյալ մի կնոջ հետ ծանեթանալու:

Այո՛, իշխան, հենց պաճառն էլ այդ է, որ ձեզ համար ամենահարմար հարսնացուն ես միայն մեր Աննային եմ գտնում, մի աղջիկ, որը գեղեցիկ է և՛ դեմքով և՛ բարքով: Այդ միջոցին օրիորդը սիգաճեմ անցնում էր նրանց մոտով մի պառավ խոշորագեղ աղջկա ընկերակցությամբ:

Նայեցեք, իշխան, հարմարությունից օգտվելով շարունակեց Արտեմ Իվանիչը, նա մի կատարյալ դիցուհի է, նայեցեք, նա արժանի է ձեր ուշադրության:

Ես արդեն հիացած եմ նրանով, և հավատացեք, քիչ է մնում, որ սկսեմ սիրել նրան...

Եվ ինչ՞, մի՞թե ամոթ չի լինել, եթե այս գիշեր դուք սիրահարված չդուրս գաք այս դահլիճից, ժպտալով նկատեց հորեղբայրը և իշխանը սկսավ ուրախ ուրախ ծիծաղել:

Շատ դուր է գալիս ինձ, երբ իմ իշխանին ուրախ եմ տեսնում. կարող՞ եմ արդյոք մասնակցել ձեր զվարճախոսություններին, անուշ ժպտալով և կոտրատվելով մոտեցավ երկու խոսակիցներին Մարիա Սերգեևնան:

Շատ հաճելի է մեզ ձեր ընկերակցությունը, տիկին, պատասխանեց իշխանը, ձեր պատավական տագրը մեծ հաճույք է պատճառում ինձ յուր զվարճախոսություններով, արժե նրան լսել:

Իմ տագրը. օ՜, նա անհամեմատելի է, և արդարև արժե նրան լսել:

Այո՛, Մարիա Սերգեևնա, ճիշտ նկատեցիք երկուսդ էլ. ես էլ կամենում եմ, որ թե՛ իշխանը և թե՛ դուք լսեք ինձ:

Մեզ այդ շատ հաճելի է, գրեթե միաբերան պատասխանեցին նրանք:

Ուրեմն գործը վերջացած է, այնպես չէ՞, հարցրեց Արտեմ Իվանիչը խորամանկությամբ: Ի՞նչ գործ հարցրեց տիկինը:

Ես արդեն խոսացել եմ. ես կամենում եմ, որ իշխանը մեր փեսան լինի և դուք հանձնեք նրան Աննայի ձեռքը:

Ես դրա դեմ ոչինչ չունեմ, եթե իշխանին հաճելի է իմ տան բարեկամությունը, պատասխանեց Մարիա Սերգևնան, մի հարցական հայացք ձգելով իշխանի վերա։

Վերջինս էլ խույս տալու ճանապարհ չուներ:

Ես ինձ պատիվ կհամարեմ, տիկին, լինել այդ տան բարեկամը։

Իմ Անիչկան ձեր հարսնացուն է, վճռական եղանակով ասաց տիկինը և սեղմեց իշխանի ձերքը:

Արտեմ Իվանիչը սկսեց յուր շնորհավորական ճառը, որին հետևեցին մի շարք բարեմաղթություններ:

Շուտով Վասիլ Իվանիչն էլ թողեց սազանդարների շրջանը, ուր նա ոգևորված երաժտապետի պաշտոն էր կատարում և եկավ խնդակցելու յուր եղբորն ու տիկնոջը, որքան յուր կապալներց ավելի շահավոր գործ էին գլուխ բերել։

Սկզբում թեպետ որոշվեցավ գաղտնի պահել այս դաշնադրությունը մինչև հանդիսավոր նշանադրության օրը, բայց երեկույթը վերջանալու վերա՝ դահլիճի ամբողջ կեսն արդեն գիտեր գաղտնիքը։ Հյուրերից շատերը շնորհավորեցին տանտիկնոջը յուր դստեր բախտավորությունը, շատերը նախանձից պապանձվեցան, հավատալով, որ Լազարյանները անգին հարստություն են ձեռք բերել, շատերն էլ ծիծաղեցին նրանց հիմարության վերա, որ տասնևութ տարեկան քնքուշ աղջիկը համաձայնվել էին նշանելու մի քառասունևհինգ տարեկան, աշխարհի բոլոր բարիքները վայելած և արդեն վաստակած մարդու հետ։

Է

Հետևյալ օրը Աննայի ծնողները առանձնացած էին իրենց աղջկա հետ տան ամենախուլ սենյակներից մեկի մեջ և խրատակների էին կարդում նրա գլխին։ Որդի, դու դեռ ջահել ես, քո օգուտն ու վնասը չես կարող ճանաչել, ասում էր նրան հայրը. որին որ մենք ընտրել ենք, նա ամենից հարմար փեսացուն է, դու իզուր մի հակառակիլ մեր ընտրությանը։

Ես արդեն ասացի ձեզ իմ վերջնական որոշումը. ես Շահ֊Մելիքյանի ամուսին դառնալ չեմ կարող, իմ ընտրա, իմ սիրած փեսացուն Մարությանն է, Մարությանն է, Մարությանն է, վերջացավ։

Տե՜ր ամենակարող աստված… Ա՛յ աղջիկ, ախր Մարությանր ո՜վ է, ի՞նչ մարդ է, ի՞նչ ունի, ի՞նչ կարող է անել, մի մտածիր է՜, Շահ֊Մելիքովը, սաղ աշխարհն էլ գիտե, որ Շահ֊Մելիքովն է, իշխան է, փող ունի, կալվածներ ունի, էգոէց֊էլօր մի հարկավոր գործ ունենամ, կամ մի կապալ ուզենամ վերցնել, ամեն տեղ ինձ կօգնի, մեծ մարդկանց հետ ծանոթ է, բարեկամ է...

Ի սեր աստծո, մի կողմը թող կորչեն քո գործերն ու կապալները, ինձ նրանց պատճառով հո չպիտի ծախես, զայրացած բացականչեց Աննան։

Վասիլ Իվանիչը կատաղեց. աղջիկը համարձակվել էր յուր գործերն ու կապալներն անիծելու, սա աններելի հանցանք էր։

Անզգա՛մ, դու համարձակվում ես ինձ մոտ այդպես վայրահաչել... գոռաց նա խելագարի նման և քիչ էր մնում հարձակվեր աղջկա վերա... Բայց կինը արգելեց նրան և ստիպեց սենյակից դուրս գնալու։

Գնա՛, գնա՛, դու խոսել չգիտես, ասաց նա, ե՛ս իմ աղջկա հետ կխոսեմ, նա ինձ կհասկանա։

Վասիլ Իվանիչը մռթմռթալով դուրս գնաց խորհրդարանից։

Անիչկա ջան, քո հայրը տղամարդ է, նա ամեն բան կարգին խոսել և հասկացնել չէ կարող, բայց դու ինձ լսի՛ր մի փոքր համբերությամբ և տե՛ս, եթե լավ խորհուրդներ չեմ տալիս քեզ, էլի քո գիտեցածն ու ցանկացածը կարող ես անել, ես քեզ չեմ ընդդիմանալ։

Խոսի՛ր, մայրիկ, լսում եմ, հանդարտությամբ պատասխանեց Աննան և սկսավ ուշադրությամբ լսել նրան։ Մարությանը, սիրելիս, վատ տղա չէ, ես էլ համաձայն եմ քեզ հետ․ նա խելոք է, զարգացած է, երևի ուսումնական է, բայց մի մեծ պակասություն ունի նա հարուստ չէ, փող չունի։ Իսկ հարուստ չլինելը իսկ փող չունենալը գիտե՞ս թե ինչ մեծ ցավ է, օ՜, անկարելի է, որ դու գիտենաս դու աղքաատություն չես տեսել դու աչքդ բացել ես հարուստության և լիության մեջ․ բայց ես, օ՜, ես շատ աղքատություներ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ շատ աղքատություններ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ դառնություններ եմ քաշել: Շատ վատ բան է, սիրելիս, երբ տեսնում ես, որ քո ընկերները լավ հագնում են, լավ զուգվում են, թատրոներ, բալեր, մասկարադներ են հաճախում, իսկ դու հագնելու շոր չունիս, նրանց պես ման գալ, զվարճանալ չես կարող: Սիրտդ ուզում է, որ դու էլ նրանց նման լինես, ցանկանում ես դուրս գալ նրանց հետ զբոսանքի, մի թամաշի և դուրս ես գալիս, բայց նրանք քեզանից քաշվում են, քո հասարակ հագուստների վերա ծաղրում են, շատ անգամ էլ ծաղրում են քեզ:

Բայց, մայրիկ, մի՞թե Մարությանը աղքատ է. նա պաշտոն ունի, երկու հազար ռուբլի ռոճիկ է ստանում, և, վերջապես, ես էլ իմ օժիտն ունիմ, մի՞թե մենք սրանցով չենք կարող անկարոտ ապրել:

է՜, սիրելի, ապրիլ կա երկաթ է, ապրիլ կա արծաթ է, կապրեք, ինչո՞ւ չեք ապրիլ: Տարեկան երկու հազար ռուբլու հենց մենք հագուստ ենք փչացնում մեր տանը, իսկ ձեզ դեռ տուն է հարկավոր, տան սարք է հարկավոր, ուտելու ծախք, ծառաներ ռոճիկ, և ուրիշ հազար ու մի ծախքեր են հարկավոր: Քո օժիտն էլ շատ շատ մի երկու տարի բավականեցավ, մանավանդ, որ հայրդ Մարությանին շատ փող չի տալ, քանի որ յուր սրտի մարդ չէ. այնուհետև ի՞նչ պիտի անենք: Վերջապես դու սովոր ես տարեկան մի քանի անգամ խնջույքներ, ընտրիքներ և երեկույթներ սարքելու, կարո՞ղ ես միթե Մարությանի տանը տարեկան գոնե մեկ անգամ սարքել, ախար, չէ՞ որ ամեն մի խնջույքի հազար ռուբլի չի բավականանում: Դու մանկությունից սովոր ես սեփական կառքով ման գալու, կարո՞ղ ես գոնե Մարությանի մոտ գոնե միշտ վարձու կառքեր ունենալ: Այս բոլոր մտածելու բաներ են: Իսկ Շահ-Մելիքովի մոտ մի՞թե դրանք բոլորը կան:

Շահ-Մելիքովի մո՞տ, ի՞նչ ես խոսում, հոգիս. Շահ-Մելիքովի տունը մի թագավորական տուն է. ահագին պալատ, փառավոր սարք ու կարգ, տասնյակ ծառաներ, սեփական կառքեր, անթիվ կալվածներ, արիստոկրատ ընտանիք, ճոխ ապրուստ, ես ո՞ր մեկն ասեմ: Եվ այս բոլորից հետո մի մտածիր է՛, ախար դու հասարակ մարդու կին չես դառնում, այլ մի հայտնի իշխանի: Մարությանի հետ ամուսնանալով շատ-շատ դու կդառնաս տիկին Մա-ռու-թյան, Մա-ռու-թյան… ֆո՛ւ, լավ է, որ չես զզվում: Բայց Շահ-Մելիքովի մոտ, մի լավ մտածի՛ր, իշ-խանու-հի իշխանուհի՜ Շահ- Մելիքով, կամ եթե կուզես հենց իշխանուհի Շահ-Մելիքյան…

Օրիորդ Աննային շատ դուր եկան վերջին տիտղոսնեը, նա ծիծաղեց:

Հապա հեշտ բան չէ իշխանուհի դառնալը. իշխանուհի եմ ասում: Դե ռուսերեն էլ տես ինչպես լավ սազ է գալիս կնյազինյա Աննա Շախ Մելիկովա…

Մեր փիլիսոփա օրիորդը յուր սիրահարությունը մոռացավ, վերջին բառերը լսելուց նրա խելքը գնում էր:

Լավ, մայրիկ, դիցուք թե ես ընդունեմ ձեր առաջարկությունը, բայց չէ՞ որ Մարությանին խոսք եմ տվել:

Օ՜հ ինչ միամիտ ես, Անիչկա կարծես Մարությանի հետ նոտարյուսով կապվել ես, քեզնից մեծ տուգանքներ պիտի առնի:

Հապա ի՞նչ ասեմ նրան:

Մի շարք պարզ խոսք. «Պարոն ես էլ ձեզ չեմ սիրում, խնդրեմ մոռացեք ամեն բան»:

Ա՜խ, մայրիկ, չգիտես, թե ո՜րքան դժվար է նրան այդպես խոսք ասելը:

Երեխա ես դու երեխա բայց չէ՞ որ ամբողջ կյանքը աղքատության մատնելը ավելի դժվար է: Եթե ամաչում ես երես առ երես նրա հետ խոսել, մի քանի խոսք է նամակով գրիր և ուղարկիր իրեն դրանով ամեն բան կվերջանա:

Աննային այնքան խելացի թվաց մոր առաջարկած միտքը, որ նա ուրախությունից գրկեց մորը և համբուրեց, խոստովանելով, որ այդպիսի խելացի միտք երբեք յուր գլխում չէր կարող ծնվել:

Տիկնոջ զեկուցման համաձայն Վասիլ Իվանիչն էլ ներս եկավ, լսեց աղջիկա խոստումը՝ Շահ-Մելիքովի հետ ամուսնանալու համար, և երեք անգամ համբուրեց նրան ճակատը:

Ամեն բան վերջացած էր, մնում էր իշխանական հարսանիքի պատրաստությունը:

Ը

Այս անցքից մի քանի օր հետո Մարությանը եկավ Վարդուհու մոտ: Առաջին անգամից օրիորդը չկարոդացավ իմանալ, թե ի՞նչ հանգամանք կարող էր ստիպել նրան այցելել իրեն, բայց երբ մտաբերեք երեկույթի երեկոյան Լազարյանների տան մեջ յուր լսածները, իսկույն գուշակեց, ու պարոն Մարությանին մի անհաջողություն է պատահել:

Երիտասարդը մտավ ընդունարանը շատ տխուր և վշտացած դեմքով, բայց Վարդուհին ընդունեց նրան յուր սովորական ժպիտով:

Դուք չափից դուրս տխուր եք այսօր, ի՞նչ է պատահել, առաջին անգամ հարցրեց օրիորդը:

Դուք այդ արդեն նկատեցի՞ք, օրիորդ, այո՛, ես շատ տխուր եմ, շատ տխուր…

Բայց ի՞նչ է պատահել ձեզ, ասացեք խնդրեմ:

Ոչինչ, մի փոքրիկ դժբախտություն… երբ մարդիկ այնքան են հիմարանում, որ իրենց բախտը հողմաղացների վերա են կախում, շատ պարզ է, որ միայն դժբախտությունը կմնա նրանց բաժին… Ես արդեն մարդիկներից մեկն էի:

Բայց ի՞նչ դժբախտություն է այդ, խոսեցեք խնդրեմ:

Մարությանը չպատասխանեց, այլ ծանրությամբ հանեց ծոցից մի նամակ և տվեց նրան:

Կարդացեք, օրիորդ, բարձր կարդացեք. ես կամենում եմ մի անգամ էլ լսեմ իմ սիրուհուն:

Սա մի նամակ էր օրիորդ Աննայից Մարությանին ուղղած: Վարդուհին սկսեց կարդալ «Հարգելի պարոն.

Կարևոր եմ համարում հայտնել ձեզ իմ սիրելի ծնողաց կամքը. ես այսուհետև այլլևս չպիտի շարունակեմ իմ հայերեն լեզվի ուսումը, հետևապես դուք այսօրվանից ազատ եք և ինձ դասախոսելու համար հատկացրած ժամանակը կարող եք ըստ ձեր հաճոյից գործադրելու: Որքան էլ որ ինձ համար ցավալի է ձեր օգտավետ դասախոսությններից զրկվելը, այսուամենայնիվ ես իբրև մի թույլ աղջիկ, պարտավոր եմ ճակատագրին հնազանդվել: Իմ սիրելի ծնողքը ցանկանում էին, որ ես ընդունեմ իշխան Շահ-Մելիքյանի առաջարկությունը՝ նրա հետ ամուսնանալու համար, և ես կատարեցի նրանց ցանկությունը. հոսով եմ, որ ձեզ չի վշտացնել իմ այս որոշումը:

Ձեր ամենխոնար աղախին

Աննա Լազարյան»:

Նամակի ընթերցանությունից հետո մի փոքր ժամանակ լռություն տիրեց. Վարդուհին և Մարությանն անխոս նայում էին միմյանց: Բայց վերջապես երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը:

Ի՞նչ եք հասկանում դուք այս նամակից, օրիորդ, հայտնեցեք ինձ ձեր կարծիքը:

Ա՛յն, ինչ որ գրված է:

Ո՛չ, այստեղ քիչ բան է գրված, բայց այդ քիչ բանից շատ բան պետք է հասկանալ:

Իմ կարծիքով շատ բաներ հասկանալու կամ երևակայելու հարկ չկա: Օրիորդ Աննան ձեզ հայտնում է, որ այլևս նեղություն չկրեք նրան այցելելու կամ իրեն ձեր հարսնացուն հաշվելու, որովհետև ինքն ամուսնանալու է արդեն իշխան Շահ- Մելիքյանի հետ, ահա՛ բոլորը:

Բայց մի՞թե այդ հնարավոր բան է, օրիորրդ, միթե դուք կարծում եք, որ այդ հնարավոր է…

Վարդուհին ծիծաղեց:

Դուք էլ ուրեմն ծիծաղում եք ինձ վերա, օրիորդ, բայց չէ՞ որ ես կարեկցության եմ արժանի:

Ո՛չ, դուք կարեկցության արժանի չեք, սառնությամբ պատասխանեց Վարդուհին.- ձեզ, երիտասարդներիդ պետք է ծաղրել, և ա՛յն, որքան կարելի է, անգթաբար:

Բայց մեր ո՞ր հայացքի համար, օրիորդ, ա՛յն հանցանքի, որ մենք հավատում ենք աղջկերանց ազնվությանը…

Ազնվության համար թող խոսք չլինի, որովհետև ազնվությունը միայն կարող է հետամուտ լինել ազնվությանը: Բայց դուք, պարոններ, ազնվություն չեք փնտրում, և ոչ արժանիք, և ոչ զգացմունք, և ոչ սիրտ, և ոչ ճշմարիտ սեր. ձեր փնտրածը փողն է և օժիտը. ուրեմն մի՛ վշտանք, երբ ոչ մի տեղ ազնվության չեք պատահում, որովհետև դուք նրան չեք գնահատում: Եվ շատ բնական է, երբ վաճառականը նուրբ գործվածքներ չէ բերում վաճառելու, քանի որ գիտե, թե յուր գնողները նրանց չեն գանահատում:

Օրիորդ, դուք դալար փայտն էլ չոր փայտի հետ այրում էք. մի՞թե բոլոր երիտասարդներն էլ միևնույնն են և նրանց մեջ բացառություններ չկան:

Բացառություններ, այո՛, միայն բացառություններ կան, բայց շատ ցավալի է, որ բացառությունները ձեզ գոհացնում են: Եվ եթե դուք Մարությաններին էլ բացառությանց կարգն եք դասում, այն ժամանակ պետք է ասեմ, որ մե դրությունը ողբալի է, որովհետև այդ նշանակում է, թե ուրեմն բացառություններ էլ չկան…

Ի՞նչ, մի՞թե դուք ինձ այդ շահամոլ և նյութապաշտ երիտասարդների կարգն եք դասում, վրդովված հարցրեց Մարությանը:

Այո՛, պարոն, ես ձեզ նրանցից չեմ զանազանում , սառնությամբ պատասխանեց Վարդուհին, դուք բոլորդ էլ միևնույն փայտից եք տաշված: Ձեր անհեռատես վարմունքով դուք անբարոյականցնում եք ձեր ապագա ամուսիներին, սովորեցնելով նրանց արհամարհել բարուց մաքրությունը, սրտի ազնվությունը, սրբությամբ սիրելու անհրաժշտությունը, և այլ առաքինությունները, և միայն հետամուտ լինել օժիտը հարստացնելու, որովհետև դա ծածկում է արդեն բոլոր բարոյական պակասությունները... Եվ դուք դեռ զարմանո՞ւմ եք, երբ աղջիկները ծաղրում են ձեր զգացմունքները... Մարությանը զարմացած աչքերով նայում էր Վարդուհու վերա, բայց հետո կարծես նրա անվրդով հայացքից և խոսքերից հաղթվելով պատասխանեց.

Հավատացեք, օրիորդ, որ ոչ մի նյութական շահ ինձ չէ կապել օրիորդ Լազարյանի հետ. ես արդեն իմ առաջին խոստովանության ժամանակ ձեզ ասացի, թե ճանաչելով իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, ես աշխատում էի զգույշ լինել, չգրավվիլ նրանով, բայց հետո ես իմ զգացմունքներին դիմադրել չկարողացա. հավատացեք, օրիորդ, որ ես նրան սիրել եմ անկեղծությամբ և իմ բոլոր սրտով..․

Այսուամենայնիվ ձեզ չեք կարող արդարացնել, որովհետև նրա մեջ դուք չեք որոնել մի ներքին արժանավորություն, որից մարմին է առնում ճշմարիտ սերը, իսկ եթե դուք դրան որոնած լինեիք, այն ժամանակ նրա մեջ բացի փոփոխամտությունը և դյուրահավանությունն ուրիշ բան չէիք գտնիլ, իսկ այդ թերությունները սիրո դահիճներն են։ Եվ որովհետև նույնպիսի թերություններ էլ դուք ձեր ընտրության ժամանակ եք ունեցել, ուրեմն մի՛ վշտանաք, եթե միևնույն ճանապարհով էլ պատժում են ձեզ։ Օրիորդ Լազարանն առաջ կարծում էր, որ պարոն Մարությանի հետ ամուսնանալը երջանկություն է։ Բայց այժմ համոզված է, որ իշխան Շահ-Մելիքյանի հետ նա ավելի կարող է բախտավոր լինիլ. սա համոզմունք է, սրա դեմ ի՞նչ կարող եք ասել։

Իհարկե ոչինչ, մի փոքր առաջ ես ինքս ձեզ խոստովանեցի, որ իմ բախտը հողմաղացի վերա էի կախել...

Ուրեմն էլ բողոքելու տեղ չէ մնում, հանցանքը ձերն է, պատիժն էլ դուք պիտի կրեք։

Մարությանը լռեց։ Նա մտածում էր։ Վարդուհու խոսքերը նրա առաջ մի նոր և բոլորովին անծանոթ աշխարհ բացին։ Նա տեսավ, թե որքան ետ էր մնացել մարդկանց սիրտը և հոգին ճանաչելու արհեստին մեջ. տեսավ թե ինչպես մի խեղճ աղջիկ, յուր սահմանափակ շրջանի մեջ ավելի էր ճանաչում երիտասարդների ներքին աշխարհը, քան թե ինքը յուր բոլոր զարգացմամբ` մի հասարակ և թեթևամիտ աղջկա սիրտը։ Վարդուհու խոսքերը փոխանակ յուր սիրտը վիրավորելու, ընդհակառակը, նրա մեջ մի խորին ակնածություն և համակրանք էին զարթեցնում: Նրա աներկյուղ հանդիմանությունը, իբրև մի ապաքինող բալասան, գալիս իջվում էին յուր հոգեկան վերքերի վերա, և նա զգում էր, թե ինչպես այդ վերքերը վայրկյաններով բուժվում, անհետանում են… Իսկ այդ բոլորից հետո նա մի համեմատություն է անում Աննայի և Վարդուհու մեջ, տեսնում էր այն ահագին անջրապետը, որ բաժանում էր այդ երկու բնավորությունները միմյանցից, տեսնում էր առաջինին ինչպես մի եղեգը, որին հողմերն են կառավարում, որի մոտ խելքը զգացմունքների ստրուկն է, իսկ սիրո զգացումը՝ վայրկենական տպավորությունների… Տեսնում էր երկրորդին ինչպես մի մարմնացած բնավորություն, որի խելքը իշխում էր յուր զգացմունքների վեա, որի սիրտը և հոգին հետամուտ էին ճշմարտության, որը գիտեր արդեն անկեղծությունը գնահատել և կարող էր անշուշտ արժանավորությանը սիրահարիլ… Նա տեսնում և զգում էր այս բոլորը և խորը հառաչում, որովհետև յուր սխալանքը արդեն անուղղելի էր համարում…

Դուք իրավունք ունիք, օրիորդ, երկար լռությունից ետ պատասխանեց երիտասարդը, հանցանքն իմն է, պատիժն էլ ես պիտի կրեմ… և այս ասելով նա վեր կացավ տեղից, ողջունեց օրիորդին և տխրությամբ հեռացավ նրանից:

Թ

Մարությանի հեռանալուց ետ Վարդուհին խղճահարվեցավ նրա դրության վերա, նա զգաց, որ անգթաբար վարվեցավ խեղճ երիտասարդի, առանց այն էլ վիրավոր սրտի հետ, մանավանդ, որ արդեն հավատում էր, թե նա առանց շահադիտական նպատակների էր սիրել Աննային: «Ես պարտավոր էի մխիթարել նրան, ասում էր նա ինքն իրեն, Մարությանը հանցավոր չէ, որ սիրել է Աննային առանց նրա ներքին արժանավորությունները ճանաչելու: Սա մի սխալմունք է և ոչ հանցանք: Ի՞նչ անեն խեղճ երիտասարդները: Մեր կյանքն այնքան փչացել, այնքան ապանականել է, որ հրապարակում ոչ ոք առանց դիմակի չէ շրջում. ինչպե՞ս և ո՞ւր գտնել ճշմարտությունը... Եթե ճիշտը խոստովանինք, դեռ մենք ինքներս պետք է կարմրենք մեր սեռի այս խարդախ թուլությունների համար։ Իսկ Մարությանը... նա վատ տղա չէ։ շարունակում էր Վարդուհին, սիրտ ունի, նա կարողանում է սիրել... Նրան կարծես թե ես դեռ սիրում եմ, ինձ այնպես Է թվում... բայց ո՛չ, ո՛չ, նա արժանիք չէ ճանաչում, կարծես ինքն իրենից ամաչելով հերքում էր Վարդուհին յուր խոսածները. նա սիրեց մի թեթևսոլիկ աղջկա, և նա պետք է պատժվի...»։

Բայց Մարությանը բոլորովին ուրիշ տպավորության տակ հեռացավ Վարդուհուց. նրա խոսքերը, նրա մտքերը, նրա դատողությունները այն աստիճան էին գրավել իրեն, որ նա մոռացել էր Աննային, և յուր նրա հետ ունեցած սիրային մտերմությունը, տեսակցությունները, աղջկա կողմից իրեն հասած վիրավորանքը, բոլորը, բոլորը երազ էին թվում իրեն։ «Ինչո՞ւ համար սխալվեցա ես, մտածում էր նա. ինչո՞ւ համար այս անգին գանձը ես չտեսա այն ժամանակ, երբ արվեստական գոհարը շլացնում էր ինձ, ինչո՞ւ համար ես այդ աստիճան կուրացել էի... բայց ի՞նչ, մի՞թե դու ուշ է, մի՞թե բախտը չէ այս, որ ծիծաղում է ինձ, և նախախնամության շնորհը չէ՞, որ ապագա դժբախտություններից. ազատում է ինձ:

Ես դեռ կարող եմ հուսալ, որ Վարդուհին մի օր կճանաչե իմ սիրտը, կհամոզվի, որ ես շահամոլի մեկը չեմ, որ ես զգացմունք ունիմ, որ ես կարող եմ սիրել... Եվ նա կցանկանա բախտավորացնել ինձ... Ո՞վ գիտե, գուցե հենց մոտ է ա՛յն վայրկյանը, երբ նա ինքը կասե ինձ` Տիրա՛ն, սիրում եմ քեզ»... Բայց չէ, ես զառանցում եմ. ես արժանի չեմ նրան և նա իմը չի լինիլ»։

Այս մտածմունքով ամբողջ օրը տանջվեցավ խեղճ երիտասարդը, և երեկոյան դեմ վճռեց կրկին անգամ այցելել Վարդուհուն։ «Գուցե մի բան կարողանամ ասել նրան», մտածեց նա և դուրս գնաց տանից։

Բայց հազիվ թե մտել էր նրանց տան փողոցը, և ահա հեռվից նշմարեց նա նրանց պատշգամբի վերա մի շրջազգեստի ծայր. «Նա Վարդուհին է» շշնջաց նա և ինչպես մի հանցավոր արագ քայլերով խույս տվավ այդ փողոցից, կարծես վախենալով հանդիպել նրան:

Այսուամենայնիվ բախտը մեր Մարությանին հաջողում էր. պատշգամբի կիսաշրջազգեստը Վարդուհունը չէր. նա այդ ժամանակ զբոսնում էր պրոսպեկտի վրա յուր մի նօրեկ ազգականուհու հետ: Մարությանը վերադառնալով նրանց փողոցից, պիտի անցներ պրոսպեկտը և նա այստեղ նշմարեց հեռվից Վարդուհուն:

Ամոթը, երկյուղը և ուրախությունը միախառնվեցան նրա մեջ, նա կամենում էր և խույս տալ նրա աչքերից, և մոտենալ նրան...Վերջին ցանկությանը օգնեց ինքը՝ Վարդուհին տեսնելով հեռվից Մարությանին, նա ժպտաց և քայլերը ուղեցավ դեպի նրան:

Վերջինս յուր կողմից ավելի շտապեցրեց յուր քայլերը և նրանք շատ մտերմաբար ողջունեցին իրար, բայց երկուսն էլ միանվագ շառագունեցին. ինչո՞ւ համար, երևի իրենք էլ չգիտեին:

Ես այսօր շատ խստությամբ խսեցի ձեզ հետ, դուք անշուշտ վիրավորվել եք, այնպես չէ՞, հարցրեց Վարդուհին ծիծաղելով:

Օ՜հ, ո՛չ, օրիորդ, ընդհակառակը, դուք շատ ճշմարտություններ խոսացիք և շատ գաղտնիքների խելամուտ արիք ինձ: Ես այսօր վրդովված էի և չկարողացա շնորհակալություն անել ձեզ. բայց մի փոքր առաջ ես որոշեցի գալ կրկին ձեզ մոտ, իմ այդ պարտքը հատուցելու համար:

Եվ եթե ինձ չպատահեիք այստեղ, ուրեմն մեր տունը պիտի գայի՞ք, - ժպտալով հարցրեց Վարդուհին:

Այո՛, օրիորդ, բայց գիտե՛ք... ես եկա, ճշմարիտն ասած, ամաչում եմ խոստովանել… եկա և ձեր պատշգամբի վերա հեռվից մի շրջազգեստ նշմարելով ձերը կարծեցի և ետ փախա:

Ինչո՞ւ համար. չէ որ ասում եք, թե ինձ պետք է շնորհակալություն անեիք:

Այո՛, բայց ամաչում էի կրկին երևալ ձեր աչքին: Վարդուհին ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ էլ շատ սիրեց երիտասարդի անկեղծությունը:

Մուրացան, հատոր I Ես շնորհակալություն չեմ սպասում ձեզանից այնքան միայն լինի, որ իմ խոսածները կարողանամ մոռացնել տալ ձեզ ձեր կորուստը, - խորհդավոր եղանակով նկատեց Վարդուհին։

Հավատացեք ինձ, օրիորդ, ես այս րոպեին ոչ մի կորստի վերա չեմ մտածում ես այսօր չեմ մտածել: Ես, ընդհակառակն, անչափ ուրախ եմ, որ իմ հիվանդությունը բուժվել է և այն ձեր շնորհիվ: Բայց եթե կա մի մտածմունք, որ ինձ տանջում է, դա բոլորովին նոր է, հենց այսօրվանից․ և նրա պատճառը տուգանքը հոգեկան զվարճություն է բերում ինձ․․․

Վարդուհին հասկացավ երիտասարդի խոսքերի նշանակությունը, բայց կեղծեց իբր թե ոչինչ չէ հասկանում։

Աշխատեցեք, որ մտածմունքները չտանջեն ձեզ, թե չէ տանջանքի մեջ զվարճություն չկա, ասաց նա:

Այո՛, եթե միայն դա սիրո տանջանքն է, նկատեց Մարությանը:

Վարդուհին ժպտաց, բայց ոչինչ չպատասխանեց, ընկերուհու ներկայությունը չէր ներում նրան զգալի կերպով շոշափել այդ խորհրդավոր ակնարկությունը:

Շուտով նրանք պիտի բաժանվեին ուղիղ ճանապարհով, ուստի Մարությանը առնելով նրանց ողջույնը և Վարդուհու սիրալիր ժպիտը՝ հեռացավ գոհ սրտով։

Հետևյալ առավոտը Մարությանը շատ հանդուգն միտք հղացավ։ Քաջալերվելով նախընթաց ավուր տեսակցությունով, նա որոշեց մի անգամով վախճան տալ գործին և գնաց Վարդուհու մոտ։

Օրիորդ, ես ամեն վտանգ հանձն եմ առաել ինձ համար մի որոշ վիճակ ստեղծելու համար, ասաց նա, ողջունելով Վարդուհուն, այդ պաճառով և այսօր կրկին ես գտնվում եմ ձեզ մոտ։

Ի՞նչ վիճակ եք ուզում ստեղծել ձեզ համար, հարցրեց օրիորդը, կարծելով, որ գործը դարծյալ Լազարյանի աղջկանն է վերաբերում։

Դժբախտ կամ բախտավոր, ցավերով լի, կամ երջանկությամբ։ Ձեզ չեմ հասկանում ես։

Իսկույն կհասկանաք։ Ես այժմ հառաջաբանությամբ չեմ խոսում, օրիորդ, որովհետև ձեզ ճանաչում եմ և այս բավական է։ Դուք գիտեք իմ անմիտ սիրո անցյալը, որի համար ես ի սրտե զղջում եմ. բայց չգիտեք այն, ինչ որ երեկվանից է սկսվել, ես ձեզ սիրում եմ։ Ձեր ինձ արած հանդիմանությունները փոխանակ իմ սիրտը վհատեցնելու, նրա մեջ նոր ուժ և կենդանություն են ներշնչել, ես ծանոթացել եմ ձեր արժանյաց և ձեր սրտի ազնվության հետ, և ես չեմ կամենում բաժանվիլ նրանից, այժմ հանդգնում եմ հարցնել իրավունք կտա՞նք արդյոք սիրել ձեզ և հուսալ, որ կարող եմ սիրվել ձեզանից..

Վարդուհին լուռ նայում էր Մարությանի վերա և չէր պատասխանում։

Դուք ուրեմն ստիպում եք ինձ հավատալ, որ ձեր լռությամբ արհամարհում եք իմ զգացմունքները, կրկին խոսեց Մարությանը։

Չե՞ք վախենում, որ ես էլ դավաճանեմ նրանց, հանդարտությամբ հարցրեց Վարդուհին։

Ո՛չ, չեմ հավատում։

Շատ լավ, լսեցեք։ Աննայից առաջ ես էի սիրում ձեզ և սիրում էի խելագարված...

Աստված իմ, դուք ինձ անիծում եք, զգացված բացականչեց երիտասարդը, այդ անկարելի է...

Լսեցեք, անկարելի ոչինչ չկա. ես ձեզ սիրում էի, ասում եմ, և այն ժամանակ, երբ ես քաղցր հույսերով օրորում էի ինձ, դուք իմ առաջ անգթաբար Աննայի սիրո խոստովանությունը արիք, ես սեղմեցի իմ կուրծքը և տարի ձեր ձեռքով ինձ համար պատրաստած տանջանքները։ Նրանից հետո տեղի ունեցած անցքերը դուք գիտեք... Այսօր էլ ահա նոր սիրո առաջարկություն եք անում ինձ։ Այժմ ձեզանից եմ հարցնում` ընդունե՞մ այդ առաջարկությունը, թե ոչ։

Ո՛չ, օրիորդ, մի' ընդունեք, մի անարժան մարդու անմտությունը թող արատ չբերե ձեր ազնիվ զգացմունքներին և ձեր մեծանձնությանը, թողեք, որ տանջվի այդ մարդը, որովհետև նա արժանի է յուր հատուցման... Գիտե՞ք ինչ կա. եթե ա՛յն ազնվարյուն հոգիներից լինեի, որոնք ստեղծված են միմիայն ազնվության գոյությունն ապացուցանելու համար, ես ձեզ կարհամարհեի, որովհետև դուք մի օր ուրիշին էինք սեր երդվում. բայց որովհետև այդ հոգիներից չեմ, և մեր մեջ ասած, միևնույն փայտից եմ տաշված, ինչ որ մեր ուրիշ շատ աղջիկները, և այդ միայն այն զանազանությամբ, որ գիտակցաբար գործելու ընդունակությունն իմ մեջ մի փոքր ավելի է զարգացած, այդ պատճառով ընդունում եմ ձեր առաջարկությունը, որովհետև զգում եմ, որ ես չեմ կարողանում սպանել այն քնքուշ զգացմունքները, որոնց մի օր ձեզ համար տածել եմ իմ սրտում: Եթե իմ այս խոսակցությունից ետ դուք դեռ կարող եք սիրել ինձ, սիրեցեք, ես ձերն եմ...

Այդ խոստովանությունից հետո դուք իմ աստվածուհին եք, ոգևորված բացականչեց երիտասարդը և բռնելով Վարդուհու ձեռքը՝ ջերմաջերմ համբուրեց:

Մի փոքր ժամանակից ետ Վարդուհու մայրը խնդակցում էր աղջկանը և սիրալիր գգվանքներ նվիրում յուր թանկագին փեսային:

Ժ

Օրիորդ Լազարյանի և իշխան Շահ-Մելիքյանի նշանադրության հանդեսը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ոչ շատ շքեղ կերպով, բայց քաղաքի մեջ շատ էին խոսում նրանց հարսանիքի մեծածախ և փառավոր պատրաստությունների մասին։ Վասիլ Իվանիչը յուր կողմից աշխատում էր ապացուցանել, որ կյանքի վայելչությունների մեջ փողի արիստոկրատիան կարող է մրցել արյան արիստոկրատիայի հետ․ և թե առատաձեռնության կողմից կապալառու Լազարյանը ոչինչով պակաս չէր յուր ազնվական փեսայից։ Իշխան Շահ Մելիքյանն, ընդհակառակն, չէր ընդունում այն միտքը, թե վաճառական մարդու նիստն ու կացը կարող է երբևիցե հավասարվիլ իշխանական տան ապրուստի հետ, այդ պատճառով և ճգնում էր յուր հարսանյաց հոյակապ պատրաստություններով զարմացնել բոլոր առևտրական աշխարհը։ Վերջապես հարսանյաց օրը հասավ։ Գիշեր էր և գեղեցիկ լուսին, բայց Լազարյանների տունը ստվեր էր գցում այդ լուսնի վերա։ Նա լուսավորված էր շատ շքեղ և գրեթե աչք շլացնելու չափ փառավոր։ Դրսից նրան զարդարում էին հարյուրավոր լապտերներ գույնզգույն կրակներով, իսկ ներսում վառվում էր ջահերի ու ճրագների մի կատարյալ հրդեհ։ Երաժշտությունը, որ որոտալով թնդում էր ներսում, հավաքել էր այդ տան չորս կողմը մի բազմաթիվ ամբոխ, որը հիացմունքով դիտում էր հարուստների ուրախությունը։

Իսկ տան մուտքի առաջ, ուր վառվում էին գազեղեն ղամբարները, խռնվել էր կառքերի և դեսպակների մի ահագին կույտ: Ոստիկանական պաշտոնյաները ջերմեռանդությամբ հսկում էին այդտեղ կարգապահությանը։

Գիշերվա ճիշտ տասներկու ժամին Լազարյանների փողոցը մտան իշխանական ընտանիքի քառալուծ կառքերը, որոնց հետևում էին բազմաթիվ փեսավերները իրենց բազմազան կառքերով և դեսպակներով: Իսկույն երաժշտական խումբը դուրս եկավ փողոցը (այդպես էր ցանկացել Վասիլ Իվանիչը) և թանկագին հյուրերի գալուստը ողջունեց մի որոտաձայն և երկարատև տուշով:

Վերջապես փայլուն նորեկները դուրս եկան և ցրվեցան հոյակապ դահլիճների մեջ, յուրաքանչյուրն իրեն արժանավայել տեղ ընտրելով յուր համար: Բայց իշխան փեսային ինքը տիկին Լազարյանն առաջնորդեց դեպի յուր համար պատրաստած փառավոր գահույքը, որի վերա արդեն բազմած էր օրիորդ Աննան յուր մեծավայելուչ փառքով: Երկու զույգերն էլ արժանի էին միմյանց:

Իշխան Շահ-Մելիքյանը, յուր վայելուչ հասակով, գեղեցիկ դեմքով, գեղագանգուր մազերով, ազնվական շարժվածքով և վերջապես յուր նրբաճաշակ զգեցվածքով գերազանցում էր գրեթե բոլոր հյուրերին: Նրա տարիքով լինելը բնավ չէր նշմարվում: Աղջիկներից շատերը նախանձում էին Աննայի բախտին, իսկ մանկամարդ տիկիններից յուրաքանչյուրը, միայն իրեն էր արժանի համարում այդ ազնվական իշխանի ամուսինը լինելու:

Օրիորդ Աննան, ընդհակառակն, երիտասարդների նախանձն էր շարժում։ Նրա գեղեցկությունը թեպետ գերբնական չէր, բայց յուր վերայի հարստությունները նրան գերբնական էին դարձրել։ Նրա հագուստը, որ կարված էր սպիտակ, թանկագին մետաքսից և զարդարված արվեստական հարուստ ծաղիկներով, ֆրանսիական ճարտարությանց մի կատարյալ հրաշակերտն էր ներկայացանում: Նրա գլխի խոպոպներն ու հյուսերը, մարմարյա կուրծքը և ձախլիկ դաստակները զարդարված էին հարյուրավոր ադամանդներով, որոնք բյուրեղյա ջահերի առաջ ցրվում էին աջ ու ձախ բյուրավոր կայծեր ու շողեր։ Բոլորի աչքերը նայում էին նրան, բոլորի աչքերը շլացած էին նրանով:

Մի քանի երաժշտական նվագներից և թեթև պարից հետո, որոնք տեղի ունեցան ի պատիվ նորեկ հյուրերի. սկսան կատարել հանդերձ-օրհնեքի կարգը, որին մասնակցում էին բազմաթիվ քահանաներ իրենց երգիչներով և դպիրնեով: Իսկ մի ժամից հետո արդեն իշխանական զույգը շրջապատված բազմաթիվ հյուրերով, գտնվում էր արիստոկրատների եկեղեցում, ուր խրոխտաձայն տեր-Մուշեղը հանդիսավոր եղանակով հարցաքննում էր նրանց. «Որդյակ իմ, մինչև ի մահ հնազա՞նդ ես» և պատասխան առնում մի «Այո՛» և մի բազմիմաստ գլխի շարժում…

Եկեղեցուց վերադառնալուց ետ հարսանյաց հանդեսը կատարյալ կերպարանք առավ, երաժշտությունը նոր ուժով սկսավ թնդալ, պարերը նորից կենդանություն առին, հարսը և փեսան ասպարեզ մտին, հարսանավերքը ր փեսավերքը միմյանց գրկեցին, գրկվեցան և մի կես ժամվա մեզ կապալառու Լազարյանի տունը Կիթերական դիցուհվո տաճարը շինեցին։

Վասիլ Իվանիչն ու Մարիա Սերգեևնան անընդհատ շնորհավորությններ և բարեմաղթություններ էին լսում և ուրախությունից քիչ էր մնում, որ գժվեին։

Այնուամենայնիվ սեղանների բացվելն ու ընթրիքի սկսվիլը ամեն տեսակ ոգևորություն միառժամանակ չափավորեցին։ Թե՛ հրավիրյալները և թե՛ հրավիրողները ընթրիքի նստան, հարգելով ստամոքսի իրավացի պահանջը։ Բայց ինչպես Լազարյանի տանը մարդիկ, այնպես էլ դուք, իմ սիրելի ընթերցողներ, իսկի չեք հարցնում, թե բաս ո՞ւր մնացին մեր խելոք Վարդուհին ու սիրահար Մարությանը:

Պատիվ ունիմ հայտնելու, սիրելի բարեկամներս, որ նրանք էլ հենց այս երեկո պսակվեցան մայր եկեղեցում: Բայց նրանց հարսանիքը փառավոր չէր, նրանք մեծ պատրաստություններ, հարուստ լուսավորություն, բազմաթիվ հյուրեր, մեծածախ սեղան և այլ այս տեսակ բաներ չունեին:

Եկեղեցին եկավ միայն Վարդուհին ու Մարությանը. նրանց մայրը ու խաչեղբայրը և Վարդուհու մի երկու կլորիկ սիրունիկ ընկերուհիները:

Տեր-Ղևոնդը մի տիրացուի և մի ժամկոչի օգնությամբ պսակեց նրանց և հետո բոլորը միասին կառք նստեցին և գնացին Վարդուհու մոր պատրաստած համեստ ընտրիքը վայելելու:

Սեղանի վերա տերտերը մի քանի լավ հայերեն երգեր ասաց, փեսա Տիրանն ու տիրացուն էլ իրենց գիտեցածից մի-մի բան երգեցին և այսպես ամեն բան առանց ղալմաղալի վերջացնելով, յուրաքանչյուրը յուր տունը գնաց: Տիրանն ու Վարդուհին արդեն Մորփեոսի գրկումն էին, երկ իշխան և իշխանուհի Շահ-Մելիքյանները դեռ նոր դուրս էին գալիս Լազարյանների տանից և բազմաթիվ կառքերի ընկերակցությամբ դիմում էին իշխանի ապարանքը:

Բայց սրանով, իհարկե, դեռ չէր վերջանում իշխանական հարսանիքը: Իշխանը և իշխանուհին պսակվելուց հետո միայն սկսան իրենցը և երեք օր շարունակ զանազան բնավորությամբ հացկերույթներ և երեկույթներ ունեին նրանք իրենց ապարանքում:

Ամբողջ քաղաքը այդ միջոցին զբաղված էր Լազարյաններով և Շահ-Մելիքյաններով. ամեն տեղ նրանց վերա էին խոսում, նրանց համար պատմում և նրանց լսում:

Վարդուհու և Մարությանի վերա գրեթե ոչ մի տեղ խոսք ու զրույց չկար:

ԺԱ

Հարսանեկան հանդեսներից ետ հասան հանգստության ժամերը, բայց իշխան Դիմիտրը կարծես խուսափում էր իշխանուհուց։ Նա թողնում էր նրան միայնակ յուր առագաստում, իսկ ինքը քաշվում էր յուր ննջարանը, միայնակ քնանալու համար։

- Քո վարմունքը շատ օտարոտի է թվում ինձ, Միտյա, նկատեց մի առավոտ իշխանուհին յուր ամուսնուն, դու ինձ միայնակ ես թողնում իմ ննջարանում, և ես ամբողջ գիշեր քնել չեմ կարողանում...

Ինչո՞ւ, հոգիս, մի՞թե դու վախենում ես միայնակ քնելու։

Ո՛չ, ես անհանգստանում, ես կարծում եմ թե... դու ինձ չես սիրում... այդպե՞ս է, հա՞, դու ինձ չե՞ս սիրում...

Ա՜, մի՞թե կարելի է այդպես մտածել, Անիչկա, ընդհակառակն, քեզ շատ սիրելուս համար է, որ այս զոհողությունը ես հանձն եմ առնում... ես չեմ գալիս քեզ մոտ, որպեսզի այս քանի օրերում քո ունեցած հոգնածությունը հանգիստ քնանալովդ անցնե։

Ո՛չ, ես այդ չեմ կամենում. ես հոգնած չեմ, ես կամենում եմ, որ դու ինձ մոտ լինես, ժպտալով պատասխանեց իշխանուհին և ձեռքը ամուսնու պարանոցով պատելով սկսավ քնքշաբար շոյել նրա գեղեցիկ գանգուրները, որոնց այնքան շատ էր սիրում ինքը։

Շատ լավ, հոգյակս, ես այսուհետև այլևս բացակա չեմ լինիլ քո սենյակից, եթե դու այդպես ես կամենում, ասաց նրան իշխանն և անցավ ուրիշ հարցերի։

Բայց առաջիկա գիշերն էլ նա թողեց իշխանուհուն միայնակ։ Խեղճ Աննան սրտնեղությունից տանջվում էր։ Սկզբում նա ցանկացավ մտնել յուր ամուսնու ննջարանը և կրկնել նրան յուր նկատողությունը` և այս անգամ ավելի հանդիմանական եղանակով, բայց հետո մտածեց` դեռ մի փոքր էլ սպասել։ Ուստի անցյալ օրերի նման ժամանակը սպանելու համար նա սկսավ կրկին քննել յուր ննջարանի հարուստ կարասիները, թանկագին զարդերը, յուր ոսկենկար առագաստը, նրա փնջազարդ վարագույրները և այլ բազմաթիվ ճոխություններ, որոնց տեսքը միայն պարարում էին յուր աչքերը։ Երկար նա նայում և զննում էր նրանց, չնայելով, որ սա առաջին անգամը չէր, սակայն իշխանը դարձյալ չէր երևում։

Անկարելի է, որ նա սիրում չլինի ինձ, ինքն իրեն մխիթարում էր Աննան,- եթե այդպես լիներ, ուրեմն ինչն էր ստիպում նրան ամուսնանալ ինձ հետ, ինչո՞ւ համար նա այնպիսի հարուստ ննջարան կպատրաստեր ինձ համար․ ինչո՞ւ այդպիսի մեծածախ հացկերույթներ ու երեկույթներ կսարքեր… չէ. անկարելի է, նա ինձ պաշտում է, նա այդ խոսքերը մի քանի անգամ ասել է ինձ…

Բայց իշխանը դարձյալ չէր երևում…

Իշխանուհու անհանգստությունը փոխվում էր հուսահատության։

«Վերջապես էլ սպասել անկարելի է, նա ինձ անպատվում է» … մտաժեց իշխանուհին և զայրացած ներս վազեց ամուսնու ննջարանը։

Ա՛խ, Միտյա, դու ինձ տանջում ես… բացականչեց նա և հենց պատրաստվում էր ամուսնու գիրկը ընկնելու, երբ մի օտարոտի պատկեր կանգնեցրեց նրան ճանապարհի մեջտեղում:

Ամուսնու տուալետի մոտ կանգնած էր մի մարդ բոլորովին մերկ գլխով, ներս ընկած ծնոտներով ու կիսահան հագուստով և ձեռքի մեզ ինչ որ բան բռնած մաքրում էր խոզանակով։

Ա՛, այդ դու՞ ես, Անիչկա, խոսեց կանգնաժ մարդը մի փոքր շփոթված, երևում է դու էլի բարկացել ես ինձ վերա, ես իսկույն պիտի գայի քեզ մոտ…

Աննան մնաց քարացած. յուր առաջ կանգնած անծանոթը յուր ամուսինն էր, բայց նա այնքան էր փոխված, որ անկարելի էր նրան ճանաչել։

Դուք ուրվական՞ եք, թե՞ կախարդ, ես ձեզ չեն ճանաում, սարսափելով հարցրեց խեղճ աղջիկը, բացատրեցեք, ի սեր աստծո, ես խելագարվում եմ։

Հանգիստ կացիր, հոգիս, վախենալու ոչինչ չկա, ժպտալով խոսեց իշխանը, եթե կարծում ես, որ իմ մեջ մի փոփոխություն է կատարվել, այդ փոփոխությունը ա՛յ թե ինչից է առաջացել... Այս ասելով նա վերցրեց սեղանի վերայից յուր գանգրավոր կեղծամը և դնելով գլխի վերա, շարունակեց. տեսնո՞ւմ ես, էլի միևնույն մարդն եմ. ուրեմն ինձանից վախենալու բան չունիս։

Ա՛, կնշանակե շինծո՞ւ էին քո այգ գեղեցիկ գանգուրները, որոնց ես այնքան շատ սիրում էի, դառնությամմ նկատեց Աննան։

Նրանք բնականից ավելի արժեն, հոգիս. Պարիզի ամենանոր արտադրություն է սա, արդարացրեց իրեն իշխանը, և գիտե՞ս, երկու հազար ֆրանկ փող արժե այս մի հատ կեղծամը և ամբողջ քսան տարի կարելի է գործածել նրան։

Աննան արհամարհանքով խոժոռեց աչքերը, բայց հենց այգ միջոցին էլ նա նկատեց նրա փոս ընկած ծնոտը և հարցրեց:

Այս ի՞նչ է. մի օրվա մեջ դուք այդպես նիհարեցի՞ք։

Այ, տեսնո՞ւմ ես, դու ինձ շփոթեցրի՛ր, հոգիս, ես իսկույն կամենում էի մաքրել իմ ատամները և այնպես դնել նրանց բերանումս, որ դու չտեսնեիր, բայց չեղավ, մեղավորը դու ես։

Աստված իմ, ձեր ատամներն էլ ուրեմն արվեստական են, հապա բնական ի՞նչ մնաց ձեզ, պարոն, սարսափահար բացականչեց Աննան։

Մի ծնոտս, միայն մի ծնոտս, թե չէ մյուսը բոլորովին առողջ է, հանգստացնում էր իշխանը ամուսնուն. բայց վերջինս զզվանքով ետ դարձրեց երեսը և ուղղվեցավ դեպի դուռը։ Իշխանի չար բախտիցը աթոռի վերա ընկած էր և յուր կորսետը, որով նա սեղմում էր յուր իրանը և որը Աննալի աչքովն ընկնելով նրա ուշադրությունը գրավեց.

Սա ի՞նչ բան է, վերցնելով նրան, հարցրեց Աննան: Իշխանը կեղծեց` իբր թե ինչ որ բան է պտրտում և իրեն չի լսում։

Ձեզ եմ հարցնում, պարոն, սա ի՞նչ բան է, կրկնեց նա յուր հարցը։

Թողեք խնդրեմ, դա իմ մեջքի հիվանդության համար է պատվիրել բժիշկը, թողե՛ք, դա մի առանձին հետաքրքրական բան չէ, պատասխանեց իշխանը:

Այս բոլորից հետո Աննայի համար լուծվեցավ ա՞յն հանելուկը, թե ինչու ամուսինը յուր առագաստից հեռու է փախչում: Նա մի փոքր ժամանակ մտածմունքի մեջ ընկավ, ապա ետ դառնալով կանգնեց յուր ամուսնու առաջ և աչքերը ուղղակի նրա աչքերին սևեռելով, զայրույթից դողացող ձայնով խոսաց.

Պարոն, եթե դուք ոչ այլ ինչ էիք, եթե ոչ` մի կատարյալ ավերակ, ինչո՞ւ համար էիք ինձ դժբախտացնում, մի՞թե դուք այնքան խիղճ չունեցաք, որ խնայեիք գոնե իմ երիտասարդ հասակը...

Ես այդպես վատ կարծիք չունիմ իմ մասին, տիկին, ցինիկական անտարբերությամբ պատասխանեց իշխանը, ես դեռ հույս ունեմ, որ կարող եմ կազդուրվել. ինձ բժիշկներն իրենք խորհուրդ տվին ամուսնանալ. ուրեմն իզուր եք դուք վշտացնում ձեզ. մի փոքր համբերություն է հարկավոր:

Դուք դեռ համարձակվում եք բերան բանալ, պարոն, եթե ամեն բարեմասնություններից թափուր եք, գոնե կեղծեցեք, որ մի փոքր ամոթխածություն ունիք, դառնությամբ նկատեց Աննան:

Ինձանից մի՛ նեղանաք, տիկին, ես ձեզ չեմ զրկում ոչ մի բանից, ինչ որ ես ունեի, այն էլ ձեզ է պատկանում: Ձեր ծնողները ցանկանում են ձեզ իշխանուհի տեսնել և ահա՛ այդ կոչումը ես ձեզ եմ նվիրում. օգտվեցեք իմ պատվանունից, որքան կարող եք, իսկ մյուս բարիքների համար խնդրում եմ ինձ ժամանակ տվեք, ես առայժմ ոչինչ չեմ խոստանում. մի փոքր համբերեցեք գուցե բժիշկների գուշակույթւոնը կատարվում է…

Դուք մի ամենաստոր արարած եք, պարոն, ամոթ է այլևս տանել ձեր ներկայությունը ... զզվանքով պատասխանից Աննան և դուրս գնաց:

Հետևյալ օրը իշխանուհին արդեն յուր հոր տանն էր:

Մի քանի օրից ետ Վարդուհին և Տիրանն իբրև նորապսակներ գնացին իշխան Շահ-Մելիքյանի տունը, Աննային այցելելու, բայց տան ծառայից իմանալով, որ նա արդեն հորանց տանն է վերադարձան նրանց մոտ։

Տիկին Լազարյանը ընդունեց նրանց պարտ ու պատշաճ հարգանքով, բայց Աննան դուրս չեկավ նրանց մոտ: Վարդուհին չկամեցավ պատճառը հարցնել, կարծելով, որ Տիրանի հետ տեսնվելուց է խուսափում: Բայց երբ նրանք ցած իջան փողոց, նրանց ճանապարհակցող ծառան մի փոքրիկ տոմսակ հանձնեց Վարդուհուն, որի մեջ Աննան գրել էր հետևյալը.

«Սիրելիս Վարդուհիս.

Մի վշտանար, որ ես չկամեցա տեսնվել քեզ հետ, որովհետև տեսնվելու և խոսակցելու սիրտ չունիմ. իմ մոր փառամոլությունը ինձ գլորեց դժբախտության անդունդը, և ես կամենում եմ այստեղ էլ վերջացնել իմ կյանքը. մնաս բարով, երջանիկ եղի՛ր, և սիրիր քո Տիրանին...

Քո դժբախտ Աննա»

:

Մի քանի ժամանակից ետ ամեն գաղտնիք արդեն պարզված էր հասարակության համար և գիտեր, թե ի՞նչ գնով է հայ օրիորդը անպաճառ իշխանուհի դառնում:

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Parenthood
Parenthood
Play Online