Mkrtich Armen

Նամակ

«Ախ, կգա՞ արդյոք մի օր, որ այլեւս չլսեմ այդ նզովյալ գոնգի ձայնը», մտածեց Դանիլ Ենիկեեւը՝ ինչպես ամեն առավոտ, եւ վեր կացավ իր տախտակի վրայից։ Վերմակը, որ իր բամբակաբաճկոնն էր, եւ ներքնակը, որ իր բուշլատն էր, հագավ։ Բամբակաշալվարն արդեն վրան էր, նա, բոլորի նման, միշտ քնում էր դրանով։ Բոբիկ ցատկեց վար եւ սպասելով, մինչեւ որ չորանոցից բերեն վալենկաներն ու բայբակ֊գուլպաները, նայեց շուրջը՝ որեւէ մեկից ծխախոտի մնացուկ մուրալու անհույս ցանկությամբ։ Բայց նույն պահին, ուղղակի սարսափով, նկատեց, որ օրապահն արդեն բարաքումն է, նշանակում է՝ վերադարձել է չորանոցից։ Նայեց․ բարաքի մեջտեղում ընկած, Դանիլին էր սպասում վալենկաների նմանություն ունեցող բամբակած գուլպա֊բայբակների միակ զույգը։

Մոտ վազեց, վերցրեց։ Դե, իհարկե, նրանը չէին… Նրանը, ավելի լավերը, սրիկայաբար վերցրել եւ հագել էր մի ուրիշը։ Դե, եկ եւ ստուգիր բոլորի ոտքերը։ Ո՞վ թույլ կտար։ Բոլորը կհայհոյեին, եւ գողն՝ ամենից շատ։

Ի դեպ, բարաքում ոչ ոք էլ չկար, բոլորը վազ էին տվել նախաճաշ ստանալու։

Ահա թե ինչ է անում մի քանի րոպեով քնով անցնելը…

Ստիպված նա հագավ ուրիշի թողած հնամաշ բայբակները։ Կռացավ՝ պառկելու տախտակի տակից վերցնելու իր կեղեւատրեխները։ Նոր հիասթափություն եւ նոր զայրույթ․ հատակի վրա նրան սպասում էր ծռմռված, մինչեւ իսկ կրունկները ծակ կեղեւատրեխների ինչ֊որ զույգ… Նրանը գողացել էին, փոխել…

Տեղն է իրեն… Պետք էր դնել բարձի տակ եւ քնել վրան։ Իսկ նա… Կարծես առաջին օրն է կամ առաջիջն տարին է ճամբարում…

Ճար չկար, պետք էր հագնել դրանք՝ չուշանալու համար նախաճաշից, աշխատանքից…

Հագավ։ Նոր փորձանք։ Կեղեւատրեխները նեղ էին նրա ոտքերի համար։ Ավելի շուտ՝ ոչ թե նեղ, այլ կարճ։ Տրեխների ետնաեզրերը հասնում էին մինչեւ Դանիլի կրունկների կեսը։ Քայլել չէր կարելի, կրունկները ցավում էին։

Ի՞նչ անել… Խնդրել ուրիշ տրեխներ՝ չի կարող։ Կասեն՝ «երեկ երեկոյան պիտի մտածեիր այդ մասին, ապուշ»։ «Ախր սրանք իմը չեն, գիշերն են գողացել»։ «Բերանդ բաց մի անի՝ չեն գողանա»…

Ախ, եթե Դանիլ Ենիկեեւը լիներ երիտասարդ եւ ուժեղ, գուցե հաշվի նստեին նրա հետ, չգողանային նրա բայբակներն ու տրեխները՝ վախենալով ծեծվելուց։ Իսկ հիմա ո՞վ է վախենում հիսունչորս տարեկան մարդուց՝ փոքրամարմին, խեղճ, սովորական, «հալից ընկած»…

Դանիլը վերցրեց իր ճաշամանը, վազ տվեց նախաճաշ ստանալու։ Հասավ այն րոպեին, երբ խոհանոցի լուսամուտի մոտ նրա բրիգադիրն ու ճաշ բաժանողը վիճում էին իրար հետ։ Ուրիշ ոչ ոք չկար, բոլորն արդեն ստացել էին…

Մեկը պակաս է, պնդում էր բրիգադիրը։

Հաշիվը խառնեցիր, դեռ երկու բաժին էլ ավել ստացար, շերեփը բացասաբար շարժելով, ժխտում էր ճաշ բաժանողը։

Տեսնելով Ենիկեեւին, բրիգադիրը բացականչեց․

Ահա, տես, գալիս է։ Ես չասացի՞, որ մի բաժին դեռ ունենք ստանալու։ Եվ, դառնալով դեպի Դանիլը, որոտաց․ ո՞րտեղ էիր, ես քո…

Ենիկեեւն ստացավ առաջին հայհոյանքը։ Հերթական օրն սկսվեց։

Տեղնուտեղը խմելով իր նախաճաշը եւ ուտելով հացի ամբողջ օրապահիկը, որն ստացել էր դեռ բարաքում, օրապահից, նա ճաշամանի ունկը հագցրեց իր պարանե գոտուց, կապեց մեջքից։ Այդպես անում էին բոլոր կալանավորները։ Ոչ թե նրա համար, որ աշխատանքի ժամանակ դա կարող էր պետք գալ նրանց, այլ որպեսզի չգողանային։ Պահակները մի քանի անգամ արգելել էին այդ բանը, ապա ձեռք թափ տվել․ տարեք֊բերեք, ձեր հերն էլ անիծած…

Կալանավորներն ստացան սղոցներ, կացիններ։ Սղոց ստացածները դրանք լայն գոտում պես փաթաթեցին իրենց մեջքի շուրջը, փայտե կոթերը թելով կապեցին իրար։ Կացինները դրեցին ուսերին։ Դեռ լիակատար մթության մեջ, լապտերների լույսի տակ, նրանց հաշվեցին եւ դուրս թողեցին դարպասից։

Բրիգադը քայլեց երկու հարյուր մետրի չափ տարածություն եւ նստեց։ Այդ էր նրա աշխատանքի վայրը։

Ի՞նչ բթամտություն է ախր։ Երբ ծառահատման գնացող բրիգադներն են դուրս թողնում դեռ մութը֊մութին՝ դա հասկանալի է․ մինչեւ հասնեն անտառ՝ լույսը կբացվի։ Բայց փայտ սղոցողների՞ն ինչու են դուրս թողնում միեւնույն ժամանակ։ Ի՞նչ պիտի անեն նրանք այս մթնով…

Պատասխանը պարզ է․ հո չի՞ կարելի, որ աշխատանքի ուղարկելու չարչարանքը պահակներն ու նրանց պետը քաշեն ամեն առավոտ երկու անգամ։ Միանգամից դուրս կթողնեն բոլորին, իսկ այնտեղ դուք աշխաեցեք՝ երբ լույսը բացվի…

Սոսկալի ցուրտ էր։ Իհարկե, քառասուն աստիճանից ավելի։ Դա նշանակում է՝ կալանավորներն իրավունք ունեն դուրս չգալու աշխատանքի։ Կարելի է միայն մինչեւ քառասուն աստիճանը։ Բայց ապա, գնա, փորձիր ոչ թե պահանջել, այլ գոնե խնդրել այդ բանը։ Կհայհոյեն, կասեն, որ լույսը դեռ չի բացվել, բրիգադը դեռ չի աշխատում, իսկ երբ լույսը բացվի՝ ջերմաստիճանն էլ մի քիչ կբարձրանա եւ կդառնա երեսունինը կամ գուցե նույնիսկ երեսունութ։ Կհայհոյեն քեզ եւ կվռնդեն։

Գերանների վրա նստած կալանավորների մեջ փսփսոց ընկավ։ Դանիլը սրեց ականջները։ Կարտոֆիլի պահեստի դուռը ներսից կողպված չէ, իսկ կարտոֆիլ ջոկող կանայք աշխատում են պահեստի ամենախորքում…

Մնացյալը հասկանալի էր։ Դանիլը վեր ցատկեց տեղից, վազ տվեց դեպի պահեստ։ Պահակներն աշխարակների վրայից հսկում էին, որ ոչ ոք դուրս չգար աշխատանքային հրապարակի սահմաններից։ Իսկ թե ուր էին գնում֊գալիս նրանք այդ հրապարակի վրա՝ պահակների գործը չէր։ Ի դեպ, դեռ մութն էր եւ նրանք, միեւնույնն էր, ոչինչ չէին կարող տեսնել։

Յոթ֊ութ կալանավորներ, դրանց թվում նաեւ Դանիլը, մոտեցան կարտոֆիլի կիսագետնափոր պահեստին։ Գետնից վեր էր ցցվել դրա միայն երկկողմ կտուրը։ Առջեւից գնացող առավել համարձակը կամացուկ բաց արեց պահեստի փոքրիկ դուռը։ Դուռը չճռռաց․ առաջին հաջողություն։ Կալանավորները գաղտագողի մտան ներս։ Խոնավության եւ հում կարտոֆիլի հոտը փչեց նրանց դեմքին։ Այժմ դա ամենալավ հոտն էր աշխարհիս երեսին։

Պահեստը նեղ էր եւ շատ երկար։ Երկու կողմերում տախտակե հսկայական արկղների պես կանգնած էին շտեմարանները՝ գլխովին կամ կիսով չափ լի կարտոֆիլով։ Պահեստի ամենախորքում երեւում էին շատ թույլ լույսեր, շարժվում էին ստվերի պես մարդիկ եւ մարդկանց պես ստվերներ։ Մի քանի կանայք բռնել էին վառվող երկար մարխեր, մյուսները կարտոֆիլ էին ջոկում դրանց թրթռացող լույսերի տակ․ առողջները՝ մի կողմ, նեխվածները՝ մյուս։

Կալանավորներն սկսեցին իրենց ծոցերն ու գրպանները լցնել կարտոֆիլով։ Վախից ու շտապելուց նրանք ավելի շատ թափթփում էին, քան վերցնում։ Ոմանք տեղնուտեղն սկսեցին ուտել հում կարտոֆիլը, բայց նրանց սաստեցին։ Շրխկոցը կարող են լսել…

Դանիլը չիմացավ, թե ինչի համար բոլորը հանկարծ թողեցին իրենց գործը եւ նետվեցին դուրս։ Երբ նա, հոտային բնազդով, ուզեց անել նույնը, նրան դեռ շեմքի վրա բռնեցին դրսի՞ց, թե ներսից վրա հասած տղամարդկային ինչ֊որ կոպիտ ձեռքեր, տապալեցին ձյան վրա եւ սկսեցին ծեծել, ծեծել… Բայց ոչ թե ձեռքերով, այլ ոտքերով։ Ոտքերը բարեբախտաբար, վալենկաներով էին եւ ոչ թե, օրինակ, սրակող կրունկներ ունեցող սապոգներով, ինչպես ամառը։ Հրացանի կոթով հասցրին Դանիլի թիակների մեջտեղը եւ նա տնքաց անտանելի ցավից։ Դուրս թափվեցին մի քանի կանայք, խուզարկեցին Դանիլին՝ մանրամասն եւ ամենաանամոթ կերպով, խլեցին գողացած ամբողջ կարտոֆիլը, նորից մտան պահեստ, դուռը կողպեցին։ Ծեծող հրացանավոր մարդը հեռացավ։ Ի՜նչ բարի մարդ, քարշ չտվեց մեկուսարան…

Երբ նրա ոտքերի ճռճռոցները խլացան, Դանիլը չկորցրեց իրեն, հանեց թաթմանը եւ մերկ ձեռքերով շոշափեց խառնոտված ձյունը։ Եվ իրոք, գտավ բավական մեծ մի կարտոֆիլ, որ ծեծի ժամանակ ընկել էր նրա գրպանից։ Սկսեց ուտել։ Բայց իսկույն ինչ֊որ կոշտ բան ընկավ նրա ատամի տակ։ Նա հասկացավ․ ջարդված ատամ էր։ Նետեց դուրս, շարունակեց ուտել կարտոֆիլը։ Ավարտեց, քայլեց դեպի աշխատանքի վայրը։ Ախ, եթե հնարավոր լիներ եփել այդ կարտոֆիլը… Տաք, փափուկ, կշտացնող… Ինչպիսի՜ երջանկություն… Իսկ այսպես՝ կարծես չոր ջուր ես խմում՝ բավական դառնահամ…

Մթության մեջ նստած մի քանի կալանավորներ դեռ բավական ժամանակ հում կարտոֆիլ էին խռփխռփացնում։ Եվ ոչ ոք չէր մտածում տալ Դանիլին մի կարտոֆիլ, թեեւ նա ծեծվել էր ընդհանուրի փոխարեն…

Լույսը մի քիչ բացվեց։ Ենիկեեւը գտավ իր զույգին, քանդեց սղոցն իր գոտկատեղից։ Երկուսով սկսեցին սղոցել չոր գերանները՝ դնելով ծուռխաչաձեւ երկու տակդիրների վրա։ Աշխատանքը, ճիշտն ասած, դժվար չէր, դժվարը նորման կատարելն էր…

Իսկապե՞ս առավոտը տաքացավ, թե՞ շարժվելուց էր այդպես թվում, բայց Ենիկեեւը համարյա այլեւս ցուրտ չէր զգում։ Բացի, իհարկե, ոտքերից, որոնք անտանելիորեն սառչում էին վատ բայբակների եւ ծակ կեղեւատրեխների մեջ։ Իսկ կրունկները տրեխների ետնաեզրերի վրա համարյա չէին ցավում՝ եթե կանգնեիր փափուկ, զսպանակվող ձյան վրա։

Ամբողջ օրը բթացնող միօրինակությամբ շարունակվում էր աշխատանքը։ Տարբերություն մտցնողը միայն այն էր, որ երբեմն թողնում էիր սղոցելը, սկսում էիր կացնով ճեղքել գերանակները։ Դրանք սառել էին, կացինները ետ էին ցատկում՝ ինչպես քարից։ Պիտի դնեիր գերանակի վրա մի կացինը եւ մյուսով խփեիր դրան…

Իսկ հետո հարկավոր էր շարել վառելափայտը կանոնավոր խորանարդներով։ Այսինքն՝ ոչ թե կանոնավոր, այլ խորամանկ։ Պետք էր այնպես անել, որ փայտակտորների միջեւ արանքներ շատ մնային եւ կատարված աշխատանքը չափելիս ստացվեր իրականից ավելի շատ…

Օրը ձգվեց անտանելիորեն երկար, ուղղակի անջերվանալի։ Բայց երբ վրա հասավ երեկոյան մթությունը, մի պահ թվաց, թե դեռ շարունակվում էր առավոտյան մթությունը։ Գոնե թողնեին խարույկ վառել, մի քիչ տաքանալ…

Բրիգադիրն ընդունեց աշխատանքը։ Մութն էր, այլեւս չէր կարելի աշխատել։ Նստեցին դեսուդեն, սկսեցին սպասել։

Ինչի՞ են սպասում։ Իմ՞թե ծառահատների վերադառնալուն անտառից, որպեսզի միասին մտնեն «զոնա»… Ոչ, իհարկե, նրանք միշտ վերադառնում են բոլորից առաջ։ Բայց ոչ այդքան վաղ։ Պետը կարող է բարկանալ։ Գոնե մի ժամ պետք է նստել֊սպասել մթության մեջ, ապա նոր միայն վեր կենալ եւ քայլել դեպի դարպասը…

Սպասե՞լ էր արդյոք որեւէ թագավոր պատերազմի դաշտում՝ իր հանգստավետ պալատը վերադառնալուն՝ այնպես, ինչպես սպասում էին Ենիկեեւն ու մյուս բոլոր կալանավորները բարաք վերադառնալուն… Սպասե՞լ էր արդյոք որեւէ մարդ ճոխ խնջույքի այնպես, ինչպես նրանք էին սպասում մի շերեփ ջրալի ընթրիքին…

Վերջապես, հասավ այդ երջանիկ պահը, նրանք վերադարձան ճամբար եւ վայելեցին իրենց վիճակված երջանկության բաժինը։

Եվ հանկարծ, նոր լրացուցիչ, անսպասելի երջանկություն․

Ենիկեեւ Դանիլ, քեզ նամակ։

Դանիլը խլեց նամակը, վար ցատկեց իր տախտակից, վազ տվեց դեպի նավթի լամպը։ Միակ նամակը վերջին երեք ամսում…

Խնամքով պատռելով ծրարի թուղթը, որպեսզի չփչանա եւ հետագայում հնարավոր լինի վաճառել ծխախոտ ծխողներին՝ մի կտոր հացով, նա հանեց նամակը, կարդաց․

«Մեր սիրալի ամուսին եւ հայր։

Ահա նորից լրացավ երեք ամիսը եւ ահա դու նորից իրավունք ունես նամակ ստանալու։ Դրա համար էլ գրում ենք այս նամակը։

Մի քանի տարի սրանից առաջ ավելի լավ էր, դու իրավունք ունեիր ստանալու ամսական մի անգամ։ Իսկ հիմա ի՞նչ է պատահել։ Քո այդ նոր տեղում ռեժի՞մն է ուրիշ, թե՞ դու կատարել ես մի ուրիշ հանցանք եւ դրա համար նոր պատիժ են նշանակել քեզ։ Թե՞ գուցե…»։

Ճամբարի պետը այդտեղ ջնջել էր նախադասության մնացյալ մասը։

«Սիրելի ամուսին եւ հայր։ Անցյալ նամակով դու խնդրել էիր, որ մանրամասն գրենք մեր մասին։ Մենք լավ ենք։ Աղջիկդ՝ Օլյան, արդեն մարդու է գնում, դու հավատո՞ւմ ես, քո փոքրիկ Օլյան, որ հիմի մեծ աղջիկ է։ Սիրում է տղային, բայց ասում է՝ մինչեւ հայրիկը չբարեմաղթի՝ չեմ ամուսնանա։ Ուրեմն, մեր սիրալի ամուսին եւ հայր, գրիր քու բարեմաղթությունները՝ եթե հակառակ չես։ Տղան նավաստի է, այսինքն՝ ռանգ ունեցող։ Նա ծառայում է…»։

Այստեղ եւս, պետը անտեղի էր գտել, որ ժողովրդի թշնամին իմանա, թե որտեղ են գտնվում մեր ծովերը, որտեղ ծառայում են նավաստիները։

«Տղադ նույնպես լավ է։ Դու արդեն պապ ես, լավ իմացիր եո նույնպես շնորհավորիր։ Նա ինքը չի կարող քեզ գրել, որովհետեւ կարող են մեղադրել քեզ հետ կապ ունենալու համար։ Արդեն քո պատճառով պատասխանատու գործեր չեն տալիս, բայց, ոչինչ, ապրում է առանց դրա էլ։ Հա, նաեւ գրիր, թե ինչ դնենք երեխայի անունը։ Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ՝ Դանիլ։ Իմացիր այդտեղ, դրա համար վնաս չի՞ գա տղայիդ»։

«Հարկավոր չէ, մտածեց Դանիլը, եթե վնաս էլ չգա հորը՝ տղան կլինի պապի պես դժբախտ…»։

«Մեր գյուղի տնտեսության գործերն այս տարի լավ են։ Փառք աստծու, տանը հիմի ամեն ինչ ունենք․ յուղ, պանիր, երկու տոննա կարտոֆիլ…»։

«Երկու տոննա կարտոֆիլ… շշմեց Ենիկեեւը։ Երկու տոննա…»։

«Այնպես որ, սիրելի ամուսին եւ հայր, հենց որ թույլտվություն ստացանք քեզ ծանրոցներ ուղարկելու՝ կուղարկենք շուտ֊շուտ։ Ի՞նչ ուղարկենք, գրիր․ խոզաճա՞րպ, խմորեղե՞ն, շաքա՞ր, յո՞ւղ, պանի՞ր…»։

«Կարտոֆիլ… Երկու տոննա…» հպարտությամբ, անկարող վարժվելու այդ մտքին, մտածում էր Դանիլ Ենիկեեւը։

«Գրիր, սիրելի ամուսին եւ հայր, թե էլ ինչ ես ուզում, որ ուղարկենք քեզ։ Դու մի քաշվիր, չես զրկի մեզ։ Չէ՞ որ ունես աշխատավոր տղա եւ աղջիկ, տուն֊տեղ, նույնիսկ տնամերձ մի փոքրիկ տնտեսություն, կով, թռչուններ»…

Սեփական արժանապատվության զգացումն ուռճացրեց Դանիլ Ենիկեեւի կուրծքը։ Նա ցանկություն զգաց դուրս նետվելու՝ նամակը ձեռքին, եւ բղավելու․ «Երկու տոննա կարտոֆիլ… Կարդա՝ եթե չես հավատում, իժի ծնունդ։ Եվ տեղը դիր, կպցրու կոտրված ատամս։ Ես կարող եմ գրել իմ տնեցիներին, որ ուղարկեն քեզ համար երկու ցենտներ, երեք ցենտներ, մի տոննա կարտոֆիլ։ Խժռիր…»։

Դանիլը նամակը խնամքով դրեց գրպանը։ Նա այլեւս սոված չէր եւ չէր սպասում անհամբերությամբ, թե երբ պիտի անցնի գիշերը, որպեսզի նա ստանա իր մի կտոր հացը եւ մի շերեփ նախաճաշը…

Be the first who will comment on this
Yatuk Music
Swinging Bach
David Balasanyan

Swinging Bach

Dec 27 1965
Dec 27 1965
Play Online